Հայաստան: Հակառուսական ենթատեքստ կրող քրեական պատմությունը

Ռուսական երկու կառույցներ միանգամից հայտնվեցին Հայաստանում բավական մեծ արձագանք ու աղմուկ հանած սկանդալի կիզակետում:

Տիգրան Ուրիխանյան

Ամեն բան սկսվեց շատ բնական ճանապարհով: Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը իրավասու օրգաններին հայտնում է այն մասին, որ տեղական նորությունների պորտալի՝ Analitik.am-ի տնօրեն Անի Հովհաննիսյանը պարբերաբար հրապարակում է ստահոդ տվյալներ իր, իր ընտանիքի անդամների ու իր պատգամավորական գործունեության մասին: Ուրիխանյանը հանդիպում է պորտալի տնօրենի հետ, որը պահանջում է ամենամսյա՝ 300 հազար դրամ (մոտավորապես 600 դոլլար)՝ իր «լռության» դիմաց: Պատգամավորը առերևույթ համաձայնում է: Եվ ահա հենց առաջին  գումարի հանձնման ժամանակ սպառնողը, իսկ ավելի ուշ նաև նրա գործընկերը ձերբակալվում են:

f91b54d739f7dde0947c67d22bf3a380
Անի Հովհաննիսյան

Այդ ամենի մեջ իհարկե սենսացիոն ոչինչ չկար, նման պատմություններ հազվադեպ, բայց պատահում են: Սակայն ձերբակալությունից հետո Անի Հովհաննիսյանը հայտարարում է, որ իր ձերբակալության իրական «պատվիրատուն» ոչ այլ ոք է, քան անձամբ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, իսկ պատգամավոր Ուրիխանյանը միայն հանդես է գալիս որպես նրա «գործակալ»-կատարող: Եվ առհասարակ հարցը հենց իր անձի մեջ չէ, այլ այն «հետախուզական» աշխատանքի, որն իրականացնում էր պորտալը՝«Ադրբեջանի մասնակցությունը Հայաստանում ռուսական ՎՏԲ բանկի ֆինանսական գործունեության մեջ» թեմայով: Սրա հետ կապված հայկական խորհրդարանի մի քանի պատգամավորներ արդեն հայտնել էին իրենց անհանգստությունը այն մասին, որ այդ հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ այն բանի համար, որ Ադրբեջանը սկսի հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի ֆինանսա-տնտեսական շուկայի նկատմամբ՝ հենց ռուսական ՎՏԲ բանկի միջնորդությամբ:

Հանրապետության էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հանդես եկավ պարզաբանմամբ՝ հայտարարելով, որ Ադրբեջանն իր 3%-անոց փաթեթով ոչ մի կերպ չի կարող համարվել «ռուսական ՎՏԲ» բանկի սեփականատերերից մեկը, քանի որ բանկի 60%-ից ավելին պատկանում է հենց ՌԴ-ի կառավարությանը: Սակայն բանկի վրա կատարվող հարձակումները չդադարեցին, ընդ որում Ղարաբաղում «Ապրիլյան քառօրյա պատերազմի» ավարտից հետո հնչեցին ակնարկներ նաև այն մասին, որ ՎՏԲ- Հայաստան բանկը քիչ էր մնում դառնար Ադրբեջանական կողմի համար հետախուզական կենտրոն:

Բնականաբար բանկը դա անվանեց սուտ, որը հեղինակազրկում է բանկային համակարգի առաջնորդներից մեկին, և Հայաստանի քաղաքացիներին էլ գցում շփոթության մեջ: «Նման ակնարկների հեղինակները պարզապես անխղճորեն օգտագործում են ողբերգական պահը Հայաստանի քաղաքական կյանքում՝ շահարկելով հայ ազգի անկեղծ զգացմունքներն ու ապրումները»,- ասվումէ ՎՏԲ- Հայաստան բանկի արած հայտարարության մեջ:

Այս ամենի մասին մեկնաբանվեց նաև Ռուսական դեսպանատանը՝ Երևանում: Դեսպանատունը Analitik.am կայքի տնօրենի հայտարարությունը անվանեց «զառանցանք» և «անհեթեթ մտորումներ», որոնք, ի հեճուկս «լրագրողական պահպանողական էթիկայի ու պրոֆեսիոնալիզմի» միանգամից հափշտակվեցին տեղական ԶԼՄ-ների կողմից: «Անառողջ կերպով շահարկել միջազգային հարաբերությունները՝ իրենց արդարացնելու և մեղքն իրենց վրայից հանելու նպատակով՝ քրեական հանցագործություն է, սպառնալիք: Հայտնի է, որ Ա. Հովհաննիսյանի «հետաքրքրությունների» շրջանակը չի սահմանափակվել միայն Ազգային ժողովի պատգամավոր Ուրիխանյանով: Այս դեպքի հետ կապված արժե հիշել խորհրդային ժամանակների սերիական մարդասպան Չիկատիլոյին, ով իր կողմից կատարված գազանային սպանությունները փորձում էր արդարացնել քաղաքական շարժառիթներով, իբր դա «խորհրդային շրջափակման դեմ պայքար էր»,- մասնավորապես ասվում է ՌԴ դեսպանատան արած հայտարարությունում:

«Միջազգային հարաբերությունների»  վկայակոչումն այստեղ պատահական չէ: Կատարվածի իրական իսկությունը հասկանալու համար  հարկավոր է հիշել, որ դեռևս 2014 թվականին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը կոչ էր անում կառավարությանն ու գործադիր այլ կառույցներին «իրենց գործունեություններում հաշվի առնել  Ռուսաստանի կողմից կիրառվող պատժամիջոցները, և վերջ դնել այդպիսի պատժամիջոցներ օգտագործող ցուցակի կազմում ընդգրկված կազմակերպությունների հետ հարաբերություններին»: Այդպիսի կազմակերպություններից մեկը, ինչպես հայտնի է, ՎՏԲ բանկն է: Այն ժամանակ Երևանում Ռուսական դեսպանատունը նման հայտարարությանը բավական կոշտ արձագանքեց, պատասխանելով, որ «Դիվանագիտական առաքելությանը չի սազում երկրի կառավարությանը հուշել, թե ում հետ և ինչպես վերջինս պիտի հարաբերություններ պահպանի, առավել ևս սխալ է իր խոսքում ինքնանկախ պետության հանդեպ թաքնված սպառնալիք պարունակելը: Ենթադրում ենք, որ Հայաստանի գործարար շրջանակների հնարավորությունների սահմաններում է գործարարության հետ կապված ինքնուրույն որոշումներ կայացնելը, և օտար կողմերի հուշումների կարիքը բնավ չկա»:

Այդ խնդրի լուծումից հետո թվում էր, թե այն սպառել է իրեն, և ՎՏԲ- Հայաստան բանկի գործունեությունը շարունակվում էր առանց որևէ սահմանափակության: Սակայն ինչպես հայտնի է, վերջերս հայ-ռուսական հարաբերություններում ի հայտ եկան որոշակի անհարթություններ՝ կապված Ադրբեջանին ռուսական հարձակողական զենք տրամադրելու և այն փաստի հետ, որ ռուսական հրթիռա-հրետանային բավական արդյունավետ զինահամակարգեր՝ «Սմերչ», «Սոլնցեպեկ», T-90 զրահամեքենաներ և այլն, օգտագործվել են ադրբեջանական ռազմական ուժերի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի զինուժի դեմ՝ քառօրյա պատերազմի ընթացքում: Դա հայկական հասարակության և պաշտոնական կառույցների մոտ բացասական վերաբերմունք առաջացրեց: Շատերին հուզում էին այնպիսի հարցեր, թե որքան է նման պայմաններում արդիական հայ-ռուսական զինաքաղաքական,  դիվանագիտական միությունը, ինչ իմաստ ու նշանակություն կունենա Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ԵվրԱզԵսին և այլն:

Հետևաբար, ինչպես տեսնում ենք, ռուսական ֆինանսական կառույցների «ենթասանկցիային» և Հայաստանում ռուսական դիվանագիտական առաքելության վարկաբեկումների համար ճիշտ պահը ընտրված էր: Առավել ճիշտ էր ընտրված հենց  ռուսական դեսպան Իվան Վոլինկինի անձը:

Փաստորեն ամերիկյան կողմը, ի թիվս այլ բաների, չի ներել ռուսական դեսպանին այն ցուցման համար, որ Հայաստանում ռուս- ֆինանսական ու գործարար-կառուցվածքային հարաբերությունների նկատմամբ նրա վերաբերմունքի մեջ «նկատվում են անառողջ առևտրա-տնտեսական մրցակցության ակնհայտ էլեմենտներ»:

Այս ամենը հաշվի առնելով՝ բոլորովին դժվար չէ հասկանալը, թե սկանդալի պատճառները սնուցող քամին որ ուղղությունից է փչում, և բոլորովին թափանցիկ տեսք ունի ռուս դեսպան Վոլինկինին այս աննախանձելի պատմության մասնակից կերպարներից մեկը դարձնելը: Մնում է միայն ավելացնել, որ պատգամավոր Ուրիխանյանը Հայաստանի ոստիկանությունից պահանջել է իր և իր ընտանիքի անդամների անձնական անվտանգությունը ապահովելը: «Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է գործի հետ կապված հանգամանքներով, որոնց հրապարակումը չի թույլատրվում՝ գործի գաղտնիությունից ելնելով»,- հայտարարեցին պատգամավորի գրասենյակից: Եվ դեռ հայտնի էլ չէ՝ այդ հանգամանքները զուտ քրեական են համարվում, թե ունեն քաղաքական ինչ-որ այլ դրդապատճառ:

Անուշ Լևոնյան, քաղաքական թղթակից, Երևան