Ի՞նչն էր միավորում հետխորհրդային երկրներին 90-ականներին: Ի՞նչն էր ստիպում ֆինանսական և տնտեսական լուրջ խնդիրների առաջ կանգնած երկրների բնակչությանը նստել հեռուստացույցների առաջ և մեկ ժամով մոռանալ բոլոր խնդիրների մասին: Պատասխանը հայտնի է` 90-ականներին հեռուստատեսությունը բառի բուն իմաստով` գրավեցին հեռուստասերիալները` ամերիկյան, լատինական, Բրազիլական, ֆրանսիական և այլն:

Եթե ժամանակին հեռուստադիտողները մի սերիալի ավարտից հետո անհամբեր սպասում էին նորին, ապա այսօր հեռուստատեսությունների գործը շատ ավելի բարդ է, մեր օրերում սերիալների ժանրային և թեմատիկ բազմազանության մեջ դժվար է այդ ամենից արդեն հագեցած հեռուստադիտողներին զարմացնել և ստիպել` մեկ ժամ տրամադրել հերթական սերիան դիտելուն:

Հայկական սերիալարտադրության ոլորտը 10 տարեկան է: 2005թ.-ից սկսած հեռուտաընկերությունները և պրոդյուսերական կազմակերպությունները սուր հակամարտության մեջ են, թեև Հայաստանում նկարահանվող սերիալներից դատելով կարելի է ենթադրել, որ ֆիլմարտադրողները այդ հակամարտությունը միմյանց կրկնելու, միանման հեռուստանովելներ նկարահանելու մեջ են տեսնում: Դժվար է հիմա գտնել հայկական արտադրության սերիալ, որը կմնա հեռուստադիտողի հիշողության մեջ` ինչպես դեռ 90-ականներին դիտած «Կասանդրա», «Հարուստները նույնպես լալիս են», «Վայրի հրեշտակ», ամերիկյան արտադրության «Ընկերներ», ֆրանսիական` «Էլենը և ընկերները» սերիալները: Այդ ֆիլմերի հերոսները և այդ հերոսներին մարմնավորող դերասանները  Հայաստանում մեծ սեր էին վայելում, այդ մասին է խոսում նաև այն, որ «Պարզապես Մարիա» սերիալի գլխավոր դերակատար Վիկտորիա Ռուֆոյին 90-ականներին հրավիրել էին Հայաստան:

Հայկական առաջին հեռուստասերիալները սկսեցին դիտել մեծ ոգևորությամբ, սակայն հիասթափությունը սպասեցնել չտվեց, առանձնացնելով 3-4 բարձր վարկանիշ ունեցող սերիալներ, մնացածը կարելի է ձախողած համարել, թեև դրանք հեռուստատեսության եթերը զբաղեցրել են միջինը մեկ տարի:

2005թ.-ին եթերում հայտնվեց հայկական առաջին բազմասերիանոց ֆիլմը` «Վերվարածներն ընտանիքում» (պրոդ.` Հունան Սողոյան, սցեն.`Հարություն Ղուկասյան), որը եթերում դիմացավ մի քանի տարի: Կարելի՞ է ասել, թե սա «հայկական Սանտա Բարբառան է», թե՞ ոչ: Այն մասին, թե ինչպես հասունացավ հայակական սերիալ նկարահանելու պահը` Dalma News-ին տված հարցազրույցում «Շանթ» հեռուստաընկերության արտադրության բաժնի ղեկավար Հունան Սողոյանը ասաց.

«Ժամանակի պահաջն էր նոր հեռուստատեսային պրոդուկտ ստանալու, հայկական սերիալները սկեչային ֆորմատից էվոլյուցիա ապրեցին: Աշխատեցինք ավելի զարգացնել սյուժետային գծերը և արդյունքում նկարահանվեց առաջին հայկական հեռուստասերիալը»:

Նրա խոսքերով` հայկական սերիալի էվոլյուցիան շատ արագ տեղի ունեցավ, շարունակվում է միչև հիմա և չի էլ հասել իր պիկին, աշխարհում սերիալարտադրության մեծ ծավալներ են գրանցվում և շատ բարդ է հասնել միջազգային որակի` հաշվի առնելով մեր երկրում այդ բնագավառում շրջանառվող ֆինանսների  չափը: Մեր երկրի փոքր լինելը և տնտեսական վիճակը թույլ չեն տալիս մեծ ներդրումներ անել այդ ոլորտում: Առաջընթացը կա և շարունակվում է` պարզապես ըստ այն ծախսերի, որոնք կարող ենք մեզ թույլ տալ:

Dalma News-ը այս մասին զրուցեց նաև «Անավարտ Թռիչք» գեղարվեստական ֆիլմի, «Մեր գյուղը» հեռուստասերիալի և մի շարք այլ հաջողված և սիրված նախագծերի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հետ: Վերջինս ասաց, որ ցանկացած երկրում կա սեփական սերիալների պահանջարկ, դա անվիճելի օրենք է:

Վերջինս ներկայիս հայկական սերիալների որակի մասին խոսելիս չի փորձում միանշանակ որակում տալ: «Կան բավական լավ գործեր, բայց դրանց կողքին կան նաև ակնհայտ թափոններ: Երկու տարբերակում էլ նկատվում է, իհարկե, ցածր բյուջեն: Դա մեր մեղքը չէ, դա մեր ցավն է: Այսօր, հաշվի առնելով Հայաստանում գովազդային շուկայի ցածր գները, նկարահանել ֆիլմ կամ սերիալ Հայաստանում գրեթե հերոսություն է: Բարձրակարգ դերասանները և ռեժիսորները մեծ դժվարությամբ են համաձայնվում աշխատել նման նախագծերում, որովհետև դա չափազանց դժվար և հոգնեցուցիչ աշխատանք է, իսկ վերջին երկու տարիների ընթացքում` նաև անընդհատ կրճատվող բյուջեով»,- բացատրում է Արմեն Գրիգորյանը:

40a6a902936f3fa96600d055f1cffe91-1438949617-65
Հարություն Ղուկասյան

Պրոֆեսիոնալների վարձատրման և աշխատանքի մեջ ներգրավման խնդրի մասին Aysor.am կայքին տված հարցազրույցում սցենարիստ Հարություն Ղուկասյանը ասում է` «Երբ Մոսկվայի իմ գործընկերնրին ասում եմ, թե մենք ինչ բյուջեով ենք սերիալ նկարում` չեն հավատում: Ասում են` հրաշագործնե՞ր եք, ի՞նչ եք…Այդ պատճառով է, որ հիմա ինչ արվում է, մեծամասամբ վատ է արվում: Պրոֆեսիոնալը թանկ արժի, չի գա մտնի մի բանի մեջ, որտեղ բյուջե չկա»: Նշենք, որ սցենարիստ Հարություն Ղուկասյանը աշխատում է, ոչ միայն հայկական, այլև Ռուսական շուկայի համար: Նա համագործակցում է ռուսական НТВ, Ռուսաստանի Առաջին և այլ հեռուստաընկերությունների հետ: Եվ ինչպես արդեն կարելի է հասկանալ` նրա սցենարները թեմատիկ առոււմով բազմազան են:

Այսօր հայկական սերիալների հիմնական թեման չքավորների և հարուստների պայքարն է, շատ է շրջանառվում տարբեր ձևակերպումներով «մոխրոտիկի թափառող սյուժեն»: Թեև վերջին շրջանում շատ են նկարահանվում նաև սիթքոմներ, որոնց վարկանիշը բավական բարձր է:

Վերջապես հարց է ծագում, թե ո՞ր լսարանի համար են նկարահանվում թեմատիկ առումով, ասես, մեկ պատից մյուսը զարկվող հայկական արտադրության սերիալները: Այսօր սերիալարտադրողն է աշխատում ըստ հեռուստադիտողի պահանջարկի, թե՞  հեռուստադիտողն է նայում ֆիլմերը ըստ արտադրողի առաջարկի, ո՞ր կողմն է զիջողի դերում:

«Դա վիճելի հարց է և միանշանակ պատասխան թերևս չունի»,-  պարզաբանում է Հունանը և ավելացնում, որ ըստ բազմաթիվ ուսումնասիրությունների ` հեռուստադիտողի ճաշակը կախված է նաև տվյալ երկրի սոցիալական վիճակից, մարդկանց ապրելակերպից` «օրինակ`  մեզ մոտ մարդիկ չեն նայում սարսափ ֆիլմեր կամ ֆենթզի, Ռուսաստանում շրջան կար, երբ մեծ վարկանիշ ունեին հումորային սերիալները, հիմա դա էլ է փոխվել, ժամանակ առ ժամանակ փոխվում է հեռուստադիտողի ճաշակը` կախված իր ապրելակերպից և անգամ օրվա ընթացքում ստացած ինֆորմացիայից: Օրինակ` հարևան Վրաստանում, սերիալային արտադրությունը ավելի պասիվ փուլում է, թեև տեխնիկապես ավելի լավ որակ են տալիս, բայց ծավալային առումով զիջում են: Մեր հեռուստադիտողը «երեսառած է» այս առումով, հիմա հայկական հեռուստաընկերություններից յուրաքանչյուրը միջինը 1-2 սերիալ է ցուցադրում և մերոնք մեծ ընտրություն ունեն»:

12498466_1232823086746367_811382076_n
Արմեն Գրիգորյան և Քրիստինե Պեպելյան

Արմեն Գրիգորյանը գտնում է, որ միշտ անհրաժեշտ են բազմաժանր ֆիլմեր, որոնք կհեռարձակվեն տարբեր ալիքներով և տարբեր ժամերի: «Հեռուստատեսությունը պետք է կարողանա բավարարել բոլորի ճաշակը: Դրա համար պետք է արտադրել և «օճառային օպերաներ», և 8-16 մասերից բաղկացած սերիալներ` ավելի պահանջկոտ լսարանի համար, և 4 սերիանոց բարձրակարգ արտադրանք: Բայց որքան քիչ են սերիալի սերիաները, այնքան ավելի մեծ են նրանից սպասելիքները և պահանջները, հետևաբար այն ավելի թանկ արժե, իսկ դա այսօր անհնար է, հեռուստաալիքներում գովազդային բյուջեի կրճատման պատճառով»,- ասաց Արմենը:

Արմեն Գրիգորյանի կարծիքով` 100-ից 200 մասերից բաղկացած ֆիլմերը բերեցին նրան, որ էկրանների մոտ մնաց հեռուստադիտողների կոնկրետ զանգված, ովքեր վերջին տարիներին ձևավորում են վարկանիշը:

Ըստ հեռուստատեսությունների պարբերաբար տրամադրվող վարկանիշային աղյուսակի` բարձր տեսանելիություն են վայելում մեկ այլ սցենարիստի` Դիանա Գրիգորյանի` ինչպես սոցիալական ցանցերում են անվանում` «հնդկական պատմությունները»: Չնայած հեռուստադիտողների կողմից համատարած բողոքներին` միևնույնն է նրա հեռուստասերիալները մնում են եթերում մեկ տարուց ավելի: Եթե հաշվի առնենք այդ սերիալների որակից բողոքող մարդկանց թիվը, անպատասխան կմնա միայն մեկ հարց` բա էլ ո՞վ է հաճույքով դիտում դրանք:

Հունան Սողոյանը անդրադարձավ նաև հեռուստասերիալների օնլայն տարածքին, նրա խոսքերով` այսօր շատերը նախընտրում են  ըստ իրենց ճաշակի ֆիլմ ընտրել համացանցում եղած մեծ բազայից, քան նստել և սպասել, թե երբ իրենց ճաշակով ինչ-որ սերիալ կցուցադրվի հեռուստատեսությամբ:

Մենք հետևեցինք համացանցում հայկական սերիալների վարկանիշին և բնականաբար չէինք կարող անտարբեր մնալ մեկնաբանությունների հանդեպ, որոնք մարդիկ թողնում են յուրաքանչյուր սերիայի տակ: Այստեղ մեկ այլ հակասություն է գործում: Միևնույն մարդիկ ամեն օր դիտում են հերթական սերիան և մեկնաբանություններում դժգոհություն հայտնում այն մասին, թե որքան վատն ու անորակ էր այն: Իհարկե կան նաև դրական կարծիքներ, բայց, մեր մեջ ասած, ու՞մ են դրանք հետաքրքրում: Այստեղ մեկ այլ հարց է առաջանում, ի՞նչն է ստիպում մարդկանց դիտել այն սերիալը, որը իրենք չեն հավանում: Անվերջ որակից ու թեմայից բողոքող, բայց միևնույն ժամանակ ոչ մի սերիա բաց չթողնող հեռուստադիտողների մասին խոսեցինք Հունան Սողոյանի հետ.

«Դա որոշ դեպքերում քաղքենիության արդյունք է,- մեկնաբանում է պռոդյուսերը` օրինակ բերելով հայկական առաջին հեռուստասերիալը, – բոլորի համար տարօրինակ էր տեսնել իրենց հարևանի կամ հարազատի կերպարը սերիալում: Կերպարները շատ էին մերօրյա և ներկայացնում էին մեր շուրջ ապրող մարդկանց, ում կարող ենք ամեն քայլափոխի հանդիպել, և հեռուստադիտողներին մի պահ թվաց, թե սա այն մակարդակը չէ, որը պետք է հենց իրենք նայեն: Իրականում բոլորը նայում էին: Մի քիչ զրուցելուց հետո պարզ էր դառնում, որ գիտեն բոլոր հերոսներին, անգամ անգիր գիտեն նրանց ռեպլիկները: Նույնիսկ բացասական կերպար մարմնավորող դերասանի համար փողոցում տաքսու վարորդները չէին կանգնում: Ֆիլմը այդչափ մտել էր հեռուստադիտողի կենցաղի մեջ: Թաքուն նայում էին, բայց չէին խոստովանում ու վատաբանում էին: Իսկ վերջինն արդեն այլ պատմություն է: Այստեղ հարցը ազգային առանձնահատկության մասին է, մեր հեռուստադիտողը անպայման սցենարիստ է, ռեժիսոր է, կինոքննադատ և այլն: Այդ պատճառով էլ մենք մեկնաբանություններում տեսնում ենք ռեժիսորական անալիզներ, մասնագիտական վերլուծություններ և այլն»:

Այստեղից ենթադրում ենք, որ հայ հեռուստադիտողը դեռևս չի հաղթահարել սերիալներ նայելու կոմպլեկսները` փորձելով ցույց տալ իր բարձր մակարդակը շարքայի հեռուստադիտողը սկսում է փնովել հայկական սերիալային արտադրանքը:

Դրանից, սակայն, խուսափեց բարձր վարկանիշ ունեցող 16 մասերից բաղկացած «Մեր գյուղը» սերիալը (պրոդ. Արմեն Գրիգորյան, սցեն. Հովիկ Երանյան, ռեժ. Ելենա Արշակյան): Ֆիլմը գյուղի հասարակ մարդկանց կյանքի պատմություն էր, հանգիստ, առանց կրիմինալ ավտարիտետների, առանց «լացուկոծի»: Սերիալի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը ասում է, որ գաղափարն իրենն էր և այն իրականացվեց հավելյալ հովանավորի աջակցությամբ, որովհետև Հայստանի մասշտաբներով այն նկարահանելը բավական թանկ հաճույք էր: Բայց թանկ հաճույքը, իհարկե, դրական արդյունք է ունենում: Այն մեծ վարկանիշ ունեցավ Հայաստանում և արժանացավ միջազգային կինոմրցանակի: Կարճ ֆորմատային սերիալները Հայաստանում հազվադեպ հանդիպող ճոխություն են: Ճոխություն բառը «Մեր գյուղը» սերիալի դեպքում արդարացված է:

«Դա շատ ռիսկային փորձ էր իրոնիկ կոմեդիայի ժանրում, ինչը այնքան էլ վարկանիշային չէ հեռուստատեսությունում: Այն նկարելը շատ թանկ է և միևնույն ժամանակ ոչ շահավետ հեռուստաընկերության համար»,- ասում է ֆիլմի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:

Ներկայումս այդ ֆորմատով ևս մի սերիալ է նկարահանվում Շանթ հեռուստաընկերության կողմից: Խոսքը «Սահմանին» սերիալի մասին է (պրոդ. Հ. Սողոյան, սցեն. Հ. Ղուկասյան), որը եթեր է գնում շաբաթը մեկ անգամ:

«Հայաստանում կարճ ձևաչափի սերիալների փորձեր արվում են, բայց հիմա մենք էքսպերիմենտալ փուլում ենք: «Սահմանին» սերիալը բարդ, ծախսատար և ծանր աշխատանք է, այս պահին հարցական է` դա կլինի մշտական, թե ոչ»,- ասում է Հունան Սողոյանը: Պրոդյուսերի հավաստմամբ` այս դեպքում ֆիլմի թեման մեծ պահանջարկ ուներ և անկասկած հաջողություն պետք է ունենար: Ֆիլմը Սահմանին ծառայող զինվորների մասին է, ովքեր հսկում են երկրի սահմանները, ինչը նրանց համար ամենօրյա աշխատանք է, մեզ համար` անձնազոհ և նվիրյալ մարդկանց հերոսություն: Անվիճելի է, որ թեման լավ է ընտրված:

Այսօր մենք թեմատիկ առումով մի քանի տարբերակ ենք ընտրել և կանգնել տեղում: Ընդունված ձևաչափից մի փոքր շեղում և «ընդունված չէ» կնիքը դրոշմվում է նոր սցենարի վրա: «Մեր հեռուստադիտողը դա չի դիտի»` վստահ հայտնում են պրոդյուսերները և վերադառնում հին ու բարի, արդեն հազար անգամ փորձված «մոխրոտիկին» և «կնքահորը»: Հարց է առաջանում` ո՞վ չի դիտի դա և ու՞մ համար են նկարահանվում ի վերջո հայկական սերիալները, երբ պոտենցիալ հեռուստադիտողների մի մեծ զանգված այլընտրանք է փնտրում և արդյունքում դիտում արտասահմանյան արտադրության սերիալներ: Արդյոք այդքան արդիական են գյուղից քաղաք տեղափոխվող խելացի, համեստ ու անպայման աղքատ աղջիկների կերպարները, ում անպայման սիրահարվում է հարուստ մի տղա, ով արդեն հանդիպում է քաղաքում ծնված հարուստ և անխուսափելիորեն անմարդկային ու բարոյական կասկածելի սկզբունքներ ունեցող աղջկա հետ:

Սյուժետային հենց այս կառուցվածքով հայկական սերիլարտադրության պատմության մեջ արդեն այնքան ֆիլմեր են նկարահանվել, որ հեռուստադտողների համար ամեն ինչ առանց դիտելու էլ պարզ է: Ասել է թե` անկանխատեսելի ոչինչ չկա:

Հղում անելով սուղ բյուջեի վրա ֆիլմարտադրողները արդարացնում են նաև թեմատիկ ընտրությունները, թեև պրոդյուսեր Հունան Սողոյանը գտնում է, որ հայկական սերիալները մեծ արագությամբ են զարգանում. «Ոլորտը չի լճանում, զարգանում է ամեն ինչը` սկսած տեխնիկայից, վերջացրած դերասանական պրոֆեսիոնալիզմով, սցենարական աշխատանքով և պավիլիոններով ու ծախսերի ծավալներով: Մենք անընդհատ պրոգրեսի մեջ ենք, նույն մոխրոտիկի պատմությունը այնքան ձևափոխություններ է կրել, որ հիմա մարդիկ դիտում ու չեն ասոցացնում տվյալ սերիալը հայտնի հեքիաթի հետ: Հիմա մտածել, որ պետք է ավելի մեծ ու բարդ նախագծեր իրականացնել Հայաստանում` ես անմտություն եմ համարում, որովհետև նախ պետք է մտածել շահութաբերության մասին, քանի որ մեծ թվով մարդիկ են աշխատում մեկ սերիալի վրա և նրանց պետք է աշխատավարձ վճարել, մեր պայմաններում կենտրոնանալ բարդ ու մեծ բյուջե ունեցող ֆիլմերի վրա և արդյունքում թերի վճարել աշխատակազմին կարծում եմ անմտություն է»,- ասում է պրոդյուսերը:

«Այսօրվա դրությամբ`մենք միևնույն ժամանակ ցուցադրում ենք սիթքոմ, դրամատիկ կարճ ֆորմատի սերիալ և մելոդրամա, որոնք երեքն էլ լսարան ունեն, կարևորը լավ որակ լինի: Մենք բազմաճաշակ հեռուստադիտող ունենք»,- պարզաբանում է  Հունան Սողոյանը:

(Լուսանկարներ Շանթ հեռուստաընկերության նկարահանման տաղավարներեից)

«Սերիալային հեղափոխություն» կամ անհաջողակների մուտքը խստիվ արգելված է

Հեռուստադիտողը բազմաճաշակ է, բայց որքանով են բազմաճաշակ և որքան ճկուն մտահորիզոն ունեն այն սցենարիստները, ովքեր այսօր զբաղված են հայկական սերիալարտադրության շուկայում: Արդյո՞ք թեմատիկ լճացման առաջին պատճառը սցենարիստների աշխատաշուկայի լճացումը չէ: Մենք փորձեցինք պարզել, թե որքանով է բաց այս ոլորտը նոր հեղինակների, նոր ռեժիսորների և նոր գաղափարների համար: Այս մասին Արմեն Գրիգորյանը խոսեց հնարավորինս անկեղծ և առանց ավելորդ ձևականությունների.

«Սցենարիստների և ռեժիսորների բնագավառը միշտ եղել է և կմնա փակ: Միշտ էլ բարդ է մտնել այդ ոլորտ, ինչպես նաև բարդ է մնալ այդ ոլորտում: Յուրաքանչյուրն իր ձևով է առաջ գնում` մեկը համառությամբ, մյուսը` տաղանդով և հաջողակությամբ»,- բացատրում է այս բնագավառում երկար տարիների փորձ ունցող պրոդյուսերը:

Ասել է թե` անհաջողակների համար մուտքն արգելված է, կամ էլ տաղանդներին օգնել է պետք, որովհետև անտաղանդներն իրենք կգտնեն ելքը:

p_622379
Ալեքսանդր Խաչատրյան

Ամերիկաբնակ հայազգի դերասան Ալեքսանդր Խաչատրյանը հաճախ է նկարահանվում հայկական սերիալներում: aysor.am կայքին տված իր հարցազրույցում դերասանը ասում է ` «Բոլոր աշխատանքները փոխկապակցված են` սցենարիստ, ռեժիսոր, օպերատոր, դերասան: Ցավոք սրտի` դպրոցը կորում է: Ես նկատում եմ, որ շնորհալի երիտասարդություն ունենք, բայց դպրոցի հետ մեկտեղ` սերունդ ենք կորցնում»:

Այս թեմայի շուրջ ծավալուն քննարկում ունեցանք Շանթ հեռուստաընկեության արտադրության բաժնի ղեկավար Հունան Սողոյանի հետ, ով փորձեց ավելի մանրամասն ներկայացնել իրավիճակը, իսկ մենք կփորձենք հնարավորինս հակիրճ ներկայացնել քննարկման բուն նյութը:

Այն հարցին թե արդյո՞ք շանս ունի երիտասարդ սցենարիստը իր «պայծառ միտքը» ներկայացնելու` Հունանը պատասխանեց, որ «պայծառ մտքեր» կարող են շատ լինել, բայց արտադրության փուլ մտնելուց առաջ պետք է վերլուծել, արդյոք այդ միտքը հնարավոր է իրագործել այնքան լավ, որ հաջողություն ունենա` հաշվի առնելով նաև սահմանափակ բյուջեն: Միշտ չէ, որ մտքի խնդիրն է, կա նաև իրականացնելու խնդիր, և որ ամենակարևորն է, արդյոք երիտասարդ և կրեատիվ որևէ սցենարիստի  մտքի «փայլատակումները» համապատասխանում են մերօրյա պահանջարկին:

Հարցին, թե որքանո՞վ է ռեալ մտնել սերիալարտադրության ոլորտ` չունենալով թիկունքում թողած բարձր վարկանիշով սերիալների հարուստ ցանկ, Հունանը պարզաբանեց. «…դաշտը լրիվ բաց է, համապատասխան մասնագիտական հմտություններ ունենալու դեպքում հնարավոր է գալ, ստանալ նաև պրակտիկ գիտելիքներ և սկսել աշխատել: Թեև հատուկ մասնագիտությունների դեպքում կան նաև բարդություններ: Օրինակ` սցենարական դաշտ մտնելը բավական բարդ է, քանի որ լավ սցենարական գործ ներկայացնելու համար մի քանի գործոն է անհրաժեշտ` տաղանդ, կրթություն, ինչը շատ կարևոր է, նույնը կարելի է ասել նաև ռեժիսորների համար»:

Պրոդյուսերը կարևորում է մասնագետի փորձառությունը նաև ռիսկերից խուսափելու համար, նրա խոսքերով ցանկացած պրոդյուսեր նախընտրում է արդեն հայտնի սցենարիստի հետ աշխատել, որպեսզի համոզված լինի, որ իր ներդրումները հետագայում կփոխհատուցվեն բարձր վարկանիշի հաշվին, բայց գումար ներդնել սկսնակ սցենարիստի առաջարկած նախագծում, աշխատել դեռևս փորձ չունեցող ռեժիսորի հետ` ռիսկային է:

Այս պարագայում հիշում ենք հին, բայց դիպուկ անեկդոտ, երբ աշխատանք փնտրողին մերժում են աշխատանքային փորձ չունենալու պատճառով, իսկ վերջինս այդպես էլ չի գտնում ոչ աշխատանքային փորձ, ոչ էլ աշխատանք:

Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը տարեկան ավարտում են միջինը 50 ռեժիսոր, հանրապետությունում միակ սցենարական բաժինն ավարտում են զգալիորեն ավելի քիչ թվով սցենարիստներ` միջինը տաս մասնագետ, սա հաշվի չառնելով մասնավոր կուրսերն ու թրեյնինգները: Այսքան մասնագետներ այսչափ փակ ոլորտի համար մի տեսակ շատ չե՞ն:

Հունան Սողոյանի խոսքերով` իրենց մոտ միշտ էլ մեծ է երիտասարդ մասնագետների հոսքը: «Մենք ունեցել ենք մասնագետների առաջին դպրոցը: Եվ մինչ օրս մեզ մոտ հավաքվում են երիտասարդ սցենարիստներ, ռեժիսորներ և այլն, աշխատում են փորձառու մասնագետների հետ և հետագայում մտնում են արտադրության փուլ: Հիմա մեծ է երիտասարդ դերասանների հոսքը, նախկինում, եթե կար թատրոնի խանդը դեպի հեռուստատեսություն և հակակրանք սերիալների հանդեպ, ապա այսօր, ավարտելով թատերական բուհերը, երիտասարդ դերասանները սկսում են նկարահանվել սերիալներում, որովհետև ակնհայտ է, թե որտեղ կա առաջընթաց, ակտվություն, ապագա: Եվ նրանք ովքեր զուգահեռաբար նաև թատրոնում են աշխատում, հեռուստատեսությունից իրենց հայտնիության շնորհիվ նաև հանդիսատես են հավաքում թատրոնում»,- պարզաբանում է պրոդյուսերը:

Սերիալային բումն ամբողջ աշխարհում հասել է իր  գագաթնակետին: Հայաստանը բացառություն չէ, թեև զարգացման դեռ բարդ ու երկար ճանապարհ ունենք: Անորակն ու բարձրաճաշակը միշտ զուգահեռ են քայլում, բայց հուսանք, որ ժամանակի ընթացքում բարձրորակ ֆիլմերը մի  քանի քայլ առաջ կանցնեն, պարզապես փորձենք վստահել այս ոլորտում զբաղված մարդկանց և համբերատար սպասենք մեր երկրում «սերիալային հեղափոխությանը»` գոնե մոտակա հարյուր տարիների ընթացքում:

Անի Մաղաքյան` հատուկ Dalma News-ի համար

Լուսնկարները` Lina Levine