Նախորդ շաբաթ Հայաստանի ֆուտբոլի հավաքականին ցնցեց հերթական սկանդալը: Հավաքականի առաջատարներից մեկը` կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հայտարարեց ազգային թմում իր կարիերայի ավարտի մասին: Ինչպես խոստովանեց ֆուտբոլիստը` նման քայլի է գնացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ղեկավար Ռուբեն Հայրապետյանի չհիմնավորված մեղադրանքների պատճառով:
«Ես երկար մտածեցի և որոշեցի դադարել ելույթ ունենալ Հայաստանի հավաքականի Կազմում: Ես չեմ ցանկանում այս թեմայով երկար խոսել, միայն կասեմ, որ իմ և իմ խաղընկերների հասցեին հնչած չհիմնավորված մեղադրանքներից` այդ թվում նաև Ֆրանսիայի հետ արտագնա խաղին չմասնակցելու ցանկության մեջ մեղադրելուց հետո, ես այլևս չեմ ցանկանում հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում: Ես շնորհակալ եմ հավաքականի բոլոր երկրպագուներին: Հայաստանի ազգային թմի կազմում 11 տարիների ընթացքում իմ ունեցած 74 խաղերից յուրաքանչյուրի ժամանակ ես զգացել եմ նրանց անսահման նվիրվածությունը»,- News.am կայքին տված հարցազրույցի ժամանակ ասել է Արզումանյանը:
Հայրապետյանը դեռևս նախորդ տարվա նոյեմբերին առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ կասկածում է հավաքականի որոշ խաղացողներին «դավաճանության» և Եվրո-2016 խաղի ժամանակ ալբանացիներին դիտավորությամբ պարտվելու մեջ:
Ալբանիայի հավաքականը իր համար շատ որոշիչ հանդիպման ժամանակ հեշտությամբ ջախջախեց հայկական թմին` Երևանում կայացած խաղի ժամանակ: Խաղից հետո սերբիական կայքերից մեկը` kurir.rs, գրեց, որ հայ չորս ֆուտբոլիստների ալբանացիները իբր 500 հզ. եվրո են խոստացել խաղում պարտություն ապահովելու համար: Սակայն կայքի կողմից ՈՒԵՖԱ-ին արված հայցին ի պատասխան կազմակերպությունը ասել է, որ որևէ հետաքննություն այդ հարցով չի լինելու, քանի խաղին վերաբերվող ոչ մի կասկած նրանք չունեն:
«Երբ ես գլխավորեցի ՀՖՖ-ն, իմ ամենամեծ ձեռքբերումը դավաճանությունն արմատախիլ անելն էր, սակայն, ցավոք, այդ խնդիրը կրկին վերադարձել է: Ես կարծում եմ, որ սա ողջ հայկական ֆուտբոլի անհաջողությունն ու դժբախտությունն է… Եթե ես չկարողանամ լուծել այս հարցը, ապա կապ չունի, թե ինչ մարզիչ կբերենք, դրանից ոչ մի օգուտ չի լինի, քանի որ այս պայմաններում ոչ մի մարզչի առաջ նման խնդիրներ չենք կարող դնել»,- հայտարարեց Հայրապետյանը:
Հավաքականի 9 առաջատար խաղացողները` Հենրիխ Միխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Արաս Օզբիլիսը, Ռոբերտ Արզումանյանը, Մարկոս Պիզելլին, Գևորգ Ղազարյանը, Գևորգ Կասպարովը, Հրայր Մկոյանը, Կառլեն Մկրտչյանը պատասխանեցին հնչած մեղադրանքներին` «Մենք լիովին վստահ ենք ազգային հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի ազնվության վրա, և հավաքականի ներսում դավաճանություն փնտրելը ոչնչի չի բերի: Վստահ ենք, որ մեր կարծիքը կիսում են ազգային թմի բոլոր խաղացողները»,- ընդգծեցին նրանք:
Ֆուտբոլիստները նաև նշեցին, որ այս 7-10 տարիների ընթացքում, ինչ նրանք ներկայանում են հավաքականի կազմում, միշտ խաղացել են նվիրվածությամբ և ինքնամոռացությամբ, արել են ամեն ինչ հանուն ազգային թմի բարորության: Չի եղել մի դեպք, երբ լինելով առողջ և առանց տրավմաների, նրանցից որևէ մեկը հրաժարվեր խաղալ հավաքականի կազմում: Եվ զոհելով սեփական առողջությունը և շատ դեպքերում նաև ակումբային կարիերան` մարզիչների խնդրանքով խաղացել են նաև տրավմաներով և ցավազրկողների ազդեցության տակ` հասկանալով, որ իրենց բացակայությունը կարող է վնասել թմին:
Այս ֆոնի վրա բավական տարօրինակ է դիտվում ՀՖՖ-ի մեկնաբանությունը Արզումանյանի` հավաքականից հեռանալու կապակցությամբ: «ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը բազմիցս հայտարարել է և իր վերջին հարցազրույցի ժամանակ ևս մեկ անգամ նշել, որ այն ֆուտբոլիստները, ովքեր լիովին նվիրված չեն ազգային հավաքականին և անպատասխանատու վերաբերմունք ունեն նրա նկատմամբ, չեն հրավիրվի թիմ, քանի որ ազգային հավաքականը յուրահատուկ արժեք է…Եթե Ռոբերտ Արզումանյանը այդպիսի որոշում է կայացրել, ապա, հավանաբար, հասկացել է ՀՖՖ նախագահի հայտարարության իմաստը»,- մեկնաբանեց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան Ռոբերտ Արզումանյանի հեռանալը:
Առավել տարօրինակ էր այն, որ Բելոռուսի հետ ընկերական հանդիպմանը չհրավիրեցին ՄԼՍ «Ռեալ Սոլթ-Լեյք» ակումբի խաղացող Յուրա Մովսիսյանին, ինչպես նաև հարձակման գծի կարևոր խաղացող պորտուգալական «Մարիտիմուից» Գևորգ Ղազարյանին: Միևնույն ժամանակ Հայաստանի Բարձրագույն լիգայի խաղացողների մասնակցությամբ թմի մարզումային հավաքներին չի հրավիրվել «Ալաշկերտ» թմի ազգային չեմպիոնատի լիդեր, դարպասապահ Գևորգ Կասպարովը: Տարօրինակ համընկնում է, քանի որ բոլոր երեք խաղացղներն էլ ստորագրել էին Արզումանյանի հետ միասին Հայրապետյանի հայտրարաության պատասխանի տակ:
Այն դեպքում, երբ Երևանում կայանալիք Բելոռուսիայի հավաքականի հետ մարտի 25-ի հանդիպումը վերջինն է լինելու Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու համար, ում հետ վերը նշված երեք խաղացողները երկար տարիներ միասին ելույթ են ունեցել ազգային հավաքականի թմում:
Ի դեպ` Բերեզովսկին, ելույթ ունենալով հավաքականի կազմում 20 տարի շարունակ, չի հավատում, որ իր գործընկերները կարող էին «հանձնել» խաղը: Իսկ հավաքականում սերնդափոխությունը պետք է հետզհետե տեղի ունենա:
Այս ամենը կամա, թե ակամա մտքեր է առաջացնում, որ First Armenian Front (FAF) ֆան-շարժման երկրպագուների հետ կոնֆլիկտի հետ մեկտեղ, ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դադարեցրեց պայքարը նաև հավաքականի այլախոհ ֆուտբոլիստների հետ, ում ողջ այլախոհությունը կայանում էր նրանում, որ նրանք համաձայն չէին լուռ հանդուրժել և լռել իրենց հասցեին հնչած չհիմնավորված մեղադրանքների դիմաց:
Եվ եթե նույն Արզումանյանը նախընտրում է դժգոհություն հայտնել ֆեդերացիայի նախագահի գործողությունների վերաբերյալ, դուրս գալով հավաքականի կազմից, ապա երկրպագուները ուղղակի մատնացույց են անում այն, որ ազգային թմի և առհասարակ հայկական ֆուտբոլի խնդիրները կապված են Հայրապետյանի հետ: 2015թ-ի Գարնանը ֆան-շարժան կողմից կազմակերպվեցին մի շարք ակցիաներ ֆեդերացիայի շենքի դիմաց, ովքեր պահանջում էին Հայրապետյանի հրաժարականը ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:
Պետք է խոստովանել որ երկրպագուների բողոքները հիմնավորված են: Հայրապետյանի գործունեությունը ֆեդերացիայի նախագահի պաշտոնում շատ հարցեր է առաջացնում: Սկսած ՈՒԵՖԱ-ից ստացված ֆինանսական աջակցության տարաբաշխումից, վերջացրած հավաքականի գլխավոր մարզչի ընտրության չափանիշներով:
Այնպիսի տպավորություն է, որ հավաքականի մարզչի թեկանծությունը որոշվում է ոչ թե նրա պրոֆեսիոնալ հմտություններից ելնելով, այլ ըստ Հայրապետյանի հետ մտերմության աստիճանի: Արտասահմանցի մասնագետների դեպքում էլ չափանիշը պատրաստակամությունն է հարմարվելու այն բանի հետ, որ ֆեդերացիայի ղեկավարը ակտիվորեն խառնվելու է թմի կազմի որոշման հարցերին: Դա նշանակում է, որ որոշ ֆուտբոլիստներ չեն ներկայանա հավաքականի կազմում միայն որովհետև Հայրապետանը այս կամ այն պատճառով չի ցանկանում նրանց տեսնել թմում:
Վերը նշվածի ֆոնին երկրպագուների մոտ բազմաթիվ հարցեր առաջացան ազգային հավաքականի նոր մարզչի դերում Վարուժան Սուքիասյանի թեկնածության հետ կապված: Ինչպես նշեց ռուս հայտնի սպորտային մեկնաբան Արտուշ Մկրտչյանը` ելնելով նախկինում հավքականի կազմում Սուքիասյանի մոտ խաղացած ֆուտբոլիստների պատմածներից, հակառակորդին ռազմավարությունը վերլուծելու և խաղի ռազմավարական տեսանկյունից` «դա սուրբ ինկվիզիցիայի ժամանակների մակարդակ է»:
«Բայց ամենածիծաղելին այն է, որ մի քանի տարի առաջ ֆեդերացիայի նախագահը Սուքիասյանին մեղադրում էր, որ նրանք նրա եղբոր` Երվանդի հետ միասին վաճառել են հավաքականի մի քանի խաղեր: Եվ ոչ առանց հիմքերի: Իսկ հիմա նա կրկին նշանակվել է գլխավոր մարզիչ: Շատ եմ ուզում սխալվել, դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա»,- գրել է Մկրտչյանը իր Facebook-ի էջում:
Եվ դեռ չհաշված ազգային չեմպիոնատում շահերի բախումից, երբ Հայրապետյանին պատկանող «Փյունիք» ակումբը նրա ֆեդերացիայի նախագահության տարիների ընթացքում իսկական հեգեմոն է դարձել: 2001թ-ից միչև 2011թթ «Փյունիքին» հաջողվեց 10 անգամ հաղթել Հայաստանի չեմպիոնատում, իսկ այդ ակումբի խաղացողներն առավելություններ ձեռք բերեցին ազգային հավաքական մտնելու հարցում (ինչը, բնականաբար, նրանց հնարավորություն է ըձեռում ներկայանալ արտասահմանցի ակումբների ներկայացուցիչների առաջ, իսկ Հայրապետյանը հետագայում կկարողանա նրանց շահավետ վաճառել):
Իրադարձությունների ընթացքի վրա կարող էր ազդել միայն Հայկական հավաքականի գլխավոր աստղ Հենրիխ Մխիթարյանը: Սակայն դորմունդյան «Բորուսիայի» կազմում ֆանտաստիկ սեզոնի ընթացքում խաղացողը դժվար թե ֆեդերացիայի ղեկավարին դեմ դուրս գա:
Ինչ վերաբերվում է Հայաստանի ղեկավարությանը, ապա նրանք չեն պատրաստվում խառնվել այս հարցերին` հանձնելով ֆուտբոլի բնագավառը իրենց համակուսակցական Հայրապետյանի խղճին: Նա հանդիսանում է Հայաստանի կառավարող հանրապետական կուսակցության երևելի գործիչ, ով պատասխանատու է Երևանի խոշոր թաղամասերից մեկում ընտրությունների ընթացքի համար: Եվ եթե նրան հաջողվում է խուսափել պատասխանատվությունից «Air Armenia» ավիաընկերության տնօրենին ծեծելու համար, ապա ֆուտբոլային բնագավառում` առավել ևս կկարողանա: Հատկապես, երբ երկրի ղեկավարությունը` ի դեմս Սերժ Սարգսյանի, նախընտրում է շախմատ: Եվ հարկ է նշել, որ ի տարբերություն ֆուտբոլի, հանրապետության նախագահի կողմից ղեկավարվող շախմատի ֆեդերացիայում ոչ մի սկանդալ չի լինում: Իսկ հայ շախմատիստների արդյունքները, ում հաջողվել է երեք անգամ հաղթել շախմատային համաշխարհային օլիպիադաներում, զարմանք են առաջացնում ողջ աշխարհում:
Ցավոք, այս իրավիճակը խոսում է այն մասին, որ Հայաստանի հավաքականի պատմության մեջ ուժեղագույն սերնդին այդպես էլ չի հաջողվում որևէ խոշոր միջազգային մրցության դուրս գալ: Ստիպված ենք փաստել, որ ներքին վեճերի և հաճախակի սկանդալների պատճառով հավաքականի վերջը մոտ է: Ճիշտ նույն կերպ այս բնագավառի պաշտոնյաներին հաջողվեց «թաղել» «ոսկե» Արարատ 73-ը, վերջ դնել «Արարատում» 20-րդ դարի Հայաստանում լավագույն ֆուտբոլիստի Խորեն Հովհաննիսյանի կարիերային:
Իսկ Հայաստանի հավաքականի երկրպագուներին ոչինչ չի մնում, բացի ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում Հայաստանի հավաքականի անկմանը հետևելը: 2014թ-ի փետրվարից միչև 2016թ-ը Հայաստանի հավաքականը 30-րդ տեղից իջել է միչև 123-րդ տեղը (մարտյան վարկանիշում այն մի փոքր լավացրել է իր դիրքերը բարձրանալով 7 աստիճանով միչև 116-րդ տեղը):
Պատրաստեց Հայկ Խալաթյանը