Մենք քիչ ենք, սակայն երբեմն որակը շատ ավելի կարևոր է քանակից: Քանակապես զիջելով շատ ու շատ ազգերի՝ հայ ժողովուրդը աշխարհին տալիս է բազմաթիվ տաղանդավոր արվեստագետներ,գիտնականներ, հաջողակ ձեռներեցներ և այլն: Իսկ որքա՞ն հաճելի է, երբ վերջիններս ծնված լինելով կամ ապրելով հայրենիքի սահմաններից դուրս՝ ոչ-միայն չեն մոռանում սուրբ բնօրանն, այլև նյութական միջոցներով փորձում են նպաստել Հայաստանի հզորացմանն ու բարգավաճմանը:

Նման ձեռներեցներ մենք էլ ունենք, ովքեր, սրտում պահած հեռավոր հայրենիքի նվիրական պատկերը, սեփական տքնաջան աշխատանքի արգասիքների մի մասը ուղղում են երկրում իրագործվող տարատեսակ ծրագրերի իրագործմանը:

Այս հոդվածում կփորձեմ առանձնացնել նրանցից 5-ին:

Մեր բարերարների հնգյակը բացում է երջանկահիշատակ ամերիկահայ գործարար, միլիարդատեր և բարերար Քըրք Քըրքորյանը: Երկար տարիներ առաջատար դիրքեր զբաղեցնելով Ֆորբսի մեծահարուստների ցուցակներում՝ Քրքորյանը չի մոռացել նաև հեռավոր հայենիքի մասին և շուրջ մեկ միլիարդ դոլարի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին՝ նպաստելով մի շարք կարևոր ծրագրերի իրագործմանը: Բավական է հիշատակել «Լինսի» հիմնադրամը, որի շնորհիվ Հայաստանում կառուցվել և վերակառուցվել են բազմաթիվ կենսական նշանակություն ունեցող ճանապարհներ, կամուրջներ, տներ աղետի գոտիներում և այլն:

Ruffin-Kerkorian-photo
Քըրք Քըրքորյան

Ցանկում երկրորդ տեղը զբաղեցնում է հայազգի Ռուսաստանում ապրող ձեռներեց Ռուբեն Վարդանյանը: Տարբեր ժամանակներում ղեկավարելով մի շարք հայտնի Ռուսաստանյան ընկերություններ՝ Վարդանյանը այժմ հանդիսանում է Ռուսաստանի ամենահարուստ և ազդեցիկ մարդկանցից մեկը: Նրա ունեցվածքը գնահատվում է 0.95 մլրդ ԱՄՆ դոլար:

Կրթական հիմնարկները մեծ տեղ են գրավում Վարդանյանի հետաքրքրությունների շրջանակներում: Լինելով Սկոլկովո կառավարման դպրոցի հիմնադիր անդամներից մեկն ու նրա առաջին նախագահը՝ Վարդանյանը Հայաստանում ևս մեծ ներդրում է արել հենց այս ոլորտում: Եվ այսպես, 2014թ.-ին վերջինս 150 մլն դոլար է ներդրել Հայաստանում միջազգային UWC Dilijan College-ը հիմնելու համար: Այն միակն է ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի տարածքում:

183087_photo
Ռուբեն Վարդանյան

Բացի այդ, պրն. Վարդանյանը հանդիսանում է IDEA հիմնադրամի համահիմնադիր, որը նպաստում է Հայաստանի զարգացմանն ուղղված երկարաժամկետ ծրագրերի իրագործմանը: Նմանատիպ ծրագրերից է Գիննեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի գրանցված «Տաթևեր»-ի կառուցումը: Բացի այդ, հիմնադրամն իր առջև դրել է Տաթևի վանական համալիրի վերակառուցման հեռահար նպատակը:

Ցանկի երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանաբնակ ձեռներեց, ABBYY-ի հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանը, որը հայ է միայն մայրական գծով, ինչը սակայն չի նվազեցրել նրա հայրենասիրական զգացումները, քանի որ վերջինս Հայաստանում ակտիվորեն իրագործում է տարատեսակ բարեգործական ծրագրեր:

David_Yang_11web
Դավիթ Յան

Դավիթ Յանը հանդիսանում է «Այբ» կրթական ֆոնդի հիմնադիրներից: Բացի այդ, իր զգալի ներդրումն ունի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրման մեջ:

Արգենտինահայ գործարար և բարերար Էդուարդո Էռնեկյանը զբաղեցնում է մեր պատվավոր ցանկի չորրորդ տեղը: «Corporacion America» ընկերության հսկիչ փաթեթի տերը Հայաստանում իրականացրել է բազմամիլիոնանոց ներդրումներ:

294756663_1280x720
Էդուարդո Էռնեկյան

Ինչպես հայտնի է՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը պատկանում է հենց վերոնշյալ «Corporacion America» ընկերությանը: Բացի այդ, Էռնեկյանը դեռ 2006թ.-ին ձեռք է բերել «Կոնվերս Բանկի» բաժնետոմսերի  95 տոկոսը: Նա խոշոր ներդրումներ է իրականացրել նաև Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում:

Եվ վերջապես, հինգերորդ տեղում է հանրահայտ “West publishing” իրավաբանական տեղեկատվական ընկերության նախկին սեփականատեր Ջերարդ Գաֆեսճյանը, ով իր բարեգործական գործունեության շնորհիվ՝ մեծ հետք է թողել նաև Հայաստանում: Նա 1996 թվականին ստեղծել է «Գաֆեսճյան Ընտանիք» հիմնադրամը։

Ջերարդ Գաֆեսճյանի բարեգործական գործունեության ամենանշանակալի ավանդը, թերևս, Երևանի գլխավոր պատմական ճարտարապետական կառույցներից մեկի՝ Կասկադի վերանորոգումն է: Այստեղ 2009 թ.-ին տեղացիների և զբոսաշրջիների առջև իր դռները բացեց Գաֆեսճյան արվեստի կենտրոնը:

 

94F0DCA1-2EED-4592-82D4-234E5E75E73C_mw1024_s_n
Ջերարդ Գաֆեսճյան

Այս հոդվածում ես փորձեցի առանձնացնել ազգությամբ հայ բարերար ձեռներեցներից 5-ին, բայց, բարեբախտաբար, նրանց ցուցակը շատ ավելի ծավալուն է, գուցե նրանք դառնան մեր հետագա հոդվածների հերոս: Պարզապես կարևոր է արժանին մատուցել նրանց, ովքեր ապրելով հայրենիքից դուրս՝ մշտապես փորձում են օգտակար լինել Հայաստանին:

Այնուամենայնիվ, սեփական երկրին օգտակար կարող է լինել մեզնից յուրաքանչյուրը՝ իր հնարավորությունների սահմաններում, և պարտադիր չէ, որ դա լինի նյութական աջակցություն: Կարևոր է սիրել հայրենիքն ու տալ նրան ավելին, քան սպասում ես, և այստեղ անպայմանորեն կաշխատի փոխադարձության սկզբունքը: