Ամանորին հաշված օրեր են մնացել, ուստի՝ ճիշտ ժամանակն է մտածել ու կողմնորոշվել, թե ինչ հագնել Նոր տարվա գիշերը, որպեսզի և՛ նորաձև լինի, և՛ ընդունելի 2018-ի խորհրդանիշի՝ դեղին Շան համար: Եվ, իհարկե, Ամանորից հետո՝ չմոռանաք նաև թարմացնել զգեստապահարանը, չէ որ նոր տարին նաև նոր ոճ է թելադրում: Իսկ թե ի՞նչը կլինի նորաձև գալիք տարվա ընթացքում, Dalma News-ը պարզել է հենց նորաձեւություն թելադրողներից:

2018-ին հագուստի առումով շեշտը կդրվի հարմարավետության վրա

Գայանե Զալիբեկյան
Գայանե Զալիբեկյան

Հագուստի մոդելավորող Գայանե Զալիբեկյանի կարծիքով՝  2018-ին նորաձև կլինեն դեղինի երանգները, ոսկեգույնը, որը երբեք տրենդից դուրս չի գալիս, մասնավորապես՝ ձմռանը նախընտրելի կլինեն վառ կարմիրը, գարնանը և ամռանը՝ անանուխի բաց երանգները և, իհարկե, սևը, որը միշտ նորաձև է:

«Իսկ գալիք տարվա ամենագլխավոր երանգը մանուշակագույնն է, որը խորհրդանշում է ինքնատիպություն», – ասաց նա:

 

 

 

 

 

Վիգեն Ինդոյան
Վիգեն Ինդոյան

Մոսկվաբնակ ոճաբան, իմիջմեյքեր Վիգեն Ինդոյանն էլ գտնում է, որ 2018 թվականին նորաձև կլինեն գույները, որոնք մոտիկ են բնությանը՝ դեղին, կանաչ, շականակագույն:

«2018-ի գլխավոր գույնը կարմիր գինու գույնն է, ինչպես նաև իրենց դիրքերը չեն զիջում սևն ու սպիտակը: Առհասարակ, գալիք տարվա ընթացքում հագուստի առումով շեշտը կդրվի հարմարավետության վրա՝ ջինսեր, տրիկոտաժ, բարձր օձիկով սվիտեր», – ընդգծեց Ինդոյանը:

 

 

Նանո Քալաշյան
Նանո Քալաշյան

Այն, որ  2018-ին շեշտը կդրվի հարմարավետության վրա, համակարծիք է նաև հագուստի մոդելավորող Նանո Քալաշյանը, ում պնդմամբ նոր տարվա ընթացքում նորաձև կլինեն ուսերի հատվածում բացվածքով զգեստները և լայն ընդարձակ հագուստները:

«Գույներից այս տարի նորաձև են շատ դեղինը, շականակագույնը, մոխրագույնը, բաց վարդագույնը, մուգ կանաչն և մուգ կապույտը, որոնք ինձ համար շատ հարուստ գույներ են», – նշեց նա:

 

 

Թինա Անդրիասյան
Թինա Անդրիասյան

Ոճաբան Թինա Անդրիասյանը մեզ հետ զրույցում խոսեց մշտապես նորաձև տրենդներից՝ շեշտելով, որ դասական զգեստի միքսը 2018 թվականին ավելի ակտուալ կլրացվի սպորտային կոշիկների միջոցով.

«Նմանատիպ զգեստները կընդգծեն կնոջ անհատականությունը, հարմարավետությունն ու ինքնատիպությունն առօրյայում»: 

 

 

 

 

 

 

Ինչ հագնել Ամանորին

Ի վերջո, ի՞նչ հագնել Ամանորին, որպեսզի այն հաճո լինի՝ 2018-ի գլխավոր խորհրդանիշին՝ դեղին Շանը, մասնագետների պատասխանները եղան բավական տարբերվող:

Վ. Ինդոյանը վստահ է, որ Շունն իր ազդեցությունը նորաձևության մեջ կթողնի դեղին գույնի տեսքով. «Քանի որ հենց դեղին շան տարի է, խորհուրդ կտամ հագուստ ընտրել այդ գույների մեջ»:

Ոչ միայն դեղին գույնով, այլև համարձակության առումով Շունն իր ազդեցություն կունենա նորաձևության մեջ: Այս մասին նշեց Ն. Քալաշյանն ու հավելեց. «Այս տարվա Ամանորին խորհուրդ կտամ հագնել վառ գույներ: Մեծ կոստյումներ կամ կամբինիզոններ»:

