Օրերս հայտնի դարձավ ռուս ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի վաստակի բարձր գնահատականի մասին։ Նա դարձավ Դ.Ի. Մենդելեևի անվան ՅՈւՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի առաջին դափնեկիրներից մեկը: Հայտնի միջուկային ֆիզիկոսն այս պատվավոր մրցանակը ստացել է Բոլոնիայի համալսարանի իտալացի պրոֆեսոր Վինչենցո Բալցանիի հետ միասին։ Ուստի Հովհաննիսյանն առաջին գիտնականն է Ռուսաստանից, ում աշխատանքները գնահատվել են այս միջազգային նախագծի շրջանակներում։ Իսկ լավագույններից լավագույններն ընտրվել են իրավասու ժյուրիի կողմից՝ քիմիայի ոլորտում 2016 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Ժան Պիեռ Սովաժի նախագահությամբ։ 

Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը ռուսաստանցի գիտնական է, ով ծնվել է Դոնի Ռոստովում։ Մանկությունը՝ ներառյալ դպրոցական տարիները, անցել են Երևանում, այնուհետև սովորել է Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտում, աշխատել՝ Դուբնայում։

Ինչ վերաբերում է Դ.Ի. Մենդելեևի անվան ՅՈւՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակին, այս նախագիծը մեկնարկել է երեք տարի առաջ՝ որպես Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի կողմից հռչակված Քիմիական տարրերի պարբերական աղյուսակի միջազգային տարվա շարունակություն: Դա 2019 թվականն էր։ Նախագիծը այժմ միայն գտավ իր հերոսներին ։

«Սա ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ բոլոր մրցանակներից ամենակարևորն է, և դրա մրցանակային ֆոնդը կազմում է 500 հազար դոլար», – «Նաուչնայա Ռոսսիա»-ին պատմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Ռուսաստանի Դաշնության հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գրիգորի Օրջոնիկիձեն: 

Նրա խոսքով՝ Մենդելեևի մրցանակի հաստատումը նպատակ ունի հանրահռչակել այս մեծ գիտնականի հայտնագործությունների նշանակությունը համաշխարհային գիտության համար, ինչպես նաև ընդգծել հիմնարար գիտությունների դերը և միջազգային ազդեցության կարևորությունը ժամանակակից առավել սուր, գլոբալ խնդիրների լուծման գործում:

Այսպիսով, ի՞նչ է հայտնաբերել Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը։ Նրանց համար, ովքեր հեռու են գիտության ոլորտից, նշենք, որ նրա կոչումների ցանկը միայն բավական է մրցանակի շնորհման համար. Հովհաննիսյանը աշխարհի մի քանի համալսարանների պրոֆեսոր է։ Նա Փարիզի և ճապոնական (Կոբե քաղաք) համալսարանների պրոֆեսոր է, Սերբիայի գիտությունների և արվեստների ակադեմիայի օտարերկրյա անդամ, Ֆրանկֆուրտի և իտալական (Մեսինա) համալսարանների պատվավոր դոկտոր և, իհարկե, Հայաստանի ԳԱԱ օտարերկրյա անդամ։ Եվ սա ամբողջական ցանկը չէ։

Նշենք, Գ. Ն. Ֆլերովի անվան Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավարը, ի թիվս այլ արժանիքների, փաստացի հավերժացրել է իր անունը «քիմիկոսների սրբապատկերում». գիտնականներն իրենց շրջապատում այսպես են անվանում պարբերական աղյուսակը: 2016 թվականին դրա տարրերից մեկն անվանակոչվել է ի պատիվ Հովհաննիսյանի։ Դա 118-րդ տարրն է, որը կոչվում է Օգանեսոն (Og): Եվ այսօր Յուրի Հովհաննիսյանը միակ կենդանի գիտնականն է, ում պատվին քիմիական տարրերի պարբերական աղյուսակի տար է անվանվել։

Անցյալ ամառ «Կուլտուրա» հեռուստաալիքի եթերում նշանավոր գիտնականը պատասխանել է հեռուստադիտողների հարցերին: Հնչել է նաև ամենահայտնի հարցը՝ ինչո՞ւ լրացնել աղյուսակը և ի՞նչ է դա տալիս գիտությանը։ Ակադեմիկոսը պատասխանել է մոտավորապես հետևյալ կերպ՝ ի վերջո, մենք ստուգում և դրանով իսկ ուսումնասիրում ենք Մենդելեևի կողմից ավելի քան մեկուկես դար առաջ բացահայտված բնության օրենքը։ Կարևոր է լրացնել պարբերական աղյուսակը, քանի որ մենք արդեն մոտեցել ենք այն պահին, երբ այդ օրենքը սկսում է փոխվել, ընդ որում՝ փոխվել շատ արագ ։

Յուրի Հովհաննիսյան

«Կուլտուրա»-ի հանդիսատեսը նաև իմացավ, որ քիմիական տարրերի պարբերական աղյուսակը 21-րդ դարում գիտության առջև առաջնահերթ խնդիրներ է դնում: Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Չինաստանի խոշորագույն միջուկային կենտրոններն իրենց հիմնական ծրագրերում ներառում են նոր քիմիական տարրերի սինթեզ և հետազոտություն։ Նման թեմաների մշակման վրա զգալի միջոցներ են ծախսվում, ստեղծվում են նոր լաբորատորիաներ և այլն։ Սա կապված է տարբեր գիտական ​​խմբերի մեծ ծրագրերի հետ, որոնք երկար տարիներ աշխատում են միջազգային սերտ համագործակցությամբ։ Այնպես որ, համաշխարհային մասշտաբի մի շարք կարևոր գիտական ​​մշակումների հիմնական մասնակիցը եղել է և կա Յուրի Հովհաննիսյանը։

«Պրոֆեսոր Հովհաննիսյանի գործունեությունը սկզբունքային ազդեցություն է ունեցել պարբերական աղյուսակի նոր քիմիական տարրերի սինթեզի և հետազոտության բնագավառում: Նա եղել է մի շարք կարևոր միջազգային գիտական ​​նախագծերի առանցքային մասնակիցը, որոնք հանգեցրել են գերծանր քիմիական տարրերի, մասնավորապես՝ 118 ատոմային համարով տարրի բացահայտմանը», – ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Ի դեպ, 2000-ականներին Հովհաննիսյանի գլխավորությամբ Միջուկային հետազոտությունների ինստիտուտում հայտնաբերվել է ոչ միայն 118-րդ քիմիական տարրը, այլև նոր քիմիական տարրեր՝ 113-ից 118-ը ներառյալ։ Եվ, ընդհանրապես, պարբերականներին երբեմն պակասում է հայ գիտնականի գործունեության ոլորտը նկարագրող նյութրի մի ծանրակշիռ հատված։ Հրապարակումներից մեկում կարդում ենք. «Յուրի Հովհաննիսյանը ատոմային միջուկի փորձարարական ֆիզիկայի, միջուկային ռեակցիաների հետազոտությունների, Մենդելեևի պարբերական աղյուսակի նոր տարրերի հատկությունների սինթեզ և հետազոտություն, լիցքավորված մասնիկի ֆիզիկայի և տեխնոլոգիայի, նանոտեխնոլոգիայում արագացված ծանր իոնների օգտագործման ոլորտների մասնագետ է։ Հովհաննիսյանը դարձավ ծանր իոնների ֆիզիկայի հիմնադիրներից մեկը»: Իսկ առանձնահատուկ հպարտություն ներշնչում է առանցքային արտահայտությունը. «Գիտության և, մասնավորապես, միջուկային ֆիզիկայի զարգացման գործում ունեցած ահռելի ավանդի համար Յուրի Հովհաննիսյանը 2019թ. ՀՀ նախագահի ձեռքից Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան է ստացել»:

Հերթական մրցանակը շուտով արժանիորեն կհանձնվի Յուրի Հովհաննիսյանին։ Հեղինակավոր մրցանակաբաշխությունը տեղի կունենա Փարիզում նոյեմբերի 15-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 41-րդ նստաշրջանի շրջանակներում։ Շնորհավորում ենք:

Իրինա Գրիգորյան