Վրաստանի խորհրդարանի ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նախագահ Թամազ Մեչիաուրին, փոխելով արտաքին քաղաքական մի շարք հարցերի հետ կապված իր կարծիքն ու հայտնվելով աղմկալից պատմության մեջ, որոշեց լքել «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցության շարքերն ու ստեղծել ինքնուրույն քաղաքական ուժ: Սակայն, մինչ վերջնական որոշում ընդունելը, նա զրուցեց երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, ինչպես նաև «ընկեր» ու նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ:
Ինչ վերաբերվում է պատճառին, ապա Թամազ Մեչիաուրիի և «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդի միջև հարաբերությունները սկսեցին ճաք տալ այն ժամանակներից, երբ Հյուսիսատլանտյան դաշինքում Վրաստանի անդամակցության ու դրա հետ կապված առաջխաղացման մասին նրա արած հայտարարությունները հակասեցին կառավարության և իշխող մեծամասնության տեսակետներին: Պատգամավորի խոսքերով՝ ՆԱՏՕ-ին անդամակցումը Վրաստանի համար ոչ մի առաջընթաց էլ ապահովել չի կարող, և սպասվելիք խորհրդարանական ընտրություններն էլ բոլորովին առիթ չեն՝ թաքցնելու իր տեսակետը հասարակությունից: Իր խոսքերով՝ նա բավական շատ կողմնակիցներ ունի, ինչպես խորհրդարանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, այնպես որ ընտրությունների նախաշեմին նրան նման համարձակ քայլերը բոլորովին չեն վախեցնում: Նրա կուսակցությունը կանվանակոչվի՝ «Թամազ Մեչիաուրի- Հանուն միասնական Վրաստանի»:
Այն մասին, թե ինչ է ծրագրում իրականացնել նոր կուսակցությունը, Dalma News-ի թղթակցի հետ զրույցում պատմեց կուսակցության ղեկավար Թամազ Մեչիաուրին:
Ո՞ր հարթակից է նախատեսում սկսել Ձեր նոր կուսակցությունը:
Երկրի արտաքին քաղաքական ուղղվածության հարցում մենք չենք ընդունում ներկայիս իշխող կուսակցության կատարած ընտրությունը, որովհետև այդ ուղղվածությունը առաջընթաց ապահովել չի կարող: ՆԱՏՕ-ի առաջին անդամ երկրներն ու բարձրաստիճան պաշտոնյաները խոստովանում են, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում ընդարձակել իր տիրույթները, առավել ևս՝ ի օգուտ Վրաստանի կամ Ուկրանիայի: Այդ ամենից ելնելով՝ մենք անհրաժեշտ ենք համարում ավելի իրատեսական արտաքին քաղաքականություն իրականացնել: Իսկ դա նշանակում է, որ Վրաստանը պետք է անկախ լինի ինչպես Արևմուտքի ազդեցությունից, այնպես էլ Հյուսիսից: Մեր երկրի գլխավոր նպատակը պիտի դառնա միասնականության վերականգնումը, նրա պաշտպանությունն ու անվտանգությունը: Այդ նպատակին հասնելու համար Վրաստանը պետք է բանակցություններ վարի այն բոլոր կողմերի հետ, որոնք ի վիճակի կլինեն վերջնական որոշման վրա ազդեցություն ունենալ: Այդ կողմերի թվում է նաև Ռուսաստանը:
Պատմեք Ձեր կուսակցության մարդկային ռեսուրսների մասին:
Քանի որ մեր կուսակցությունը նոր կազմավորվող կուսակցություն է, այս փուլում իրականացվում է միայն ստորագրահավաք: Բայց նախաձեռնողական խումբն արդեն ներկայացվել է՝ ի դեմս հայտնի կոմպոզիտոր Ջեմալ Սեպիաշվիլու, «Վրացական երազանք» կուսակցության խորհրդի հայտնի ու հեռանկարային անդամի, ինչպես նաև կուսակցության երիտասարդական խորհրդի անդամ Դավիթ Պացացիայի: Կուսակցության նախաձեռնողական խմբի անդամ է դարձել նաև հաղորդավարուհի Լալի Մորոշկինան, ով ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցչի անունից է հանդես գալիս և զբաղվում է մարդու իրավունքներով, ու բավական մեծ աշխատանքային փորձ ունի Վրաստանի ուժային կառույցներում: Մեզ հետ են նաև Սանդրո Բրեգաձեն՝ ընդդիմադիր «Միասնական շարժման» նախկին պատգամավորը, ով իր կարիերայի մի քանի տարբեր փուլերոմ բարձր պաշտոններ է զբաղեցրել պետական կառույցներում, և երբեք չի դադարել պայքարել արդարության համար, Իյա Մեթրեվելին՝ Բուտա Ռոբակիձեի՝ այն երիտասարդի մայրը, ով սպանվել է «Ազգային միասնական շարժման» կառավարման տարիներին: Նա ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչ է, ով նույնպես տարիներ շարունակ չի դադարել պայքարել արդարության համար: Իսկ մնացած անդամները հայտնի կլինեն մոտակա ժամանակներում:
Բացի դրանից՝ մենք խորհրդակցություններ ենք իրականացնում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ շրջանային ղեկավարների հետ: Մենք բոլոր շրջաններում էլ կունենանք մեր մեծամասնական թեկնածուները: Այս պահին կազմավորվում է կուսակցության ցուցակը, որը կներկայացվի ընտրողներին հաջորդ ամսվա ընթացքում:
Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Դուք շեշտը դնում եք վրաց հասարակությանը հայտնի անձանց ու հեռանկարային երիտասարդների վրա:
Մենք խորհրդակցություններ ենք իրականացնում Վրաստանի տարբեր սոցիալական շերտերի ներկայացուցիչների հետ: Կուսակցության ներսում նաև գենդերային հավասարակշռություն պիտի լինի: Բացի դրանից՝ մեր կուսակցությունը պետք է արտահայտի բնակչության բոլոր տարիքային ու սոցիալական խմբերի հետաքրքրությունները:
Մի՞թե Դուք հենց խորհրդարանային ընտրությունների նախաշեմին սեփական կուսակցություն հիմնելու որոշում եք կայացրել այն պատճառով միայն, որ համաձայն չեք կառավարության վերցրած ուղղության հետ: Հավանաբար Դուք մեծ հույսեր ունեք՝ կապված ընտրողների հետ:
Մինչև այժմ «Վրացական երազանք» և «Ազգային միասնականություն» կառավարությունների ներկայացուցիչները մեկ սկզբունքից էին կառչում միայն: Կային թեմաներ, որոնք ընդհանրապես քննարկման ենթակա չէին: Այլ կերպ ասած՝ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցի հետ կապված բոլոր խոսակցությունների վրա տաբու էր դրված: Դու իրավունք ունեիր քննադատել ամեն ինչ ու բոլորին, այդ թվում նաև կրոնը, բայց ոչ երբեք ՆԱՏՕ-ին: Երբեմն թվում էր, թե կուսակցությունն ու ընդդդիմությունը միմյանց հետ պայքարում են՝ Հյուսիատլանտյան դաշինքի սիրտը առավելագույնս շահելու համար, և դա այն դեպքում, երբ Վրաստանի բնակչությունը դրան միշտ էլ դեմ է եղել: ՆԱՏՕ-ն սակայն, մեր երկրի հանդեպ իր վերաբերմունքը ցույց տվեց հետևյալ կերպ. Այն պահին, երբ վրացի զինվորներն իրենց մասնակցություն էին ունենում դաշինքի գրեթե բոլոր ռազմական գործողություններում, իսկ այդ նույն ժամանակ Վրաստանն ամենից շատ ուներ աջակցության կարիք, բնակչությունը օգնություն ստացավ միայն ջրի ու «պամպերսների» տեսքով:
Ինչպիսի՞ն են ձեր և այլ քաղաքական կուսակցությունների միջև եղած հարաբերությունները: Կոալիցիա կազմելու հավանականություն արդյո՞ք կա:
Մեր և մյուս կուսակցությունների համագործակցումը միայն կդրսևորվի արդար ընտրությունների իրականացման համակարգում: Այս առումով համագործակցումը ոչ թե չի բացառվում, այլ հակառակը՝ ողջունվում է: Ինչ վերաբերվում է նախընտրական դաշինք ստեղծելուն, դա ամենայն հավանականությամբ տեղի չի ունենա: Ես ինքնուրույն եմ մասնակցելու ընտրություններին: Իսկ ահա խորհրդարանում մենք պետք է համագործակցենք թեմատիկ և ռազմավարական հարցերի լուծման համար:
Համակրո՞ւմ եք որևէ կուսակցության:
Նախկին կառավարող «Ազգային միասնական շարժման» հետ կապված մեր դիրքորոշումը պարզ է: Սակայն չեմ բացառում նրանց հետ համագործակցությունը՝ որոշ հստակ հարցերի հետ կապված: Օրինակ՝ միասեռ ամուսնությունների հարցը միգուցե նաև քննարկենք միասին, եթե իհարկե «Ազգայինների» համար ընդունելի լինի մեր դիրքորոշումը: Մնացած հարցերում բնականաբար մեր ճանապարհները բաժանված են: Մենք գտնում ենք, որ արդարության վերականգնման գործընթացը (այն ունեցվածքի վերադարձը Վրաստանի քաղաքացիներին, որոնք յուրացրել են այլ երկրների կառավարությունները՝ Միխայիլ Սահակաշվիլու նախագահության օրոք- խմբ.) զարգանում է շատ դանդաղ, որը պարզապես անհարժեշտ է արագացնել:
Ինչպիսի՞ն է լինելու Ձեր կուսակցության վարած ներքին քաղաքականությունը: «Վրացական երազանքի» հիմնական նախընտրական խոստումը եղավ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Հյուսիսային հարևանի հետ փոխհամաձայնեցված հարաբերությունները կարգավորելու մեջ ներկայիս կառավարությունը որտե՞ղ սխալվեց: Եվ այս ուղղությամբ ինչպիսի՞ն են լինելու Ձեր ծրագրերը:
Կուսակցությունից հեռանալու իմ որոշումը վերջնականապես հաստատվեց այն ժամանակ, երբ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում միասնական զորավարժություններ իրականացնելու մասին (Լայնածավալ վրաց-ամերիկյան զորավարժություններ՝ «Արժանի գործընկեր 2016» (Nobel Partner 2016- խմբ.): Իմ անձնական կարծիքով՝ նման միջոցառման իրական նպատակը Ռուսաստանին սեփական ուժերը ցույց տալն է: Հենց ես բարձրաձայն հայտնեցի իմ տեսակետը, պարզ դարձավ, որ իշխող կուսակցության անդամները ոչ միայն մտադիր չեն վերանայել որդեգրած եվրոատլանտյան ուղղվածությունը, ավելին, իրենց շարքերում չեն պատկերացնում այնպիսի մարդկանց ներկայությունը, որոնք կարող են կասկածի տակ առնել այդ ուղղվածության ճշմարտացիությունը: Այսպես էլ դրվեց ամեն ինչի ավարտը: Ես ինքս էլ չէի պատկերացնում, որ այդքանից հետո կարող եմ շարունակել մնալ կուսակցությունում:
Հետաքրքիր է նաև Ձեր դիրքորոշումը՝ Ռուսաստանի հետ մարդասիրական ու առևտրական հարաբերությունների կարգավորման հարցում:
Նախ և առաջ պետք է կարգավորվեն Աբաշիձե- Կարասին ձևաչափում սկսված հարաբերությունները Ռուսաստանի հետ: Սակայն իմ կարծիքով՝ ապագայում բանակցությունների շրջանակը պետք է լայնացնել՝ մինչև արտգործնախարարների մասշտաբներին, որոնք կարող են ամենաբարձր մակարդակով կազմակերպել վրաց-ռուսական հանդիպումը: Հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացվի այն հարցերին, որոնք վերաբերվում են մեր երկրի տարածքային ամբողջականացմանը, այդ թվում նաև չոտնահարելով Ռուսաստանի շահերը:
Որքանո՞վ են Վրաստանի համար շահավետ Ռուսաստանի հետ առևտրական հարաբերություններ ունենալը:
Ակնհայտ է, որ ռուսական շուկան կարող է հետաքրքրել այնպիսի երկրի, ինչպիսին Վրաստանն է: Դրա համար էլ մենք պետք է անենք ամեն հնարավորը՝ դրան ընտելանալու համար:
Ի՞նչ ուղղվածություն կվերցնի Ձեր կուսակցությունը՝ հարևան երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մեջ:
Նախ այդ երկրների հետ պետք է ստեղծել փոխադարձ-բարեկամական հարաբերություններ: Մենք պարտավոր ենք հարգել ու պաշտպանել միմյանց ինքնիշխանությունը:
Ի՞նչ լույսի տակ եք տեսնում վրաց-ամերիկյան հարաբերությունները:
Վրաստանի համար պակաս կարևոր չեն նաև հարաբերությունները ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների հետ: Բացի դրանից, ելնելով մեր ռազմավարական վիճակից, մենք պետք է Չինաստանի հետ հարաբերություններ զարգացնենք: ԱՄՆ-ն նույնպես ունի տնտեսական ու քաղաքական հետաքրքրություն Մերձավոր Արևելքում՝ կապված «Մետաքսի ճանապարհի» հետ: Հենց այդ պատճառով էլ բանակցությունները պետք է համընդհանուր շրջանակում քննարկվեն: Դրա համար փայլուն օրինակ կարող է ծառայել Ավստրիայի օրինակը, մի տարածք, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բաժանվեց 4 մասի՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Անգլիայի ու Ֆրանսիայի միջև: 10 տարի անց երկրները կարողացան այնպիսի մի մոդել մշակել, որը ընդունելի եղավ բոլոր կողմերի համար:
Մասնավորապես՝ Ավստրիայից դուրս բերվեցին զորքերը, երկրին իրավունք տրվեց մտնել Եվրոմիություն, սակայն արգելվեց մտնել ՆԱՏՕ: Այսօրվա դրությամբ էլ նման համաձայնագիրը ամրապնդված է քառակողմ պայմանագրով, որի համաձայն՝ երկրները երաշխավորում են Ավստրիայի չեզոքությունը:
Բնականաբար նման մոդելն ամբողջովին որդեգրել հնարավոր չէ: Սակայն պարզ է, որ մեր իրավիճակում պետք է նման ձևով հաշվի առնվեն բոլոր կողմերի հետաքրքրությունները: Վրաստանի համար դա առաջին հերթին տարածքային ամբողջականությունը վերականգնելն է: Իսկ Ռուսաստանը պետք է համոզված լինի, որ Վրաստանին հարևան իր տարածքում չեն տեղակայվի իր թշնամի երկրի զորքերը…
Զրուցեց Շորենա Կարչավան