Illustration: Sputnik Армения

Հունիսի 12-ը խոհարարների միջազգային օրն է։ Այս օրվա կապակցությամբ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը և Հյուսիսային դարպասներ զբոսաշրջային նախագծի համակարգող Վազգեն Խաչիկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են Հայաստանում հունիսի 12-ը պաշտոնապես դարձնելու հայ խոհարարի օր և առաջիկայում սպասվող խորովածի փառատոնի վերաբերյալ։

Դեռ տարիներ առաջ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» կազմակերպությունը նախաձեռնությամբ էր հանդես եկել, որով ցանկանում էր հունիսը 12-ը դարձնել հայ խոհարարի օր։ Խոհարար Սեդրակ Մամուլյանը նշեց, որ դեռևս 2011թ. իրենց կազմակերպությունը Ազգային ժողով է ներկայացրել օրինագիծ, ըստ որի պետք էր հունիսի 12-ը հռչակել հայ խոհարարի մասնագիտական տոն։ Սակայն, առ այսօր Հայաստանում պաշտոնապես չի ընդունվել այն։ Թե ինչու՞ են կարևորում հունիսի 12-ը հայ խոհարարի օր պաշտոնապես դարձնելու համար, Սեդրակ Մամուլյանը պատասխանեց.

«Հայ խոհարարի օրը նշելով մենք ուզում ենք մեր երկրում կարևորել այն գործը, որն անում է խոհարարը։ Մենք ուզում ենք ուշադրությունը սևեռելու արդյունքում՝ մաքրել, զտել մեր խոհանոցը։ Շատ կարևոր է, որ մենք սնվենք հայկական կերակրատեսակներով»։

Հայերի տոնական սեղաններից անպակաս ուտեստի՝ խորովածի սիրահարները այս տարի օգոստոսի 18-ին և 19-ին հնարավորություն կունենան մասնակցելու խորովածի փառատոնին։

Հայաստանում արդեն 10-րդ անգամ է անցկացվելու խորովածի փառատոնը։ Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի փառատոնը անցկացվելու է երկու օր։ Օգոստոսի 18-ին խորոված պատրաստելու իրենց ուժերը կփորձեն խոհարարները, իսկ 19-ին խորոված պատրաստել սիրողները։

Հյուսիսային դարպասներ զբոսաշրջային նախագծի համակարգող Վազգեն Խաչիկյանը նշեց, որ խորովածի փառատոնը լավ հնարավորություն է Հայասատնը թիրախավորել որպես զբոսաշրջային վայր, որը ոչ միայն հարուստ է պատմամշակութային կոթողներով, այլև հայկական կերակրատեսակներով։

«Մենք օգոստոսի նախավերջին շաբաթ օրը (օգոստոսի 18-ը) հռչակում ենք խորովածի միջազգային օր և առաջարկում ենք, որպեսզի մարդիկ այդ օրը գան Հայաստան խորոված ճաշակելու»։

Խորովածի միջազգային օր հռչակելու նպատակն է՝ Հայաստանում զարգացնել գաստրոտուրիզմը։

 

Հեղինակ՝ Արփինե Բաղդասարյան