Այս աշնանը մոսկվացիները և Ռուսաստանի մայրաքաղաքի հյուրերը յուրահատուկ հնարավորություն կունենան մասնակից դառնալու «Հայկական մշակույթի սեզոն» աննախադեպ նախագծին: Վերջինիս նախաձեռնողներն են արդեն իսկ նշանակալի համբավ ձեռք բերած դուդուկի միջազգային փառատոնի կազմակերպիչները՝ Սուրեն Բաղդասարյանը և Մարինա Սելիվանովան: Ստեղծագործական այս տանդեմն հինգ տարի շարունակ օրուգիշեր աշխատել է այս եզակի իրադարձության կայացման համար: Անցյալ տարի՝ դուդուկի փառատոնի հինգերորդ տարեդարձին, «դուդուկը» հայտնվեց նույնիսկ «տիեզերքում». փառատոնը աննախադեպ հաջողությամբ անցկացվեց Մոսկվայի աստղացուցարանում: Այնուհետև կազմակերպիչները որոշեցին հրաժարվել այս ձևաչափից: Այսուհետ դուդուկը կինտեգրվի «Հայկական մշակույթի սեզոն» նախագծին: Դատելով միջոցառումների քանակից և բազմազանությունից` սպասվում է գլոբալ մասշտաբի նախագիծ:
Այսպիսով, երեք ամիս շարունակ` սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 8-ը, Մոսկվայում տեղի կունենան մի շարք բազմաբնույթ միջոցառումներ՝ համերգներից մինչև դասախոսություններ և սեմինարներ: Ընդհանուր առմամբ, Հայկական մշակույթի աշնանային սեզոնի շրջանակներում կանցկացվի 40 միջոցառում, որին կմասնակցեն 50 արվեստագետներ: Տասներկու համերգներից 9-ում շեշտը դրվելու է դուդուկի վրա:
«Ինչու որոշեցինք ընտրել հենց այդպիսի ձևաչափ՝ հրաժարվելով արդեն իսկ հարթված ուղուից՝ Դուդուկի փառատոնից: Բանն այն է, որ ամեն տարի մեր թիմը ցանկանում է շարժվել նոր ուղիով, նորանոր լուրջ առաջադրանքներ դնել իր առջև: Մեզանից առաջ աշխարհում, համենայն դեպս՝ «հայկական» աշխարհում ոչ ոք նմանատիպ խնդիրներ իր առջև չի դրել: Եվ այս «պարարտ հողը» մեզ համար չափազանց գրավիչ է», – ասում է Սուրեն Բաղդասարյանը:
Իր խոսքերով, հասարակության ուշադրությունը գրավելու և ծրագիրը կազմելու գործընթացում շեշտը դրվել է «ոչ հայազգի» լսարանի վրա: «Բանն այն է, որ «հայկական» միջոցառումների մեծ մասը կազմակերպվում է հայերի կողմից և հայերի համար, և, ըստ էության, ազգամիջյան են: Բայց մենք միշտ ուշադրություն ենք դարձրել ոչ հայազգի լսարանի վրա. մեր փառատոնների այցելուների 85%-ը այլ ազգերի ներկայացուցիչներ էին: Ի վերջո, հենց այս լսարանին է ավելի շատ տեղեկատվություն պետք Հայաստանի մշակութային ժառանգության վերաբերյալ: Բացի այդ, մայրաքաղաքում և Մոսկվայի մարզում հայերը կազմում են բնակչության 5%-ը, ինչը քիչ չէ: Եվ միանգամայն ակնհայտ է, որ որքան ավելի շատ նմանատիպ իրադարձություններ անցկացվեն, այնքան ավելի ճշգրիտ կձևավորվի մեր մոսկովյան համայնքի և, ընդհանուր առմամբ, մեր ազգի իմիջը»,- պարզաբանում է զրուցակիցը:
Ահա թե ինչու կազմակերպիչները մոտեցել են գործին ամենայն պատասխանատվությամբ՝ մտածելով բոլոր նրբությունների մասին: «Հայկական մշակույթի սեզոնի» շրջանակներում կանցկացվեն մի շարք դասախոսություններ, որոնց մասնակցելու համար, ի դեպ, արդեն իսկ չի մնացել ոչ մի ազատ տեղ: Դասախոսությունները կանցկացվեն ՀՀ դեսպանությունում և նվիրված կլինեն Հայաստանի պատմությանը, զբոսաշրջությանը և գինու տուրիզմին: «Դատելով պաշտոնական կայքից՝ կդասախոսեն նաև այլազգիներ: Օրինակ՝ Մարիա Սախինովան կպատմի Հայաստանում զբոսաշրջության նրբությունների և գինու տուրիզմի առանձնահատկությունների մասին, իսկ Ալեքսանդր Չերյոմինը պատմելու է Հայաստանի պատմության մասին՝ հին ժամանակներից մինչև այսօր: Ինչո՞ւ», – հարցնում ենք նախագծի գաղափարի հեղինակին:
