Վրաստանի Սամցխե-Ջավախեթյան շրջանը ողջ աշխարհի հայերը շարունակում են կոչել Ջավախք, ինչպես որ մ.թ.ա. 9-րդ դարում էր: Այն մասին, թե ինչպես է զարգանում Ջավախքն այսօր, ինչո՞ւ է Հայաստանին ու Վրաստանին ձեռնտու հենց այս շրջանի զարգացումն ու դեպի ո՞ւր են շարժվում հայ- վրացական հարաբերությունները, Dalma News-ը զրուցեց «Ջավախք» ֆոնդի տնօրեն Արտյուշա Գրիգորյանի հետ, ով ներկա պահին ապրում է Երևանում, բայց շատ հաճախ է լինում հարազատ Վրաստանում:

Ի՞նչն է փոխվել Ջավախքում վերջին տարիներին:

Վերջին 7-8 տարիների ընթացքում Ջավախքում շատ բան է փոխվել: Մարդիկ հիմա ավելի լավ գիտեն իրենց իրավունքները, գիտեն, թե ինչն է հնարավոր, իսկ ինչը՝ ոչ, ստեղծվում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ: Իշխանություններն էլ արդեն բավական լուրջ են վերաբերվում ջավախքցիների պահանջներին, քանի որ նրանք արդեն ապացուցել են, որ Վրաստանի համար հենք են, թիկունք: Նրանք պաշտպանում են երկրի տարածքային ամբողջականությունն ու ոչ մի պայմանում վրացական կողմի համար ոչ շահավետ քայլերի չեն գնա:

Ինչպե՞ս է իրավիճակը Ջավախքի այն գյուղերում, որտեղ հայերը մեծամասնություն են կազմում:

Ջավախքի գրեթե բոլոր գյուղերը նման են միմյանց, թե ապրելաոճով, թե դեմոգրաֆիական կազմով: Բոլորը միևնույն հանձնարարականներն ու միևնույն հոգսերն ունեն: Բնակչության մի մասը զբաղվում է տնտեսությամբ, մյուս մասն ուղևորվում է ապրուստի միջոցներ հայթայթելու:

Մեծ մտահոգություն է առաջացնում ոչ զարգացած ենթակառուցվածքը: Ջավախքի գլխավոր գյուղերը միմյանց կապող ճանապարհները շատ վատ վիճակում են: Միայն հիմա է դեռ ավարտվում գլխավոր փողոցի կառուցումը, ընդ որում ամեն բան շատ դանդաղ է ընթանում:

Джавахк
Джавахк

Իսկ ինչո՞ւ է անհրաժեշտ զարգացնել Ջավախքի ենթակառուցվածքը:

Առաջին հերթին հարկավոր է Ջավախքը գրավիչ դարձնել ներդրողների համար: Բիզնեսի տեսանկյունից այն այսօր հետաքրքրություն չի առաջացնում: Օրինակի համար՝ կարելի է կաթի, իրենց բացառիկ համով ու որակով աչքի ընկնող բանջարեղենի ու մրգի վերամշակման գործարաններ բաց անել, իսկ հետագայում կարելի կլիներ կազմակերպել ապրանքի արտահանում ոչ միայն դեպի Հայաստան, այլ աշխարհի մի շարք երկրներ: Գրեթե բոլոր ուղղություններով զարգանալու մեծ ներուժ ունի Ջավախքը: Մեծ հույսեր ունեմ, որ վաղ թե ուշ Հայաստանի ու Վրաստանի իշխանությունները կհասկանան, որ Ջավախքի զարգացումը բխում է երկու երկրների շահերից:

Ի՞նչ շահ կարող է լինել Հայաստանի համար, ու ի՞նչ շահ կլինի դրանից Վրաստանին:

Դժվար է ասել, թե հատկապես ում է ավելի շատ անհրաժեշտ Ջավախքի զարգացումը: Հայաստանին դա անհրաժեշտ է, որովհետև Ջավախքը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, իսկ Վրաստանի համար դա Թուրքիայից իր կախվածությունը կրճատելու հնարավորություն է: Հայաստանն ու Վրաստանը Ջավախքը պետք է օգտագործեն որպես համագործակցային կամուրջ: Հայկական կողմը չպետք է թույլ տա, որ Ջավախքն օգտագործեն որպես Վրաստանի հետ հարաբերություններ փչացնելու գործիք: Հակառակը, այն պետք է կապող օղակ լինի մեզ համար:

Եվ վրացական իշխանություններն էլ Ջավախքը չպետք է դիտեն որպես իրենց սովորական շրջաններից մեկը, քանի որ նրա շնորհիվ կարելի է զարգացնել բարի-դրացիական հարաբերություններ Հայաստանի հետ: Դրանից Վրաստանը միայն կարող է շահել: Եվ սկսել պետք է հենց Ջավախքից: Պետք է անել ամեն հնարավորը, որ հայերը չլքեն իրենց տներն ու չարտագաղթեն: Դեռ ոչինչ կորած չէ: Ես հույս ունեմ, որ մեր երկրները կբռնեն հարաբերությունների զարգացման այդ ուղին:

Джавахк
Джавахк

Իսկ դրա համար հատկապես ի՞նչ պետք է տեղի ունենա:

Ես չեմ ուզում այնպիսի մի պահ գա, որ ինչ-որ բան ձեռնարկելն արդեն ուշ լինի: Հարցը նրանում չէ, որ հիմա ոչ մի բան չի արվում: Շատ բան է արվում իրականում, բայց դա քիչ է: Ասենք, հայալեզու այն դասագրքերը, որոնք Հայաստանից Ջավախք են ուղարկվում, դա քիչ է: Մի քանի մշակութային միջոցառում Ջավախքում կազմակերպելը նույնպես բավարար չէ: Հստակ գործողություններ են հարկավոր: Օրինակ՝ հայ-վրացական ֆոնդի ստեղծում, գործարանների բացում, որը տեղի բնակիչներին աշխատանքով կապահովի: Կամ ինչո՞ւ ասենք Ջավախքը չդարձնել ազատ առևտրային գոտի, ինչը նրան կդարձներ գրավիչ՝ ներդրողների համար: Հարկավոր է օգտագործել հայկական սփյուռքի հնարավորությունները: Մինչև այս պահը հայերը Վրաստանում ավելի շատ ներդրումներ են անում, քան վրացիները՝ Հայաստանում: Պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ վրացական կապիտալը նաև Հայաստանում ներդրվի:

Չե՞ք կարծում, որ առավել սերտ կապերին խանգարում է նաև այն հանգամանքը, որ Վրաստանը չի ուզում ճանաչել Հայերի Ցեղասպանությունը:

Այն, որ Վրաստանը չի ուզում ճանաչել Հայերի Ցեղասպանությունը, դա հեքիաթ է, այդպիսի բան հնարավոր չէ: Բայց Վրաստանն այդ քայլին կգնա միայն Թուրքիայից հետո, քանի որ նրանից սերտ կախման մեջ է գտնվում: Նույնիսկ Թբիլիսիում Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը (ապրիլի 24-ին) ջահերթ կազմակերպելը, ինչը տեղի է ունենում աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որտեղ հայ համայնք կա, բավական բարդ է: Իհարկե Հայաստանը խիստ ցավագին է վերաբերվում այն բանին, որ իր ամենամոտ հարևանը չի ճանաչում իր Ցեղասպանությունը, բայց դրա համար կան օբյեկտիվ պատճառներ: Վրաստանի կախվածությունը Թուրքիայից դա դարձնում է անհնարին: Վրաց խորհրդարանում Հայերի Ցեղասպանության ճանաչման մասին լսել անգամ չեն ցանկանում, այդ մասին խոսելն աղետին հավասար մի բան է: Բայց նույնիսկ այդ հանգամանքը չպետք է խանգարի հարաբերությունների զարգացմանը, որովհետև մենք հսկայական ներուժ ունենք դրա համար:

Իմ կարծիքով հայ- վրացական հարաբերությունների զարգացմանը խանգարում է այն, որ այսօր այդ ազգերը միմյանց գրեթե չեն ճանաչում:

Джавахк
Джавахк

Ինչո՞ւ

Որովհետև երկու կողմն էլ այդ ուղղությամբ թույլ են գործում: «Մշակութային» փորձի ամբողջ փոխանակումը սահմանափակվում է  Թբիլիսիում, Քոբուլեթիում կամ Բաթումիում հայերի կարճատև հանգստով: Իսկ վրացիներն առհասարակ հազվադեպ են Հայաստան այցելում, այցելելիս էլ հիմնականում լինում են Ծաղկաձորում: Հարկավոր է ստեղծել պայմաններ ու հարթակներ, որտեղ հայերն ու վրացիները չեն խուսափի միմյանց հետ շփումից: Անհրաժեշտ է տարբեր ֆորումներ, հայ- վրացական միջոցառումներ կազմակերպել:

Ինչո՞ւ դուք («Ջավախք» ֆոնդը- խմբ.) չեք զբաղվում նման միջոցառումների կազմակերպմամբ:

Լավ միտք է, և մենք այդ ուղղությամբ մտածում ենք: Գիտե՞ք հիմա ինչ իրավիճակ է: Մենք դեռևս վրաց իշխանությունների հետ փոխվստահության հարաբերություններ չենք ստեղծել: Նրանք բավական զգուշավորությամբ են վերաբերվում այն բոլոր միջոցառումներին, որոնք մենք կազմակերպում ենք: Բայց մենք միայն մի բան ենք ուզում, որ Ջավախքը զարգանա Վրաստանի կազմում, որ ջավախքցիները լինեն նրա լիիրավ քաղաքացիները:

Իսկ ի՞նչն է այսօր ջավախքցիներին դարձնում Վրաստանի ոչ լիարժեք քաղաքացիներ:

Վրաստանում մի քանի հարյուր հայ է ապրում, իսկ պետական համակարգում նրանց թիվը կազմում է 0,5 %: Ջավախքցիների ու Վրաստանի իշխանությունների միջև անվստահության մթնոլորտ կա: Սահակաշվիլու օրոք այդ անվստահությունն իր գագաթնակետին հասավ, հիմա ամեն ինչ համեմատաբար ավելի լավ է: Իշխանություններն ավելի լոյալ են, փորձում են ներգրավել ջավախքցիներին իրենց կյանքի մեջ, բայց ժամանակ է պետք, որ ամեն բան իր տեղն ընկնի:

Ինչպիսի՞ առաջարկներ են եղել, որ վրաց իշխանությունների մոտ անվստահության մթնոլորտ են առաջացրել:

Օրինակ, Ջավախքում հայոց լեզվին տարածաշրջանային կարգավիճակ տալու առաջարկը միանգամից տագնապեցնում է իշխանություններին: Նրանք դրանում ինչ-որ ենթատեքստ են փնտրում, ընդհուպ մինչև անջատականության ցանկություն: Բայց դա այդպես չէ: Սա ողջ աշխարհում ընդունված կարգ է: Օրինակ՝ Իտալիայի սահմանին կա քաղաք, որտեղ բնակչությունը կազմված է հիմնականում էթնիկ գերմանացիներից: Եվ երբ այդտեղ իտալացի քաղաքագետ է այցելում, նա խոսում է գերմաներենով: Նրան դա չեն պարտադրում: Մարդը պետք է հասկանա, թե հանուն ինչի է նա այս կամ այն լեզուն սովորում: Ի դեպ, մենք բազմիցս առաջարկել ենք Ջավախքում Հայ- վրացական համալսարան բաց անել, սակայն ոչ մի արձագանք այդպես էլ չեղավ:

Զրուցեց Հասմիկ Վանցյանը