Երևանը յուրաքանչյուր հայի տունն է. մենք գիտենք նրա բոլոր խուլ անկյունները, շենքերը, դեպի ուր է տանում այս կամ այն փողոցը, և անհանգստանում ենք, երբ ինչ-որ բան քանդում են: Մենք փակ աչքերով կարող ենք մատնանշել բոլորիս ծանոթ շենքերի յուրաքանչյուր ճեղքը, բայց հազվադեպ ենք մտածում այն մասին, թե ում ենք պարտական ճարտարապետական այդ ստեղծագործությունների համար: Ցավոք, երիտասարդ սերունդը քիչ է հետաքրքրվում Երևանի անցյալով, սակայն ավագ սերնդին երկու հայ մեծ ճարտարապետների` Ալեքսանդր Թամանյանի և Մարկ Գրիգորյանի անունները լավ հայտնի են, և դրանք անխզելիորեն կապված են: Նրանց ստեղծագործությունները մեզ շրջապատում են ամեն օր: Մարկ Գրիգորյանի շնորհիվ, որի 120-ամյակը նշում ենք ապրիլի 29-ին, Երևանն ունի հենց այն տեսքը և այն շենքերը, որոնք արդեն վաղուց դարձել են մեր արևոտ մայրաքաղաքի այցեքարտերը:

Մարկ Գրիգորյանը Երևանի գլխավոր և ուղենշային կառույցների` հոյակապ Մատենադարանի, Ազգային ժողովի շենքի, Սահմանադրական դատարանի, նախագահականի շենքի և այլ կառույցների հեղինակն է: Ամբողջ ցուցակի թվարկումը երկար ժամանակ կպահանջի, սակայն միանշանակ կարող ենք ասել, որ մեր սիրելի Երևանի հարմարավետ տեսքի համար նույնպես պարտական ենք Մարկ Գրիգորյանին:

Ի դեպ, երկար տարիներ Մարկ Գրիգորյանը աշխատել է մեծն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հետ. նրան բախտ վիճակվեց դեռ ուսանող ժամանակ ծանոթանալ վարպետի հետ: Թամանյանը ոչ միայն արհեստավարժ էր իր բնագավառում, այլ նաև գիտեր, թե ինչպես բացահայտել ուրիշների տաղանդը, ինչի համար էլ Գրիգորյանը մնաց նրա հետ մինչև Թամանյանի մահը: Ավելին, ոչ միայն նրա հետ էր, այլ նաև աշխատում էր Թամանյանի արհեստանոցում (իսկ նման պատվի բոլորը չէին արժանանում), և շուտով դարձավ միակ հայ ճարտարապետը, որի հետ Թամանյանը համահեղինակում էր

Մարկ Գրիգորյանը համահեղինակում էր նաև ճարտարապետության մեկ այլ հայ վարպետի` Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի հետ (նա ավարտին հասցրեց Բունիաթյանի նախագծած շենքը, որտեղ պետք է գտնվեր Խորհրդային Հայաստանի կառավարությունը), և այս երկու փորձառությունները իրենց հետքը թողեցին Մարկ Գրիգորյանի վրա՝ դարձնելով նրան նեոկլասիցիզմի հետևորդ հայկական շենքեր կառուցելու ցանկությամբ:

Ճարտարապետ Մարկ Գրիգորյանը և քանդակագործ Ղուկաս Չուբարյանը

Երևանի այցեքարտերը

Աշխարհում հնագույն ձեռագրերի ամենամեծ պահոցներից մեկը` Մատենադարանը, որը ստեղծվել է Մայր Աթոռի` 1920-1921 թվականներին ազգայնացված ձեռագրերի հավաքածուի հիման վրա, իրավացիորեն համարվում է Երևանի այցեքարտը: Շենքը կառուցվել է 1959թ. Մարկ Գրիգորյանի նախագծի համաձայն, և բոլոր մանրուքները մանրամասն մտածված են: Օրինակ՝ Մատենադարան հասնելու համար հարկավոր է բարձունք հաղթահարել, իսկ վերևում դիմավորում են Մեսրոպ Մաշտոցի և նրա նվիրյալ աշակերտ Կորյունի արձանները: Չնայած ի սկզբանե Կորյունի փոխարեն պետք է անմահացվեր կաթողիկոս Սահակ Պարթևը, սակայն խորհրդային տարիներին եկեղեցու հիշատակումը ինքնին տաբու էր, իսկ հուշարձանի մասին խոսք անգամ լինել չէր կարող:

2016թ. բրիտանական «The Independent» թերթը ՀՀ Ազգային ժողովի շենքը ներառեց ճարտարապետության առումով գնահատված համաշխարհային խորհրդարանների վարկանիշում: Այսպիսով, Մարկ Գրիգորյանի հոյակապ ստեղծագործությունը գրավեց պատվավոր չորրորդ տեղը՝ զիջելով միայն Տրինիդադի և Տոբագոյի, Ռումինիայի և Հունգարիայի խորհրդարանների շենքերին:

Երևանի սրտում գտնվող Հանրապետության հրապարակի հինգ հիմնական շենքերից երեքը ևս կառուցել է Մարկ Գրիգորյանը: Մեկը Հայաստանի ազգային պատկերասրահի շենքն է, որը նախագծել է Մարկ Գրիգորյանը Էդուարդ Սարապյանի հետ համատեղ, ում հետ նախագծել է նաև այն շենքը, որտեղ այժմ գտնվում է «Մարիոթ» հյուրանոցը (խորհրդային տարիներին այստեղ «Հայաստան» հյուրանոցն էր գտնվում), ինչպես նաև փոստի կենտրոնական շենքը:

Ինչպես հայտնվեցին Երևանի գլխավոր պողոտաները և ինչ կապ ունեն թուրքերը

Հայտնի ճարտարապետի թոռը՝ Մարկ Գրիգորյանը, որը Հայաստանի Հանրային ռադիոյի նախկին տնօրենն է, իսկ այսօր զբաղեցնում է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը, պատմում է, թե ինչպես են հայտնվել Երևանի երկու գլխավոր պողոտաները ՝ Մյասնիկյանը և Բաղրամյանը, և դա ինչպես է կապված թուրքերի հետ.

«1937թ. աշնանը Իոսիֆ Ստալինը Հայաստան ուղարկեց ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահի տեղակալ Անաստաս Միկոյանին: Փոխվարչապետի և ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամի խնդիրն էր զբաղվել հանրապետությունում գտնվող դաշնակցականներով, ազգայնականներով և այլ հակահեղափոխականներով ու «ժողովրդի թշնամիներով»: Որպեսզի Միկոյանը բոլշևիկի պես կոշտ լիներ, Մալենկովը եկավ նրա հետ: Իսկ որպեսզի կոշտությունն ավելին լիներ, Բերիան ևս միացավ նրանց:

Միկոյանի մասնակցությամբ հանդիպումներից մեկին հրավիրված էր նաև Մարկ Գրիգորյանը: Հանդիպումը նվիրված էր Երևանի քաղաքային տնտեսությանը և նշանակված էր ուշ երեկոյան:

Վերադառնալով հանդիպումից՝ Մարկը պատմել է ընտանիքին, որ Միկոյանը բավականին զայրացած էր: Զայրույթի պատճառն այն էր, որ Երևանը անպատրաստ էր հնարավոր պատերազմի համար: Միկոյանը բղավում էր, որ Թուրքիան պատրաստվում է պաշտոնապես դառնալ Գերմանիայի դաշնակիցը, և եթե պատերազմ սկսվի, ապա զորքերն անմիջապես կուղղի ԽՍՀՄ-ի դեմ, իսկ Երևանը սահմանամերձ քաղաք է: Եթե թուրքական բանակը հարձակվեր հարավից, Հայաստանի մայրաքաղաքը փակուղու մեջ կհայտնվեր:

Այդ տարիներին Երևանից հյուսիս տանող ընդամենը մեկ ճանապարհ կար, որն այժմ կոչվում է Սարալանջի փողոց: Այն սկսվում է Աբովյանի պուրակից և բարձրանում է դեպի Քանաքեռի սարահարթ («Մոնումենտ»): Մայրաքաղաքի խնդիրն այն էր, որ այս միակ նեղ ճանապարհով անհնար էր զորքեր մոտեցնել սահմանին և տարհանել Երևանի բնակիչներին, որոնք արդեն գերազանցում էին Թամանյանի կանխատեսած 150 հազարը: Անխուսափելիորեն հրմշտոց, խուճապ կսկսվեր, քաղաքը լքել շտապող բնակիչները և սահմանին մոտեցող սովետական զորամասերը չէին կարողանա միմյանց չհանդիպել, ինչը թուրքերին լրացուցիչ առավելություն կտար և կավարտվեր հանրապետության կործանմամբ:

Հայաստանի ղեկավարությունը ծանր իրավիճակում էր: Երբ քննարկումը սկսվեց (այս մասին պատմում են մեր ընտանիքում), Մարկ Գրիգորյանն առաջարկեց շրջանցող ճանապարհ կառուցել, որը ելք կհանդիսանար ստեղծված իրավիճակից: Ճանապարհը պետք է անցներ Գետառ գետի կիրճի երկայնքով: Դա ներկայիս Մյասնիկյան պողոտան է, որը տանում է քաղաքի կենտրոնից դեպի Նորքի զանգվածներ և Ավան: Կարճ քննարկումից հետո նրա առաջարկն ընդունվեց

Որոշ ժամանակ անց երկու այլ առաջարկ ևս ընդունվեց` մայրուղի կառուցել Հրազդան գետի երկայնքով և ևս մեկ նոր փողոց անցկացնել, որն այժմ կոչվում է Մարշալ Բաղրամյան պողոտա:

3-4 օր անց սկսվեց ապագա Մյասնիկյան պողոտայի կառուցումը: Սակայն դա բավական չէր, քանի որ քաղաքի կենտրոնում փողոցները 10-12 մետր լայնություն ունեին և պետք է լայնացվեին մինչև 40-42 մետր: Պատերազմի սկզբնական շրջանում քաղաքով անցնող ռազմավարական ուղին արդեն պատրաստ էր: Սունդուկյանի նեղ փողոցը (ներկայիս Մաշտոցի պողոտան), որն ուներ մի քանի անկյուն, զգալիորեն ընդլայնվեց և ուղղվեց: Երևանի հին բնակիչները պետք է որ հիշեն, թե ինչպես էին պատերազմական տարիներին այդ ճանապարհով գրեթե ողջ օրվա ընթացքում անցնում Իրանից «Լենդ Լիզ»-ով եկող «Studebaker»-ները, «Dodge»-երը և «Ford»-երը:

Անվիճելի է, որ Մարկ Գրիգորյանի հիշատակը վառ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ հայերը ապրում են իրենց նախնիների հայրենիքում, այսինքն` հավերժ:

 

Լինա Մակարյան