Ուրախ, զրնգուն ծիծաղով, շփվող, հումորով, արագախոս կինը աղբ թափող տնային տնտեսուհի, հոգատար մայր, և միևնույն ժամանակ տաղանաշատ գրող է: Անհավանական է…
Իսկ ես այդքան հաստաափոր գիրք գրող կնոջը պատկերացնում էի չխոսկան` չէ՞ որ մտածածը գրում է, չշփվող` իբր ժամանակ ու հավես չունի, լուրջ ու հոգնած` այդքան համակրգչի առջև նստելիս հետո, անհավես` այդքան գրելուց հետո էլ հավես կմնա՞, մեծամիտ` նման հաջողությունը միլինովարների երազանք է…բայց արի ու տես, որ իմ շատ սիրելի գրքի` «Տունը, որում…» հեղինակ Մարիամ Պետրոսյանը, որի հետ ուղղակի երազանքի պես մի բան էր դարձել գիրքը ընթերցելու ընթացքում հարցազրույց վերցնելս, բոլորովին այլ կերպար էր:
Տունը Մարտիրոս Սարյանի թանգարանին կից է` նա մեծ նկարչի ծոռնուհին: Հյուրերին ընդունում է խոհանոցում` ճիշտ իմ սիրած ձևով: Խոհանոցը դարչնագույն ու սպիտակ է, տաքուկ ու հյուրընկալ. ամենևին էլ սուպեր վերանորոգում չունի, իսկ օվալ սեղանի մեջտեղում աշնան գույնի, մեծ դդում կա: Ամենուր իրեր են` ծղոտե դարակներ, բաժակներ, գրքեր, զգացվում է, որ այստեղ սիրում են լինել տան բոլոր անդամները` օրվա ցանկացած պահին, ներառյալ շատ գեղեցիկ, դարչնագույն աչքերով կատուն, որը մեր զրույցի ընթացքում անըդհատ փորձում է սեղանից ինչ-որ բան թռցնել: Հետո էլ մոտենում է ինձ ու զգուշորեն հոտոտում իրեն անծանոթ լրագրողական հետաքրքրասիրությունս:
Բայց, նախ սկսեմ սկզբից…
Շատ հայաստանցիներ չգիտեն էլ, որ մեր կողքին, մեր երևանյան փողոցներով քայլում է Ռուսաստանի գրականասեր հասարակությանը ցնցած «Տունը, որում…» գրքի հեղինակը: Գիրքը հրատարակվել է Ռուսաստանում 2009 թվին, վերատպվել մի քանի անգամ, արժանացել տարբեր գրական մրցանակաների. եթե համացանցում փնտրեք, կգտնեք ինչպես են երիտասարդները նկարում գրքի հերոսներին, հագնվում նրանց նման, խաղում գրքի հերոսների դերերը, քննարկում ու գովաբանում, վիճում ու երկրորդ անգամ վերընթերցելու խորհուրդ տալիս մեկը մյուսին: Կարելի է գտնել գրքի աուդիոտարբերակը, նաև քննադատների հիացական մեկնաբանություններ:
Հասկանալու համար հաջողության մասշտաբը պետք հասկանալ ինչ է նշանակում ռուսական շուկան` ցանակացած խոշոր հայ տնտեսվարողի երազանք: Ինչ վերաբերվում է մշակույթին… ես, գոնե, չեմ էլ ճանաչում մի հայաստանցի քաջի, ով իր առջև խնդիր դրած լինի գրավել այն:
Փաստորեն, Մարիամի հետ ծանոթանալիս հետո էլ կարող եմ ասել նույնը, որովհետև նա բոլորովին էլ նպատակ չի ունեցել գրավել ռուսական շուկան:
17 տարեկան Մարիամը ռուսական թեքումով դպրոցն ավարտելուն պես, սկսում է գրել ռուսերեն մի գիրք, որն ինքը հաճույքով կկարդար: Երկար տարիներ գիրքը գրում է, ջնջում, փոփոխում, իր ստեղծած կերպարների հետ կռվում, սիրում ու, նույնիսկ, նրանց բոլորի հետ միասին ամուսնանում Արտաշեսի հետ. «Ամուսինս` Արտաշեսը, իմ գրքի ձեռքը խելագարվում էր, երևի: Ես իրեն անընդհատ պատմում էի ինչ է կատարվում, կարդում, փոփոխում գրածս ու էլի կարդում: Գիրքը տպագրվելուց հետո ինքը այն չի կարդացել, եթե կարդա կզարմանա, որովհետև իմ պատմածներից շատ բան չի մտել վերջնական տարբերակի մեջ և` հակառակը»,- ծիծաղում է Մարիամը, պատմելով, որ Մոսկվայում ասուլիսի ժամանակ, երբ ասել է, որ ամուսինը չի կարդացել իր գիրքը, ռուսները ցնցվել են, այն պարզ պատճառով, որ կովկասցի տղամարդու կարծրատիպ ունեն` կանաց ճնշող, գազօջախին կապող. Մարիամը փորձել է կոտրել պատկերացումները, բացատրելով, որ ամուսինն իր առաջին օգնականն է և ընկերը:
