Տիեզերական արվեստը
Եթե խոսենք արվեստի հանդեպ մոլուցք տածելու մասին, բնականաբար՝ բառի ուղիղ իմաստով, ապա Հայկական ՍՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ, Հայաստանում խեցեգործական քանդակագործության հիմնադիր Հռիփսիմե Սիմոնյանը կլինի անձնազոհության ամենավառ օրինակը: Արվեստը նրա համար ամեն ինչ էր, նրանից անդին ոչինչ գոյություն չուներ, և ստեղծագործելով՝ նա մոռանում էր աշխարհում ամեն ինչ՝ ընդհուպ մինչև իր օնկոլոգիական ախտորոշումը: Այդ ամեն ինչն էլ ի վերջո հաղթեց հիվանդությանը:
Մեկ դար անց
Քանի անգամ էլ անցնելու լինես Աբովյան փողոցով, կերամիկյա այս կինը քեզ է նայում, երբ դու դեռ իր թիկունքում ես, ու հայացքով էլ ճանապարհում է: Թե ինչ անըմբռնելի ձևով է Հռիփսիմե Լևոնովնան կերտել այս խեթ աչքերը, որոնց հայացքը հակասում է և ֆիզիկայի, և ֆիզիոլոգիայի օրենքներին, հայտնի է միայն Աստծոն: Ասենք՝ արվեստի գաղտնիքները միայն արվեստին էլ հայտնի են:
Անցյալ տարի նշվեց Հռիփսիմե Սիմոնյանի 100-ամյա հոբելյանը, որի պատվին Ա. Խաչատրյանի անվան Արվեստի տանը կազմակերպվեց ցուցահանդես: Առհասարակ, կարելի է մի քանի տասնյակ անգամ կազմակերպել Հռիփսիմե Սիմոնյանի ցուցահանդեսները, և ոչ մի անգամ էքսպոզիցիաները չեն կրկնվի, որովհետև այդքան ահա մեծ է նրա թողած ստեղծագործական ժառանգությունը: Նրա թոռնուհին՝ Արևիկ Գրիգորյանը, նկարչուհու մասին բավական հետաքրքիր պատմություններ պատմելով՝ ասում է, որ տատիկի կողմից ստեղծված իրերի քիչ թե շատ ամբողջական մի հավաքածու անգամ հավաքելն անհնար է, որովհետև այդ իրերը սփռված են ամենատարբեր տներում ու հավաքածուներում, և խոսքը միայն Հայաստանին չի վերաբերվում, դրանք կարող են գտնվել Երևանի Ազգային պատկերասրահից մինչև Մոսկվայի խեցեգործության թանգարանը և այլն:
Թեկուզ վերցնենք նրա կողմից մակագրված բաժակներն ու ափսեները, քանդակները… Երևանի հախճապակու գործարանի գլխավոր նկարիչ ու քանդակագործ նա եղավ ընդամենը մի քանի տարի: Եվ ահա 70 տարի անց այդ սպասքը գտնվում է երևանյան բազմաթիվ տներում: Հիմա այն որպես հազվագյուտ իր է գնահատվում, որը կրում է հին ժամանակների հետքը, սակայն միևնույն ժամանակ համարվում ժամանակակից՝ նույնիսկ այժմ: Դա 1940-ականների վերջին էր, ինչը գրեթե մեկ ամբողջ տասնամյակ դիտվեց որպես ճենապակու դիզայնով տարվածություն, բայց դրանից հետո էլ անհետք չկորավ: Ջրաներկ, գրաֆիկա, պլաստիկա, կավ ու քար, ոսկերչական զարդեր՝ դեկորատիվ-կիրառական արվեստի ժանրերը, որոնցում ստեղծագործում էր Հ. Սիմոնյանը, հաշվել հնարավոր չէ: Եվ ստեղծագործում էր նա միշտ անթերի…
Թոռնուհին շատ էր ուզում թարգմանել գրախոսականների գիրքը, թեկուզ ոչ ամբողջ հաստափորը: Թեկուզ միայն նրա համար, որպեսզի իմանա, թե ովքեր են այդտեղ իրենց մտքերը թողել, տեքստի հեղինակությունը անգլերենով կամ ֆրանսերենով վերականգնելը բարդ չէ, բայց ի՞նչ անել ճապոնական կամ չինական հիերոգլիֆների, պարսկական ու արաբական ձեռագրերի հետ: Սիմոնյանի արվեստանոցում է եղել նաև լեգենդար կաթողիկոս Վազգեն 1-ինը, ում հետ նա առհասարակ շատ ջերմ հարաբերություններ ուներ, ինչպես որ Ավետիք Իսահակյանի, այլ նկարիչների ու տիեզերագնացների, գրողների ու դիվանագետների հետ:
Կարսից՝ Թբիլիսի, հետո Երևան…
Հ. Սիմոնյանը ծնվել է Կարսում, ընտանիքը ժամանակին փախչել է կոտորածից, բայց հետո կրկին վերադարձել է, իսկ ահա 1918 թ. վերջնականապես որոշել է թողնել հարազատ վայրերն ու հաստատվել Թբիլիսիում: Այստեղ էլ նա ավարտում է դպրոցն ու 1938 թ. ընդունվում տեղի Գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության ֆակուլտետի խեցեգործության բաժինը: Նրա դասախոսը՝ Յակով Իվանովիչ Նիկոլաձեն, անձամբ Ռոդենի աշակերտն էր: 1945 թ. Սիմոնյանը ակադեմիան ավարտում է որպես նկարիչ-խեցեգործ: Դրանից 10 տարի անց ինքը խեցեգործության դասեր կտա, իսկ 1965 թ. կդառնա Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործության ֆակուլտետի դոցենտ:
Աստծո անիմանալի ուղիներով Սիմոնյանը մուտք գործեց նաև շինարարական տեխնիկում, որը նրան տվեց կամրջաշինարարի դիպլոմ: Պետք է ասել, որ Հռիփսիմե Լևոնովնան այս բնագավառում էլ է իրեն փորձել՝ մասնակցություն ցուցաբերելով Մյասնիկյանի պողոտայի կամրջի ստեղծման ամենասկզբում, նրա հենարանների վրա մի կողմից դաջելով մուրճն ու մանգաղը, մյուս կողմից էլ՝ աստղը:
Երբ 1943թ. ընտանիքը տեղափոխվեց Երևան, Սիմոնյանը ստեղծագործական իր գործունեությունը զարգացրեց մոլագարության աստիճան, ինչպիսին, ի դեպ, որ ինքն էր՝ խառնվածքով: Նկարչուհին մասնակցում էր ցուցահանդեսների, որոնք չունեին թիվ ու հաշիվ, իսկ 1945 թ. դարձավ Նկարիչների միության անդամ՝ բացելով այդտեղ Կիրառական արվեստի բաժին: 1956 թ. գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործության բաժնում բացում է նաև խեցեգործության բաժին: Այդպես սկսվեց ավանդույթների վերածնունդն ու հայ ավանդական դեկորատիվ-կիրառական արվեստի հետագա զարգացումը:
Այդ տարիներին Սիմոնյանը ստեղծեց ոչ մեծ դիմաքանդակների մի ամբողջ հավաքածու, օրինակ՝ նստած Ավետիք Իսահակյանի դիմաքանդակը այգում կամ հրապարակում հանգիստ կարող է համարվել մոնումենտալ: Կա նաև Խաչատրյանը՝ Սարաջևի հետ, Խաչատուր Աբովյանն ու Հովհաննես Թումանյանը, և նույնիսկ ռումինացի օպերային երգչուհի Զինաիդա Պալին՝ իր կերտած Ամներիս ու Կարմեն կերպարներով: Իսկ նրա ամենասիրած թեմայով՝ կնոջ կերպար, մայրություն, ստեղծված նրա քանդակները, որոնց թվում է նաև վերոնշված քանդակը՝ Աբովյան փողոցում, չափազանց վառ ու յուրահատուկ են, չափազանց մեծ լույս ու քնքշություն են արձակում: Երևան քաղաքի գլխավոր պողոտայում՝ Սիրահարների այգում, կա այդպիսի մի «Արմենուհի»:
Միշտ կերպարի մեջ
Արևիկ Գրիգորյանը պատմում է, որ ինքը երբեք տատիկին առօրյա հագուստով չի տեսել: Վառ ու գեղեցիկ այս կինը իր վրա էր սևեռում կանանց, իհարկե նաև տղամարդկանց ուշադրությունր՝ ճիշտ ընտրված իր հագուստներով, որոնցից ամեն մեկն իրեն համապատասխան կոշիկն ուներ, ինչը խորհրդային ժամանակներում գրեթե անհնար մի բան էր՝ ոչ թե գումարի, այլ ապրանքի բացակայության պատճառով: Եվ դա այն դեպքում, երբ նա չէր օգտվում դիմահարդարումից՝ բացի շրթներկից, փոխարենը շատ էր սիրում կրել զարդեր:
Կինն այս տիրապետում էր անհավանական ու անպատկերացնելի մի էներգիայի, որքան ասես՝ ստեղծագործական գաղափարներ: Բնականաբար ինչ-որ բան հավանաբար կիսատ էլ է մնացել: Արվեստանոցի աշխատանքը, որը, թոռնուհու խոսքերով քիմիական լաբորատորիա էր հիշեցնում, դասախոսությունները, Նկարիչների միությունում բազմաոլորտ գործունեությունը, իսկ հետո՝ տուն, գրեթե ամեն օր այցի եկող հյուրեր…
Հռիփսիմեն կյանքից հեռացավ պատկառելի տարիքում, բայց նրա կողքին գտնվող ոչ-ոք երբեք չհիշեց, որ գոյություն ունի «ծերություն» կոչվող երևույթ: Առաջին անգամ ամուսնանալով 18 տարեկան հասակում՝ նա լույս աշխարհ բերեց որդի, որին վիճակված էր դառնալ հայկական ու խորհրդային ճանաչված ճարտարապետ, խոսքը Արծվին Գրիգորյանի մասին է:
Հռիփսիմե Սիմոնյանի երկրորդ ամուսինը հայտնի վիրաբույժ Ռուբեն Պարոնյանն էր, բժիշկ, ով առաջին անգամ Հայաստանում իրականացրեց ստոմոքսի մասնահատում: Նա 20 ու ավելի տարի մեծ էր նկարչուհուց, սակայն դա մի գեղեցիկ սիրո պատմություն կերտելու համար երբեք անջրպետ չդարձավ: Պարոնյանը դասավանդում էր Բժշկական համալսարանում՝ բոլորովին մոտիկ Հռիփսիմե Սիմոնյանի արվեստանոցին, և ամեն Աստծո օր, հազիվ սպասելով դասախոսությունների ավարտին, գնում էր մի գիրկ ծաղիկ ու զույգ ոտքով բառացիորեն վազում իր միակի մոտ:
Պատրաստեց Ռուբեն Գյուլմիսարյանը