Dalma News-ը ընթերցողին է ներկայացնում հայրենական և համաշխարհային գիտության զարգացման գործում անգնահատելի ներդրում ունեցած խորհրդային գիտնականների մասին նյութերի շարք: Մեր նյութերի հերոսների գյուտերը, ուսումնասիրությունները և երկար տարիների քրտնաջան աշխատանքը մեկընդմիշտ փոխեցին աշխարհը և պատմության ընթացքը:
Երեք մեծանուն «Կ»-երը՝ Կելդիշը, Կուրչատովը և Կորոլյովը, նախագծել և ստեղծել են միջուկային վահան՝ պաշտպանողական դոկտրինի սկզբունքներին և պահանջներին համապատասխան: Սակայն համեմատաբար քչերը գիտեն մեկ այլ «Ք»-ի՝ Սամվել Քոչարյանցի մասին, առանց որի ԽՍՀՄ-ը չէր կարողանա այդ կարճ ժամկետում վերածվել միջուկային պետության:
Սամվել Քոչարյանցի մասին այսօր էլ քչերը գիտեն, իսկ նրա աշխատանքներին ծանոթ նույնիսկ մասնագետների շրջանակը բավականին նեղ է: Այն ժամանակ, երբ երկիրը միջուկային զենք էր նախագծում, նա գերգաղտնի մարդ էր:
Ընտանիքի վեցերորդ երեխան` Սամվել Քոչարյանցը, ծնվել է 1909 թվականին Նոր Բայազետում (այժմ ՝ Գավառ), Սևանի մոտակայքում, որտեղ բնակություն էին հաստատել Բայազետից հրաշքով փրկվածները: Քոչարյանցները ոչ աղքատ էին, ոչ էլ հարուստ. այնուամենայնիվ, երեխաների կրթությանը ծնողները լուրջ էին վերաբերվում:
Դպրոցից հետո Սամվելը սովորելու մեկնեց Մոսկվա՝ Էներգետիկայի ինստիտուտ: Ուսուցիչների և դասընկերների վկայությունների համաձայն` նա ինքնամոռաց սովորել է, առանց դադար վերցնելու ընդունվել է ասպիրանտուրա` միաժամանակ դասավանդելով Տեսական էլեկտրատեխնիկայի ամբիոնում, իսկ պատերազմի առաջին իսկ ամռանը պաշտպանել է իր թեկնածուական թեզը: Սամվելը կարող էր մնալ և դասավանդել համալսարանում, չդառնալ գաղտնի անձ, սակայն ճակատագիրը այլ կերպ դասավորվեց:
1945թ. մայիսը Քոչարյանցի գաղտնի առաքելության սկիզբն էր: Նրան հատուկ առաջադրանքով ուղարկեցին Գերմանիա, որտեղ խորհրդային լավագույն գիտնականների խումբը մանրակրկտորեն ուսումնասիրում էր Ռեյխի միջուկային ծրագրի հետ կապված հասանելի փաստաթղթերը: Թեև գերմանական միջուկային ռեակտորը հապճեպ կերպով դուրս բերվեց Միացյալ Նահանգներ, Քոչարյանցն ու աշխատակիցները պարզեցին մի շարք օգտակար մանրամասներ, որոնց էությունը պարզ էր միայն նեղ մասնագետների համար: Մասնավորապես, ԽՍՀՄ-ում հասկացան, թե ինչու գերմանացիներին չհաջողվեց ստեղծել ինքնապահպանվող միջուկային ռեակցիա, և ինչու է պայթել նրանց առաջին ռեակտորը:
Այս և այլ ուսումնասիրություններ վճռական քայլ դարձան խորհրդային միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ, ահռելի ժամանակ և ջանքեր խնայեցին, քանի որ օգնեցին խուսափել այլոց սխալների կրկնությունից: 1947թ. եկավ Քոչարյանցի «Х ժամը». այսուհետև վիճակված էր ողջ կյանքն ապրել «հույժ գաղտնի» կարգավիճակում:
Հատուկ առաջադրանքը կատարելուց հետո Քոչարյանցը կարճ ժամանակով վերադարձավ գիտակրթական գործունեությանը. նույն 1947թ. լույս տեսավ նրա «Մագնիսական չափումներ» դասագիրքը, սակայն անմիջապես հետո հրաման եկավ, որով նրան աշխատանքի էին կանչում КБ-11-ում: Այնտեղ Սամվելը հետևյալ բնութագիրն ուներ.
«Սամվել Գրիգորի Քոչարյանցը իր ողջ հմտությունն ու կարողությունը ներդրել է աշխատանքի մեջ՝ բարելավելու ուսումնական գործընթացը և դաստիարակչական գործունեությունը ֆակուլտետում: Էլեկտրոֆիզիկայի ֆակուլտետը իրավացիորեն համարվում է ինստիտուտի լավագույն ֆակուլտետներից մեկը, և դրանում մեծ է Ս.Գ. Քոչարյանցի վաստակը: Նա չափազանց բարեխիղճ և սկզբունքային է իր գործում, պատասխանատու և ուշադիր է ընկերների նկատմամբ»:
Ամեն ինչ նույնիսկ Քոչարյանցի համար էր անսպասելի. ի զարմանս իրեն, իմացավ, որ ընդգրկված է միջուկային ուսումնասիրություններով զբաղվող խմբում: Իհարկե, այս նշանակումը մեծ վստահության արդյունք էր, քանի որ բոլոր ցուցակները անձամբ Ստալինն էր հաստատում, և հրաժարվել նշանակումից անհնար էր:
Այնուհետև խուլ անտառներում կորած, տեղի բնակիչներից բացի բոլորին անհայտ Սարով գյուղում ստեղծվում է Խորհրդային Միության միջուկային կենտրոնը՝ KB-11 օբյեկտը: Այս կենտրոնը դառնում է աներևակայելի գաղտնի վայր, անհետանում է քարտեզներից, հանվում է կադաստրային հաշվառման բոլոր միավորներից: Փաստաթղթերում այն տարբեր տարիներին տարբեր կերպ է անվանվել. մի ժամանակ նույնիսկ «Կրեմլյով» է կոչվել: Արդյունքում այն դարձավ Արզամաս-16 անունը կրող փակ գիտական ավան: Սամվելը Քոչարյանցը այստեղ անցկացրեց գրեթե 50 տարի:
Ավիացիայի համար միջուկային զինամթերք ստեղծելու առաջին իսկ փորձերը, «մարտավարությունը» և «ռազմավարությունը» համոզիչ կերպով ցույց են տվել, որ այս ոլորտը յուրահատուկ է, և պահանջում է հատուկ տեխնոլոգիաների, ցամաքային և օդային աշխատանքների նոր մոտեցում ցանկացած մանրուքում` առավելագույն պատասխանատվությամբ, հրատապությամբ և գաղտնիությամբ զուգակցված: Ահա թե ինչու Սամվել Քոչարյանցը որոշում կայացրեց միջուկային զենքի ողջ նախագծումն և գործարկումը, ինչպես նաև ավտոմատացման համակարգի բոլոր սարքերի ստեղծումը (որոնց նախագծումը ի սկզբանե վստահված էր երկրի լավագույն ձեռնարկություններին) կենտրոնացնել КБ-ում` աերոդինամիկայի և բալիստիկայի մասնագետների պարտադիր մասնակցությամբ:
Սա հանգեցրեց փորձարարական, արդյունաբերատեխնոլոգիական և հաշվարկանախագծային բազայի արագ և արդյունավետ զարգացմանը և նոր, բարձր որակավորում ունեցող կադրերի ի հայտ գալուն, ինչպես նաև միջուկային զինանոցի որակի, հուսալիության, անվտանգության և արդյունավետության բարձրացմանը:
Արզամաս-16-ում Քոչարյանցը սկսեց աշխատել ավտոմատիկայի համակարգերի գիտակոնստրուկտորական հատվածի պետի պաշտոնում և արագ դարձավ 20 աշխատակից ունեցող բաժնի պետ: 1959թ., արմատական վերակազմավորումից հետո, КБ-11-ը բաժանեցին երկու խոշոր կոնստրուկտորական բյուրոյի` КБ-1` միջուկային արկերի գլխավոր կոնստրուկտոր Ե.Ա. Նեգինի ղեկավարությամբ և КБ-2` միջուկային զինամթերքի գլխավոր կոնստրուկտոր Ս.Գ. Քոչարյանցի գլխավորությամբ: Դա տեղի կունենա մոտ մեկ տասնյակ տարի անց, իսկ այն ժամանակ` 1947թ., Քոչարյանցը այնպես աշխատեց, որ երկու տարի անց արդեն ստացավ իր առաջին Ստալինյան մրցանակը և Լենինի շքանշանը:
