Հոկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի այգում տեղի ունեցավ «Look Around» գիտական փառատոնը` նվիրված Հայաստանի միջուկային ոլորտի 55-ամյակին:
Անմիջապես նշենք, որ միջոցառումը ճանաչողական և հետաքրքիր էր ոչ միայն այս միջոցառման հիմնական կազմակերպչի՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի շնորհիվ: Գիտական շոուի գրավչությունը Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներն էին և, թերևս, միջոցառման ամենաակտիվ մասնակիցները` երեխաները: Մեծ հետաքրքրությամբ կարելի էր դիտել, թե ինչ մեծ բավականությամբ էին նրանք այցելում իմպրովիզացված թեմատիկ անվանումներով փողոցներ՝ «Էներգիան և մենք», «Երկուական կոդ», «Մաքուր էներգիա», «Միջուկային բժշկություն», «Ռոբոտաշինություն («Mind Center» զարգացման կենտրոն)», «Հետաքրքրաշարժ քիմիա («Այբ» կրթական հիմնադրամ)» և այլն:
Մեր ապագա սերունդը մեծ ոգևորությամբ մասնակցեց տարբեր վիկտորինաների և ինտելեկտուալ խաղերի: Վառ օրինակ էր «Մոլեկուլյար օղականետ» խաղը: Երեխաները ակտիվորեն փորձում էին օղակներ գցել քիմիական տարրերի համապատասխան անուններով ձողերի մեջ` որոշակի քիմիական բաղադրություն ստանալու համար: Խաղի կեսին մեծահասակ հանդիսատեսը ևս միացավ նրանց:
Փառատոնի հիմնական գաղափարն է՝ մատչելի և հետաքրքիր ձևով ցուցադրել գիտության և ատոմային տեխնոլոգիաների հնարավորությունները: Ի վերջո, ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ է, որ այսօր Հայաստանում զարգանում է ատոմային էներգետիկան, միջուկային բժշկությունը, տիեզերական հետազոտությունները, ՏՏ-ն և շատ այլ ուղղություններ:
Միջոցառմանը հրավիրված էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայկական ԱԷԿ-ի, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ներկայացուցիչներ, գիտնականներ, հետազոտողներ, հայաստանյան մասնագիտացված բուհերի ու դպրոցների ուսուցիչներ, Հայաստանի կրթական կազմակերպություններ, ինչպես նաև դպրոցականներ, ուսանողներ և նրանց ծնողները: Ամեն ինչ այնպես էր մտածված, որ ներկաները որոշ ժամանակ իրենց զգային ապագայի քաղաքում՝ Atom City-ում: Մասնակիցների համար երաշխավորված էր դեպի տիեզերք և ժամանակակից տեխնոլոգիաներ ճանապարհորդությունը…
Միջոցառման ճանաչողական լրացումը դարձավ այսպես կոչված «Երիտասարդացնող խնձորներ» smart-talk-ը Յուրի Սվիրիդենկոյի հետ, ով ղեկավարում է ՀԱԷԿ-ի շահագործումը երկարաձգելու նախագիծը:
Զրույցի սկզբում նա բացատրեց, թե ինչու է ընտրվել «Երիտասարդացնող խնձորներ» անվանումը. «Լինում է, չի լինում, մի ծեր թագավոր է լինում: Մի օր նա որոշում է երիտասարդանալ: Տեղեկանալով, որ ինչ-որ տեղ երիտասարդացնող խնձորներ են աճում, կարգադրում է իր համար դրանցից բերել… Նման պատմություն է նաև հնացած ատոմակայանի դեպքում: Այն երիտասարդացման կարիք ունի»:
Պարոն Սվիրիդենկոն հայկական ԱԷԿ-ը համեմատեց թեյնիկի հետ. սլայդ շոուի և տեսաշարերի ընթացքում, օգտագործելով անհրաժեշտ կենցաղային իրի օրինակը, նա ցույց տվեց, թե ինչպես է աշխատում ՀԱԷԿ-ը.
«Ի՞նչ է ատոմակայանը: Սա թեյնիկ է, որի մեջ ջուր է եռում: Այս թեյնիկի գոլորշին պտտում է օդափոխիչը, իսկ օդափոխիչը պտտում է գեներատորը, որն էլեկտրաէներգիա է արտադրում: Հարցն այն է, թե ինչպիսի՞ թեյնիկ է: Թեյնիկը կարող է տաքացվել ածուխով, գազով, էլեկտրականությամբ: Հայկական ԱԷԿ-ի թեյնիկը բաղկացած է հազարավոր սարքավորումներից` խողովակներ, ավտոմատ համակարգեր և այլն: Իսկ ամենակարևոր մասը կենտրոնում գտնվող հսկա ռեակտորն է: Եվ դա նույն թեյնիկն է, որի մեջ գտնվում է վառելիքը: Երկարատև շահագործումից հետո ռեակտորը ծերանում է և նույն բանն է տեղի ունենում, ինչ թեյնիկի դեպքում՝ ձևավորվում է նստվածք, որը պետք է մաքրել: Համապատասխան ընթացակարգերով նման աշխատանք այս տարի իրականացվել է Հայկական ԱԷԿ-ում. այն երիտասարդացվել է 15 տարով»:
Պատասխանելով մեկ այլ ատոմակայանի կառուցման վերաբերյալ մասնակիցներից մեկի հարցին` պարոն Սվիրիդենկոն նշել է, որ դա հնարավոր է Հայաստանի կառավարության համապատասխան որոշման դեպքում: Ամենաակտիվ մասնակիցներին վերջում նվերներ էին սպասում:
Բացի գիտական շոուի տեսողական հաճույքից, հետաքրքիր էր նաև որոշ մասնակիցների հետ շփումը: Dalma News-ի թղթակցի հետ իր տպավորություններով կիսվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի փոխտնօրեն Արամ Գևորգյանը: Նրա կարծիքով՝ ատոմային էներգետիկան Հայաստանում պետք է զարգանա ոչ միայն հայկական ԱԷԿ-ի արդիականացման միջոցով, այլև միջուկային բժշկության, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում.
«Այս տարվա հունվարի 14-ին Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց մինչև 2040 թ. զարգացնել երկրի էներգետիկան: Շեշտը դրվել է արևային էներգետիկայի զարգացման վրա: Սակայն այս գործընթացում կարող են լինել որոշակի դժվարություններ` կապված էլեկտրաէներգիայի պահպանման հետ: Չէ՞ որ այդ դեպքում մենք օրվա ընթացքում էլեկտրաէներգիա կարտադրենք արևի հաշվին, իսկ գիշերը կօգտագործենք այն: Խնդիրն այն է, թե ինչպես է այդ ժամանակահատվածում պահպանվելու էլեկտրաէներգիան. ի վերջո, այս հարցը լուծված չէ ամբողջ աշխարհում…»:
Իսկ միջոցառման մասնակիցներից մեկի` Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող Գոռ Սարոյանի խոսքով, միջուկային բժշկության լավ մասնագետներից բացի, մեր երկրում պետք է կառուցվեն նաև ռենտգենյան սարքավորումներ արտադրող գործարաններ. «Բժշկության մեջ ռենտգենյան սարքավորումներ օգտագործվում են ոչ միայն ախտորոշման համար: Առանց դրանց հիվանդի բուժման գործընթացն անհնար է: Այս հարցով Հայաստանում մինչ այժմ ամենից շատ հաջողություններ գրանցել է բժշկության ուռուցքաբանական ճյուղը»:
Հասմիկ Բակունց