2007-2012 թվականներին Իտալիան հայտնվել էր աղբային ճգնաժամում. այդ ժամանակ Իտալիայում սուր հասարակական-քաղաքական դիմակայության և սոցիալական լարվածության շրջան էր, որի արտաքին դրսևորումը Հարավային Իտալիայի շատ քաղաքների փողոցներում թափոնների հեռացման և վերամշակման խնդիրն էր: Ճգնաժամն առավել ցավոտ և «բուրումնավետ» հարվածեց Նեապոլին: Իտալիայի աղբահանության ճգնաժամն առաջացավ մի քանի պատճառներով՝ երկրի հարավում տիրող անբարենպաստ սոցիալական միջավայրը և մաֆիայի ուժեղացումը, որը և վերահսկում էր Իտալիայում աղբահանությունը: 2019 թ.-ին աղբահանության ճգնաժամը սրվեց Երևանում, և, կարծես, մինչ օրս այս խնդրի լուծումը չի երևում:

2018 թ.-ի աշնանը՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, Երևանի ապագա քաղաքապետ Հայկ Մարությանը բավականին հաճախ խոսում էր այն մասին, որ նախորդ քաղաքային իշխանությունները չէին ցանկանում կամ չէին կարողանում հաղթահարել աղբի խնդիրը, ինչը պարզապես անընդունելի է: Քարոզարշավներից մեկում Մարությանը կանգնած է հենց այդ աղբանոցներից մեկի ֆոնին՝ խոստանալով, որ իրեն ընտրելու դեպքում Երևանում այլևս նման պատկեր չի լինի: Տեսանյութը, կարելի է ասել, մարգարեական էր. մեկ տարի անց Մարությանը դեռևս չի կարող կատարել իր խոստումները, իսկ քաղաքը կամաց-կամաց վերածվում է մեծ աղբանոցի, չնայած հանուն արդարության հարկ է նշել, որ նախորդ քաղաքային իշխանությունների օրոք աղբային աղետը նման մասշտաբների չէր:

Քաղաքապետարանը պայմանավորում է իրավիճակը «Սանիթեք» աղբահանության ընկերության դեմ պյաքարով, որը պատասխանատու է այս ոլորտի համար, բայց չի կարողացել իրականացնել իր պարտականությունները և չի կատարել պայմանագրի բազմաթիվ կետեր: Իր հերթին, «Սանիթեք»-ի ղեկավարությունը հայտարարում է, որ իրենց նկատմամբ կիրառվում է քաղաքական հետապնդում, որի արդյունքում ընկերության ղեկավարությունը ռիսկ չի անում Հայաստան գալ, քանի որ ոչ մի երաշխիք չկա, որ «բաժնետերերի և ընկերության ներկայացուցիչների դեմ չեն իրականացվի ապօրինի քրեական հետապնդումներ»: Երևանում կայացած մամուլի ասուլիսում ընկերության ներկայացուցիչն ասաց, որ քաղաքապետարանը նախորդ տարվա հոկտեմբերին արդեն հանդես էր եկել առաջարկով՝ պայմանագրի բյուջեն ավելացնելու և լրացուցիչ ներդրումներ կատարելու պարտավորություններ ստանձնելու վերաբերյալ: Քաղաքային կառավարությունը, կարծես, հանդես է եկել այլ առաջարկով՝ աղբահանության մեքենաներ գնել և դրանք ընկերությանը վարձակալությամբ տալ, և այդ պահին պայմանավորվածություն է ձեռք բերվել.

«Առաջարկությունն ընդունվեց, մենք նույնիսկ քննարկեցինք վարձակալության պայմանագրի բոլոր ֆինանսական մանրամասները, ըստ որի` քաղաքապետարանը պետք է մրցույթ հայտարարեր, որպեսզի մեքենաները Երևան ժամանեին այս տարվա ապրիլին, նախքան ամառային սեզոնը: Այնուամենայնիվ, մենք շուտով քաղաքապետարանից նամակ ստացանք, որում նշված էր, որ եթե ընկերությունը չի կատարում իր պարտավորությունները, այն կենթակարկվի պայմանագրով սահմանված պատժամիջոցների: Այնուհետև Հայկ Մարությանը հեռախոսով ասաց, որ մրցույթը տապալվել է իրավական պատճառներով, և որ ընկերությունը հենց ինքը պետք է աղբատարներ գնի: Սպասարկող բանկի հետ խորհրդակցությունների արդյունքում՝ ընկերությունը պատրաստակամություն հայտնեց նոր ներդրումներ կատարելու և մեքենաներ գնելու, բայց այն պայմանով, որ քաղաքապետարանը պետք է երաշխավորի բանկին, որ ոչ մի դեպքում չի պատրաստվում խզել պայմանագիրը, ընկերությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերի և պարտավորվի վերականգնել Նուբարաշենի աղբավայրի ենթակառուցվածքը: Բայց քաղաքապետարանը հրաժարվեց»,- ասաց «Սանիթեք»-ի խոսնակը:

Այդ ժամանակահատվածում, որի մասին խոսում է Երևանում աղբահանության դեռևս միակ օպերատորի ներկայացուցիչը, Հայկ Մարությանը դիմել է ՀՀ կառավարությանը՝ մեկ ընկերությունից աղբատարներ ձեռք բերելու և աղբահանության նոր ընկերություն հիմնելու թույլտվության համար: Եվ, ինչպես գիտեք, անցած շաբաթների ընթացքում քաղաքապետարանը բազմիցս հայտարարություններ է տարածել այն մասին, որ նոր աղբարկղեր և մի քանի «КаМаз»-ներ են ժամանել Երևան: Արդյունքում, «Սանիթեք Ինթերնեշնլ»-ը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ ավելի քան 51,000 ԱՄՆ դոլարի չափով:

Մինչդեռ Երևանի քաղաքապետն ասաց, որ մայրաքաղաքը չի կարող հավերժ սպասել և հայտարարեց «Սանիթեք»-ի աղբարկղերը փոխարինելու գործընթացը: Մարությանի խոսքով՝ օպերատորի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ քաղաքում պետք է լինի 16,000 աղբարկղ, և ոչ թե պլաստիկ, այլ մետաղական, բայց դրանք ընդամենը 4000-ն են և օգտագործման համար ոչ պիտանի: Ի պատասխան՝ ընկերությունը սպառնացել է, որ դատական հայց կներկայացնի արբիտրաժային դատարան, եթե Երևանի քաղաքապետարանը չընդունի աղբահանության խնդիրը լուծելու իր պայմանները:

Եվ այս պայքարը շարունակվում է արդեն մի քանի ամիս, որից առաջին հերթին տուժում են մայրաքաղաքի բնակիչները: Դժբախտաբար, եղանակն անակնկալ մատուցեց՝ +40 աստիճան շոգի տեսքով, ինչը նպաստում է գարշահոտության տարածմանը: Փորձագետները հորդորում են, որ խնդիրը հնարավորինս արագ լուծվի, քանի որ հարցը միայն այն չէ, որ Երևանը կորցնում է իր հմայքը՝ աղբի տոպրակների տակ թաղված, որի մասին ափսոսանքով փաստում են զբոսաշրջիկները: Ամեն ինչ շատ ավելի վտանգավոր է:

«Քաղաքում կուտակված աղբը կարող է համաճարակ առաջացնել, և հետևանքները կարող են անմխիթար լինել: Արդեն նկատվում է առնետների ներխուժում, որոնք հայտնի են՝ որպես ժանտախտի կրողներ: Երևանի փողոցներում շատ թափառող շներ կան, որոնք նույնպես կարող են դառնալ վարակի կրող: Բայց առողջապահության նախարարությունը չի արձագանքում վտանգավոր իրավիճակին»,- ասում է բնապահպան Սիլվա Ադամյանը: Եվ դրա հետ չես կարող չհամաձայնել…

Եվ մինչ քաղաքապետարանը և «Սանիթեքը» շարունակում են պարզել, թե ով է ճիշտ, իսկ ով՝ խախտել պայմանագիրը, մինչ Հայկ Մարությանն ասում է, որ ընկերությունը չի կատարում իր պարտավորությունները, և, հետևաբար, պետք է հեռանա, երևանցիները խնդիրը լուծում են իրենց ձևով: Օրինակ՝ այս տողերի հեղինակի բազմաբնակարան շենքի բնակիչները այս ամիսների ընթացքում արդեն երկրորդ անգամ գումար են հավաքում և բեռնատար են վարձում աղբը հանելու համար, որի մեջ թաղված են աղբախողովակները՝ ընդհուպ մինչև հինգերորդ հարկ: Եվ սա սովորական իրավիճակ է, ոչ թե առանձին դեպք: Եթե աղբը ժամանակին հանվեր, ապա կարելի կլիներ խուսափել նմանատիպ իրավիճակից, բայց քանի որ քաղաքային իշխանությունը ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները (անկախ պատճառներից), այդ դեպքում մենք պետք է կառավառումը վերցնենք մեր ձեռքը:

Բայց այդպիսի լուծումը չի կարող մշտական լինել, և ակնհայտ է, որ համբերության բաժակը հասել է եզրին: Արդեն շատ քաղաքական և հասարակական գործիչներ բարձրաձայնել են մի փաստ, որի հետ դժվար կլինի չհամաձայնվել. եթե մինչև աշուն քաղաքապետը չկարողանա հաղթահարել այս իրավիճակը, որը պատանդ է վերցրել մեր սիրելի Երևանը, ապա նա պետք է հրաժարական տա: Այսպիսով, Մարությանը շատ ժամանակ չունի իր անունը փրկելու համար, քանի որ, ի վերջո, երևանցիները նրան ընտրել են քաղաքային տնտեսությունը կառավարելու համար: Մնացածն արդեն մանրուքներ են:

 

Լինա Մակարյան