Այնպիսի ժամանակներ են, որ շատերը կասեն՝ ֆուտբոլի ժամանակը չէ, կան շատ ավելի կարևոր և հրատապ խնդիրներ, որոնք պահանջում են անհապաղ միջամտություն և անհետաձգելի լուծումներ: Դժվար է դրա հետ վիճել, սակայն, մյուս կողմից, ֆուտբոլը կօգնի գոնե մի փոքր շեղվել, ցրել բացասական մտքերը:
Առավել ևս, որ Հայաստանի հավաքականը հաճելի անակնկալ մատուցեց՝ հաղթելով իր պատմության մեջ առաջին մրցաշարը: Ինչ-որ մեկը կասի, որ այս մրցաշարն իր կազմով հեռու է ամենանշանակալիցը լինելուց, և դա այդպես է: Ազգերի լիգան, իհարկե, կոչված է փոխարինելու ընկերական խաղերը, և C խմբում եվրոպական ամենաուժեղ թիմերը չէ, որ հավաքված են: Ամենաուժեղը չեն, սակայն բավականին ուժեղ են Հյուսիսային Մակեդոնիան, Վրաստանը, Էստոնիան ևս:
Դժվարին ժամանակաշրջանում մեր թիմը հաղթանակ տանելու ուժ գտավ, և դա կրկնակի գովելի է: Սակայն Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարը մեզ համար շատ ավելի բարդ կլինի, քանի որ C դիվիզիոնում առաջին տեղ գրավելով՝ ազգային հավաքականը, բարձրացնելով իր վարկանիշը, դարձավ մեկ կարգ բարձր, որտեղ խաղում են ավելի ուժեղ թիմեր: Եվ, իհարկե, ենթախմբում առաջին տեղի համար ՈւԵՖԱ-ից ստանալիք ավելի քան երկու միլիոն եվրոն ավելորդ չի լինի:
Լիգայի բարդ և ծայրաստիճան շփոթեցնող կանոնակարգի համաձայն, դրանից անմիջապես առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալ չենք կարողանա: Գուցե դա լավ է. ընտրական փուլի տասը հանդիպումները միայն օգուտ կբերեն թիմին: Այս մասին ավելի ուշ:
Այս ժամանակահատվածում Ազգերի լիգայի մրցաշարը, սկզբունքորեն, իսկական նվեր էր Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզիչ Խոակին Կապարոսի համար: Բայց ոչ միայն նվեր, այլ նաև փորձություն: Կապարոսը սկսեց սերնդափոխություն, որի կարիքը քննարկվում էր մի քանի տարի: Իսպանացին սահմանափակված չէր մրցաշարային պարտավորություններով, և նա համարձակորեն փոփոխում էր կազմը՝ փորձելով նոր խաղացողների՝ տալով նրանց ինքնադրսևորվելու հնարավորություն. բարեբախտաբար, այժմ խաղի ընթացքում թույլատրվում է կատարել մինչև հինգ փոխարինում, և նույնիսկ մեկ խաղակեսը ազգային հավաքականում երիտասարդ և հավակնոտ ֆուտբոլիստի համար, անշուշտ, ուժեղ խթան է: Պետք է ասել, որ գրեթե բոլոր նորեկները հավակնոտ են երևում:
Վբեյմար Անգուլոն աչքի ընկավ գեղեցիկ գոլով, իսկ Սոլոմոն Ուդոն ապացուցեց, որ համառ կիսապաշտպան է և լավ է խաղում պաշտպանությունում: Հայաստանի ազգային հավաքականը նախկինում էլ ունեցել էր նատուրալիզացված օտարերկրացիներին ներգրավվելու փորձ, բայց այս անգամ ամեն բան, կարծես թե, հաջողվում է: Հուսանք, որ նրանք կշարունակեն խաղալ նույն ոգևորությամբ և անձնուրացությամբ:
Այնուամենայնիվ, դեռ կա դարպասապահների խնդիր, որը երկար տարիներ լուծում էր անկրկնելի Ռոման Բերեզովսկին: Դավիթ Յուրչենկոն, որն այժմ դարպասապահ է, տարիքի պատճառով կարող է դառնալ փրկություն միայն երկու, երեքի տարի… Այս ընթացքում Կապարոսին (կամ մեկ ուրիշին, ազգային հավաքականի մարզիչները հաճախ են փոխվում) անհրաժեշտ է գտնել երկու հուսալի դարպասապահ: Որտեղ փնտրել նրանց՝ պարզ չէ, գուցե նորի՞ց նատուրալիզացնենք…
Իսկ մրցաշարում հավաքականի խաղը կարելի է գնահատել «հինգ մինուս»՝ հաշվի առնելով խաղից խաղ փոխվող կազմը և մի շարք առանցքային խաղացողների՝ նույն Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը մի շարք հանդիպումներում: Հյուսիսային Մակեդոնիայից կրած միակ պարտությունը մեր ընտրանու դարպասին նշանակված երկու 11 մետրանոցների արդյունք էր: Գուցե երկրորդ խաղում ևս կարող էինք հաղթել էստոնացիներին, վրացիներին, սակայն ենթախմբում գրավեցինք առաջին տեղը, և այլևս իմաստ չունի գնահատելը, թե արդյո՞ք արդյունքները կարող էին ավելի լավ լինել:
Այժմ Խոակին Կապարոսը պետք է երկար մտածի և վերլուծի անցած վեց հանդիպումները, ընտրի օպտիմալ կազմ, որոշի մարտավարություն ու ռազմավարություն, քիչ ժամանակ է մնացել. մարտին կսկսվի 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը: Ըստ ամենայնի, Կապարոսը ուժեղ մարզիչ է. նույնիսկ եթե Մոուրինյոյի, Զիդանի կամ Գվարդիոլայի նման աստղ չէ (կամ գուցե պարզապես այդքան էլ գովազդված չէ), նրա մոտ ամեն բան կհաջողվի:
Իսկ մեր թիմը ամենավատը չէ. Գերմանիան, իհարկե, առանց որևէ խնդրի կզբաղեցնի առաջին տեղը, իսկ մնացած հավաքականները կպայքարեն երկրորդ տեղի համար, հավանաբար, բացառությամբ Լիխտենշտեյնի: Հյուսիսային Մակեդոնիան, կարծես, դարձել է Հայաստանի ազգային հավաքականի հավերժ ուղեկիցը. նրանց հաղթելու հարուստ փորձ ունենք, մնում է այն կիրառել գործնականում:
Ինչ վերաբերում է ռումինացիներին և իսլանդացիներին, ապա երկու թիմերն էլ արդեն առաջվանը չեն, և նրանց հետ մրցել միանգամայն հնարավոր է ցանկության և տրամարդվածության դեպքում: Դա մեծապես կախված է մարզչից. հիշենք լուսահոգի Յան Պորտերֆիլդին, երբ հավաքականը հրաշքներ գործեց ոչ միայն այն պատճառով, որ բավականաչափ ուժեղ էր, այլ նաև այն պատճառով, որ մարզիչը կարողացավ գտնել ճիշտ բառեր ամբողջ թիմի և առանձին յուրաքանչյուր խաղացողի համար: Պայքարել հավասար պայմաններում և հաղթել օբյեկտիվորեն ուժեղ հակառակորդներին` և՛ ավելի դժվար, և՛ ավելի պատվաբեր է: Այս պայմաններում փորձառուները պետք է կանգնեն երիտասարդների կողքին, քանի որ առաջինները ունեն անհրաժեշտ բոլոր տվյալները. Հենրիխ Մխիթարյանը այնպես խաղաց «Ռոմայում», որ եթե այդ շնչով խաղա ամբողջ առաջնությունը, գուցե դառնա Իտալիայի էլիտար դիվիզիոնի լավագույն ռմբարկու: Ինչ վերաբերում է մարզչական շտաբին, թեկուզ ոչ շատ նշանակալից առաջին հաջողության համար կա և՛ վստահություն, և՛ հնարավորություններ, և՛ ոգևորվածություն:
Այնպես որ, սիրելի՛ երկրպագուներ, սպասենք մարտ ամսին:
Ռուբեն Գյուլմիսարյան