Ինչպե՞ս պատահեց, որ գիրքը տպագրեց ռուսական հայտնի Livebook հրատարակչությունը
«Շատ հարցազրույցների ժամանակ ես բացատրել եմ, որ ոչինչ չեմ արել գիրքս տպագրելու համար: Իսկ պատմությունը երկար է»,-ժպտում է Մարիամը ու սկսում պատմել երկար պատմություն:
Վեպի մի քանի ձեռագիր տարբերակ ունենալուց հետո, Մարիամն աշխատավայրում ժամանակ է գտնում համակարգչով հավաքելու այն: «Պրինտեր ունեինք, որը հրաշալի հնարավարություն էր: Ես տպեցի և երեք գիրք կազմեցի` հաստ կազմերով` երեքն էլ տարբեր տարբերակներ»,-ծիծաղում է Մարիամն, ավելացնելով, որ ներկայիս գիրքը(1000 էջ) իրականում իր վերջնական տարբերակի մեջտեղի մասն է ընդամենը:
90 -ականների դժվար տարիներին, Մարիամն ու ամուսինը երկու տարով մեկնում են Մոսկվայում աշխատելու:
Որոշ ժամանակ բնակվելով իրենց ծանոթներից մեկի մորաքրոջ`տիկին Էլլայի տանը, Երևան վերադառնալիս առաջ, որպես շնորհալակություն, իր տպած և կազմած երեք գրքերից մեկը Մարիամը նվիրում է նրան: Տարիներ անց Մարիամին զանգում են Մոսկվայից ու ասում, որ ուզում են տպագրել «Տունը, որում…» վեպը : Պարզվում է, որ տիկին Էլլան գիրքը կարդալիս ու հավանելիս հետո փոխանցում է այն իր տղային, նա էլ կարդում ու հավանում է, փոխանցում մեկ ուրիշի, սա էլ կարդում ու հավանում է, փոխանցում մեկ ուրիշի…այսպես շարունակ, մինչև որ տարիների ընթացքում, կրեայի արագությամբ, բայց հաստատակամ քայլող վեպը հասնում է հրատարակչին, ում համար դեռ խնդիր էր հետ գնալ շղթայով և գտնել հեղինակին, որովհետև Մարիամը նույնիսկ իր անուն ազգանունը չէր գրել իր կազմած գրքի էջերին:
Երբ զանգում են և թույլտվություն խնդրում հրատարակելու, զարմացած Մարիամն ասում է, որ չի էլ հիշում տիկին Էլլային թողած տարբերակը որն էր և, ամենակարևորը, գիրքը ավարտված չէ, իրեն ժամանակ է հարկավոր վերջացնելու համար: «Հարցրեցին որքա՞ն, ասեցի մեկ տարի: Ինձ թվում էր, թե չեն համաձայնվի, բայց համաձայնվեցին: Ասեմ, որ այդ մեկ տարին քիչ էր: Մինչև վերջին րոպեն, երբ Մոսկվայում վերջնական խմբագրում էր անցնում գիրքը ես այստեղից դեռ կերպարներ և տեսարաններ էի գտնում իմ ձեռագրերի մեջ և ուղղարկում իրենց: Հաստատ իրենց էլ գժվեցրի»,-ծիծաղում է հեղինակը:
Մտահղացում
Այս հարցը չի սիրում Մարիամը: Չի էլ հիշում ինչպես պատահեց, երբ 17 տարեկանում, նստեց ու սկսեց հավաքել դպրոցական տետրի մեջ ինչ-որ պատմություն, ինչ-որ տղայի մասին, որին բերել էին մի տեղ, ուր ինքը չէր ուզում մնալ: 20 տարի շարունակ գրված պատմության հեղինակը դեմոկրատ էր և թույլատրում էր գրքի հերոսներին որոշումներ կայացնել և ապրել իրենց ուզածով. «Ինձ մոտ ոչ պրոֆեսիոնալ հատկություն կա` ես սկսում եմ գրել, ինձ հետաքրքրում է ու շարունակում եմ գրել հասկանալու համար, թե այդ պատմությունը ինչով կարող է ավարտվել: Ես չեմ նստում գրելու պատրաստի իդեայով»: Գրքի հերոսներն ունեն յուրահատուկ ածականներ` Սֆինքս, Տաբակի, Սլեպոյ, Ռիժիյ, Չերեպ, երբ հարցնում եմ, թե ինչպես է ընտրել անունները, հեղինակը պատասխանում է. «Իրենք անուններով էին հայտնվում»:
Նկարչութուն
Ես երկար մտածում էի Մարիամի մեծ հոր՝ հանճարեղ նկարիչ Սարյանի ու իր կապի մասին և բացի այն փաստից, որ տաղանդավոր գենը խոսել է կրկին` չէի գտնում: Բայց հանկած հասկացա, չէ՞ որ գրքի մեջ ամենակարևոր հերոսի՝ Տան, որն իմիջայլոց միշտ գրվում է մեծատառով, պատերն ամբողջովին նկարազարդված էին և հեղինակն այնքան մանրամասն է նկարագրում պատկերնեն՝ ասես իր ձեռքով նկարի դրանք պատերին: Պատահական չի, որ Ռուսաստանի տարբեր ծայրերում երիտասարդները փնտրում-գտնում են խորհրդային տարիներից մնացած, կիսախարխուլ շենքեր և հեղինակի նկարագրած պատկերներին կյանք տալիս:
Գիրքում բառերը լողում են` փոփոխելով իրենց տեղերը
Ամենատարօրինակ պահը Մարիամի ու իմ զրույցի այն էր, երբ մենք սկսեցինք վիճել իր գրած գրքի սցենարի մասին: Ես ուրիշ վերջ եմ տեսել, ինքն ուրիշ է գրել ու ծիծաղում ենք: Մարիամն ասում է, որ հենց այս պատճառով չի սիրուն հարցազրույցներ, ընթերցողների հարցեին պատասխանել, քանի որ յուրաքանչյուր ընթերցող իր պատուհանից պիտի հասկանա ստեղծագործությունը: Ես պատմում եմ Մարիամին`երբ ընկերուհուս հետ միաժամանակ կարդում էինք գիրքը, ինձ մոտ ուրիշ բաներ էին տեղի ունենում, իր մոտ այլ ու մենք հաճախ վիճում էինք ոչ թե գրելաոճի, հեղինակի պատմելու ունակության, այլ տարօրինակորեն հենց սցենարային իրադարձությունների պատճառով:
Հերոսների կյանքը հրատարակված գրքից անդին
20 տարի, մի քիչ էլ ավել, հեղինակը ապրել է Տան աշխարհում: Պատկերացնել էլ չեմ կարող ինչպես է ապրում առանց նրանց: «Սկզբում դժվար էր, բայց ես փորձեցի հասկանալ, որ հիմա ինքն իր կյանքով է ապրում»,-ասում է Մարիամը, ավելացնելով, որ գրքի վերջաբանում իր համար թաքուն դուռ է թողել. «Անկեղծ լինելու համար պետք է պատմեմ, որ չեմ դիմացել ու մտել եմ այդ դռնով: Էնտեղ ամեն ինչ ուրիշ է հիմա: Օրինակ Սֆինքսը ձեռքեր ունի: Գրում եմ ու զարմանում, կենտրոնանում եմ այդ մտքի վրա, որ ձեռքեր չունի, մեկ էլ տեսնեմ վերցնում է տետրն ու նկարում»:
Եթե դուք չեք կարդացել գիրքը, սա ձեր համար սովորական ու անհետաքրքիր տեղեկություն է, իսկ այ եթե կարդացել եք կհասկանաք, թե ինչ է նշանակում ձեռքերը Սֆինքսի համար ու ինձ պես կուրախանաք: Ես հիշում եմ ինչպես էր դժվարանում իմ սիրելի Կուզնեչիկը (նույն ինքը Սֆինքսը՝ փոքր հասակում) գրել անհարմար պրոտեզով: Ինչպես գտնելով գրամեքենա` հրճվանքով տպեց առաջին տառերը…:
1000 էջը կեսի կեսն է
Հարցազրույցից հետո, Մարիամի գրքով հիացած ընկերուհուս պատմեցի Սֆինքսի ձեռքերի մասին հիանալի լուրը, ու այն, որ գիրքն ընդամենը մի հատվածն է Մարիամի գրած պատմության: Մենք հասկացանք, որ շատ ենք ուզում կարդալ այն ինչ առաջ էր ու հետո`թող խմբագրված չլինի, թող կարմիր թել չունենա, թող ընդամենը թվականը գրված լինի տեքստերի վերջում:
Ես նույնիսկ կարող եմ մարքեթինգային լուծում առաջարկել՝ կարելի է խորհրդային տարիներին հայտի Սամիզդատի (Самиздат) ոճով տպագրել՝ ոչ շատ քանակությամբ, սա ավելի մեծ հետաքրքրություն ու խառնաշփոթ կառաջացնի: Կամ մեկ ուրիշ առաջարկ` կարելի է Մարիամի առաջին կազմած գրքերի տեսքը ուսումնասիրել և այդ ոճով հրատարակել նորը:
Կարելի է գրքի վերջում կցել այն բազմաթիվ նկաներից լավագույնները, որոնք ընթերցողներն արել են գրքի թեմայով:
Արփի Մաղաքյան