Համաշխարհային ֆուտբոլը աստիճանաբար սկսում է դուրս գալ արհեստական կոմայից, որում այն հայնվել էր համաճարակի պատճառով: Միայն անհնազանդ Բելառուսը շարունակեց առաջնության խաղերը, այն էլ հանդիսատեսի ներկայությամբ. վերջին օրերին նրան «միացել» են նաև Գերմանիան և Լեհաստանը (խաղում են դատարկ տրիբունաներով): Կհաջորդի Եվրոպայի այլ առաջնությունների և մայրցամաքային մրցաշարերի վերսկսումը:

Եթե ակումբային ֆուտբոլի հեռանկարները քիչ թե շատ պարզ և սահմանված են (պայմանով, որ նոր արտակարգ իրավիճակ չստեղծվի), ապա ազգային հավաքականի հարցը օդում կախված է մնացել. թույլ չեն տալիս, որ «տապալվի» (կեցցեն ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն﴿, բայց և «թևերը բացել» էլ չի ստացվում համաճարակի համընդհանուր հիստերիայի մթնոլորտում:

Այնուամենայնիվ, վարակի մասին միօրինակ նորություններից հոգնած ֆուտբոլասերները սկսում են հետաքրքրվել, թե ինչ է կատարվում ազգային հավաքականների և մասնավորապես` հայկական հավաքականի հետ, որը նախքան համաճարակը մի քանի հանդիպումներում լավ խաղ ցուցադրեց, սակայն ընտրական փուլը եզրափակեց Իտալիայի խփած ինը գնդակ բաց թողնելով:

Մարզիչը փոխվել է, իսկ իսպանացի Խոակին Կապարոսը դեռ չի սկսել մարզել: Լրատվամիջոցները հայտնեցին, որ մարզիչը հեռուստատեսությամբ հետևում է Հայաստանի առաջնությանը, քանի որ այժմ չի կարող գտնվել երկրում. եղած պայմաններում անում է այն, ինչ հնարավոր է:

Մի քանի խոսք Կապարոսի անձի մասին. 64-ամյա իսպանացին շուտ ավարտեց խաղացողի իր կարիերան և ընդամենը 26 տարեկան հասակում որոշեց իրեն նվիրել մարզչական աշխատանքներին: Հազվագյուտ բացառություններով աշխատել է իսպանական ակումբների հետ, այդ թվում՝ մի քանիսի, որոնք երկրի «բարձրաստիճան» ֆուտբոլային հասարակությունից են: Կապարոսի ամենահայտնի ակումբը «Սևիլյան» է, որի հետ, այնուամենայնիվ, նա մեծ հաջողության չգրանցեց, բայց Բիլբաոյի «Աթլետիկը» նրա ղեկավարությամբ 2009թ. հասավ Իսպանիայի Գավաթի և Սուպերգավաթի եզրափակիչ՝ երկու անգամ էլ պարտվելով «Բարսելոնային» վճռորոշ հանդիպումներում:

Խոակին Կապարոս

Կարելի է ասել, որ Կապարոսը փորձառու մարզիչ է, սակայն եվրոպական չափանիշներով, իհարկե, միջակ է. ոչ միայն երբեք «երկնքից աստղեր չի բռնել», այլև չի տեսել իր «աստղային ժամը» (համենայն դեպս, առայժմ չի տեսել): Նա ոչ Հիդինկն է, ոչ Լյովը: Բայց դա կարևոր չէ. լուսահոգի Յան Պորտերֆիլդը նույնպես լավագույն մարզիչներից չէր, սակայն Հայաստանում նրան մեծ երախտագիտությամբ են հիշում:

Էականն այն է, որ արդեն որերորդ անգամ մարզիչ է դառնում մասնագետ, որը ազգային թիմերի հետ աշխատելու փորձ չունի: Մինչդեռ ժամանակակից ֆուտբոլում ակումբի մարզիչը և հավաքականի մարզիչը վաղուց տարբեր մասնագիտություններ են և պահանջում են բոլորովին այլ հմտություններ, մոտեցումներ և ռազմավարություն: Ազգային ֆեդերացիան, իհարկե, ընտրեց նրան առկա տարբերակներից, և ակնհայտորեն ֆինանսական հարցը ամենակարևոր չափանիշն էր, քանի որ տեղեկություններ կան, որ մեկ այլ իսպանացի՝ Այտոր Կարանկան, մեկ տարվա համար պահանջել է մեկ միլիոն եվրո: Կապարոսը, ամենայն հավանականությամբ, համաձայնել է ավելի համեստ պայմանների:

Ցավոք, պարզվեց, որ Կապարոսը հիվանդ է լեյկիմիայով. ինչպե՞ս այստեղ չհիշել նույն Պորտերֆիլդին, որը մինչև վերջ պայքարում էր քաղցկեղի դեմ: Առողջություն և ուժ Կապարոսին հիվանդությունը հաղթահարելու համար. բժիշկները հավատում են, որ իսպանացին ի վիճակի է լիարժեք աշխատել, և թող այդպես էլ լինի երկար տարիներ: Ի վերջո, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չէր կարող պարզապես խույս տալ բժշկական փաստից:

