Երևանում բացվել է The Armenian Interest (Հայկական շահը) գիտա-վերլուծական կենտրոնը: Կենտրոնի ղեկավար, ամերիկագետ, Forbes, The National Interest և «Россия в глобальной политике» ամսագրի թղթակից Արեգ Գալստյանը Dalma News –ի հետ ունեցած իր զրույցում պատմեց նոր կենտրոնի նպատակների ու առաջադրանքների մասին, ինչպես նաև խոսեց  Ռուսաստանի հայ համայնքի խնդիրներից:

Арег Галстян
Арег Галстян

Ի՞նչը դարձավ խթան՝ The Armenian Interest կենտրոնի բացման համար:

Իրականում մտահաղացումը միանգամից չծագեց: Սա բազմամյա մտորումների ու այնպիսի մի հարթակ ստեղծելու անհրաժեշտության ծնունդ էր, որը կմիավորեր ողջ աշխարհով մեկ սփռված ինտելեկտուալ կապիտալը: Երկար ժամանակ տարբեր լրագրերի ու անալիտիկ կենտրոնների հետ համագործակցելով՝ ես այսպես թե այնպես հանդիպում էի հայերի, ովքեր ներգրավված էին տարբեր ուժային կենտրոնների շատ լուրջ քաղաքական գործընթացներում: Սակայն նրանք կտրված էին Հայաստանից, հայկական սփյուռքից, առհասարակ՝ հայկական գործոնից: Ու ինձ թվաց, որ դա հենց այն գործիքն է, որը Հայաստանը պետք է օգտագործի աշխարհի տարբեր ծայրերում եղող իր խնդիրները լուծելու համար: Խոսքս միայն գիտական աշխատանքին չի վերաբերում, այլ համազգային, համապետական առաջադրանքներին:

Ծրագիրը կոչվում է «Հայկական շահ»: Ըստ Արեգ Գալստյանի՝ ինչո՞ւմն է կայանում այդ շահը:

Իրականում ես այդ հարցի պատասխանը հիմա տալուն պատրաստ չեմ: «Հայկական շահ» տխրահռչակ այդ ձևակերպումն էլ հենց մեր կենտրոնի առաջադրանքների ցանկում է: Նախ մենք պետք է հստակ տանք 4 հիմնական հարցերի պատասխաններ: Առաջինը՝ ո՞վ ենք մենք, ի՞նչ նկատի ունենք ասելով «հայ ազգ»: Նկատի ունենք Հայաստանի քաղաքացիների՞ն, սփյուռքի՞ն, Հայկական պետությա՞նը: Սա հիմնարար հարցերից մեկն է: Դրա պատասխանը չգտած՝ մենք չենք կարող ոչ մի «շահ» ձևակերպել:

Իսկ Դուք ունե՞ք այդ հարցի պատասխանը:

Ովքե՞ր ենք մենք: The Armenian Interest –ը հենց ստեղծված է նրա համար, որ գտնի այդ հարցի պատասխանը` հայերի ու ոչ հայերի ներգրավվածությամբ տեսական ու գործնական բնույթի քննարկումների միջոցով:

Անձամբ ինձ համար հայի երկու տեսակ կա՝ քաղաքական ու էթնիկ: Քաղաքական հայը դա հայկական քաղաքական ազգի ներկայացուցիչն է, այսինքն կապված հայկական պետության հետ, ու նրա մոտ երկու դրոշների (պետության) հավատարմության խնդիր չի կանգնում: Էթնիկ հայը դա սփյուռքի մեծամասնությունն է: Նրանք այլ երկրների քաղաքացիություն ունեցողներն են, ովքեր իրենց ճանաչում են որպես հայ: Այս երկու խմբերը պետք է շատ հստակ առանձնացնել միմյանցից: Հենց այդ տարանջատումը թույլ կտա ձևակերպել ու հասկանալ, թե ինչումն է կայանում այդ նույն հայկական շահն ու ինչում է հայակենտրոնացման բուն էությունը:

Ոչ մի դեպքում ես չեմ առաջարկում արգելապատնեշ դնել Հայաստանի քաղաքացիների ու սփյուռքի միջև: Հակառակը, մենք փորձում ենք հասկանալ, թե ինչպես ձևավորենք համագործակցության ու փոխադարձ հասկացողության որոշակի կամուրջ, նրա համար, որ Հայաստանը լիարժեք պատկերացում ունենա սփյուռքի մասին, և որ սփյուռքը 25 տարի անց սկսի հասկանալ ու գիտակցել, թե ինչ է Հայաստանը, որպես պետություն:

Դուք ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչ եք: Հայ հասարակությունում Ռուսաստանի հայերի հանդեպ ձևավորվել է բավական հետաքրքիր իրավիճակ, մի կողմից Ռուսաստանի հայերը մասնակցում են մի շարք խոշոր Հայաստանյան ծրագրերի, իսկ մյուս կողմից էլ նրանք ամենաշատն են քննադատվում: Ինչո՞վ կբացատրեք այս պարադոքսը:

Ես գտնում եմ, որ այսօրվա ռուս-հայկական սփյուռքն առհասարակ հանդիսանում է սկզբունքորեն սփյուռքի զարգացման շարժիչ: Ի տարբերություն արևմտյան համայնքների ու նրանց կառուցվածքների, Ռուսաստանի հայերը օբյեկտիվ պատճառներով ամենալավն են զգում Հայաստանի՝ պետության կարգավիճակը, քանի որ ռուս հայկականության զգալի մասը ձևավորվել է նրանց հաշվին, ով արդեն անկախ Հայաստանից է մեկնել այդտեղ: Այսինքն այն մարդիկ, ովքեր Հայաստանում են ապրել խորհրդային ու ետխորհրդային ժամանակաշրջաններում: Նրանք, ի տարբերություն արևմտյան սփյուռքի, ում մոտ սփյուռքի կուսակցական կազմակերպությունների ազդեցությամբ ավելի պակաս իրատեսական կերպար է ձևավորվել Հայաստանի մասին, նրա մասին ավելի օբյեկտիվ պատկերացում ունեն: Այս իմաստով Ռուսաստանի հայերն իհարկե ավելի լավ են հասկանում, թե ինչ ասել է Հայաստան:

Festival1_Easy-Resize.com

Ինչո՞ւ են այն ավելի շատ քննադատում: Կարծում եմ, դա կատարվում է իներցիայով, քննադատում են ռուսական քաղաքականությունը, իսկ դրա հետ մեկտեղ նաև Ռուսաստանի հայությանը, շատ հարցերում, իրականում, բավական արդար: Ռուսաստանի հայկական սփյուռքը շատ հարցերում անբաժան է ռուսական պետականությունից:

Հենց այդ պատճառով անհրաժեշտ է հստակ սահման անցկացնել էթնիկ ու քաղաքական հայի միջև: Մեզ անհրաժեշտ է պատասխանել «ո՞վ ենք մենք» հարցին, ու դա արդիական է նաև Ռուսաստանի հայության համար:

Այստեղ՝ Հայաստանում, նույնպես պետք է լավ հասկանան, որ Ռուսաստանի հայերը նաև այդ երկրի քաղաքացիներն են, այնպես, ինչպես Ամերիկայի հայերը Ամերիկայի քաղաքացիներն են, իսկ Եվրոպայի հայերը Ֆրանսիայի, Գերմանիայի կամ այլ երկրների քաղաքացիներն են: Այս առումով մեր գլխում համատարած քաոս է տիրում: Քննադատելով ռուսական կամ ամերիկյան քաղաքականությունը Հայաստանի հանդեպ, մենք մեխանիկորեն սկսում ենք քննադատել նաև սփյուռքին, այդ թվում նաև անգործության համար: Սակայն պետք է հասկանալ, որ, օրինակ այդ նույն ամերիկյան հայերը հենց այնպես չեն կարող ազդել ամերիկյան քաղաքականության ռազմավարական հայեցակարգերի վրա, ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանի հայերը՝ Ռուսաստանի քաղաքականության վրա:

Ռուսաստանի քաղաքական համակարգը չի նախատեսում լոբբիստական կազմակերպությունների ստեղծում, որոնք բացեիբաց կպաշտպանեն օտար պետությունների շահերը, այնպես, ինչպես ասենք ԱՄՆ-ում է: Այս դեպքում ի՞նչ պետք է անեն Ռուսաստանի հայերը նման պայմաններում:

Այստեղ նույնպես պետք է շատ հստակ տարանջատում անել: Ամերիկյան համակարգն իրոք տարբեր էթնիկ խմբավորումների թույլ է տալիս մասնակցել քաղաքական գործընթացներին: Բայց նույնիսկ այս առումով Ամերիկային իդեալականացնել պետք չէ, որովհետև այդ ազդեցությունը բավական սահմանափակ է: Պետական շահերը միշտ էլ առաջին տեղում են, ու եթե ինչ-որ մի փոքր խմբի որևէ գործողություն չի համընկնում երկրի ազգային շահերի հետ, ապա դժվար թե այստեղ հաջողության հասնել հնարավոր լինի:

Այս իմաստով Ռուսաստանն իհարկե ավելի փակ երկիր է, բայց սա նույնպես բխում է նրա հատուկությունից, պատմական զարգացումից, նրանից, որ Ամերիկան այնուամենայնիվ ձևավորվել է բոլորովին այլ փիլիսոփայական գաղափարների, հայեցակարգերի ազդեցությամբ, իսկ Ռուսաստանը՝ այլ: Չի կարելի հենց այնպես վերցնել ու Ռուսաստանից երկրորդ Ամերիկա ստեղծել, այնպես, ինչպես չի կարելի Ալժիրից երկրորդ Ֆրանսիա կերտել: Ի վերջո գոյություն ունեն քաղաքակիրթ, պատմական տարբերություններ: Դրա համար էլ Հայաստանի շահերը Ռուսաստանում բացեիբաց պաշտպանելը բարդ է: Ռուսաստանի սպեցիֆիկան կայանում է նրանում, որ մի շարք հարցեր այդտեղ ավելի արդյունավետ լուծում են ստանում փակ ուղիներով, քան բաց: Երբեմն բացեիբացությունը նույնիսկ խանգարում է  որոշ հարցերի լուծման արդյունավետությանը, ու դա ի տարբերություն Ամերիկայի, որտեղ աղմուկը որոշակի կշիռ ունի: Այստեղ անհրաժեշտ է հասկանալ երկրների սպեցիֆիկան, հատուկությունը: Ու այս առումով Հայաստանի շահերը ավելի հեշտ է ներկայացնել Ռուսաստանում, սակայն դրանով պետք է զբաղվի ոչ թե սփյուռքը, այլ հայկական պետությունը, որովհետև Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, և Հայաստանը համարվում է բոլոր ռուսամետ ինտեգրացիոն բլոկների անդամ:

3451403137_b1a8e57aca_b

Այդ նույն Ադրբեջանի հետ համեմատած՝ այս իմաստով մենք գտնվում ենք ավելի արտոնյալ վիճակում, քանի որ ինստիտուցիոնալ առումով մենք մասնակցում ենք բոլոր ռազմա-քաղաքական ու տնտեսական բլոկներին՝ Ռուսաստանի հետ միասին: Այս առումով լուրջ հնարավորություններ կան, բայց սրանով պետք է արդեն պետությունը զբաղվի: Ավելին, Ռուսաստանի սպեցիֆիկան այնպիսին է, որ այնտեղ սփյուռքի, լոբբիստական խմբավորումենրը, ըստ էության ոչ մի կշիռ չունեն: Դրանք այդտեղ պետք է պետության կամքին ընդառաջ գնան: Եթե ասենք սփյուռքի որևէ ներկայացուցիչ է գալիս ու գալիս է դեսպան, դեսպանին ավելի լուրջ են ընդունում, քան հասարակական ինչ-որ կազմակերպության անդամի: Ահա այսպիսի առանձնահատկություն:

Ռուսական սփյուռքին ի՞նչն է խանգարում  հաղթահարել այդ արգելքն ու ստեղծել սփյուռքային արդյունավետ կառույցներ: Ու ի՞նչ դեր այստեղ կարող է խաղալ Հայաստանը:

Երկու մեխանիզմ կա, որոնցով ստեղծվում են այդ կառույցները: Դա արվում է կամ վերևից, եթե դրանով ուզում է զբաղվել պետությունը (Հայաստանը), եթե ուզում է ձևավորել հայակենտրոն պետական լոբբիստական կազմակերպություն, ինչպես դա արեց Իսրայելը ԱՄՆ-ում ու ողջ աշխարհում: Կամ էլ ներքևից, սակայն այս դեպքում այն միշտ ենթարկվելու է այն պետության կամքին, որտեղ ձևավորվում է: Այս առումով պետք է բավական զգույշ ու զգոն լինել, եթե խոսում ենք լոբբիստական խմբավորումների ազդեցության մասին այն երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, որոնք իրենց բարոյական ու պատմական զարգացմամբ բոլորովին այլ ուղի են անցել, քան ԱՄՆ-ն:

Նաև հարկավոր է ուշադրության արժանացնել օբյեկտիվ գործոնները, օրինակ՝ ժամանակը: Ամերիկայում հայկական լոբբիստական կազմակերպությունները ձևավորվեցին միայն 70-ականների վերջին: Մինչ այդ տվյալ ձևաչափը էլի բավական արգելապատված էր:

Ռուսաստանում սփյուռք գոյություն ունի ռուսական անկախ պետության ստեղծումից ի վեր՝ 25 տարուց մի փոքր ավել: Սա պատմական շատ փոքր միջակայք է, որպեսզի ինչ-որ բան ձևավորվի այնպես, ինչպես Ամերիկայում է ձևավորվել: Հիմա մենք գտնվում ենք որոշակի կողմնորոշիչների որոնման փուլում: Քանի դրանք չկան, ինստիտուտ էլ գոյություն չի կարող ունենալ: Սակայն, թե այդ կողմնորոշիչներն ինչպիսին կլինեն, դեռևս դժվար է ասել:

Ռուսաստանում բիզնես, սփյուռքային, քաղաքական, հասարակական կառույցների ներկայացուցիչներն իրենց սեփական կողմնորոշիչներն ունեն: Կոպիտ ասած, դրանցից յուրաքանչյուրը իր պատկերացումն ունի այն մասին, թե ինչ է նշանակում Հայաստան ու ինչ է նշանակում սփյուռք: Միասնական կողմնորոշիչի բացակայությունը թույլ չի տալիս, որ այդ էներգիան մեկ միասնական մատրիցում հավաքվի: Սակայն կրկնվեմ՝ դա դեռևս նորմալ է: Վրաստանից ու Ուկրաինայից հետո Ռուսաստանն ավելի զգոն է նայում պետական երկխոսության մեջ ներգրավվող ցանկացած էլեմենտի: Նախապես մտածված սխեմայով Մոսկվա- Երևան ուղիղ երկխոսությունը մի բան է, լոբբի, սփյուռքի ու այլնի միջամտությունը մեկ այլ: Վերջինս որոշակի բացասական արձագանք  է գտնում:

Կարծում եմ հարկավոր է 10-15 տարի ևս նրա համար, որ այդ բոլոր կողմնորոշիչները ձևավորվեն, և էլի մոտ 20 տարի, որ դրանք կոնկրետ ձևեր ստանան: Այսինքն այն, որ ռուսական սփյուռքը լրջորեն չի կարող ազդել ռուսական քաղաքականության վրա, դա դեռևս նորմալ է: Ես ձեզ ավելին կասեմ, հայկական լոբբիստական կազմակերպությունները աշխարհում ոչ մի տեղ արմատական կերպով ոչ մի երկրի քաղաքականության վրա չեն ազդում: Իհարկե Ամերիկայում այդ ամենն ավելի համեղ կամ ավելի գեղեցիկ փաթեթավորմամբ կարող է մատուցվել, որովհետև այդտեղ պետությունն է թույլ տալիս նման փաթեթավորում ստեղծել:

Դրա համար էլ երբ մենք հիմնականում խոսում ենք սփյուռքի մասին, պետք է ինչ-որ գլոբալ օրինակի մասին խոսենք: Այսօր ամերիկյան սփյուռքով կողմնորոշվելը օբյեկտիվ չէ՝ լուրջ արդյունքների բացակայության պատճառով:

Կրկնվեմ՝ մենք դեռևս գտնվում ենք ձևավորման փուլում: Հենց սկսենք հասկանալ, թե ինչ ասել է հայկական պետական շահ, որտեղ ընդարձակվում են հայոց աշխարհի սահմանները, այդ ժամանակ էլ կձևավորվի այն կողմնորոշիչը, որն աշխարհի տարբեր ծայրերի համայնքների համար ազդակ կծառայի: Ու դա հարկավոր է գտնել այստեղ՝ Երևանում, այլ կերպ լինել չի կարող:

Զրուցեց Հայկ Խալաթյանը