«Հայաստանը թերագնահատված ուղղություն է գաստրոզբոսաշրջության և էնոզբոսաշրջության համար»: Այս տողերի հեղինակը մենք չենք, այլ համաշխարհային հայտնի ֆինանսատնտեսական «Forbes» հրատարակության ճամփորդող լրագրողը, որը հարուստ գաստրոպոտենցիալ ունեցող երկրի մասին հոդված-գրախոսություն է հրապարակել։ Մենք, անշուշտ, համաձայն ենք հեղինակի՝ Էնն Էբելի հետ, ով փորձել է փոխանցել Հայաստանում անցկացրած մեկ ամսվա իր տպավորությունները, որի ընթացքում գինիների փորձագետ Վերոնիկա Ջոյ Ռոգովի և հայտնի «Noma» ռեստորանի խոհարար Մադս Ռեֆսլունդի հետ հայկական ավանդական բաղադրատոմսեր է ուսումնասիրել, ընթրիքներ կազմակերպել և հեռացել մեր երկրից ամենաջերմ ու համեղ հիշողություններով:
Հոկտեմբերի սկզբին Գեղարքունիքի մարզի «Tsaghkunq» ռեստորանում տեղի ունեցավ Հայաստանում խոշոր գաստրոնոմիական միջոցառում՝ «Հայկական ճամփորդություն» նախագիծը: Այս բացառիկ իրադարձությունը լուսաբանելու համար հրավիրվել էին գաստրո ոլորտի լրագրողներ 20 երկրների հայտնի լրատվամիջոցներից, այդ թվում՝ «Forbes»-ից (ԱՄՆ), «Frankfurter Allgemeine Zeitung»-ից (Գերմանիա), «Público»-ից (Պորտուգալիա), «Fine Dining Lovers»-ից (Մեծ Բրիտանիա), «Posta Magazine»-ից (Ռուսաստան) և այլն, ովքեր այնուհետև պատմեցին այս վառ խոհարարական-զբոսաշրջային փորձի մասին: Յուրահատուկ միջոցառման ընթացքում արտասահմանցի լրագրողները ոչ միայն վայելեցին հայտնի խոհարարի համեղ ընթրիքներն ու խոհարարական գլուխգործոցները, այլև ակտիվորեն շրջեցին Հայաստանով՝ ծանոթանալով հայկական ժառանգությանը, մշակույթին, արվեստին, խոհանոցին, գինեգործությանն ու երաժշտությանը։
Ընդհանուր առմամբ, հոկտեմբերը բավականին հագեցած էր զբոսաշրջային թեմատիկայով միջոցառումների առումով։ Հայաստանում զբոսաշրջության զարգացման հեռանկարները քննարկվել են նաև «Պատմամշակութային զբոսաշրջության զարգացում» հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի շրջանակներում, որի ընթացքում բազմիցս շեշտվել է, որ Հայաստանը պետք է ընդգծի երկրի բրենդինգը, որպեսզի զբոսաշրջիկները հստակ հասկանան, թե ինչու են գալիս այս երկիր, և որքանով է դա շահավետ։
Գինին Հայաստանի հին և նոր այցեքարտն է
Հայաստանն ակտիվորեն աշխատում է տարբեր նախասիրություններ ունեցող մարդկանց համար հետաքրքիր ճամփորդական ուղղություն դառնալու ուղղությամբ։ Վերջին տարիներին հատկապես ընդգծվում է (և միանգամայն արդարացիորեն) Հայաստանի ներկայացվածությունը արտերկրում՝ որպես գինեգործության հարուստ փորձ և պատմություն ունեցող երկրի։ Օրինակ՝ ռուսական հայտնի «34travel»-ը ռեսուրսը, «Urbanista»-ի հետ համագործակցելով, վերջերս մի հոդված գրեց՝ նվիրված Հայաստանի գինեգործության լավագույն վայրերին, որտեղ մանրամասն նկարագրվում են այս ոլորտի անցյալն ու ապագան, այդ թվում՝ երկրի զբոսաշրջային ներուժը զարգացնելու առումով: Եվ, հաշվի առնելով, որ Նոյի երկրում գրանցված է ավելի քան 400 գինեգործարան, մենք անշուշտ ավելիին պետք է ձգտենք։
Հրապարակման մեջ, օրինակ, առաջարկում են չորս հիմնական երթուղիներ, որոնք զբոսաշրջիկների համար կբացահայտեն Հայաստանի գինեգործական մշակույթի գաղտնիքները։ Առաջինը Վայոց ձորի մարզն է, որը համարվում է հայկական գինեգործության կենտրոնը. ո՞վ չի լսել կամ համտեսել Արենիի հայտնի գինիները։ Հաջորդիվ ներկայացված են Արագածոտնը, Արմավիրը և Արարատը:
Իհարկե, ձմռան նախաշեմին խաղողի այգիների մասին խոսելը հազիվ թե տեղին լինի, սակայն կարելի է հրապուրել զբոսաշրջիկներին, որպեսզի վերջիններս այցելեն Երևան և վայելեն նույն բուրավետ խմիչքը, օրինակ, արևոտ մայրաքաղաքի Սարյան փողոցի ռեստորաններում։
Ռուսները սիրում են Հայաստանը
Վերջին տարիներին Հայաստանը մեծ հետաքրքրության է ներկայացնում ռուսների շրջանում: Բացի մեր երկրի հրաշալիքներից՝ Արարատից, կոնյակից, համեղ ուտեստներից, արևի տակ շողշողացող և արբեցնող բուրմունքով անծայրածիր խաղողի այգիներից, մեր երկրում ռուսներին գրավում է նաև այն, որ արդեն մի քանի տարի է, ինչ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կարողանում են ներքին անձնագրերով այցելել մեր երկիր։ Եվ սա ծանրակշիռ փաստարկ է ճամփորդության օգտին, հատկապես՝ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների շրջանում։
2021 թվականին ռուսները չփոխեցին իրենց ավանդույթները. Հայաստանը թավշյա սեզոնին ռուսների համար հայտնի արտասահմանյան ուղղությունների մեջ առաջին տեղերից էր, ընդ որում, պաշտոնական տվյալներով, դեպի Երևան տոմսերի մեծ մասը ռուսները գնել են սեպտեմբերի 1-ից հոկտեմբերին 15-ն ընկած ժամանակահատվածում։ Ամռանը Հայաստանն ընդունել է 120 հազար ռուս զբոսաշրջիկ։
Սակայն ձմեռը ևս խոչընդոտ չէ։ Ռուսական հայտնի OneTwoTrip առցանց ծառայության տվյալներով՝ ռուսներն ակտիվորեն տոմսեր են գնում ամանորյա տոների համար, և Հայաստանը կրկին ամենահայտնի ուղղությունների հնգյակում է. այստեղ զիջում ենք Թուրքիային։ Իսկ մեր երկրին զիջում են համապատասխանաբար Մոլդովան, Հունգարիան և Վրաստանը։
Միլիոներորդ զբոսաշրջիկ, որտեղի՞ց ես
Առաջին ութ ամիսներին Հայաստան է այցելել մոտ 500 հազար զբոսաշրջիկ։ Սեպտեմբերին նման տվյալներ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրա խոսքով՝ 2020 թվականի համեմատ ականտես ենք եղել 30 տոկոսով ավելի մեծ զբոսաշրջային հոսքի, ինչը հասկանալի է՝ անցյալ տարի մոլեգնում էր կորոնավիրուսը, և սահմանները փակ էին։ Նախարարը լավատես է և մինչև տարեվերջ ակնկալում է ավելի քան մեկ միլիոն զբոսաշրջիկ։
«Մենք նախատեսում ենք, որ մինչև տարեվերջ Հայաստան կայցելի 1.2 միլիոն զբոսաշրջիկ։ Համաճարակը, իհարկե, խափանում է բազմաթիվ ծրագրեր, սակայն տարին դեռևս չի ավարտվել», – հայտարարեց նա։ Մեզ մնում է միայն գուշակել, թե որտեղից է գալու 2021 թվականին միլիոներորդ զբոսաշրջիկը… թեև, դատելով ռուսների շրջանում Հայաստանի վարկանիշից, պատասխանը հնարավոր է գուշակել։
Լինա Մակարյան