Dalma News-ն իր ընթերցողին է ներկայացնում քաղաքական վերլուծաբան, ԵՊՀ Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի հոդվածը Հայաստանի տնտեսության վիճակի և հիմնական տնտեսական գործընկերների մասին, որը հրապարակվել է «Ազգ» թերթում:
Մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի հոբելյանական նիստը: Պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ դրան կմասնակցի Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանը: Նկատի ունենալով, որ հայկական հասարակությունը մի շարք քաջ հայտնի պատճառներով բծախնդրորեն է ուսումնասիրում մեր արտաքին քաղաքականության այդ վեկտորի հետ կապված խնդիրները, հարկ համարեցինք մի վերլուծականով անդրադառնալ եվրասիական տնտեսական գործընթացին Հայաստանի Հանրապետության մասնակցության ամենաթարմ վիճակագրական տվյալներին եւ վերլուծել դրանք:
Տողերիս հեղինակը խնդրել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր ճանաչված տնտեսագետ Թաթուլ Մանասերյանին մի ընթացիկ հետազոտություն կատարել մեր երկրի տնտեսական վիճակի կարեւորագույն տվյալների վերաբերյալ: Մենք ելնում ենք այն իրողությունից, որ հարկ է հստակ պատկերացնել Ռուսաստանի եւ ԵԱՏՄ գործընկերների դերը մեր տնտեսության մեջ, ձեւակերպելու համար մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Ստորեւ ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում պրոֆ. Թ.Մանասերյանի հետազոտությունից արված քաղվածքները մեր քաղաքատնտեսական մեկնաբանություններով եւ կանխատեսումներով:
Տնտեսական ակտիվության շարժիչները տարվա սկզբին
Հայաստանի արտաքին տնտեսական շրջանառությունը 2024թ. հունվարին կազմել է 2,1 մլրդ. դոլար: Տարեկան աճը դանդաղել է 93,8%-ից մինչեւ 78,8%-ը: Այդպես լինում է ամեն տարի: Դա տեղի է ունեցել արտահանման ծավալների տեմպերի արգելակման արդյունքում 72,5%-ից մինչեւ 61,4%-ը: Աննշան դանդաղել է նաեւ առանց այդ էլ բարձր արտահանման մակարդակը 2,3 անգամից մինչեւ 2,1 անգամ: Արտահանումը հունվարին կազմել է 1,2 մլրդ. դոլար: Միայն հունվար ամսին արտաքին առեւտրաշրջանառությունը կրճատվել է 24,1%-ով, ներկրման անկման հաշվին 11,2%-ով եւ արտահանման կրճատման հաշվին 36,1%-ով:
Հայաստանում 2024թ. հունվար-փետրվարին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13,6%: Սա շարունակում է մնալ շատ բարձր ցուցանիշ: Միայն փետրվարին այդ ցուցանիշը աճել է 16,3%-ով: Ուշագրավ է արդյունաբերության ծավալների աճը 28,9%-ով (միայն փետրվարին՝ 36,4%-ով), որովհետեւ 2023թ. մեծ մասում այդ ծավալները չէին աճել, գտնվելով 1%-ի շրջակայքում: Անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերից սկսած արդյունաբերական ծավալնորը սկսել են նորից աճել, հիմնականում ոսկերչական եւ ծխախոտագործական արտադրանքի աճի հաշվին: Շատ կարեւոր է, որ ոսկերչական արտադրանքի ծավալները հունվարին աճել են 11,3 անգամ, ինչը ստիպում է մտածել, որ սա կապված է վերարտահանման հետ, չնայած դա դեռ պետք է ստուգել:
Այլ խոշոր ոլորտներից հարկ է նշել ալկոհոլային խմիչքները, պլաստմասայից եւ կահույքի արտադրանքը: Շատ բարձր (ավելի քան 20%) աճ է գրանցել քարի եւ ավազի արտադրությունը, ինչի արդյունքում աճում է նաեւ շինարարության ոլորտը, որտեղ գրանցվել է 10,8% աճ (միայն փետրվարին՝ 11,7%): Գրանցվել է առեւտրի աճ 24,1%-ով (միայն փետրվարին՝ 28,3%):
Շատ նշանակալից է ռելոկանտների եւ զբոսաշրջիկների գործոնը: Նրանց ակտիվության պայմաններում առեւտուրն ու ծառայությունները շարունակում են աճել, չնայած աճի տեմպերը նվազել են: Տարվա սկզբի երկու ամիսներին արտահանումն աճել է 2,6 անգամ (անցյալ տարվա նույն ցուցանիշի համեմատությամբ), կազմելով 2 մլրդ. 570 մլն. դոլար: Ներկրումը աճել է 70%-ով, կազմելով 2 մլրդ. 766 մլն. դոլար: Չնայած արդյունաբերության եւ տնտեսության մյուս առաջատար ճյուղերի տպավորիչ աճին, էլեկտրաէներգիայի արտադրանքը հունվար-փետրվարին կրճատվել է 4,9%-ով:
2024թ. հունվար-փետրվարին արտաքին առեւտրական շրջանառությունը մեծացել է երկու անգամ, կազմելով 5,3 մլրդ. դոլար:
Այսպիսով, այս տարվա հունվար-փետրվարին արտահանման եւ ներկրման ծավալները գործնականում հավասարվել են:
Հայաստանի հիմնական առեւտրական գործընկերները տարվա սկզբին
2024թ. հունվարի դրությամբ Հայաստանի առաջատար առեւտրատնտեսական գործընկերներն են Ռուսաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Չինաստանը: Եվրոմիությունը, որը մի քանի տարի առաջ մեր երկրի խոշորագույն առեւտրական գործընկերն էր, այժմ զբաղեցրել է 4-րդ տեղը:
Վիճակագրական կոմիտեի տվյալներով այս տարվա հունվարին, անցյալ տարվա հունվարի համեմատությամբ արտաքին առեւտրական շրջանառությունը մեծացել է 78,8%, հասնելով 2,1 մլրդ. դոլարի: Առեւտրական շրջանառության ծավալներով Հայաստանի խոշորագույն գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, որի հետ ապրանքաշրջանառությունը այս տարվա հունվարին անցած տարվա հունվարի համեմատությամբ աճել է 93%-ով, հասնելով 861 մլն. դոլարի: Ընդ որում, արտահանումը Հայաստանից Ռուսաստան մեծացել է 5,5%-ով, կազմելով 247 մլն. դոլար, իսկ ներկրումը Ռուսաստանից մեծացել է երեք անգամ, հասնելով 630 մլն. դոլարի: Ռուսաստանի հետ առեւտրի ծավալների շեշտակի մեծացումը հանգեցրել է Հայաստանի արտաքին առեւտրի կառուցվածքում այդ երկրի մասնաբաժնի մեծացմանը 37%-ից (2023թ.) 40,1%-ի (2024թ.):
Մեր առեւտրական գործընկերների շարքում երկրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն են: Այս տարվա հունվարի արդյունքով անցած տարվա հունվարի համեմատությամբ ապրանքաշրջանառությունն ավելացել է 7 անգամ, հասնելով 339 մլն. դոլարի: Այս տարվա հունվարին Հայաստանի արտահանումը դեպի ԱՄԷ կազմել է 335 մլն. դոլար, իսկ ներկրումն այդ երկրից՝ ընդամենը 3,6 մլն. դոլար: Արդյունքում ԱՄԷ-ի մասնաբաժինը մեր արտաքին առեւտրական շրջանառության մեջ նույնպես աճել է 4,1%-ից (2023թ.) 15,8%-ի (2024թ.):
Երրորդ տեղում Չինաստանն է, որի հետ առեւտուրը կազմել է 199 մլն. դոլար: Առեւտուրն այդ երկրի հետ ավելացել է 9,3%-ով: Արտահանումը Չինաստան աճել է 2,3%-ով, կազմելով 94 մլն. դոլար, իսկ ներկրումը՝ միայն 3,2%-ով, կազմելով 105 մլն. դոլար:
Եվրոպական Միությունը, որը շատ տարիներ առաջ Հայաստանի գլխավոր առեւտրական գործընկերն էր, այժմ զբաղեցնում է միայն չորրորդ տեղը: 2024թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատությամբ առեւտրական շրջանառությունը նվազել է 16,3%-ով եւ կազմել է 140 մլն. դոլար: Նույն ժամանակահատվածում հայկական ապրանքների արտահանումը ԵՄ կրճատվել է 38%-ով, կազմելով 33 մլն. դոլար: ԵՄ-ից ներկրումը նույնպես նվազել է, այս անգամ 24%-ով, կազմելով 106,8 մլն. դոլար:
Այս ցուցանիշների համապատկերում տեղին է քննարկել մեր անելիքները:
Հայաստանի տնտեսության այս պահին հասանելի կանխատեսումները 2024թ. համար
Միջազգային Արժութային հիմնադրամը բարելավել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2024թ. համար նախկին 5%-ից մինչեւ նորացված 6%-ը: Հիշեցնենք, որ 2023թ. ՀՆԱ-ի աճը կազմել է 8,7%: Կանխատեսվում է, որ հաջորդ, 2025թ. աճի տեմպերը կնվազեն, հասնելով 5,2%: Այս մասին է նշվում ԱՄՀ-ի «Համաշխարհային տնտեսության հեռանկարները: Կայուն, բայց դանդաղ. կայունությունը դիվերգենցիայի համապատկերում» ապրիլյան զեկուցման մեջ:
ԱՄՀ սպասումներով Հայաստանում արժեզրկումը 2024թ. կաճի մինչեւ 3,1%: Հիշեցնենք, որ 2023թ. այն կազմել է 2%: 2025թ. համար կանխատեսվում է արժեզրկման 3,7%, մոտենալով նպատակային 4%-ին:
Գործազրկության աճը 2024թ. կլինի մինչեւ 13%: Հիշեցնենք, որ 2023թ. այն կազմել է 12,5%, իսկ 2025թ. կանխատեսվում է 13,5%:
Նշենք, որ Համաշխարհային բանկը իր ապրիլյան կանխատեսման մեջ նույնպես բարելավել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը: 2024թ. համար նախկին 4,7%-ից մինչեւ նորացված 5,5%: 2025թ. համար Համաշխարհային բանկը կանխատեսում է նախկին 4,5%-ից տնտեսության աճ մինչեւ նորացված 4,9%: Համաշխարհային բանկի կանխատեսման համաձայն, արժեզրկումը կաճի մինչեւ թիրախային 4%: Միջազգային վարկանիշային գործակալությունները Հայաստանի համար 2024թ. կանխատեսում են ՀՆԱ-ի աճ 6%-ից մինչեւ 6,2%:
Մեր երկրի Կենտրոնական բանկը, անցում կատարելով դեպի դրամավարկային քաղաքականության մշակման նոր համակարգ, 2024թ. սկզբից սկսած սկսել է հաշվել ՀՆԱ-ի կանխատեսումը մի քանի սցենարներով, ցույց տալով հնարավոր աճը ոչ թե կոնկրետ մեկ մակարդակում, այլ միջակայքի մեջ: Մասնավորապես, ՀՀ ԿԲ-ի կանխատեսմամբ, 2024թ. ՀՆԱ-ի աճը կարող է կազմել 5,3-6,4%: Պրոֆ. Թ.Մանասերյանը հիշեցնում է, որ տարվա սկզբին արել է կանխատեսում գործարար ակտիվության ցուցանիշի աճի վերաբերյալ մինչեւ 7-8%, եթե դրական տեղաշարժերը ունենան իներցիոն ընթացք: Հակառակ դեպքում, ՀՆԱ-ի աճը առավելագույնս կարող է սահմանափակվել 3-4%-ով:
Որոշ եզրակացություններ՝ դատողություններ անելու համար
Չնայած քաղաքական վայրիվերումներին, Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսությունների փոխկապակցվածությունը շարունակում է աճել: Ստեղծված նոր աշխարհաքաղաքական պայմաններում Հարավային Կովկասն, ընդհանուր առմամբ, եւ Հայասռանը, մասնավորապես, հայտնվել են շատ ուշագրավ դիրքում, որը, ճիշտ է, միայն ժամանակավորապես, շարունակում է դրական ազդել մեր տնտեսության վրա: Հայկական բիզնեսի եկամուտները արտաքին առեւտրական շրջանառությունից տպավորիչ տեմպերով մեծանում են:
Ռուսաստանի կառավարությունը հրապարակել է կանխատեսում, որի համաձայն այդ երկրի ՀՆԱ-ն 2024թ, պետք է որ աճի 3,6%-ով: Հիշեցնենք, որ 2023թ. այդ ցուցանիշը կազմել էր մոտ 3,5%: Սա Ռուսաստանի համար բարձր ցուցանիշ է, ինչից կանխատեսողները եզրակացրել են, որ ԵԱՏՄ գործընկեր երկրների տնտեսությունները դրանից օգուտներ են քաղելու: Հայտնի է մեկ այլ կանխատեսում, որ 2025թ. տնտեսության աճի տեմպերը կարող են նվազել, նույնիսկ կարող է գրանցվել անկում, սակայն կես տարի անց աճի ցուցանիշները կրկին շարունակական են լինելու: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ հայկական եւ ռուսական տնտեսությունների նման փոխկապակցվածությունը չպետք է խանգարի, որ Հայաստանում լրջորեն մտածեն արտաքին առեւտրի դիվերսիֆիկացման մասին: Առայժմ նման դիվերսիֆիկացիայի օրինակ են համարում ԱՄԷ-ն եւ Չինաստանը, սակայն հայտնի է նաեւ, որ այդ երկրների հետ առեւտուրը Ռուսաստանի հետ առեւտրի (վերարտահանման) արդյունք է: Պետք է մտածել հայակական ապրանքների որակը եվրոպական ցուցանիշներին համապատասխանեցնելու մասին: Սա միայն պետության դերն է, որովհետեւ մասնավոր հատվածն այս հարցը ինքնուրույն լուծել չի կարող:
Անցյալ տարի Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնը ասել էր, որ կխնդրի ֆրանսիական բիզնեսին ուսումնասիրել, թե ինչպես կարելի է մեծացնել հայկական ապրանքների մուտքը ֆրանսիական շուկա: Առայժմ պատասխան չկա: Սրանից պետք է եզրակացնել, որ ֆրանսիական շուկան, ինչպես եվրոպական մյուս շուկաները, սպասում են միայն իրենց չափորոշիչներին համաձայն արտադրանքի: Հայաստանի արտաքին առեւտրական գործընկերների շարքում Եվրոպական Միությունը վերջին տարիներին աստիճանաբար ավելի ու ավելի համեստ տեղեր է զբաղեցնում:
Հայաստանի հռչակած քաղաքական ու տնտեսական առաջնահերթությունների միջեւ ակնհայտորեն խզում է գոյանում: Եվրասիական փորձագիտական ակումբի մասնագետները համոզված են, որ առանց նվազեցնելու Ռուսաստանի հետ մեր առեւտրաշրջանառության ծավալները՝ պետք է լրջորեն ու հետեւողականորեն զբաղվել նոր շուկաների փնտրտուքով:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ մայիսի 8-ին կայանալիք Բարձրագույն խորհրդի նիստին, ապա Հայաստանի մասնակցությունը եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացին, մեր գնահատմամբ, միանշանակ պետք է լինի կառուցողական եւ հետեւողական: Պետք է շարունակել փնտրել նոր հնարավորություններ Բելառուսի եւ, հատկապես, Ղազախստանի հետ մեր առեւտրի ծավալները շարունակական կերպով մեծացնեու համար: