2022 թվականի սեպտեմբերի 19-ին Երևանում մեկնարկեց Ռուս-հայկական իններորդ միջտարածաշրջանային համաժողովը՝ «Ռուս-հայկական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունեց ֆորումի մասնակիցներին՝ նշելով, որ Ռուսաստանը և Հայաստանը տարբեր ոլորտներում համագործակցության մեծ փորձ են կուտակել։
Ֆորումի հայեցակարգը ենթադրում է լիագումար նիստի անցկացում և երկկողմ համագործակցության արդի հարցերի շուրջ թեմատիկ կլոր սեղանների աշխատանք։ Միջոցառման ընթացքում նախատեսվում է դիտարկել թվային օրակարգի, բիզնես համագործակցության, զբոսաշրջության և հումանիտար փոխգործակցության հարցեր։
«Այս տարի մեր երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակը: Կարևոր է, որ անցած ժամանակահատվածում Ռուսաստանը և Հայաստանը կառուցողական համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում մեծ փորձ են կուտակել, իսկ երկկողմ կապերը բերվել են դաշնակցային բարձր մակարդակի», – ասվում է Վլադիմիր Պուտինի հայտարարության մեջ։
Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ չնայած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված ծանր իրավիճակին, երկրի իշխանությունները, այդուհանդերձ, որոշել են չհետաձգել այսօրվա համար նախատեսված աշխատանքները՝ հաշվի առնելով դրանց կարեւորությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար։
Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը կարևոր դեր է խաղում մեր երկրների միջև դաշնակցային ռազմավարական գործընկերության զարգացման գործում՝ նպաստելով երկկողմ համագործակցության ներուժի հետագա ընդլայնմանը: Գաղտնիք չէ, որ ֆորումների նպատակը առևտրատնտեսական, կրթական, գիտական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում նոր կապերի հաստատումն է և արդեն իսկ հաստատված գործընկերային հարաբերությունների վերաիմաստավորումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության համար առաջնահերթ խնդիրներից է տարածքների համաչափ զարգացումը։ Համոզված եմ, որ միջտարածաշրջանային հորիզոնական շփումները հիանալի հնարավորություն են ստեղծում շրջանների գիտակրթական և մշակութային կյանքի զարգացման, ինչպես նաև մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար»։
Փաշինյանը նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ սա արդեն իններորդ ֆորումն է, և միջտարածաշրջանային մակարդակի վրա կապեր ու գործընկերային հարաբերություններ են ձևավորվել, այնուամենայնիվ, կան խնդիրներ, որոնք պետք է տարեցտարի մատնանշվեն և լուծվեն։
«Յուրաքանչյուր տարի ֆորումներն անցկացվում են նոր խորագրերի ներքո, և այս տարի առավել քան արդիական ու հավակնոտ է «Հայ-ռուսական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» խորագիրը։ Մեզ համար խոստումնալից՝ միջտարածաշրջանային մակարդակով կարևոր նախագծերի ակտիվ իրականացումը ուղղված է մեր երկրների ազգային տնտեսությունների հետագա աճի ապահովմանը, համաշխարհային շուկայում նրանց մրցունակության ամրապնդմանը և առաջադեմ տեխնոլոգիաների ներդրմանը» – ասվում է ՀՀ վարչապետի ուղերձում։
Համաժողովին ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ փոխվարչապետ, Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը։ Ֆորումին մասնակցում է նաև «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը։
Օվերչուկի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացումը նախադրյալներ կստեղծի Ռուսաստանից Հայաստան մինչև 5 միլիարդ դոլարի ներդրումների հոսքի համար։
«Վստահ ենք, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, որը նախատեսված է մեր ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններով, նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի տնտեսական զարգացման և այստեղ նոր ներդրումների ներհոսքի համար։ Մեր գնահատականներով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղիների և ավտոճանապարհների բացումը նախադրյալները կստեղծեն մոտ 4.5-5 միլիարդ դոլարի ռուսական ներդրումների ներհոսքի համար», – հայտարարեց ՌԴ փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը պատկերացնում է, թե դրանք ինչ նախագծեր կարող են լինել։ «Երկար ժամանակ է՝ դրանք քննարկում ենք մեր գործարար շրջանակների հետ», – հավելեց Օվերչուկը։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին ընդգծեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը շարունակում է թափ հավաքել, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շնորհիվ։
«Հայաստանը ԵԱՏՄ երկրների հետ առևտրի և համագործակցության կայուն աճի տեմպեր է ցույց տալիս: Ավելին, արդեն իսկ ակնհայտ է, որ մեծապես եվրասիական ինտեգրացիոն նախագծի շնորհիվ մեզ հաջողվել է էապես նվազեցնել համաճարակի կործանարար տնտեսական և սոցիալական հետևանքները», – իր խոսքում նշեց Գրիգորյանը։
Համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև 2022-2027 թվականների հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության գործողությունների ծրագրի ստորագրման արարողությունը, տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։
«Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2022-2027 թվականների միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի իրականացման գործողությունների ծրագիրը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Լիագումար նիստից հետո կլոր սեղանների ձևաչափով շարունակվեցին թեմատիկ քննարկումները՝ «Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը թվային ձևաչափում», «Զբոսաշրջության ներուժի զարգացում», «Հայաստանի մարզերի և Ռուսաստանի Դաշնության շրջանների միջև հումանիտար համագործակցություն» և «Լոգիստիկա, ֆինանսներ և ներդրումներ ժամանակակից պայմաններում»:
Ֆորումն անցկացվում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի սուբյեկտների, երկու երկրների գործարար շրջանակների և կազմակերպությունների միջև գործնական համագործակցության ընդլայնման նպատակով։
Անահիտ Գրիգորյան