Գ. Զալիբեկյանն էլ առաջարկում է լինել ռոմանտիկ ոճի մեջ՝ սև ու սպիտակ, վառ կանաչ, դեղին, պաստելային գույներով. «Տրենդի մեջ կլինեն միդի կիսաշրջազգեստները, կիսաերկար, թափվող և անձև գզեստները»:

Շունն արդարամտության չափանիշն է, քանի որ նա երբեք չի հանձնվում: Հենց այս համատեքստում էլ նորաձևության և Շան տարվա միջև զուգահեռներ տարավ Թ. Անդրիասյանը. «Նորաձևությունը նույնպես չի հանձնվում և չի դադարում զարմացնել իր հետևորդներին: Շունը հասարակ, բայց և ագրեսիվ կենդանի է, հետևաբար նորաձեությունը 2018 թվականին պետք է նույնպես լինի հասարակ ոճում, բայց և ընկղմված ագրեսիվ և նորաոճ դետալների մեջ»:

Capture145541
Անչոկ

«Ամանորն իրենից ներկայացնում է շատ լուսավոր, պայծառ տոն, և միշտ կողմ եմ եղել փայլփլուն, գեղեցիկ, տարբերվող շորիկներին ու ինքս էլ նախընտրում եմ այդ օրը հագնել մի զգեստ, որը երկրորդ անգամ չեմ հագնի », – այսպիսի խորհուրդ տվեց մոդել, դերասանուհի, դիզայներ Աննա Վանեցյանը՝ նույն ինքը  Անչոկը:

 

 

 

 

«Միշտ պետք է պահել սեփական ոճը ու տարբերվել բոլորից»

Այդուհանդերձ, եթե այդպես էլ ձեր զգեստապահարում չգտաք այն, ինչ խորհուրդ էին տալիս պրոֆեսիոնալները, մի՛ շտապեք հուսահատվել, որովհետև նորաձևություն ասված ինչ-որ առում, կարելի է ասել, որ գոյություն չունի, և սա մենք չենք ասում, այլ Անչոկը:

«Իհարկե, միշտ պետք է հետևել տրենդին, բայց ինքս լինելով դիզայներ՝ փորձում եմ թելադրել իմը: Ասեմ, որ այս տարի շատ նորաձև են փայլուն շորիկները և շուտով «Անչոկ ֆեշնը» կներկայացնի աղջիկների համար նախատեսված իր նոր հավաքածուն, որտեղ հիմնականում հենց փայլուն զգեստներ են», – տեղեկացրեց դիզայները:

Առհասարակ, եթե մարդիկ ընկնեն նորաձևության հետևից, չեն հասցնի մշտապես հագնվել նորաձև, որովհետև առաջ մի քանի ամիսը մեկ էր նորաձևությունը փոխվում, իսկ հիմա՝ երկու-երեք շաբաթը մեկ: Այսպիսի տեսակետ հայտնեց նորաձևության քննադատ, նկարիչ-մոդելավորող և արվեստագետ Արմեն Երիցյանը ու խորհուրդ տվեց.

«Միակ խորհուրդը կլինի, որ մարդ պետք է ունենա իր ոճը և հագնվի այն, ինչ-որ իրեն սազում է: Կարելի է օգտվել տրենդերից, բայց միշտ պետք է պահել սեփական ոճը ու տարբերվել բոլորից»:

Արմեն Երիցյան
Արմեն Երիցյան

Եզրափակելով թեման՝ Թ. Անդրիասյանը տվեց նորաձևության գլխավոր բանաձևը` նախևառաջ հիշեցնելով, որ տարբեր ժամանակաշրջաններում արվեստն ու նորաձևությունը միշտ անբաժան և փոխկապակցված են եղել միմյանց հետ, ուստի՝ պարտադիր չէ հագնել տրենդային՝ նորաձև լինելու համար, պետք է հագնել այն, ինչ համապատասխանում է սեփական ոճին և ընդգծում ձեր անհատականությունը.

«Այնպես որ, խորհուրդ կտամ հագնել երջանկության զգեստ՝ հոգևոր հանգստության դիմահարդարմամբ և մշտական լավատեսության աքսեսուարներով: Իսկ եթե ավելի լուրջ, բացարձակ նշանակություն չունի, թե ինչ կհագնեք Ամանորին, նշանակություն ունի միայն այն, որ տարվա բոլոր օրերին ձեր ներսում լինի Ամանոր»: