Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օգոստոսի 8-ին ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նորընտիր տնօրեն Արա Խզմալյանին և գիտական գծով փոխտնօրեն Վահե Թորոսյանին:

Մայր Աթոռից տեղեկացնում են, որ Նորին Սրբությունը, շնորհավորելով Մատենադարանում նոր պաշտոնների ստանձնման առիթով, նրանց մաղթել է արդյունաշատ գործունեություն ի պայծառություն և ի փառս Մաշտոցյան Մատենադարանի:

Ըստ աղբյուրի՝ Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ Մատենադարանն ազգային հպարտության ամենանվիրական կենտրոններից մեկն է՝ իր ձեռագրական ժառանգությամբ հանդիսանալով համամարդկային գիտական ու իմացական մտքի զարգացման աղբյուր։

Իր հերթին Արա Խզմալյանը Նորին Սրբությանը ներկայացրել է Մատենադարանի զարգացմանն ուղղված տեսլականը և առաջիկա ծրագրերը՝ կարևորելով նաև Հայ Եկեղեցու աջակցությունը։

Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են փոխհամագործակցության ուղիները, մեծապես կարևորվել ձեռագրագիտական, աղբյուրագիտական ու թարգմանական առավել բեղուն աշխատանքների իրագործումը: Որպես առաջնահերթ խնդիրներից մեկը շեշտվել է հայկական ձեռագրերի վերադարձը հայրենիք։