Հայաստանի ավագ դպրոցի աշակերտները բացառիկ հնարավորություն կստանան մասնակցելու «Մեծ փոփոխություն» ամենամյա համառուսաստանյան մրցույթի ընտրությանը։ Այս մասին «Հեռանկար» (Sputnik Արմենիա) հաղորդաշարի եթերում խոսել է նախագծի փոխտնօրեն Լյուբով Կոնդակովան։ Նրա խոսքով, սա արդեն երկրորդ ընտրությունն է` առաջին անգամ անցյալ տարի նման հնարավորություն ստացել են ԱՊՀ երկրների և հեռավոր արտերկրի հանրակրթական դպրոցների աշակերտները: Իրենց լավագույնս դրսևորելով՝ Հայաստանից չորս մասնակիցներ ճանաչվել են հաղթողներ։ Այս անգամ կազմակերպիչները հույս ունեն ավելի շատ հայ դպրոցականների ներգրավել, առանց չափազանցության, ռուսական ամենազանգվածային կրթական մրցույթին: Կոնդակովայի խոսքով, 2022 թվականին մրցույթին մասնակցել է 3,9 միլիոն աշակերտ։
Ի՞նչն է այդքան գրավում դեպի «Մեծ փոփոխությունը»-ը, ի՞նչ է իրենից ներկայացնում նախագիծը։ Լյուբով Սերգեևնան պարզաբանել է՝ նախագծի անվան հիմնական բառը «փոփոխություն»-ն է: Ի սկզբանե կազմակերպիչները հույս ունեին, որ մրցույթը մեծ փոփոխություններ կբերի երեխաների կյանքում. առաջին մրցույթից անցել է 4 տարի և այդ տարիների ընթացքում ակնկալիքներն իրականություն են դարձել:
«Հիբրիդային» նախագծի ձևաչափը՝ առկա-հեռակա, պատահական չի ընտրվել։ Առաջին մրցույթն անցկացվել է «քովիդային» 2020-ին, երբ ռուս դպրոցականների, ինչպես ամբողջ աշխարհի դպրոցականների դասերը փոխվեցին հեռահար ձևաչափի։ Ռուսաստանում, առանց երկար մտածելու, որոշեցին երեխաների ստեղծագործական էներգիան, որը չէր տեղավորվում տան չորս պատերի ներսում, ներդնել ինքնակրթության հոսքի մեջ: Ի վերջո ամեն բան հաջողվեց։ Նախագծի նկատմամբ հետաքրքրությունն այժմ հսկայական է: Նաև այն պատճառով, որ ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ հեռավոր արտերկրի, ԱՊՀ երկրների և նույնիսկ Ռուսաստանում բնակվող օտարերկրյա ցանկացած դպրոցական կարող է փորձել իր ուժերը: Դրա համար պետք է պարզապես լրացնել հայտը https://большаяперемена.онлайн/ կայքում: Իսկ այնուհետև պորտալում ներբեռնել տեսաայցեքարտը, որտեղ կարող եք կազմակերպիչներին պատմել, թե ինչն է ձեզ գրավել մրցույթում, ինչն է այն դարձնում հետաքրքիր և այլն։ Նման ինքնաներկայացումից հետո համակարգը կառաջարկի անցնել մի շարք թեստեր, որոնք նախատեսված չեն դպրոցում արդեն ձեռք բերված գիտելիքների մակարդակը գնահատելու համար։
Նույն կերպ է մտածված ընտրության հաջորդ փուլը, որը բաղկացած է այսպես կոչված «քեյզ» առաջադրանքներից, որոնց լուծումը առաջարկվում է մասնակիցներին։ Առաջադրանքները բաժանված են 12 տարբեր թեմատիկ ոլորտների: Քանի որ բոլոր երեխաները տարբեր են, ծրագրի նախաձեռնողները այսպիսով փորձում են անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր երեխայի նկատմամբ: Ինչ-որ մեկին հետաքրքրում է երիտասարդական ձեռներեցությունը, մեկին հետաքրքրում է ստեղծագործությունը, ինչ-որ մեկը հետաքրքրված է բնապահպանությամբ, այնպես որ յուրաքանչյուրը կարող է ընտրել ամենահետաքրքրող ոլորտներից մեկը և որևէ առաջադրանքի համար ընտրած թեմայի վերաբերյալ առաջարկել ցանկացած լուծում:
«Մեծ փոփոխության» մեջ մենք չենք գնահատում երեխայի դպրոցի առաջադիմությունը, մեզ համար ընդհանրապես կարևոր չէ՝ նա գերազանցիկ աշակերտ է, թե ծույլիկ։ Մրցույթում առաջին հերթին գնահատվում են, այսպես կոչված, փափուկ հմտությունները (soft skills – հեղ.)՝ գնահատվում է երեխայի՝ թիմում աշխատելու, համագործակցելու ունակությունը, նրա մտածողության ճկունությունը, արդյունքների վրա կենտրոնանալը։ Սրանով մենք սկզբունքորեն տարբերվում ենք մյուս դպրոցական մրցույթներից, որոնք հիմնականում հիմնված են «մաղելու» սկզբունքի վրա՝ նախ պետք է անցնել դպրոցական մակարդակը, այնուհետև՝ քաղաքային, մարզային, հանրապետական։ Մեր մրցույթը ուղղված է հենց երեխայի զարգացմանը, որպեսզի նա հնարավորինս երկար մասնակցի նախագծին, հնարավորինս շատ հետադարձ կապ ստանա փորձագետներից», – պարզաբանել է Կոնդակովան:
Երեխաների համար առաջադրանքները մշակվում են ռուսական առաջատար համալսարանների, ծրագրի այլ գործընկերների մակարդակով, որոնք ներկայացված են խոշոր կորպորացիաներով, որոնց ներկայացուցիչները կազմակերպիչների և փորձագետների հետ միասին մասնակցում են ուսանողների առաջարկած լուծումների գնահատմանը: Իրավասու ժյուրին եզրափակիչ անցածներից ընտրում է 500 դպրոցական: «Այն բանից հետո, երբ երեխաները հեռահար փուլում կատարում են բոլոր անհրաժեշտ առաջադրանքները, մենք կազմում ենք մրցույթի եզրափակիչ փուլի 500 մասնակիցների վարկանիշային ցուցակ։ Եվ եզրափակիչ փուլ անցած բոլոր երեխաները ստանում են անվճար (!) տոմս դեպի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոն 3 շաբաթյա հերթափոխով։ Սա «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնի ութերորդ հերթափոխն է, որն այս տարի մեկնարկում է հուլիսի 15-ին և կտևի մինչև օգոստոսի 4-ը», – ասել է ծրագրի փոխտնօրենը։
Լեգենդար ճամբարում անցկացրած երեք շաբաթներից մրցույթի եզրափակչի մասնակիցների համար մեկ շաբաթը դառնում է որոշիչ. այս յոթօրյա ժամանակահատվածում երեխաները մասնակցում են «Մեծ փոփոխության» միջոցառումներին, որոնց արդյունքներով որոշվում են հաղթողները: Մնացած 14 օրերի ընթացքում դպրոցականները վայելում են «Արտեկ»-ի ծրագիրը, որը հագեցած է հանդիպումներով, վարպետության դասերով, էքսկուրսիաներով, արշավներով և այլն։ Ո՞րն է հաղթողների մրցանակը:
Ըստ զրուցակցի՝ քանի որ միջազգային մասնակիցների երկու կատեգորիա կա՝ 14-17 տարեկան, այսինքն՝ 8-րդ դասարանի աշակերտներ (հայկական դպրոցի դեպքում – հեղ.) և բուհ ընդունվել պատրաստվող ավագ դպրոցի աշակերտներ, ապա խոսքը երկու տեսակի խրախուսման մասին է: Ավագ դպրոցի աշակերտների` ապագա դիմորդների համար հաղթելու դեպքում գործում է ռուսական բուհերում անվճար ուսուցման հնարավորություն:
«Խոսքը բյուջետային հիմունքներով ամբողջովին անվճար կրթության մասին է։ Օրինակ՝ անցյալ տարի 500 եզրափակիչ անցած աշակերտ ունեինք, հաղթող ճանաչեցինք 58 երեխայի, իսկ այժմ ցանկություն հայտնածները Ռուսաստանի տարբեր բուհեր ընդունվելու փուլում են», – հայտնել է զրուցակիցը։
Ինչ վերաբերում է այն երեխաներին, ում չի հետաքրքրում ընդունելության հարցը, ինչպես նաև նրանց, ովքեր ավելի երիտասարդ են, նրանց տրամադրվում է նույնքան հետաքրքիր խրախուսանք՝ շրջագայություն Ռուսաստանում «Ավելին քան ճամփորդություն» ծրագրի շրջանակներում։ «Այս ծրագրի շրջանակներում մոտ 200 հոգու ուղեգրերով կպարգևատրենք, և նրանք կկարողանան մեկնել Ռուսաստանի տարբեր մասեր՝ Կամչատկա, Բայկալ, Ալթայ, Ուրալ, Կարելիա: Եվ, անշուշտ, Մոսկվա ու Սանկտ Պետերբուրգ։ Օրինակ՝ 2022 թվականի դեկտեմբերին 20 հաղթողներ արդեն մեկնել են 8-օրյա փոքրիկ շրջագայության, այցելել Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և Կարելիա։ Այժմ անցյալ տարվա մնացած հաղթողները պատրաստվում են իրենց ճանապարհորդությանը, և երեխաների հետ միասին մտածում ենք, թե Ռուսաստանի որ անկյունը նրանք կցանկանային տեսնել», – պատմել է Կոնդակովան: – Այսպիսով, երկու գլխավոր մրցանակներն են՝ բուհ ընդունվելը և ճամփորդությունը Ռուսաստանում, բացի այն, որ եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցները կստանան «Արտեկ»-ի ուղեգիր։ Սակայն, մեր կարծիքով, միջոցառման գլխավոր «մրցանակը» մնում են այն ընկերներն ու ծանոթներնը, որ երեխաները ձեռք են բերում թե՛ մրցույթի ողջ ընթացքում, թե՛ «Արտեկ»-ում։ Օրինակ, մեզ հայտնի է, որ անցյալ տարվա դպրոցականները, ձևավորելով ոչ անտարբեր երեխաների համայնք ամբողջ աշխարհից, ակտիվորեն շփվում են, ընկերանում, այցելում են միմյանց, անընդհատ կապի մեջ են գտնվում։ Եվ դա պարզապես հիանալի է»:
Ինչ վերաբերում է Հայաստանից դպրոցականներին, ի՞նչ գիտելիքներ են նրանք ցույց տվել, ինչպե՞ս են իրենց դրսևորել։
«Ինչպես արդեն նշեցի, անցյալ տարի, երբ առաջին անգամ անցկացվեց մրցույթը, Հայաստանից չորս աղջիկներ հաղթող ճանաչվեցին։ Եվ հենց այժմ աշխատում ենք նրանց ընդունելության հարցերով։ Մասնակիցներն իրենց դրսևորել են առավելագույնս դրականորեն, հիանալի երեխաներ են: Հուսով ենք, որ այս տարի Հայաստանից ավելի շատ երեխաներ կմասնակցեն «Մեծ փոփոխությանը»: Նախագիծը շատ բարի է՝ այն մանկության, «Արտեկ»-ի, ամառվա, ընկերության մասին է, և դրան մասնակցելն իսկական հաճույք է», – նշել է զրուցակիցը։ Նա նաև խոստովանել է, որ շատ է սիրում Հայաստանը և հինգերորդ անգամ է գալիս այստեղ։ «Երկու անգամ այցելել եմ արձակուրդի նպատակով, մի քանի անգամ՝ ռուս-հայկական երիտասարդական ֆորումների համար տարբեր գործուղումների», – ասել է Լյուբով Սերգեևնան՝ կիսվելով ուղևորությունների մասին իր տպավորություններով։
«Իմ վերջին այցին եղել եմ Գառնիում, Խոր Վիրապում, Էջմիածնում, և իսկապես երազում եմ հասնել Սևան։ Ամեն անգամ մեծ հաճույքով եմ գալիս, ճամփորդությունների զգացողությունները ամենադրականն են։ Ես շատ եմ ճամփորդում ինչպես աշխարհով մեկ, այնպես էլ Ռուսաստանում, բայց անձամբ ինձ համար Երևանը լավագույն քաղաքներից մեկն է։ Անկեղծորեն սիրում եմ Հայաստանի մայրաքաղաքը և պատրաստ եմ դա խոստովանել բոլորին», – հայտարարել է զրուցակիցը։ – Ինձ դուր է գալիս ճարտարապետությունը, շատ եմ սիրում տուֆը, որից կառուցված են քաղաքի կենտրոնում գտնվող բոլոր տները։ Բայց երկրի գլխավոր հարստությունը մարդիկ են, իսկ Հայաստանում, իմ կարծիքով, նրանք ուղղակի աներևակայելի արձագանքող են, բարի, ընկերասեր և միշտ պատրաստ են օգնել։
Ընդհանրապես, Հայաստանն ու Ռուսաստանը մեծ բարեկամներ են, և մեր ժողովուրդները, մեր երիտասարդությունը պետք է ընկերներ լինեն, այցելեն միմյանց։ Այդ իսկ պատճառով մեր մրցույթը շատ կարևոր եմ համարում։ Ներգրավում ենք ամենափոքր երեխաներին՝ 8-րդ դասարանցիներին, ովքեր ծրագրով կգան Ռուսաստան, կշփվեն իրենց հասակակիցների հետ, ձեռք կբերեն նոր ընկերներ, իսկ ապագայում նույնպես կգան այցելության և կապ կպահեն։ Սա շատ կարևոր է, քանի որ մեր ժողովուրդները բացարձակ մոտ են՝ հոգով, հավատով, մտածելակերպով։ Եվ մենք միայն պետք է ակտիվացնենք մեր համագործակցությունը»։
Ամփոփելով զրույցը՝ Լյուբով Կոնդակովան հայ ժողովրդին մաղթել է ամենայն բարիք ու խաղաղություն և ևս մեկ անգամ մեծ սիրով հրավիրել է բոլոր դպրոցականներին մասնակցելու «Մեծ փոփոխություն» նախագծին, որի գրանցումն արդեն սկսվել է։ Գրանցումը ավանդույթի համաձայն մեկնարկել է մարտի 28-ին՝ համանուն տոնի՝ Մեծ փոփոխությունների օրը, և կտևի մինչև մայիսի 15-ը։
Իրինա Գրիգորյան