«Քանի որ ազգությունը ո՛չ ինձ, ո՛չ իմ գործընկերների համար ոչ նշանակություն չունի: Կարևորը փորձն է, գիտելիքը և վերջինս մարդկանց փոխանցելու կարողությունը: Նման մարդկանցից է Չերյոմինը, որի դասախոսություններին ես ներկա եմ եղել, և հավաստիացնում եմ, որ նա անհամեմատ առաջ է որոշ մոսկվայաբնակ հայ դասախոսներից: Նման անձանցից է Սախինովան, ով, չնայած իր ազգանվանը, այնուամենայնիվ, հայ է: Էլ չասեմ խոհարարներից մեկի մասին: Կասիմ Էրիստովը իր գործի սիրահարն է և ներկայացնում է հայկական խոհանոցը նույնքան լավ, որքան մեր հայրենակից խոհարարները», – պարզաբանում է Բաղդասարյանը:
Ի դեպ, խոհարարական վարպետության դասի ընթացքում մասնակիցները պատրաստելու են միանգամից երեք ուտեստ՝ լահմաջո (հայկական պիցցա), դասական տոլմա և բարուրիկ (ընկույզով ռուլետ): Եվ հետո նրանք էլ կուտեն այդ ամենը: Միջոցառումը տեղի կունենա Մոսկվայի ամենահայտնի խոհարարական ստուդիայում՝ Տվերսկայա փողոցում գտնվող Չայխանա N1-ի տարածքում: Մեկնարկը ժամը 14.00-ին է, իսկ ավարտը 17.00-ին՝ մասնակիցների համար նախապես պատվիրված ընթրիքի սեղանի շուրջ:
Երաժշտական սեմինարները ևս նույնքան խոստումնալից են: Դրանք երեքն են՝ ուժեղ սեռի ներկայացուցիչների համար նախատեսվում դուդուկի ու դհոլի «դասեր», իսկ թույլ սեռը կփորձի իր ուժերը քանոն նվագելու գործում: Միևնույն ժամանակ, բոլոր մասնակիցներին, որոնք յուրաքանչյուր միջոցառմանը 10-ն են, կտրամադրվի անհատական երաժշտական գործիք: Եվ վարպետության դասի առանձնահատկությունն է՝ անձամբ սովորել այն նվագել: Իհարկե, մասնագետի ուղղորդմամբ և «հրահանգմամբ»:
Նախատեսվում են արվեստի վարպետության դասեր՝ որպես լիարժեք միջոցառումներ նկարչի հետ, որոնցից յուրաքանչյուրի շրջանակներում մարդիկ նկարելու են նույն նկարը: Այսպիսով, նկարիչ Էմիլ Աբրահամյանի հետ արհեստանոցում անցկացրած երեք ժամվա արդյունքում Արարատյան դաշտի ֆոնին «կծաղկի» ծիրանի ծառ՝ մեծն Սարյանի ոճով: Պատահական չէ, որ վարպետության դասի կարգախոսն է. «Սովորեք նկարել Հայաստանը Սարյանի պես»:
«Հայկական մշակույթի սեզոնի» ամենայուրօրինակ բաղադրիչը, հավանաբար, ինքնատիպ համերգներն են՝ թե՛ մեծահասակների համար, թե՛ մանկական: (մանկական միջոցառումներին կարող են գալ երեխաներ՝ սկսած մեկամսյա տարիքից): «Ի տարբերություն Դուդուկի փառատոնի շրջանակներում տեղի ունեցած համերգների, այս համերգները (խոսքը մեծահասակների համար համերգների մասին է) նախատեսված են փոքր թվով մասնակիցների համար՝ ընդամենը 80 մարդ: Եվ դրանք կանցկացվեն Պրոկոֆևի թանգարանի կամերային դահլիճում, որտեղ կատարողի և հանդիսատեսի միջև հեռավորությունը մոտ յոթ մետր է: Արդյունքում, երաժշտությունը կհնչի առանց որևէ ենթաձայնի կամ ուժեղացման: Դա, անշուշտ, առանձնակի հաճույք կպատճառի երաժշտասերներին և կփոխանցի հայկական մեղեդու ողջ համն ու հոտը»,- ասում է Բաղդասարյանը: – Կհնչեն ինչպես ազգային, այնպես էլ դասական եղանակներ: Ինչ վերաբերում է «մանկական» համերգին, այն կանցկացվի «Белые облака» մշակութային կենտրոնում: Կնվագի երկու խումբ՝ ժողովրդական անսամբլ և ջութակի քառյակ: Մեկ ժամ շարունակ թե՛ մեծահասակները, թե՛ պատանի հանդիսատեսը կներգրավեն յուրօրինակ ինտերակտիվ շոուի մեջ: Երեխաները, շնորհիվ կենտրոնի յուրահատուկ կառուցվածքի, կվազվզեն առանց նվագախմբին խանգարելու, իսկ մեծահասակները ամբողջապե կընկղմվեն երաժշտության և մթնոլորտի մեջ: Կարծում եմ, որ ժամանցի այս բանաձևը կընդունվի երիտասարդ ծնողների կողմից, ովքեր չեն կարող գալ առանց երեխաների»:
Հայկական մշակույթի սեզոնին Հայաստան կժամանի միայն Ջիվան Գասպարյան կրտսերը: Վարպետության դասերի մյուս կատարողները, դասախոսներն ու մասնակիցները Մոսկվայից և Ռուսաստանի այլ քաղաքներից են (Սոչի, Սամարա, Իրկուտսկ): «Ամեն ինչ պայմանավորված է միջոցներով. նախագիծը գործնականում չունի հովանավոր: Համակազմակերպիչների թվում է Մոսկվայի հայկական թանգարանը, որը մեզ անգնահատելի աջակցություն է ցուցաբերում տեղեկատվական ոլորտում և ծրագրի բովանդակային մասի կազմման գործում: Բայց մենք բառիս բուն իմաստով հովանավորներ չունենք: Հետևաբար, որոշ հարցերում ստիպված ենք սահմանափակել մեզ: Բայց նախագիծը դրանից չի տուժի», – պարզաբանում է զրուցակիցը:
Իսկ արդյո՞ք նման լայնածավալ նախագիծը ֆինանսապես մատչելի կլինի հնարավոր այցելուներին և մասնակիցներին: Բաղդասարյանը նշում է, որ գները բավականին ողջամիտ են` հաշվի առնելով նաև զեղչերը՝ 500-ից 2400 ռուբլի: Միևնույն ժամանակ, գինը ներառում է նաև սնունդը (խոհարարության վարպետության դասի դեպքում), այնպես էլ նկարչական նյութեր (արվեստի վարպետության դասի դեպքում): Ինչ վերաբերում է դասախոսություններին, ապա դրանք լիովին անվճար են:
«Մեզ համար գլխավորը շահույթը չէ, այս գործում այն գրեթե բացակայում է. մեր ձգտումն է տարածել այս փաստացիորեն անվճար նախաձեռնությունը հայկական աշխարհում: Որպեսզի այս «հարթակի» հիմքի վրա աշխարհի ցանկացած քաղաքում հայերը կարողանան իրենց համար կազմակերպել նման «Հայկական մշակույթի սեզոններ»,- նշում է ծրագրի կազմակերպիչը:- Այս հարթակը եզակի է, քանի որ այն թույլ է տալիս անել մի մեծ գործ` մասսայաբար տարածել հայկական մշակույթը՝ քաղելով շոշափելի հոգևոր և այլ ոչ նյութական օգուտներ: Գործնականում, Դուդուկի փառատոնի այցելուների կեսից ավելին այնուհետև այցելել է Հայաստան: Այնտեղ նրանք ծախսել են միջոցներ, որոնք ուղղվել են ի նպաստ մեր պատմական հայրենիքի: Հետևաբար, ինչքան շատ լինեն նման միջոցառումները, այդ թվում նաև՝ ողջ աշխարհում, այնքան շատ մարդ կուղևորվի մեր երկիր, և ավելի բարձր կլինեն զբոսաշրջության ոլորտի ցուցանիշները, և ինչու չէ նաև՝ ՀՆԱ-ն:
Սուրենը և «թիմը» տեղյակ են ծրագրի մասշտաբների մասին: Եվ նրանք շատ բան են անում. մասնավորապես, Բաղդասարյանը, լինելով ՏՏ մասնագետ, նույնիսկ զոհաբերեց իր աշխատանքը բավականին լուրջ ընկերությունում: Ինչի մասին, սակայն, չի զղջում՝ շատ վճռական տրամադրվածություն ունենալով: Նրա կարծիքով, եթե նոր ձևաչափը արմատավորվի, ապա 2020 թվականին հայկական մշակույթի աշնանային սեզոնը ավելի «պտղաբեր» կլինի: Թե՛ ծրագրում միջոցառումների քանակի, թե՛ նրանց մասնակիցների, թե՛ այցելուների առումով. սպասումների համաձայն այս տարի միջոցառմանը կմասնակցի ընդամենը 1800 հոգի, ինչը շատ չէ: «Մենք ինքներս մեզ վստահել ենք բավականին լուրջ առաքելության, որի նպատակն է` ծանոթացնել մարդկանց Հայաստանին, հմայել Հայաստանով և «լիցքավորել» իր հին մշակույթով: Եվ մենք մտադիր ենք ջանք չխնայել այդ առաքելությունը պատվով իրականացնելու համար»,- ամփոփեց Բաղդասարյանը:
Իրինա Գրիգորյան