Սամվել Քոչարյանցը կրակոտ բնավորություն ուներ, եռանդուն էր և որոշ դեպքերում՝ կատեգորիկ: Այնուամենայնիվ, նա միշտ կողմ էր նախաձեռնություններին և խթանում էր դրանց դրսևորումը: Սամվելի հետ աշխատելը հեշտ չէր, սակայն հետաքրքիր էր. նա բացառիկ բարեխիղճ և պատասխանատու աշխատող էր: Աշխատելիս միշտ ապավինում էր իր թիմին` հիանալի ղեկավարներին և մասնագետներին, որոնց, ի դեպ, ինքն անձամբ էր «աճեցրել», և որոնք անցել էին «Քոչարյանցի դպրոցը»:
Քոչարյանցի աշխատանքի մանրամասներին միայն ընտրյալներն են ծանոթ: Հանրությանը հայտնի է միայն, որ նրա անվան հետ է կապված Խորհրդային բանակի տարբեր զորատեսակների զենքի գրեթե բոլոր համալիրների համար միջուկային մարտական սարքավորման, ըստ էության` իսկական միջուկային զենքի ստեղծում
Քոչարյանցի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ մարտական հերթապահության էին դրվել մի քանի սերունդների միջուկային զինատեսակներ, որոնք աստիճանաբար կատարելագործվում էին կրիչների, կառավարման համակարգերի զարգացման հետ մեկտեղ, այդ թվում` հավանական հակառակորդի հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի հաղթահարման և հրթիռամիջուկային հարձակումից սեփական տարածքը պաշտպանելու նպատակով: Այսօր էլ Քոչարյանցի մշակած` միջուկային զինամթերքով հագեցած համալիրները կիրառվում են:
Սամվել Քոչարյանցի պարգևների թվին կնախանձի ցանկացած գիտնական` Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Լենինի վեց և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններ: Գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ Քոչարյանցը արժանացել է Ստալինյան երեք և Լենինյան մեկ մրցանակի, ինչպես նաև ԽՍՀՄ Պետական մրցանակի:
20-րդ դարի ամենագաղտնի գիտնականներից մեկը` Քոչարյանցը, մեկ անգամ է միայն հարցազրույց տվել՝ 1992 թվականին, մահից հաշված ամիսներ առաջ: Նրա անունը լսել էին և գիտեին ֆիզիկոսները, կոնստրուկտորները և հրթիռաշինարարները, պետության բարձրաստիճան ղեկավարները և նույնիսկ ամերիկյան ԿՀՎ-ի աշխատակիցները, սակայն քչերը գիտեին, թե նա որտեղ է ապրում և որտեղ է լինում: Անձնագրով Մոսկվայի գրանցում ուներ, սակայն հասցեն կեղծ էր. ոչ այդպիսի փողոց, ոչ էլ տուն Մոսկվայում երբևիցե չի եղել: Անձնագրում հատուկ նշում կար, որը պարտավորեցնում էր ԽՍՀՄ-ում ոստիկանության ցանկացած բաժանմունքի ամեն կերպ աջակցել փաստաթղթի տիրոջը և բարձր հարգանք դրսևորել վերջինիս նկատմամբ:
Հայաստանում հաճախ լինելու հնարավորությունից զրկված Քոչարյանցը իր աշխատասենյակը զարդարել էր հայկական այբուբենի գունավոր պաստառով. այն ավելի նկատելի էր, քան գործող գլխավոր քարտուղարի պարտադիր պատկերը:
Քոչարյանցին հուղարկավորեցին հենց նույն Արզամաս-16-ում, իսկ հարազատ Գավառում խորհրդային իշխանության վերջին շրջանում՝ 1987 թվականին, դեռ կենդանության օրոք որպես սոցիալական աշխատանքի կրկնակի հերոս տեղադրեց Քոչարյանցի կիսանդրին:
Ռուբեն Գյուլմիսարյան
Կարդացեք նաև.
«Բուրան» եզակի ուղեծրային տիեզերանավը. նախագիծ հայերի զգալի մասնակցությամբ
Իր ժամանակից առաջ ընկած Հովհաննես Ադամյանը. ոչ մի օր առանց գյուտերի, երաժշտության և կտավների
Որպեսզի Մարսի վրա էլ ծառեր ծաղկեն. Նորայր Սիսակյանի տիեզերական կենսաբանությունը