Այս տարվա գարունը բռնկվեց միանգամից, առանց զգուշացման, ճիշտ ռուսական «Բարեկենդանին» շատ նման հայկական ավանդական տոնի՝ Տրնդեզի օրը, հենց փետրվարի կեսին: Իսկ ձմեռը սկսվեց նոյեմբերմեկյան ձյունով, որը հետագայում իհարկե հալվեց, սակայն միևնույն է՝ մնաց որպես ահազանգող… Վաղ եկող գարունն ու աշունը հետագա սառնամանիքների բոթաբերներ են, քանի որ ծառերը կարող են չդիմանալ: Այնպես որ Երևանյան արևով տաքացած սիզամարգերում, ամենքն իրենց զամբյուղներում զգուշորեն ծվարած ժպտերես կակաչներն ի վիճակի չեղան ցրելու անորոշության մշուշոտ անհանգստությունը:

Մեր մտավախությունների գարունը…

Ծառերի անպաշտպանությունը մի այլ երանգ է հաղորդում արդեն բազմաթիվ տարիներ նույնքան անպաշտպան դարձած Երևանյան մթնոլորտին, գարնան սպասված ուրախությանը խառնվում է հերթական հանկարծահաս նենգադավության սպասումը, որն ասես պարտավոր էր այցի գալ նրա հետ միաժամանակ: Եվ չես ասի, թե մտավախություններն այդ մտացածին են, հակառակը, դրանք լրիվ հիմնավորված են ավելի վաղ իրականացված անթիվ չարքերով ուղեկցվող նույն ստորություններով:

Արամի փողոցի տան, Իսահակյանի գրադարանի արտաքին տեսքի, անգամ Թումանյան փողոցի վրա գտնվող շենքի՝ շրջապատի հետ չներդաշնակվող պատմություններից հետո բոլորը կարծես մի պահ հանգստացել էին, սակայն նենգ այդ համաճարակը ոչ մի կերպ չի հանձնվում՝ հիմա էլ հարձակում գործելով հին տպագրատան շենքի վրա:

f581357b687e5f_581357b687e9c.thumb

Արդեն հասկանալի է, որ հիվանդությունն այս հայոց մայրաքաղաքի համար մահացու է, ավելի շուտ՝ մահացու է նրա արտաքին տեսքի համար, որը մեզ էին թողել թերևս մեզանից ավելի խելացի մարդիկ, որոնք նրա հանդեպ գոնե հեղինակային իրավունք ունեն: Բայց ի՞նչ արժե հեղինակային իրավունքը, եթե քաղաքապետարանը, ինչու չէ՝ նաև նախարարությունը փաստացի խոստովանում են, որ իրենց որոշումներն ու կանոնակարգերը հանգիստ կարող են մերժվել որոշ մարդկանց կողմից, որոնք ակնհայտորեն ունեն ավելի ծանր կշիռ, քան պետական նախարարները:

Խորհրդարանում կարծես թե քննարկում էին մայրաքաղաքի Փոքր Կենտրոնի մասին օրենքը: Նրա մասին դեռևս շատ քիչ բան է հայտնի, բացառությամբ  ինչ-որ «պահպանում», «ավելացում» ընդհանուր տիպի արտահայտություններից, ինչպես նաև Փոքր կենտրոնի կառուցապատողների պատասխանատվության ու էկոլոգիական ռիսկերի ապահովագրման լայնորեն գովազդվող մտադրությունների մասին: Կարծես թե վատ չի հնչում, միայն թե ի՞նչ է այդ ամենին հետևում:

Հետևում է այն, որ Փոքր Կենտրոնի կառուցապատումը անխնա կերպով շարունակվելու է, քանի որ պատրաստվում են ընդունել համապատասխան օրենքը: Ըստ էության՝ Երևանը վաղուց է դրել իր կապիտուլացման ստորագրությունը, թեկուզ հենց այն ժամանակ, երբ Օղակաձև այգում ու Օպերայի շրջակայքում գտնվող «ժամանակավոր» սրճարանները դարձան կապիտալ, դարեր դիմակայուն բետոնե շինություններ: Այդ ստորագրությունը Երևանն ամեն օր է դնում…

Դատավճիռը վերջնական է ու վաղուց բողոքարկման ենթակա չէ, մի փոքր փոխելով հայտնի ֆիլմում հնչող արտահայտությունը՝ ամեն բան մեր փոխարեն որոշված է: Ազդեցության անհրաժեշտ ոլորտն ու համապատասխան նյութական միջոցներն ունեցող բոլոր անձիք կառուցելու են ինչ ցանկանան ու որտեղ ցանկանան, իսկ նրանց գործունեությունից ծնվող էկոլոգիական ռիսկերը տեսական «պատասխանատվության» հետ միասին կապահովագրվեն: Իհարկե անհասկանալի է, թե հատկապես ո՞վ է փակելու ապահովագրությունը, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Դժվար թե ամենակարող շինարարը: Մի՞թե ինքներդ դրան հավատում եք:

Անապատում անհետացողի SOS-ազդանշանը

Երբ մոտավորապես 3 տարի առաջ Նարեկ Սարգսյանին ազատեցին մայրաքաղաքի գլխավոր  ճարտարապետի պաշտոնից, որոշ միամիտ երևանցիներ սկսեցին միմյանց շնորհավորել այդ առիթով: Իսկ նրանք, ովքեր չհիմնավորված լավատեսությամբ չէին տառապում, այդ լուրն ընդունեցին կամ առանց որևէ զգացմունքի, կամ էլ հերթական մշուշոտ խաբեության սպասումով: Այդպես էլ եղավ, հիմա նա Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահն է: Այնպես որ, Գորիսը, Գյումրին, ու մնացած բոլոր այլ բնակավայրերը, որտեղ քիչ թե շատ պահպանված են հին շինությունները, թող պատրաստվեն: Բետոնն ու ապակին արդեն թևածում են նրանց գլխավերևում՝ նախագծված արկղերի հոգիներով:

Ներկայիս նախագահը, իսկ այն ժամանակ՝ նախարարը, դեռ վերջերս մեզ հանգստացնում էր նրանով, որ Աբովյանի ու Պուշկինի փողոցներին, հայտնի «Դոլմամա»-ի հետ միասին, ոչինչ չի սպառնում, և որ ինքն անձամբ է պատրաստվում հսկողության տակ առնել փոփոխությունների ծրագիրը, որ հանկարծ մթնոլորտը չփոփոխվի: Ու այստեղ, ահա, ուզում ես գոռալ SOS, որովհետև անմիջապես այն բանից հետո, երբ պարոն Սարգսյանը խոստանում է պահպանել, պաշտպանել, կամ հսկողության տակ առնել ինչ-որ բան, վերանում է հերթական անպաշտպան շինությունը, այգին կամ զբոսայգին դառնում են  բետոնապատ, իսկ Երևանը հարստանում է հյուրանոցներով ու ռեստորաններով, որոնց սուր պակասը հավանաբար զրկում են մեր քաղաքը զբոսաշրջային հմայքից: Դե հասարակ երևանցին էլ պիտի ճաշելու տեղ ունենա…

65472_w

Մի քանի տարի առաջ, երբ վերոնշյալ օրենքը միայն մշակվում էր, Ն. Սարգսյանը հայտարարեց, որ «Օրենքի նախագծի գլխավոր նպատակներից մեկը հանդիսանում է մայրաքաղաքի Փոքր կենտրոնի գերուրբանիզման դեմ պայքարը, ինչպես և այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք ինվեստոր-կառուցողներին կուղղեն դեպի Երևանի այլ՝ ոչ կենտրոնական շրջաններ: Վերջին հաշվով այդ օրենքը պետք է բացառի քաղաքի կերպարն ու պատմությունը խաթարող քաղաքի կենտրոնի շինարարությունը»: Կարելի է մտածել, որ իրենց առաջ անհաղթահարելի պատնեշներ դնող գալիք օրենքի վախից դողացող շինարարները իրար խառնված առաջ նետվեցին՝ ավարտին հասցնելու կիսատ կառույցները: Հավանաբար շատ էին վախեցել… Ինչպես ցույց տվեց տպագրատան պայթյունը, Երևանում հնարավոր է մի քանի հազար դոլլարի օգնությամբ գլուխ բերել ցանկացած շինության հարց՝ որպես հետգրություն վճարելով միայն տուգանք:

Կառուցողի պատասխանատվության բավական լղոզված հասկացությունը հավանաբար պետք է հասկանալ, մասնավորապես, անավարտ շինությունների ոչ հազվադեպ հանդիպող երևույթների օրինակով: Դա այն է, երբ, ասենք, կառուցվում է 14 հարկանի շենքի 7 կիսատ հարկը, շինությունը տարիներ շարունակ մնում է անտեր, արդեն ինքնիրեն սկսում է քայքայվել, իսկ դրա կողքով անցնող մարդկային ամբոխը վազվզում է փայլաթիթեղի տանիքներ ունեցող նրա զբոսուղիներով: Թե ինչից պիտի այդ փայլաթիթեղը պաշտպանի, էական չէ, այն կարող է վայր գցել նույնիսկ վերևից ընկած մի փոքր քարը: Նման օրինակները քաղաքում բազմաթիվ են: Ահա, արդեն մի ամբողջ սերունդ է մեծացել, իսկ այն նույն գրադարանի տակ գտնվող Ամիրյանի նեղ ու փոշոտ անցուղին, դեռ ոչ մի կերպ վերացնել չի հաջողվում: Եվ դա հենց քաղաքի սրտում: Նույնիսկ եթե նման բաների համար սկսեն տուգանել, երևույթն արմատախիլ անել հնարավոր չէ: Ասենք թե սեփականատերը «հավես չունի» շինարարությունն ավարտին հասցնելու, կամ էլ՝ սնանկացել է, ուրեմն ի՞նչ, ավերե՞լ այն, փոխանցել մեկ ա՞յլ ցանկացողի: Յուրաքանչյուր նման գործընթաց տարիներ կձգվի, դա ամենքին էլ պարզ է…

dscn6926

Կրկին ամեն բան Նարեկ Սարգսյանի վրա գցելն անարդար է, նա ի՞նչ է, արևելյան հեքիաթների բռնապե՞տ, որ ամեն ինչ ինքնուրույն լուծի՝ համաձայնեցնելով գործունեությունը սեփական քմահաճույքների հետ: Պարզապես մարդը, ամենայն հավանականությամբ, շատ լավ համապատասխանում է կարկտաբեր ամպերը ցրելու իր դերին, ով գրագետ կերպով կարողանում է մարդկանց մխիթարել ու հանգստացնել, այլապես ինչո՞վ պետք է պայմանավորված լիներ ջրի հատակ չիջնելու նրա կարողությունը: Ահա այդպիսին են Դանեմարքյան մեր հիմնադրույթները՝ արքայազներն անում են իրենց գործը, իսկ նախարարներն ու այլ պաշտոնյաները կատարվածի համոզիչ բացատրություններն են գտնում: Բայց արդեն ժամանակն է ինչ-որ բան փոխելու: Տվյալ դեպքում հավանաբար ստիպված ենք փոխելու… քաղաքը: Իսկ է՞լ ինչը, հիմնադրույթները հո չե՞նք փոխելու…

Պատրաստեց Ռուբեն Գյուլմիսարյանը