Արդեն երկու ամսից ավել է, ինչ Եվրոմիությունը Վրաստանի քաղաքացիներին առանց այցագրային ռեժիմ է տրամադրել: Երկրի իշխող էլիտան, ի դեմս «Վրացական երազանք- Դեմոկրատական Վրաստանի», այդ օրը մեծ տոն հայտարարեց, անվանեց այն իր հաղթանակը, որը Վրաստանի բնակչության առաջ իր «դրախտի դռներն» է բաց անելու: Այդ ամենի համար երկրի ղեկավարությունը գործի էր դրել բոլոր ջանքերը, որպեսզի նման իրադարձությունը վերջապես տեղի ունենա: Ինչպես երգվում էր հիանալի մի երգում՝ «ինչպես կարողացան, մոտեցրին այդ օրը» («этот день мы приближали, как могли»,- «День победы»):

Արևմտամետ էլիտայի համար (իսկ այլ էլիտա Վրաստանում չկա էլ) սա իսկապես ձեռքբերում էր: Նախ սա ևս մեկ անգամ վկայում է ավագ եղբայրների հանդեպ ունեցած իրենց հավատարմությունը, իսկ երկրորդ, կարելի է հաղթական հայացքով նայել ընտրողների աչքերին, հանուն որոնց բարօրության իրենք՝ իշխանության կրողները, այդպես «հոգնատանջ աշխատեցին»:

Այնուամենայնիվ սակավաթիվ սթափ դատող սկեպտիկներն առաջ էլ էին փորձում խեղդել թմբուկների թնդյուններն ու շքերթների որոտը՝ փորձելով հասարակության ուշադրությունը սևեռել այն փաստի վրա, որ վիզայինից անվիզային ռեժիմի անցումը խոշոր հաշվով ոչինչ չի տալու: Բանը նրանում է, որ վրացական հասարակությունը արդեն վաղուց բաժանված է ամենաքիչը երկու մասի, որոնց վերջնական նպատակներն ու հանձնարարականները արմատապես տարբերվում են: Իշխող էլիտան, որն իրենից ներկայացնում է վերին բարակ ու սակավաթիվ շերտը, կարող էր էյֆորիայի մեջ հայտնվել հաղթական զեկույցներից: Սակայն վրաց բնակչության ճնշող մեծամասնության համար անվիզային ռեժիմի անցումը ուներ առաջին հերթին ոչ թե քաղաքական, այլ տնտեսական նշանակություն:

Ոչ-ոքի համար գաղտնիք չէ, որ Վրաստանի բնակչության լավագույն հատվածը գտնվում է արտասահմանում, որտեղ նա անում է ծանրագույն ու քիչ վարձատրվող աշխատանք: Ոչ-ոքի համար գաղտնիք չէ նաև այն, որ չնայած նոր տնտեսական հաջողությունների մասին իշխանական բացառապես բոլոր ներկայացուցիչների ուրախ-լավատեսական հաղորդագրություններին՝ հենց վրացի միգրանտների ծանր աշխատանքն է Վրաստանում մնացած իրենց ընտանիքներին աղքատությունից մի կերպ դուրս գալու հնարավորություն տալիս: Եվ հիմա հաստատապես կարելի է ասել այն, որ այդ մարդկանց անանցագրային ռեժիմը ոչինչ չտվեց, քանի որ Եվրոմիությունը ի սկզբանե իրեն պաշտպանել է երկաթյա մի շարք պայմաններով:

Նախևառաջ Վրաստանի քաղաքացիների՝ արտասահմանում մնալու ժամանակը սահմանափակվում է 90 օրով՝ 180 օրվա ընթացքում: Բացի դա, նրանք չունեն աշխատելու հնարավորություն և պայմանը խախտելու դեպքում արժանանալու են անխուսափելի պատժի՝ գումարային տուգանք՝ 3000 եվրո, որին անմիջապես հետևելու է 5 տարի շարունակ դեպի ԵՄ երկրներ առանց մուտքի իրավունքի արտաքսումը: 3000 եվրոն Եվրոպայում էլ բավական պատկառելի գումար է, իսկ Վրաստանի շարքային քաղաքացու համար դա մի ամբողջ կարողություն է: Ինչ վերաբերում է Եվրոմիության երկրներ բարեհաջող մուտքի նախապայմանին, ապա Վրաստանի քաղաքացին իր մոտ պիտի ունենա ապահովագրություն, հյուրանոցային ամրագրում (կամ էլ բնակության հասցեի հաստատում) և հետդարձի տոմս, ինչպես նաև օրական 50 եվրո՝ ԵՄ միության երկրներում ու Շենգենյան տարածքներում ապրելու համար: Իսկ այդ բոլոր պայմաններն արդեն ժպիտ են առաջացնում: Վրաստանի քաղաքացին օրական այդ 50 եվրոն ունենալու դեպքում իր երկիրը չէր լքի, որովհետև այստեղ կյանքը մի քանի անգամ ավելի էժան է, քան Եվրոպայում, և այդ գումարով մարդն իրեն դրախտում կարող էր զգալ՝ գտնվելով հարազատ երկրում:

Արդեն գրեթե 3 տասնյակ տարի մարդիկ, խեղդելով իրենց հպարտությունը, մոռանալով արժանապատվության մասին, մեծ պատրաստակամությամբ համաձայնում են ցանկացած կեղտոտ ու նվաստացուցիչ աշխատանքի, որպեսզի գոնե ինչ-որ կերպ կերակրեն իրենց ընտանիքներին: Ինչ վերաբերվում է բրյուսելյան բարձրաստիճան պաշտոնյաներին, ապա նրանք երևի կարծում են, թե վրաց բնակչությունը տուրիստական շրջագայություններով է տառապում ու ապրում այն երազանքով, թե ինչպես մասսայական այցելել եվրոպական մայրաքաղաքներ ու գումարներ ծախսել թանգարաններում, թատրոններում, շքեղագույն առողջարաններում ու ռեստորաններում: Ընդհանրապես չի բացառվում, որ վրացական էլիտան նույնպես կիսում է նման համոզմունքը: Ի վերջո վաղուց հայտնի խոսք է, որ եթե հաց չկա, կարող ես գաթա ուտել, ինչպես ասում էր հանգուցյալ Մարիա Անտուանետտան:

Վրաստանի քաղաքացու համար Եվրոպան առաջին հերթին ողջ մնալու միջոց է, ինչպես իր, այնպես էլ իր ընտանիքի համար, իսկ եվրոպացիներն օրինապահ ժողովուրդ են ու իրենց խոսքը պահել գիտեն: Այսպիսի վիճակագրություն՝ երկու ամսից էլ պակաս ժամկետում՝ մարտի 28-ից մայիսի 18-ը Վրաստանի ՆԳՆ տվյալներով Եվրոպայից արդեն արտաքսվել են 192 մարդ, ընդ որում աշխարհագրությունը բավական ընդարձակ է. 73 մարդ՝ Գերմանիայից, 16-ը՝ Իսպանիայից, 12-ը՝ Ֆրանսիայից, 11-ական՝ Բելգիայից ու Հունաստանից, 10-ական՝ Շվեդիայից ու Շվեյցարիայից, 9-ական՝ Լեհաստանից և Իտալիայից, 6-ական՝ Ավստրիայից ու Լիտվայից, 5-ական՝ Դանիայից ու Պորտուգալիայից, 4-ական՝ Նիդեռլանդներից, 1-ական՝ Մեծ Բրիտանիայից և Ֆինլանդիայից: Ինչպես երևում է ցուցակից՝ արտաքսմանը մասնակցել է եվրոպական երկրների մեծամասնությունը:

Այդ խեղճ մարդկանց միայն ցավակցել կարելի է, քանի որ նախ եղել է ճանապարհածախսի կորուստ, հետո տուգանքը մարելու համար ոմանք գուցե պարտքերի մեջ խրվեն, կամ իրենց տունը վաճառեն: Իսկ սրանք դեռ առաջին հոսքերն են, որոնց մանրամասն տեղեկացրել ու ծանուցել են, բայց խուսափելու հնար, միևնույն է, չկա: Ավելացնենք նաև, որ սա դեռ պաշտոնական վիճակագրությունն է, որը սովորաբար ոչ միշտ է ճշգրիտ կերպով արտացոլում իրավիճակը: Արտաքսվածների իրական թիվը կարող է շատ ավելի լինել:

Խոսելով Վրաստանի միգրացիայի մասին, մեկ հանգամանք ևս նշենք. Քրտնաջան աշխատողների հետ միասին արտասահման մեկնեց նաև բնակչության քրեական հատվածը: Վրաց իշխանություններն անկեղծորեն կարող են հպարտանալ նրանով, որ երկրի քրեական վիճակը բավական բարելավվել է, իսկ հանցագործների թիվը երկրում առաջվանից ավելի քիչ է, առավել ևս, որ նրանց դեմ պայքարել կարելի է տարբեր մեթոդներով: Այնուամենայնիվ, Վրաստանի բնակչության համընդհանուր աղքատացման ֆոնին, վրացական քրեական հատվածը, որպեսզի սովից չմահանա, ինքնակամ փախավ ԵՄ հարուստ երկրներ: Բայց ահա արտաքսվածների մեջ հանցագործները բավական քիչ թիվ են կազմում: Նրանք գերադասում են հաճույքով իրենց ազատազրկումը վայելել եվրոպական հարմարավետ բանտերում:

Եվրոմիությունից ետ չի մնում նաև նրա ավագ եղբայր ԱՄՆ-ն: Նյու-Յորքում Վրաստանի գլխավոր հյուպատոս Դիանա Ժգենտին վերջերս հայտարարեց քրեական մի խմբավորման ձերբակալման մասին, որի մեջ գրեթե 15 հոգի ազգությամբ վրացիներ էին, որոնց տարբեր մեղադրանքներ առաջադրվեցին՝ թալան, խարդախություն, կողոպուտ և թմրանյութերի վաճառք: Ձերբակալվածների մեջ էր նաև բռնցքամարտիկ Ավթանդիլ Խուրցիձեն, ով Նյու-Յորքում պետք է մարտի բռնվեր աշխարհի չեմպիոն Վիլլի Ջո Սոնդերսոմի հետ: Ծիծաղելի է իհարկե, բայց այս բոլոր մարդկանց գործերում նշվել է, որ նրանք «ռուսական մաֆիայի» անդամներ են:

Եթե Արևմուտքը ինչ-որ մեկին դրախտային կյանք տալ է ուզում, ապա միայն իրեն: Չհասցրեց նա դեռ անայցագրային ռեժիմ տրամադրել ետխորհրդային մյուս երկրին՝ Ուկրաինային, երբ արևմտյան քաղաքականները լրջորեն մտածում են այն չեղարկելու մասին: Ուկրաինայի հարևան Լեհաստանում արձանագրվել է տեղացի բնակիչների հարձակում՝ ուկրանացիների վրա: Ամեն ինչից դատելով՝ Արևմուտքն արդեն հասավ իր հիմնական նպատակներին Ուկրաինայում և Վրաստանում, այլապես ինչպե՞ս բացատրել Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության մի քանի անգամյա կրճատումը: Անկանխատեսելի Թրամփն այդ ուղղությամբ իր խոստումները կատարում է, և այն, որ այդ գործընթացն ամենայն հավանականությամբ կշարունակվի, մեծ կասկածներ չի առաջացնում:

Դե ինչ, բացման տոնական արարողությունը կարծես թե իր ավարտին է մոտենում, իսկ առջևում դառը և ծանր խումարն է:

Հրապարակախոս Գիա Մեթրեվելի, հատուկ Dalma News-ի համար