Այնպես որ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը դեռևս չի կարողանում Հայաստան գալ չվերթների բացակայության և միջպետական փակ սահմանների պատճառով: Բայց նրա խոսքով` ուշադիր հետևում է Հայաստանի հավաքականի թեկնածուների ելույթներին:

Իսկ թեկնածուներից առայժմ աչքի են ընկնում նրանք, որոնք հանդես են գալիս մի քանի օր առաջ վերսկսված Հայաստանի առաջնությունում, իսկ Կապարոսը հետևում է այդ հանդիպումներին: Անկեղծ ասած` այնքան էլ պարզ չէ, թե ում է ցանկանում գտնել. տեղական ակումբներում պայմանագրային մարզիկներն ավելի շատ են (հիմնականում էկզոտիկ), քան տեղացի խաղացողները: Արդեն քանի տարի է, ինչ խոսվում է այս խնդրի մասին, սակայն անիմաստ:

Սարսափելու համար բավական է նայել Հայաստանի առաջնության ռմբարկուների ցուցակը. մայիսի վերջին այս ցուցակի առաջին վեց տեղերը զբաղեցնում էին օտարերկրացիները, և միայն 7-րդ տեղում Արթուր Միրանյանն էր «Փյունիկից»: Արթուրը 6 գոլ խփեց, մինչդեռ, օրինակ, «Ալաշկերտից» Գուստավո Մարմենտինին` 8 գոլ, չնայած նման շքեղ անունով կարող էր ավելի շատ խփել:

Արթուր Միրանյանն

Իրականում սա շատ տագնապալի ահազանգ է. այո, հայկական ֆուտբոլը հաճախ խնդիրներ է ունեցել լավ դարպասապահների և պաշտպանների բացակայության հետ կապված, սակայն ցանկացած ժամանակ ունեցել ենք ուժեղ հարձակվողներ և կիսապաշտպաններ: Թուրքիայում և Նիդեռլանդներում «պղտոր» պատմություններից հետո Հայաստանի առաջնությունում հաստատված Արազ Օզբիլիզը նույնպես չի կարողանում սկսել գոլ խփել ինչպես հարկն է. մնացած գոլերի հեղինակները սպասում են արտասահմանյան առաջնությունների վերսկսմանը:

Դրա համար է հետաքրքիր, թե ում է փնտրում Կապարոսը: Գուստավո Մարմենտինին քիչ հավանական է, որ հանդես գա Հայաստանի հավաքականի կազմում, եթե միայն նրան քաղաքացիություն չշնորհեն, ինչպես բոլորի կողմից սիրված Մարկոսին:

Կապարոսը այժմ օբյեկտիվ պատճառներով զրկված է լիարժեք գործելու հնարավորությունից: Շատ բան կարող էին տալ մարտի վերջին նախատեսված, բայց չեղյալ հայտարարված ընկերական հանդիպումները Ուզբեկստանի և Ղազախստանի հետ, բայց այժմ ամեն ինչ ծածկված է անհայտության քողի տակ:

Հնարավոր է` այնպես ստացվի, որ եվրոպական թիմերը ստիպված լինեն անմիջապես պաշտոնական հանդիպումներ անցկացնել առանց նախապատրաստվելու: Օրինակ՝ Ազգերի լիգայի շրջանակներում: Իրականում, շատ երկրներում այս մրցաշարը համարվում է ընդամենը երաշխավորված ընկերական հանդիպում և որպես եվրոպական և աշխարհի ընտրություններին պատրաստվելու հնարավորություն: Սակայն հայ ֆուտբոլասեր հանդիսատեսը նման առաջին մրցաշարին բավականին լուրջ վերաբերվեց. այստեղ երկրպագուներին բարկացրեց Ջիբրալթարի տարած` ցանկացած պայմաններում անթույլատրելի հաղթանակը:

Մենք չէ, որ պետք է խորհուրդ տանք Կապարոսին, սակայն իրավունք ունենք որոշ ցանկություններ հայտնելու: Մասնավորապես, ցանկանալի է, որ իսպանացի մասնագետը ուշադրություն դարձնի Հայաստանի հավաքականի հոգեբանությանը, որը հաճախ անբացատրելի «հնարքներ» է օգտագործում. կարող ենք տանուլ տալ Մալթային և Ջիբրալթարին, հետո գերազանց խաղ ցուցադրել Դանիայում և Սլովակիայում, ջախջախել բոսնիացիներին և պատժել Չեռնոգորիային ինքնավստահության համար: Միևնույն ժամանակ, աուտսայդերների` ափսոսանքի արժանի պարտությունները, որպես կանոն, դառնում են ճակատագրական, ինչը, ի վերջո, դժվարացնում է խմբում բարձր տեղ զբաղեցնելը: Անպայման պետք է ինչ-որ բան անել հարազատ առաջնությունում տեղացի խաղացողների թվի համար: Թեև այս հարցը այլևս Կապարոսին չէ ուղղված, բայց իր հեղինակության բարձունքից նա գոնե կարող է հայտարարել այս մասին:

 

Ռուբեն Գյուլմիսարյան