Իշխանություն, նոր բան մտածիր
Ամեն անգամ, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարում են կաշառակերության դեմ անողոք պայքարի մասին, քիչ է մնում երդվեն, որ մեր երկիրն ամենամոտ ապագայում կբռնի Սինգապուրի ուղին: Բայց «տնտեսական հրաշքը» ոչ մի կերպ տեղի չի ունենում: Սակայն գոնե հիմա Հայաստանում բոլորը տեղյակ են, թե ինչպես է Սինգապուրը բրիտանական հետամնաց գաղութից դարձել բարգավաճող երկիր: Առանց չափազանցության: Կարող են նույնիսկ գտնվել մարդիկ, ովքեր կհիշեցնեն (եթե իհարկե մոռացող կա) Սինգապուրի առաջին վարչապետի խոսքերն այն մասին, որ կաշառակերության դեմ պայքարը պետք է սկսել «քո 3 մտերիմների ազատազրկումից»:
Իսկ այսօր իշխանությունները հայտարարում են կաշառակերության դեմ պայքարի հերթական փուլի մասին, թեպետ և այս անգամ արդեն խուսափում են հիշատակել Սինգապուրի մասին: Իսկապես, ձեր ինչի՞ն է հարկավոր Սինգապուրը, ամեն երկիր իր ուղին ունի, իրեն բնորոշ ճանապարհը:
Քանդենք, նորից հավաքենք
Եվ այսպես, Հայաստանի կառավարությունը հաստատել է «Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի» մասին նախագիծը: Հակակոռուպցիոն մարմինը ստեղծվում է Էթիկայի հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների հիմքի վրա: Հայտարարվել է, որ վերջինս առաջին հերթին պետք է հետևի պաշտոնական էթիկային, պաշտոնյաների նկատմամբ շահերի բախման ու այլ պահանջներին, երկրորդը՝պետք է ընդունի եկամուտների մասին հայտարարագրեր:
Ընդ որում այդ պահանջները գործելու են ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաների համար, այլ նաև կաշառակերության ռիսկ պարունակող այլ ոլորտների՝ պետական գնումներ, դատախազություններ, քննչական մարմիններ, աշխատակիցների նկատմամբ:
Իսկ ինչո՞ւ է առանձին մարմին ստեղծվում, եթե Դատախազությունում, Ոստիկանությունում և Ազգային անվտանգությունում կան համապատասխան բաժիններ: Ինչի՞ համար է այս կրկնությունը:
Առաջացավ տարակարծություն: Որոշ վերլուծաբաններ գտնում են, որ դրա ստեղծումը նշանակում է «ի ցույց հանել» վերոնշված կառույցների ձախողված աշխատանքը: Առաջ քաշված «ռոբինհուդյան» այս տարբերակը, սակայն, կայուն հիմք չունի: Իշխանություններն առաջին անգամ չէ, որ նման օրգանի ստեղծում են նախաձեռնում: Ստացվում է այնպես, որ ամեն անգամ նրանք ուզում են ինչ-որ բա՞ն ի ցույց դնել: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ պարբերաբար «կշտամբվող» համակարգերն իրենց զգում են հիանալի, և ամեն անգամ անտեղի ջուր է ծեծվում: Վա՞տ են «կշտամբում», փաստորեն:
Մեկ այլ խումբ անալիտիկներ այստեղ Էթիկայի հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների վերակենդանացման փորձ տեսան, ինչն արդեն նմանվում է անբռնակ ճամպրուկի պատմությանը, որը գցելն ափսոս է, իսկ տանելը չափազանց ծանր, չէ՞ որ այդ հանձնաժողովի վրա պետությունն արդեն բավական միջոցներ է ներդրել:
Նորը լավ մոռացված հինն է
Ամեն դեպքում կաշառակերության դեմ պայքարի քաղաքական կամքի ու պատրաստակամության մասին իշխանությունների հայտարարություններից հետո բուռն ծափահարություններ չհնչեցին: Եվ սրա պատճառն այն է, որ այդ պայքարը վստահություն չի ներշնչում: Նմանատիպ հայտարարություններ արվում են ամեն տարի: Ինչ վերաբերում է նոր հակակոռուպցիոն մարմնին, ապա դրա նախատիպերն արդեն ստեղծվել էին 2004 և 2015 թվականներին:
Ընդ որում 2015թ. կաշառակերության դեմ պայքարի խորհուրդը ղեկավարում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իսկ «մարտիկների» կազմի մեջ էր նաև ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը (ում ԶԼՄ-ները տվեցին «սուպերնախարար» մականունը): Հիշեցնենք, որ այդ երկու անուններն էլ բազմիցս ԶԼՄ-ներում հիշատակվել են բացառապես պետական պաշտոններ զբաղեցրած այն բարձրաստիճան պաշտոնյաների թվում, որոնք դիզել են հսկայական հարստություն: Իսկ իրենց բազմամիլիոն եկամուտների աղբյուրների տրամադրման մասին մամուլի գրավոր հարցումներն այդպես էլ անպատասխան են մնում:
Ի դեպ, նույն կերպ անպատասխան մնաց նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եկամուտների մասին մամուլում բարձրացված հարցը:
Օրինակ, մինչև հիմա մարդկային ուղեղում չի տեղավորվում, թե ինչո՞ւ քաղաքապետարանը վճարեց 180 հազ. դոլլար միայն փողոցի լուսավորության մասին խորհուրդների համար: Կամ ասենք, ինչո՞ւ 2015թ. Հայաստանի կառավարությունը 28 բնակարան նվիրեց (ընդհանուր առմամբ՝ 755 մլն. դրամ արժողությամբ) տարբեր ծառայություններում աշխատող ծառայողներին, և դա այն դեպքում, որ նրանցից շատերն այդքան էլ «անտուն» չէին, այսինքն ունեին բնակարաններ: Կամ առհասարակ, մի՞թե դա շատ թանկ նվեր չէ:
Կասկած են առաջացնում նաև հասարակական կազմակերպությունների գրանտները: Օրինակ, Հայաստանի Երիտասարդական ֆոնդը կազմակերպեց մի մրցույթ, և Հայաստանի նախագահի ապարատի ռեսուրսներից 200 մլն. դոլլար տրամադրեց 30 կազմակերպությունների: Ո՞ր կազմակերպություններին տրամադրվեց այդ գումարը: Դժվար է ասել: Դժվար է ասել թեկուզ միայն նրա համար, որ ընդամենը դրանցից երեքի մասին տվյալներ կան «Սփյուռ» տեղեկատվական համակարգում:
Իսկ որքան գումար վատնվեց չաշխատող բիոզուգարանների, ծիրանի աճեցման մասնագետների վճարումների վրա: Ցավոք, ստեղծվել է մի իրավիճակ, երբ ավելի հեշտ է թվել այն բարձրաստիճան պաշտոնյաներին և պետական միջոցների նպատակային բաշխումները, որոնք չեն հիշատակվել այս կամ այն կոռուպցիոն սկանդալների մեջ, քան հակառակը:
Եվ մի՞թե զարմանալի է, որ կաշառակերության դեմ իշխանության «պայքարը» հասարակության մեջ վստահություն չի առաջացնում: Կամ մի՞թե զարմանալի է, որ Հայաստանը շարունակում է մնալ աշխարհի ամենակոռումպացված երկրների շարքերում:
Համաձայն 2016թ.-ին հրապարակված հակակոռուպցիոն Transparency International կենտրոնի «Կաշառակերության ընկալման ինդեքսն աշխարհում» զեկույցի՝ 167 երկրների կազմում Հայաստանը զբաղեցրել է 95-րդ տեղը՝ հարևանցելով Մալիի, Մեքսիկայի և Ֆիլիպինների հետ:
Կաշառակերության հանդեպ զրոյական հանդուրժողականությո՞ւն
Այնուամենայնիվ, հույս կա…
Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունները մշակել են պաշտոնյաների անօրինական հարստացման միջոցառումների մի հսկա փաթեթ: Գործող օրենքների մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել: Այսպես, համաձայն «Քաղաքացիական ծառայության» մասին օրենքում կատարված փոփոխության՝ պետական ծառայողները (բարձրակարգ պաշտոնյաներ) պարտավոր են ներկայացնել եկամուտների մասին հայտարարագրեր, իրավունք չունեն 2 մլն.-ից ավել դրամ անկանխիկ վճարումներ ստանալ (խոսքը ծառայության հետ կապ չունեցող անձնական եկամուտների մասին է՝ դիվիդենտներ, փոխատվական գումարներ և այլն): Համաձայն Հայաստանի Քրեական օրենսգրքում (ՔՕ) կատարված փոփոխությունների՝ ցանկացած 5 մլն. դրամից բարձր եկամուտ (10 հազ. դոլլարից մի փոքր ավել) ունեցող պաշտոնյան պարտավոր է հիմնավորել իր եկամուտը: Հակառակ դեպքում նրան 3-6 տարվա ազատազրկում է սպառնում:
Ինչպես հայտնի է, 2018թ. փետրվար ամսին բարձրաստիճան պաշտոնյաները պարտավոր են ներկայացնել իրենց զեկուցագրերը: Եվ այդ զեկուցագրերում հիշատակվող տվյալները պետք է վերլուծի նորաստեղծ հակակոռուպցիոն մարմինը: Թե ինչ դուրս կգա դրանից, դա էլ ցույց կտա ժամանակը:
Պատրաստեց Ժաննա Գրիգորյանը