Անցյալ շաբաթվա ընթացքում պաշտոնական երկօրյա այցով Վրաստան էր ժամանել Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ հայկական ներկայացուցչական պատվիրակությունը: Այցի կարևորությունը մի շարք հանգամանքներով էր բացատրվում: Եվ բնական է, որ նրա այցին համակ ուշադրությամբ հետևում էին ոչ միայն վրացական, այլ նաև հայկական ԶԼՄ-ները: Նախ նշենք, որ նման մակարդակի այց տարիներ ի վեր չէր իրականացել, եթե չհաշվենք Կարեն Կարապետյանի նախորդ պաշտոնակատարի՝ Հովիկ Աբրահամյանի 2015 թվականի մայիսին կատարած այցը՝ Բաթումի:

Հայաստանյան պատվիրակության կազմում էին՝ Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը,  գյուղնախարար Իգնատի Առաքելյանը, էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, Տրանսպորտի, կապի ու ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ու Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Այցին կարևորություն է հաղորդում նաև ապրիլին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների գործոնը: Երկիրը կսկսի ապրել սահմանադրական նոր մոդելով, որպես խորհրդարանական հանրապետություն, որտեղ առանցքային կերպար է դառնալու երկրի վարչապետը: Այդ աթոռին շատերը տեսնում են հենց Կարապետյանին, միայն թե արդեն ավելի մեծ իրավասություններով: Ու հետևաբար Կարեն Կարապետյանի այցը կարելի է դիտել նաև որպես երկրի փաստացի ղեկավարի՝ ապագայի հարաբերությունների հաստատման պրիզմայից:

«Մենք ուսումնասիրում ենք բոլոր այն կարևոր հարցերը, որոնք գտնվում են երկու երկրների օրակարգերում, սկզբունքորեն նախանշված են քայլերը, որոնք պետք է արվեն ապագայում»,- հայտարարեց Վրաստանի նախագահի արտաքին կապերի քարտուղար Թենգիզ Փխալաձեն՝ Գեորգի Մարգվելաշվիլու հետ ունեցած Հայաստանի վարչապետի հանդիպումից հետո:

Առաջին հայացքից թվում է դասական մի ցիտատ, որը իդեալականորեն կսազեր ցանկացած այցի արդյունքները ամփոփելու համար: Բայց, բնականաբար Հայաստանի վարչապետի այցի արդյունքները այդ մեկ ցիտատով սահմանափակել հնարավոր չէ:

Визит армянской делегации во главе с премьер-министром в Грузию
Визит армянской делегации во главе с премьер-министром в Грузию

Կարեն Կարապետյանի այցը չափազանց կարևոր էր նաև դեպի Հայաստան ռուսական բեռների ու հակառակը՝ Հայաստանից դեպի Ռուսաստան բեռների տեղափոխման լրացուցիչ ուղիների բացման տեսանկյունից: Պաշտոնական Երևանն արդեն մի քանի տարի համառորեն ուզում է հասնել նրան, որ Հայաստանը Վրաստանի տարածքով Ռուսաստանին կապող «Կազբեգի- Վերին Լարս» ռազմա-վրացական մաքսակետային ճանապարհի հետ մեկտեղ դիտարկվեն նաև այլընտրանքային տրանսպորտային միջանցքներ:

Ռազմա- վրացական ճանապարհի արտադրողականությունը բարդ ռելիեֆային պայմանների պատճառով չափազանց ցածր է, իսկ ձմռանը ձնհալքների  ժամանակ այն հաճախ փակ է լինում:

«Եթե ձեզ հետաքրքրում է, թե կլինի՞ արդյոք այլընտրանք Վերին Լարսին, ապա կարող եմ հավաստիացնել, որ այո, կլինի: Մնացածի մասին հետո, ես դեռ փակագծերը չեմ բաց անում: Մենք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել ինչպես Լարսի, այնպես էլ էներգետիկ միջանցքի հետ կապված»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց Կարեն Կարապետյանը:

Այլընտրանքը նախ Պսոու (Աբխազիայի ու Ռուսաստանի սահմանին- Dalma News) և Ռոկիի թունել (Հարավային Օսեթիայի ու Ռուսաստանի սահմանին- Dalma News) մաքսակետերն են: Խնդիրը կարելի էր հանգիստ լուծված համարել, եթե չլիներ 2008 թվականի օգոստոսյան կոնֆլիկտի ու ռուս- վրացական պատերազմի հետ կապված նույն թվականին խորհրդարանի ընդունած «Շրջափակված տարածքների» մասին Վրաստանի օրենքը: Այն ժամանակ պաշտոնական Մոսկվան ընդունեց Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը, իսկ Թբիլիսին, որպես պատասխան, խզեց Ռուսաստանի հետ ունեցած դիվանագիտական հարաբերությունները ու այդ տարածքներին տվեց «շրջափակված» տարածքների կարգավիճակ՝ դրանով իսկ արգելելով այդտեղ որևէ տնտեսական գործունեություն:

Աբխազիայում գոյություն ունի նաև երկաթգիծ, որն այսօր չի գործարկվում: Եվ դրա բացման հարցում ներկայումս առաջին հերթին շահագրգիռ են հայկական իշխանությունները: Թբիլիսին ծայրահեղ կերպով դեմ է դրա բացվելուն՝ առանց հաշվի առնելու սեփական շահերը, ու նորից այդ՝ «Շրջափակված տարածքների մասին օրենքը»… Ավելին, մինչ 2013 թվականը Վրաստանում այդ հարցն առհասարակ չէր քննարկվում, ու դրա վրա որոշակի տաբու էր դրված:

«Ես կարծում եմ, որ երկաթգծի վերականգնումը հնարավոր է: Կարելի է նույնիսկ ավելին անել: Մենք հույս ունենք ու ջանում ենք լուծել Ռուսաստանի հետ ունեցած մեր խնդիրները: Չափազանց մեծ խնդիր է հանդիսանում Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Այն շուտափույթ լուծում չի կարող ստանալ, բայց երկաթգծի վերագործարկումը կարող է լուծվել հնարավորինս շուտ, եթե այդպիսին լինի բոլոր կողմերի քաղաքական կամքը»,- այն ժամանակ այսպես հայտնեց Բիձինա Իվանիշվիլին:

Այդ հայտարարությունից հետո Վրաստանի նոր իշխանությունները հիշեցին 2011 թվականին կնքված «Մաքսային վարչարարության և ապրանքների վաճառքի մոնիթորինգի մեխանիզմի հիմնարար սկզբունքների մասին Ռուսաստանի դաշնության կառավարության ու Վրաստանի կառավարության միջև համաձայնագրի» մասին, որը կողմերին տալիս է Աբխազիայում ու Ցխինվալիի շրջանում (Հարավային Օսեթիա-Dalma News) տրանսպորտային հաղորդակցման ուղիները զարգացնելու ու առևտուր անելու հնարավորություն՝ միևնույն ժամանակ չդիպչելով երկու հանրապետությունների կարգավիճակի խնդրին, և դա շնորհիվ այն բանի, որ մաքսակետերի օպերատորի դերն ստանձնելու է շվեյցարական SGS ընկերությունը:

Համաձայնագիրը ստորագրվել է ի պատասխան Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) Ռուսաստանի ընդունվելուն պաշտոնական Թբիլիսիի տված համաձայնության: Այն ժամանակ Վրաստանում այդ փաստաթուղթը ընդունեցին որպես հաղթական մի քայլ, քանի որ, համաձայն այդ պայմանագրի, շվեյցարական ընկերության ներկայացուցիչները պետք է տեղաբաշխվեին Պսոու և Ռոկիի թունելում: Իսկ դա ոչ այլ ինչ էր, քան այն, որ Մոսկվան անուղղակի կերպով ընդունում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Սակայն փաստաթուղթը տրանզիտային բեռների հսկողություն չի ենթադրում: Այդ կերպ նա չի կարող Աբխազիայի ու Ցխինվալու շրջանով (Հարավային Օսեթիա – Dalma News) Ռուսաստանից Հայաստան ու հակառակը բեռների տեղափոխմանն օգնել:

17189522_304

«Շրջափակված տարածքները բեռնափոխադրումների համար փակ են: Հետևաբար այստեղ խոսքը կարող է գնալ միայն այն բեռների մասին, որոնք շրջափակված տարածքներով դեպի Ռուսաստան ու հակառակն են անցնում, և այնպես, որ Թբիլիսին կարողանա տեղափոխվող բեռների մասին տեղեկատվություն ստանալ»,- ասաց քաղաքագետ Նիկա Չիտաձեն Dalma News-ի հետ ունեցած իր զրույցում:

Աբխազյան հատվածում վրացական երկաթգծի վերաբացման մասին լուրը ծայրահեղ վատ ընդունեցին «Միասնական ազգային շարժում» վրացական ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները:

«Ավելորդ է կրկին խոսել այն մասին, որ դա առհասարակ անթույլատրելի է, քանի որ Աբխազյան ճանապարհի բացումն առանց որևէ պայմանակության Վրաստանի տարածքային ամբողջականությանը մահացու վերք կհասցնի, կբացառի փախստականների վերադարձը, ինչպես նաև կպահպանի մեր քաղաքականությունը չընդունելու երևույթը, և առհասարակ, վաղ թե ուշ կբացառի նաև Վրաստանի տարածքային ամբողջականության ու ինքնավարության վերականգնումը»,- ասաց Միասնական ազգային շարժման ներկայացուցիչ ու Մշակույթի նախկին նախարար Նիկա Ռուրուան՝ մամլո ասուլիսի ընթացքում:

Մշակույթի նախկին նախարարը, քննարկելով երկաթգծի բացման արդյունքում առաջացող բացասական հետևանքները, հայտարարեց, որ տվյալ նախագծի իրականացման արդյունքում Վրաստանը կփչացնի հարաբերությունները Ադրբեջանի հետ, ինչպես նաև չի կարողանա ստանալ լիարժեք շահույթ ու Փոթիի նավահանգիստը:

Իր հերթին՝ Վրաստանի վարչապետ ու էներգետիկայի նախարար Կախի Քալաձեն ընդդիմությանը մեղադրեց ստի տարածման մեջ ու հայտարարեց, որ Աբխազյան տարածքի երկաթգծի բացման հարցը երկրի կառավարության օրակարգում չի գտնվում:

«Ես առաջին անգամ եմ այդ մասին լսում: Դա սխալ ինֆորմացիա է: Կառավարությունում այդ հարցը հստակորեն նույնիսկ չի քննարկվել: Ընդդիմությունը չափազանց շատ է խոսում ու շատ էլ սուտ է խոսում»,- Թբիլիսիում Քալաձեն այսպես պատասխանեց լրագրողներին:

Վերջին մի քանի տարիների ընթացքում վրացական կողմը կատարեց վեց տարի առաջ ստորագրված պայմանագրի իրագործման բոլոր նախապատրաստական աշխատանքները: Ընդամենն այս տարվա փետրվարի 7-ին Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Պրահայում կայացած ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին, և մոտ ժամանակներս շվեյցարական SGS ընկերության փորձագետները կայցելեն Մոսկվա և Թբիլիսի:

Քաղաքագետ Նիկա Չիտաձեի խոսքերով՝ SGS ընկերությանը խնդրել զբաղվել տրանզիտային բեռների փոխադրման հսկողությամբ, թեորիապես հնարավոր է, սակայն գործնական առումով թվում է անիրականանալի:

«Տեսականորեն ամեն բան հնարավոր է, սակայն մյուս կողմից, եթե վրաց սահմանապահներն ու մաքսային աշխատողները չեն կարողանալու կատարել իրենց գործառույթները պետական սահմանին, ուրեմն դա մոտ ապագայում անհնարին է լինելու: Վրացական կողմը կարող է ստանալ լրացուցիչ տնտեսական շահույթ, եթե Հայաստանի ու Ռուսաստանի միջև Վրաստանի տարածքով անցնող ապրանքաշրջանառության ծավալները ավելանանան, սակայն քաղաքական գործոնն այստեղ հիմնական խոչընդոտն է հանդիսանում»,- եզրափակեց Նիկա Չիտաձեն:

Թե ինչ այլընտրանքի մասին էր խոսում Հայաստանի վարչապետը, դեռևս հայտնի չէ, բայց այսօրվա դրությամբ ռազմա-վրացական ճանապարհի հետ մեկտեղ ամենաիրական երթուղին մնում է ապրանքների տեղափոխումը վրացական Փոթի նավահանգստից դեպի Կովկաս նավահանգիստ:

Եթե հիշենք Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու՝ բեռների թողունակության բարձրացման նպատակով ռազմա-վրացական ճանապարհի ընդարձակման մասին հնչած անցյալ տարվա հայտարարությունը, պարզ կդառնա, որ նման կերպ Թբիլիսին ցանկանում է բավարարել իր բարի հարևան Հայաստանի շահերը, միևնույն ժամանակ պահպանելով նաև երկրում գոյություն ունեցող ստատուս-քվեն:

Պարզ է նաև այն, որ եթե Նիկա Ռուրուան ճիշտ դուրս գա, իսկ պաշտոնական Բաքուն հանուն Հայաստանյան շահերի Վրաստանի գործողությունների հետ կապված իր դժգոհությունը հայտնի, ապա Թբիլիսին զերծ կմնա նման նախագծի իրականացումից: Որովհետև լինելով Վրաստանի ռազմավարական գործընկերը, Ադրբեջանը վրացական էներգաշուկայում հանդիսանում է միակ մոնոպոլիստը. Սպառվող գազի 90 %-ը մատակարարում է Բաքուն, ինչն էլ իր հերթին պաշտոնական Թբիլիսիին հնարավորություն է տալիս Ռուսաստանի հետ ունեցած կոնֆլիկտի պայմաններում պահպանել «սեփական էներգոանկախությունը»:

Արտեմ Ավակիմով (Թբիլիսի), հատուկ Dalma News-ի համար