Այս տարի հոբելյանական տարեդարձ է նշվում` Հայրենական մեծ պատերազմի ավարտի և նացիզմի դեմ տարած հաղթանակի 75-ամյակն է: Dalma News-ի խմբագրությունը մի շարք նյութեր է պատրաստել, որոնք նվիրված են այս նշանակալից ամսաթվին:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին գերմանական օկուպացիայից Լեհաստանի ազատագրման համար իրենց կյանքով վճարեցին ավելի քան կես միլիոն սովետական զինվորներ և հազարավոր լեհեր, որոնք պայքարում էին շագանակագույն ժանտախտի դեմ:

Լեհաստանի ներկայիս իշխանությունների որոշումը` չնշել Վարշավայի ազատագրումը նացիստներից, նրանց խղճի հարցն է: Նման դիրքորոշումը չի կարող անարգել զոհվածների հիշատակը. քաղաքական դրդապատճառները միշտ չէ, որ ենթադրում են բարոյաէթիկական չափանիշների և պատմական ճշմարտության պահպանում: Հետևաբար, թողնենք քաղաքականությունը քաղաքական գործիչներին և պարզապես հիշենք 75 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները:

Վարշավայի վրա հարձակումը, որը Երկրորդ աշխարհամարտի պատմագրության մեջ ստացել է Վարշավա-Պոզնանյան հարձակողական գործողություն անվանումը, սկսվեց 1945թ. հունվարի 14-ին: Այն սովետական երկու ճակատների` մարշալ Գեորգի Ժուկովի հրամանատարությամբ Առաջին Բելոռուսական և մարշալ Իվան Կոնևի հրամանատարությամբ Առաջին Ուկրաինական ճակատների կողմից անցկացվող Վիսլա-Օդերյան ռազմավարական գործողության մաս էր կազմում:

Վիսլա-Օդերյան գործողությունը 1945 թվականին խորհրդային զորքերի ռազմավարական հարձակումն էր սովետա-գերմանական ճակատի աջ թևում: Այն սկսվեց հունվարի 12-ին և ավարտվեց փետրվարի 3-ին: Գործողության ընթացքում գերմանական զորքերից ազատագրվեցին լեհական տարածքները Վիսլայից դեպի արևմուտք և գրավվեց Օդերի ձախ ափին գտնվող պլացդարմը, որը հետագայում օգտագործվեց Բեռլինի վրա հարձակման ժամանակ: Գործողությունը սրընթաց բնույթ ունեցավ` 20 օր շարունակ սովետական զորքերը օրական առաջ էին շարժվում 20-30 կիլոմետր՝ հաղթահարելով թշնամու յոթ ամրացված սահմանագիծ և ջրային երկու խոշոր խոչընդոտ:

Լեհաստանի Պոզնան քաղաքի բնակիչները ողջունում են սովետական զինվոր-ազատագրողներին: Նկարը՝ ՌԻԱ Նովոստի

Արդյունքում ամբողջությամբ ջախջախվեց թշնամու 35 դիվիզիա, մնացածը կորցրեցին անձնակազմի մինչև 70%-ը, իսկ գերեվարվեցին մոտ 150 հազար նացիստներ: Խորհրդային զորքերը հավասարեցրին ռազմաճակատը և հասան Բեռլինի հարակից շրջաններ, իսկ թշնամու ուժերը Պոզնանում ու Վրոցլավում հայտնվեցին կրակի տակ: Սկսվեց Լեհաստանի պետականության վերականգնումը. ազատագրված տարածքներում վերականգնվեց ազգային վարչակարգը:

Լեհերը ազատարարներին դիմավորեցին երկակի զգացողություններով. ոգևորության հետ մեկտեղ մի փոքր տարակուսանք կար` տեղի բնակիչներին զարմացնում էին ռազմական ավտոմեքենաների վրայի սպիտակ արծիվները` դրանք լեհական ստորաբաժանումներն էին նշում: Սակայն գերմանացիները պնդում էին, թե լեհական բանակ գոյություն չունի, իսկ Կարմիր բանակն ի վիճակի չէ գրավել Վարշավան:

Նկարը՝ ՌԻԱ Նովոստի

Հունվարի 17-ին գրեթե ամբողջ օրը Վարշավայի փողոցներում ընթանում էին կատաղի քաղաքային մարտեր: Հարձակման հաջողությունը որոշվեց Վարշավայի վրա ուղղակիորեն հարձակման և տանկային ստորաբաժանումների օգնությամբ հակառակորդի թիկունքի ճեղքման համատեղմամբ, ինչից հետո գերմանացիները դադարեցին դիմադրությունը:

Լեհաստանի և դրա մայրաքաղաքի ազատագրման գործում զգալի ներդրում է ունեցել գվարդիայի գնդապետ, արդեն Խորհրդային Միության հերոս Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը: 1944թ. օգոստոսին նա նշանակվեց 11-րդ գվարդիական տանկային կորպուսի հրամանատար, որը 1945թ. հունվարին մասնակցեց Վիսլա-Օդերյան գործողությանը: Լեհաստանի մի քանի քաղաքների, այդ թվում` Լոձի և Պոզնանի ազատագրման համար և՛ կորպուսը, և՛ դրա հրամանատարը պարգևատրվեցին երկրի բարձրագույն շքանշաններով:

Համազասպ Խաչատուրի Բաբաջանյան` զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային Միության հերոս

Հունվարի վերջին կորպուսը գնդապետ Բաբաջանյանի հրամանատարությամբ դուրս եկավ Մեզերիցկիի ամրացված շրջանի թիկունք: Դրան հաջորդեց շեշտակի հարձակում Կյուստրինի վրա, որտեղ կորպուսը մարտնչելով անցավ Օդերը և գրավեց գետի արևմտյան ափին գտնվող պլացդարմը: Այստեղից բացվում էր ուղիղ դեպի Բեռլին տանող ճանապարհներից մեկը:

Լեհաստանի ազատագրման համար մղվող մարտերում ցուցաբերած արիության համար Խորհրդային Միության հերոսի կոչում շնորհվեց 18 հայ զինվորների, Հայաստանի չորս այլ ազգությունների ներկայացուցիչների, իսկ այդ մարտիկներից ութը դարձան Փառքի շքանշանի լիարժեք ասպետներ:

73-րդ հրաձգային կորպուսը, որը հաղթական տարվա մայիսին ներկայացվեց ԽՍՀՄ հերոսի կոչման, գեներալ-մայոր Սարգիս Մարտիրոսյանի հրամանատարությամբ ակտիվ մասնակցություն ցուցաբերեց լեհական հողերի ազատագրմանը: Առանձնանում էր նաև 146-րդ հրաձգային դիվիզիան, որը ղեկավարում էր գեներալ-մայոր Սերգեյ Կարապետյանը:

52-րդ բանակի 73-րդ հրաձգային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Սարգիս Մարտիրոսյանը (1900-1984թթ.) շփվում է ազատագրված Պրահայի բնակիչների հետ

Անհնար է չհիշատակել լեգենդար հրամանատար Նվեր Սաֆարյանի 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիան: Կուտուզովի, Կարմիր աստղի, Կարմիր դրոշի շքանշանների արժանացած դիվիզիան խորհրդային բանակի կազմում հայկական յոթ դիվիզիաներից մեկն էր, որի մարտիկները պատմության մեջ մտան Ռայխստագի պատերի տակ հայկական «Քոչարի» պարի հաղթական կատարմամբ:

Վիսլա գետի արևմտյան ափին հակառակորդի պաշտպանությունը շրջանցելիս Սաֆարյանի գլխավորած զորամասերը դրսևորեցին իրենց լավագույն կողմերը: Մի շարք շրջանների անտառային տարածքներում նացիստների մեծ խմբեր էին մնացել, որոնք կտրում էին ճանապարհները և սպառնալիք հանդիսանում թիկունքի համար: 89-րդ հրաձգային դիվիզիային հանձնարարված էր վերացնել թշնամու հենց այդ խմբերը, իսկ Նվեր Սաֆարյանը հմտորեն մաքրում էր անտառները հակառակորդից և կազմակերպում նրանց ոչնչացնելու գործողություններ. արդյունքում բոլոր նման խմբերը ոչնչացվեցին:

89-րդ Հայկական Թամանյան դիվիզիայի հրամանատար Նվեր Սաֆարյա

Մինչև 1945թ. հունվար Վարշավայում մնացել էր քաղաքի նախապատերազմյան բնակչության մեկ տասներորդը: Նրանք նման էին ուրվականների` հյուծված էին, ամիսներ շարունակ լավագույն դեպքում ապրել էին նկուղներում կամ տների ավերակներում, որոնք բաց էին բոլոր պատահական փամփուշտների ու արկերի համար:

«Սադիստների դաժանությամբ նացիստները ավերում էին թաղամասը թաղամասի ետևից: Ոչնչացրեցին բոլոր արդյունաբերական խոշոր ձեռնարկությունները: Բնակելի շենքերը պայթեցրին կամ այրեցին: Քաղաքային տնտեսությունը ավերվեց: Սպանվեցին տասնյակ հազարավոր բնակիչներ, իսկ մնացածները վտարվեցին: Քաղաքը մեռած էր: Լսելով Վարշավայի բնակիչների պատմությունները օկուպացիայի ժամանակ և հատկապես նահանջից առաջ գերմանացի ֆաշիստների կատարված վայրագությունների մասին, դժվար էր նույնիսկ հասկանալ թշնամու զորքերի հոգեբանությունն ու բարոյական կերպարը », – այս խոսքերը լեգենդար մարշալ Ժուկովի հուշերից են:

«Քայլում ենք Վարշավայի փողոցներով. ավերված շենքերից ծուխ է բարձրանում, ամենուր կրակ ու մոխիր է: Վարշավայի բնակիչները ստվերների պես անվստահ դուրս են գալիս` վախեցած շուրջը նայելով: Նրանց դեմքերը գունատ են, հայացքները` վշտալի», – հիշում էր Վարշավայի համար մղվող մարտերի մասնակից, գեներալ Ստանիսլավ Պոպլավսկին: Ի դեպ, նա ազգությամբ լեհ էր:

Վարշավայի բնակիչները դիմավորում են խորհրդային զինվոր-ազատագրողների

Նման գունատ դեմք և վշտալից հայացք ուներ հայտնի լեհ դաշնակահար Վլադիսլավ Շպիլմանը, որը հրաշքով փրկվեց Վարշավայի գետտոյից, իսկ այնուհետև աներևակայելի կերպով փախչեց գնացքից, որով հրեաներին տեղափոխում էին համակենտրոնացման ճամբար: Այդ հունվար ամսին Շպիլմանը կրում էր գերմանացի սպայի թեթև կիտել: Ստիպված էր երկար համոզել պարեկներին, որ ինքը Վարշավայի բնակիչ է, և ոչ թե փախչել փորձող նացիստ: Սա նրա արդեն երրորդ զարմանալի փրկությունն էր: Տասնամյակներ անց ռեժիսոր Ռոման Պոլանսկու նկարահանած «Դաշնակահարը» ֆիլմը Շպիլմանի ինքնակենսագրության վրա է հիմնված:

Պատմությունը կարելի է կեղծել կամ աղավաղել, սակայն խաբել նրան դեռ ոչ ոքի չի հաջողվել:

 

Ռուբեն Գյուլմիսարյան