Հայաստանի վաստակավոր արտիստ Ռուբեն Արուտչյանն այս տարի նշում է իր 70-ամյակը: Գրեթե կես դար է, ինչ նա ապրում է արվեստի աշխարհում: Սա հենց այն դեպքն է, երբ գեղարվեստի ու ստեղծագործության հակումը փոխանցվում է գենետիկորեն: Ռուբեն Սերգեևիչը հայտնի ստեղծագործական դինաստիայի կրտսեր անդամն է, իսկ նրա արմատները ձգվում են հինավուրց Շուշիում: Ու այս վերջին հանգամանքը վերջիվերջո Ռուբեն Արուտչյանի վրա թողնելու է ամենամեծ ազդեցությունը: Բայց ամեն բան իր ժամանակին:
Երբ դու կարող ես ամեն ինչ
Թանգարանների պատերին փակցված, ցուցասրահներում և մասնավոր հավաքածուներում տեղ գտած կտավները ստորագրված են, դրա համար էլ հանդիսատեսը միշտ կիմանա, թե ում վրձնին են պատկանում իրեն դուր եկած ահա այս կտավները: Քանդակագործության ու դիզայներական արվեստի հետ ավելի բարդ է, նման ստեղծագործությունները սովորաբար գոյատևում են՝ գաղտնի պահելով իրենց ստեղծողի անունը: Հայաստանի շարքային գեղարվեստասերը (օրինակ այս տողերի հեղինակը) շատ լավ գիտի գեղագետ Ռուբեն Արուտչյանին, ծանոթ է նրա աշխատանքներին ու ոչ մեկի հետ չի շփոթի նրա կտավների յուրահատուկ, երազկոտ ոճը:
Բայց քչերին է թերևս հայտնի, որ Ռուբեն Սերգեևիչը Շուշի քաղաքի գերբի հեղինակն է (ահա որտեղ են մխվել արմատները), ինչպես նաև հեղինակն է Հայաստանի ու Արցախի Պաշտպանության նախարարությունների խորհրդանիշերի: Բացի դա, նա նաև 50 հազարանոց անվանական, մի շարք հոբելյանական դրամների ստեղծողն է: Դրա համար նկարիչն արժանացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Երախտագիտություն», ինչպես և Հայաստանի Մշակույթի նախարարության Ոսկե մեդալներին:
Ոսկե այդ մեդալը Արուտչյանն ստացել է Երևանում ամեն երևանցուն հայտնի Հոլոքոստի ու Հայոց Եղեռնի հիշատակին նվիրված հուշաքարի ստեղծման համար: Ոչ, չեք սխալվում, հրաշքով պահպանված այն պուրակում՝ Տերյան- Մոսկովյանի ամենածայրում: Արուտչյանի հաշվին մի շարք հուշատախտակներ ու գրություններ կան, ինչպես Երևանում, այնպես էլ Արցախում, օրինակ՝ «Մոսկվա» կինոթատրոնի պատին, որը հայտնում է այն մասին, որ կինոթատրոնի առջևի տարածքը կոչվում է Շառլ Ազնավուրի հրապարակ: Առհասարակ, հավանաբար ավելի հեշտ է թվել այն ժանրերն ու արվեստի ձևերը, որտեղ Արուտչյանն իրեն չի փորձել, եթե իհարկե այդպիսիք լինեն:
100-ամյա դինաստիան
Արուտչյանների դինաստիայի ամենաավագը՝ Ռուբեն Սերգեևիչի հորեղբայրը, Հայաստանի ժողովրդական նկարիչ Միքայել Արուտչյանն է, ծնվել է նա Շուշիում՝1897թ.: Նրա հայրն այն ժամանակների հայտնի առևտրական Ավետ Արուտչյանն է: Բայց Միքայելը հոր գործարարական ջիղը չժառանգեց, հակառակը, հակում ցուցաբերեց դեպի արվեստը: 1919թ. Մ. Արուտչյանը ավարտում է Սարատովի Բարձրագույն գեղարվեստատեխնիկական արվեստանոցն ու անմիջապես էլ անցնում Սարատովի թատրոնում աշխատանքի: Քաղաքացիական պատերազմի ժամանակ նա նույնիսկ ծառայել է Հայկ Բժշկյանցի (Գայ) «Երկաթե դիվիզիայի» հեծյալ կորպուսում: Դրանից հետո սովորել է Բեռլինյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որից հետո ևս մեկ տարի եղել Փարիզի գեղարվեստական ակադեմիայի ուսանող:
1925թ. Միքայել Արուտչյանը տեղափոխվում է Երևան, որտեղ աշխատում է հայկական երգիծական «Կարմիր մժեղ» ամսագրում: Հետո նա դառնում է Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի և Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի գլխավոր նկարիչը, ինչպես նաև կինոստուդիայի առաջին գլխավոր նկարիչը: Լեգենդար Համո Բեկնազարյանի հետ նա աշխատում է մի շարք հիանալի ֆիլմերի ստեղծման վրա, որոնց մեջ է «Պեպոն» և «Դավիթ Բեկը»: Մի շարք գրքեր են ձևավորվել նրա ձեռքով, օրինակ՝ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ի հրատարակություններից մեկը (առաջինը Սարյանն է ձևավորել): Արուտչյանն ազատ տիրապետում էր ռուսերենին, գերմաներենին ու ֆրանսերենին, իսկ հայոց լեզվի ու գրականության իր փայլուն իմացությամբ նա պարտական էր ընկերոջը՝ Եղիշե Չարենցին:
Ռուբեն Արուտչյանի հայրը Հայաստանի ժողովրդական նկարիչ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Ավետի Արուտչյանն է: Սկզբում նրանք ապրել են այն ժամանակների՝ դեռ հայկական Բաքվում, սակայն շուտով տեղափոխվել Երևան, որտեղ Ս. Արուտչյանը ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը, զուգահեռաբար իր մասին հայտնելով որպես հիանալի ծաղրանկարչի:
Տասը տարի շարունակ Սերգեյ Արուտչյանն աշխատել է Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում, որպես գլխավոր նկարիչ, Մոսկվայում հայկական արվեստի տասնամյակի, Հայաստանի երիտասարդների առաջին փառատոնի գլխավոր նկարիչն է եղել նա, ինչպես և «Ոզնի» երգիծական ամսագրի հիմնադիրներից մեկն ու գլխավոր նկարիչը: Սերգեյ Արուտչյանը ԽՍՀՄ երեք ստեղծագործական միությունների անդամ էր՝ նկարիչների, կինոմատենագիրների և լրագրողների: Նա հպարտանում էր իր ղարաբաղյան արմատներով, հիացմունքով էր պատմում հարազատ իր երկրի հերոսական անցյալի մասին, և իհարկե հաճախ այցելում էր Շուշի:
Իսկ ահա Ռուբեն Սերգեևիչը, ինչպես ինքն է խոստովանում, մինչ Շուշիի զինանշանի վրա աշխատանքը սկսելը, ընդամենը մեկ անգամ էր եղել այդտեղ: Կատաղի մրցակցություն էր ընթանում, աշխատանքներ էին ներկայացնում տասնյակ հազարավոր նկարիչներ ու դիզայներներ, սակայն ընտրվեց հենց Ռուբեն Արուտչյանի էսքիզը: «Ապշեցուցիչ երկինք ունի Շուշին, շատ ավելի զարմանահրաշ, քան Երևանինն է, որտեղ այն ուղղակի քեզ մոտ է երևում: Իսկ այնտեղ ահա թվում է, թե ձեռքդ երկարացնես, ամպերը կբռնես: Հիասքանչ վայր է»,- ասում է նկարիչը: Ի դեպ, ինձ միշտ թվացել է, թե Շուշիի գերբի հրեշտակը իր ձեռքում պահում է գիրք, ասենք՝ Աստվածաշունչը, ձախ ձեռքինը, պարզ է, սրինգ է, այդպես, պայմանական սրինգ: Բայց պարզվում է՝ ոչ, հրեշտակի աջ ձեռքում… հաց է:
Ռուբեն Սերգեևիչն պատմում է. «Ստիպված էի հիշել զինանշագիտության (հերալդիկա) հետ կապված ամեն ինչ ու սովորել նորից: Գնացի, գնեցի այդ թեմատիկայով բոլոր գրքերը, որոնք Երևանում վաճառվում էին, ուսումնասիրեցի դրանք, հիշողությանս մեջ թարմացրի այն ամենը, ինչ կար: Հերալդիկան ճշգրիտ գիտություն է, և երկրի գերբը, ի տարբերություն քաղաքի գերբի, ստեղծվում է այլ կանոններով: Եվ ի վերջո մրցույթում հաղթեցի ես»:
Ի դեպ, Շուշիում նրա սեպագիր արձանագրությունն է՝ նվիրված 1812թ. պատերազմի հերոս Վալերիան Մադաթովին, ով Արուտչյանների ազգականն է:
Նա հիշում է, թե ինչպես է Շուշիում գնել քաղաքի եռաչափ, մեծածավալ գերբը՝ սեփական ստեղծագործությունը, որը վաճառվում էր որպես հուշանվեր: Վաճառող աղջկան Ռուբեն Սերգեևիչն ասաց, որ ինքն է դրա հեղինակը: Խեղճ վաճառողուհին չգիտեր ինչ անել՝ վերցնե՞լ գումարը, թե՞ ոչ, կամուկացի մեջ էր մնացել: Սակայն հուշանվերի համար իհարկե վճարվեց:
Հայաստանի Հրեական համայնքի պատվերով Ռուբեն Արուտչյանը ստեղծեց Հոլոքոստի ու Ցեղասպանության հուշաքարը: «Այդ տեղում մոնումենտալ, մեծ մի բան տեղադրելն անհնար էր, դրա համար էլ ես ընտրեցի մարդու հասակը մի փոքր գերազանցող բարձրություն՝ 2.5 մետր, որպեսզի այն այնուամենայնիվ գերիշխի, սակայն չճնշի, և որպեսզի չդառնա օտար մի մասնիկ բավական կամերային այդ մի թիզի վրա: Բացի այդ, հուշարձանը պետք է լիներ հասկանալի հայերի ու հրեաների համար, ասենք մնացածի համար էլ: Ես շատ ուրախ էի, երբ դրա բացումն էին անում»,- հիշում է Ռուբեն Արուտչյանը:
Սակայն հետո ինչ-որ սրիկա (կամ սրիկաներ) այդ հուշարձանի վրա ինչ-որ բաներ գրեցին: Դժվար թե մեկը հիմա հիշի, թե հատկապես ինչ էր գրված, որովհետև գրությունն անմիջապես վերացրին: Բայց այնուամենայնիվ, ինչ տմարդ պիտի լինես, որպեսզի առհասարակ ներկով մոտենաս հուշարձանին, առավել ևս նման հուշարձանի: Թեպետ ի՞նչ կարելի է ասել, եթե հենց Քոչարի Վարդան Մամիկոնյանի հուշարձանի պատվանդանին որոշ մարդիկ հայտարարություններ են փակցնում:
Երազկոտ դիմանկարները
Ինչ վերաբերում է Ռուբեն Արուտչյանի գեղանկարչությանը, ապա դա հատուկ մի աշխարհ է: Սոլիդ հոդված գրելու պատիվը թողնելով մասնագետներին՝ տուրք տանք ազատությանն ու էմոցիոնալությանը՝ ոչ մի կերպ չհավակնելով լուրջ քննադատական նյութի, թեպետ գուցե դրա մեջ է բարին:
Ռուբեն Արուտչյանն իհարկե ժառանգել է իր դինաստիայի ավագ սերունդների տաղանդը: Որոշակի առումով նրան հաջողվել է ջարդել որոշ կարծրատիպեր՝ նրա կտավները հագեցած են շարժմամբ, օդով, նա կարծես ինչ-որ բանի մասին է երազում, և այդ երազանքը փոխանցում է կտավին: Եթե խոսենք, այսպես, «…իզմ»-երով, ապա ինձ համար նրա ժանրը կարելի է անվանել «էլեգանտ ռեալիզմ», չափի, տակտի հիանալի զգացողություն և խանդավառելու կարողություն:
Խանդավառում է նրանով, որ ցանկացած կտավում կա ինչ-որ մի գաղտնիք, կիսատություն, կարծես թե այն, ինչ ցանկացել է ասել, ծածկված է թեթև շղարշով: Եվ այդ շղարշը հետաքրքրվող ու տարված հանդիսականին հնարավորություն է տալիս կտավի մասին սեփական մտքերը ծնել, իսկ դա հետաքրքիր զբաղմունք է: Արուտչյանը քեզ հրավիրում է կանգնել ստեղծարարի կողքին, իսկ դա միշտ գեղեցիկ ու հաճելի է:
Ռուբեն Արուտչյանը նկարում է թե ժամանակակիցներին, ծանոթներին ու հարազատներին, թե հայտնի անձանց՝ Պիկասսոյին, օրինակ: Ընդ որում, կտավի դիմանկարային նմանությունն ասենք օրիգինալի հետ կարող է լինել ինչպես լիակատար, այդպես էլ բավական հեռավոր, այստեղ կարևորը դա չէ, այլ կտավին փոխանցված երազանքը, սյուժեն, կտավին արված փոքրիկ գործողությունը: Եվ որքան թեթև ու լուսավոր են Արուտչյանի կտավները…
Ամենամտավորական մարդը, որին նայելով՝ առաջին իսկ հայացքից ճանաչում ես գեղագետին, ամենահետաքրքիր զրուցակիցը, ով գեղեցիկ ու նրբանկատ կերպով սահմանում է արվեստի մասին իր տեսլականը, դա Ռուբեն Արուտչյանն է: Նրա տեսակետը յուրահատուկ է, օրիգինալ, գուցե ինչ-որ մեկը այն վիճարկելու ցանկություն ունենա, սակայն չէ՞ որ արվեստի վիճաբանումների սքանչելիությունը նաև նրանում է, որ թեմայի մասին սեփական տեսակետները պաշտպանելը ինքն իրենով բավական հետաքրքիր զբաղմունք է:
Պատրաստեց Ռուբեն Գյուլմիսարյանը