Վարոս պապին շատ բան է տեսել իր կյանքում։ Այսօր՝ իր ծննդյան 100-ամյակին, նա ուրախ ու առույգ է, տարեդարձի համար տարբեր երկրներից հավաքվել են երեխաները, թոռներն ու ծոռները: Սակայն նրա հայացքը հանկարծ մռայլվում է, ասես Հայրենական մեծ պատերազմի վետերանը վերադառնում է հեռավոր անցյալ, երբ կանգնած էին ոչ թե կյանքի, այլ մահվան համար։ Լինելով Արտաշատի շրջանի Գետազատ գյուղից, որը գտնվում է Արարատ լեռան ստորոտին՝ հայ-թուրքական սահմանից ոչ հեռու, մանկուց է ծանոթ եղել այս վիճակին։
Վարոս Ավետիսյանը ծնվել է հասարակ գյուղացու ընտանիքում, գիտեր հայրենի հողի արժեքը և որքան կարևոր էր պաշտպանել ամեն մի քարը։ Գյուղում դպրոց չկար, ուստի եղբայրների ու քույրերի հետ շատ կիլոմետրեր էին քայլում մինչև հարևան գյուղ։ Հայրը մահացավ երիտասարդ տարիքում, և ամբողջ բեռն ընկավ մոր ուսերին. միայնակ վեց երեխա մեծացնելը հեշտ չէ։
Սակայն նա կարողացավ:
Վարոս Համայակի Ավետիսյանի համար Հայրենական մեծ պատերազմը սկսվեց 1941 թվականի հոկտեմբերին, երբ տասնութ տարեկան էր։ Նրան այլ տղաների հետ տարան Թբիլիսիի հավաքակետ։ Ռուսերեն քիչ թե շատ լավ իմացողներին նշանակում էին Թբիլիսիի հրետանային ուսումնարանում։ Իսկ Վարոսը պատերազմի «աստվածներից» էր։ Այդպես էին կոչում հրետանավորներին։
Ուսումնարանն արագ ավարտելուց հետո Վարոսը պայքարեց Կովկասի համար, ապա 125 օր ու գիշեր՝ Ստալինգրադի համար։ Այս քաղաքը նրա համար հարազատ դարձավ, ինչպես Արարատյան դաշտը։
Նա գիտեր, թե որքան կարևոր է Ստալինգրադը պահելը, քանի որ հեռավոր հայրենիքում՝ Արաքս գետի երկայնքով շարվել էին նացիստական Գերմանիայի հետ դաշնակցած թուրքական զորքերը և սպասում էին պարտության՝ Կովկասի կողմից հայկական սահմանից ԽՍՀՄ ներխուժելու համար։ Ավելի քան 30 հազար հայեր խիզախորեն պայքարեցին Ստալինգրադի համար, որոնց մեկ երրորդի համար Ստալինգրադը գերեզման դարձավ։
Այնուհետև, Երրորդ Բելոռուսական ճակատի զորքերի կազմում Վարոս Ավետիսյանը հասավ Լեհաստան և Արևելյան Պրուսիայի սահմանները, որտեղ և տոնեց Հաղթանակի օրը։
Վարոս Ավետիսյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, «Կարմիր աստղի», «Հայրենական պատերազմի I և II աստիճանի» և շատ այլ շքանշաններով։
Պատերազմից հետո Վարոսը ևս մեկ տարի ծառայել է Մերձբալթիկայում, ապա վերադարձել Հայաստան։ Սկզբում աշխատել է կոլտնտեսությունում՝ որպես հաշվապահ, այնուհետև՝ ընդունվել Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարան։ Ամուսնացել է, դարձել վեց երեխաների հայր և ավելի քան քառասուն թոռների ու ծոռների պապ։ Ողջ կյանքում աշխատել է գյուղական դպրոցում պատմության և հիմնական զինվորական պատրաստության ուսուցիչ և գյուղխորհրդի նախագահ։ Նրա համար կարևոր էր հողից չհեռանալը։ Որպես երկարակեցության պատճառ նշում է աշխատանքը։ Եվ մինչ այժմ, քանի դեռ ուժ ունի, Վարոս պապը աշխատում է հողի հետ։
Գետազատ գյուղում Վարոս պապը Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հուշարձան է կանգնեցրել, որի վրա փորագրված են մարտի դաշտերում իրենց կյանքը զոհաբերած համագյուղացիների անունները։ Ժամանակի ընթացքում այս հուշարձանի կողքին հայտնվեցին ուրիշները՝ ի հիշատակ Արցախյան պատերազմների հերոսների։
Հայրենական մեծ պատերազմի վետերանին ծննդյան 100-ամյակի առթիվ շնորհավորելու համար Գետազատ գյուղ էին եկել Հայաստանում ՌԴ դեսպանության, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունների և մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միության ողջ անձնակազմը՝ միության նախագահ Սիմոն Եսայանի գլխավորությամբ։ Վարոս Ավետիսյանին հանձնվեցին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և Երևանում Ռուսական տան տնօրեն Վադիմ Ֆեֆիլովի շնորհակալագրերը, իսկ Արտաշատի սահմանապահ ջոկատի ներկայացուցիչները վետերանին պարգևատրեցին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հուշանշանով։
Վարոս Ավետիսյանը ուրախությամբ ողջունեց հյուրերին, կենացներ բարձրացրեց Ռուսաստանի և Հայաստանի միջև խաղաղության և բարեկամության համար, հարազատների հետ պարեց հայկական ազգային պարեր, արտասվեց և արցունքների միջից ժպտաց «Հաղթանակի օրը» երգի ներքո։
Ելենա Շուվայեվա