Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ստեղծագործական խմբի կողմից հաջորդ թատերաշրջանի բացմանն ընդառաջ միանգամից պատրաստում է պրեմիերաների շքերթը, չորս նոր բեմադրություն: Covid-19-ի տարածման պատճառով հայտարարված կարանտինը լուրջ փոփոխություններ է մտցրել թատրոնի կյանքում` արդեն 4 ամիս է, ինչ հանդիսատեսի հետ շփումը տեղի է ունենում միայն առցանց ձևաչափով: Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը արտակարգ դրության պայմաններում պատասխանել է Dalma News-ի` ստեղծագործական գործունեությանը` ծրագրերին, դրանց իրականացմանը վերաբերող հարցերին:
Մարիաննա Արտեմովնա, աշխարհի շատ բեմեր արդեն իսկ հայտարարել են առաջիկայում աշխատանքի իրենց ձևաչափի մասին՝ ներդրվել են սանիտարահամաճարակաբանական նոր կանոններ, փոխվել են դահլիճների սխեմաները՝ զգալի կրճատվել է հանդիսատեսի նստատեղերի թիվը: Որո՞նք են Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի աշխատանքի հեռանկարները: Մասնավորապես, ինչպիսի՞ սահմանափակումներ են գործում դերասանների համար:
Բոլորս հայտնվել ենք նման անհասկանալի իրավիճակում: Ամենամեծ որոշակիությունը կյանքի լիակատար անորոշությունն է: Իհարկե, շատ դժվար և անհասկանալի է ապրել այնպիսի պայմաններում, երբ չգիտես, թե ինչ է լինելու վաղը: Բնականաբար, դա չէր կարող չանդրադառնալ մեծատառով թատրոնի և, իհարկե, Կ. Ստանիսլավսկու անվան մեր թատրոնի վրա: Ներկայումս թատրոնը փորձեր անցկացնելու որոշում է կայացրել: Կա ՀՀ պարետի թույլտվությունը, ըստ որի կարող ենք հավաքվել և փորձեր անել բաց տարածքում մինչև 7 հոգանոց խմբով: Հաշվի առնելով բոլոր նորմերն ու առաջարկությունները, որոշեցինք փորձեր անցկացնել և ուրախ ենք, որ ունենք փոքրիկ ներքին բակ: Թատրոնում այսօր ընթանում են փորձեր, որոնցում ներգրավված է գործող դերասանական խմբի 70 տոկոսը: Բոլորս ակնկալում ենք, որ հենց որ թույլատրվի խաղալ, կունենանք 4 պրեմիերա մեկը մյուսի հետևից: Ի դեպ, պարբերաբար ախտահանում ենք մեր աշխատանքային տարածքը: Աշխատանքային գործընթացի ևս մեկ նյուանս՝ թատրոն աշխատանքի են գալիս միայն այն աշխատակիցները, որոնք հենց այդ պահին անհրաժեշտ են ստեղծագործական փորձի գործընթացում: Բոլոր մյուսները աշխատում են, ինչպես ասում են, հեռահար կարգով: Փորձերի որոշակի մասը նույնպես իրականացվում է առցանց:
Ներկայացումները, որոնց վրա ներկայումս աշխատում է թատրոնը, հարմարեցվելու են բացօթյա բեմահարթակներում ցուցադրությունների համար: Քանի՞սն են դրանք այս պահին և որքա՞ն մարդ դրանք կարող են տեղավորվել:
Դժբախտաբար, քիչ մարդ կարող են տեղավորել: Այս պահի դրությամբ կա միայն մեկ բեմահարթակ, որը գտնվում է թատրոնի ներքին բակում: Կարծում եմ՝ այն կարող է տեղավորել 40-50 մարդ, ոչ ավելին:
Եթե օբյեկտիվորեն նայենք Հայաստանում covid-19-ի տարածման պատճառով ստեղծված իրավիճակին, պարզ է դառնում, որ քաղաքացիները շուտ չեն վերադառնա իրենց նախկին մշակութային կյանքին: Ի՞նչ ենթադրություններ ունեք թատրոնի աշխատանքի հետ կապված մինչ այդ օրը:
Դա մենք չենք ծրագրում (թատրոնները): Այդ քննարկումները այժմ ընթանում են: Երկրի թատրոնների ղեկավարները այս օրերին համախմբվում և համատեղ քննարկում են հնարավոր անելիքները, որը բոլորս կներկայացնենք ՀՀ պարետին: Բոլորս այժմ ապրում ենք արտակարգ դրության պայմաններում, իրավիճակը թատրոններում նույնն է, իսկ նպատակը՝ մեկը` հնարավորինս շուտ սկսել լիարժեք աշխատել, այսինքն՝ խաղալ բեմում և արվեստը հասցնել մասսաներին: Բայց ևս մեկ անգամ կրկնեմ՝ մենք չենք որոշում, թե ինչպես և ինչ կլինի: Մենք պարզապես առաջարկում ենք տարբերակներ: Բնականաբար, մեր բարձրացրած հարցերը, առաջին հերթին, վերաբերում են սանիտարահամաճարակաբանական անվտանգության միասնական ռազմավարության մշակմանը: Մասնավորապես, մեզ անհանգստացնում է այն հարցը, թե ինչպես պետք է տեղավորել հանդիսատեսին, ինչպես ճիշտ ապահովել անվտանգությունը: Մեր բոլոր առաջարկները հասցեագրվում են Մշակույթի նախարարություն, որոնք այդ գերատեսչությունը կներկայացնի պարետին:
Իսկ խոսվո՞ւմ է թատրոնների աշխատանքի նոր կանոնների ընդունման կոնկրետ ժամկետների մասին: Թե՞ ոչինչ դեռ հստակ չէ:
Այժմ բոլոր հարցերը քննարկման փուլում են: Բայց հուսով եմ, որ շուտով կձեռնարկվեն իրական միջոցներ, և բոլորս կտեսնենք, թե կոնկրետ ինչ նորամուծություններ են ներդրվելու Հայաստանի թատրոններում: Իհարկե, առաջարկներ ներկայացնելիս՝ ուսումնասիրում ենք համաշխարհային՝ մասնավորապես Իտալիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի փորձը: Բայց մեր կանոնները պետք է համապատասխանեն նաև Հայաստանի ավանդույթներին և մենթալիտետին, այնպես որ, կարծում եմ՝ կանգ կառնենք որևէ միջին տարբերակի վրա՝ կվերցնենք համաշխարհային լավագույն փորձը, դրան կավելացնենք ազգային բաղադրիչ և, ի վերջո, կհանգենք սեփական որոշման:
Տվյալ պահին կա՞ գոնե մոտավոր պատկերացում այն ժամկետների մասին, թե երբ թատրոնը կկարողանա ընդունել իր հանդիսատեսին:
Եկեք ժամկետներ չնշենք: Երբ հնարավոր լինի, անմիջապես կընդունենք: Եկեք խնդիրները ըստ հերթականության լուծենք:
Գաղտնիք չէ, որ տնտեսական ճգնաժամը սովորաբար առաջինը հարվածում է մշակութային հաստատություններին: Այժմ՝ համաճարակի ժամանակ, որքանո՞վ է կայուն թատրոնի ֆինանսավորման հետ կապված իրադրությունը:
Բարեբախտաբար, պետությունը վճարում է մեր աշխատավարձերը. սա պետական թատրոն է, հետևաբար, ստանում ենք աշխատավարձը: Իհարկե, ինչ վերաբերում է արտաբյուջետային գումարներին, որոնք թատրոնը ստանում էր տոմսերի վաճառքից, այժմ չունենք: Կյանքը փոխվել և բարդացել է ամբողջ աշխարհում, ներառյալ, իհարկե, մերը: Թատրոնը ֆինանսական դժվարություններ է կրում նույն կերպ, ինչպես ամբողջ աշխարհը: Բայց անձնակազմի որևէ կրճատում տեղի չի ունեցել և չի ունենա: Դեռ բոլորս էլ ստանում ենք նույն աշխատավարձը, որը ստանում էինք մինչև ճգնաժամը:
Թատրոնի ղեկավարը հատուկ պաշտոն է: Դա այն մարդն է, որը իր աշխատողներին ցանկացած իրավիճակում պետք է լավատեսությամբ լիցքավորի… Համաձա՞յն եք:
Լիովին համաձայն եմ: Ես հենց այդ լավատեսն եմ: Ավելին՝ իմ բոլոր՝ մոտ 140 աշխատակիցները լավատես են, որովհետև մենք ապրում, գործում ենք, չենք հանձնվում, աշխատում, ստեղծում և պատրաստվում ենք խաղալուն և հյուրերին ու հանդիսատեսին մեր ներկայացումներին հրավիրելուն: Կյանքը եռում է թատրոնում: Դրա ապացույցներից մեկն այն է, որ առաջիկա օրերին տեղի կունենա առաջին ներկայացման ֆոտոսեսիան, որը կբացի պրեմիերաների շքերթը:
Կորոնավիրուսի տարածման վատագույն կանխատեսումների պայմաններում մտածե՞լ եք աշխատանքի մասին:
Եկեք չխոսենք վատագույն կանխատեսումների մասին:
Ձեր թատրոնում գրանցվե՞լ են covid-19-ով վարակվածության դեպքեր:
Ոչ: Բարեբախտաբար, դեռ չեն գրանցվել:
Մարիաննա Արտեմովնա, հարցը տրվում է Ձեզ ոչ թե որպես թատրոնի տնօրենի, այլ որպես սեփական երկրի քաղաքացու: Ի՞նչն է ձեզ համար ամենակարևորը մոտ ապագայում:
Հուսով եմ և երազում եմ այն օրվա մասին, երբ կկարողանանք հանգիստ տեղաշարժվել և չվախենալ որևէ մեկին վարակելուց: Բոլորս կհամբուրվենք և կգրկախառնվենք:
Զրուցեց Լաուրա Դելի
Լուսանկարները տրամադրել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունը: