Հունիսի 1-ից 5-ը Ռուսական արվեստի թանգարանը և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը համատեղ ներկայացնում են Ելենա Ֆրոլովա-Տրուֆանովայի՝ «Հայաստան-Ռուսաստան. ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ» խորագրով լուսանկարների ցուցադրությունը: Նախագծի հեղինակն է «Ռուսաստանի երիտասարդ լուսանկարիչներ» համառուսաստանյան լուսանկարների մրցույթի (2011թ.) եզրափակչի մասնակիցը, որի ստեղծագործությունները ներկայացվել են Պետական Դումայի շենքում, և պատկերվել են բացիկների ու պաստառների վրա: Նախագիծն արդեն 11 տարեկան է: Հերոսները, որոնց թիվն արդեն հատել է 400-ը, տարբեր տարիքի երկվորյակներ են Ռուսաստանից և նախկին խորհրդային հանրապետություններից: Երևանում ցուցադրվելու են հայ և ռուս երկվորյակների դիմանկարներ:

Միջոցառման բացումը տեղի ունեցավ հունիսի 1-ին ժամը 13:00-ին: Ցուցահանդեսի նախօրեին Dalma News-ը զրուցեց նախագծի հեղինակ Ելենա Ֆրոլովա-Տրուֆանովայի հետ:

– Ելենա, մի փոքր պատմեք, թե ինչպես սկսեցիք ձեր քայլերը լուսանկարչության ոլորտում: Եվ կյանքի ո՞ր պահին, առհասարակ, հայտնվեց լուսանկարությունը:

– Ինչպես միշտ, բարդ պահին… Ես անձնական ճգնաժամի մեջ էի: Մտքերս շեղելու համար ես որոշեցի մի բանով զբաղվել: Հետևելով ավագ քրոջս օրինակին, որը Մոսկվայում ավարտել է Լուսանկարչության ակադեմիան, ես էլ այնտեղ ընդունվեցի: Կես տարի սովորեցի և հասկացա, որ դա ինձ այնքան շատ է գրավում, որ ես, թերևս, կցանկանամ շարունակել լուսանկարչությամբ զբաղվել: Շատ տարբեր փորձարկումներ են արել` ստուդիայում նկարահանում, պատվիրված դիմանկարներ, բայց վերջում ես որոշեցի աշխատել նախագծերի վրա: Իմ առաջին նախագիծն էր՝ «Կրկեսի ետնաբեմում», իսկ երկու տարի անց սկսեցի աշխատել «Երկվորյակի» վրա:

-Ինչո՞ւ ուշադրություն դարձրեցիք երկվորյակների վրա:

– Գաղափարն ինքնաբերաբար մտքով անցավ: Ես շատ զարմացա, երբ մետրոյում տեսա երկու մեծահասակ և լրիվ նույն արտաքինով մարդկանց: Դա երկու կանայք էին, որոնք նման էին իրար, ինչպես խնձորը կիսած: Դրանից առաջ ես երբեք չեմ հանդիպել այդքան նման մարդկանց: Եվ ինձ թվաց, որ հետաքրքիր կլինի, եթե ես լուսանկարեմ երկվորյակների, որովհետև բնության այս երևույթը միշտ էլ հետաքրքրել է մարդկանց: Եվ այդպես տարվեցի այդ գաղափարով, որ 11 տարի շարունակ աշխատում եմ այս նախագծի վրա, որը միավորել է ավելի քան 400 զույգ երկվորյակներ տարբեր երկրներից: Իսկ երեք տարի առաջ ես ինքս ունեցա զույգ աղջիկներ՝ Լիզան և Վարյան:

Լիզա և Վարյա

– Ինչո՞ւ են ձեր լուսանկարները ավելի միագույն, քան գունավոր:

– Ի դեպ, հիմա անցել եմ գույնի… Քանի որ արդեն ունեմ լավ տեսախցիկ, որը թույլ է տալիս աշխատել գույնի հետ: Ես աշխատում էի սև ու սպիտակ ժապավենով, քանի որ սիրում էի ընդգծել հակադրությունները, և դա ինձ տալիս էր ինքնավստահության լիարժեք զգացում. երբ պետք չէ շեղվել գույնի վրա, այլ կենտրոնանալ լույսի և սյուժեի վրա, կարելի է շատ յուրօրինակ մթնոլորտով լուսանկարներ ստանալ: Բայց ես կարծում եմ, որ քիչ մարդիկ են կարողանում գույնով աշխատել, և գուցե հիմա ինձ մոտ ամեն ինչ չէ, որ ստացվում է, սակայն ես ավելի լավ սկսեցի զգալ գույնը: Ես չգիտեմ, թե ինչն է կոնկրետ ազդել, գուցե տարիքը կամ կուտակված տեսողական ներքին գիտելիքը կամ էլ ես թևակոխեցի հաջորդ փուլ: Չգիտեմ… Բայց հիմա ես ավելի շատ եմ լուսանկարում գույնով: Եվ նույնիսկ ցուցահանդեսում, համաձայն գաղափարի, կներկայացվի սև ու սպիտակ լուսանկարներ ամբողջ շարք, և միայն նրանցից մեկը կլինի գունավոր՝ ի նշան իմ կողմից դեպի գույն անցմանը:

– Դուք շատ եք աշխատում երեխաների հետ: Ո՞ւմ հետ է ավելի հեշտ՝ մեծահասակների՞, թե՞ երեխաների հետ:

– Ավելի հեշտ է աշխատել մեծահասակների հետ, բայց ավելի հետաքրքիր է՝ երեխաների հետ: Մեծահասակները կարող են կանգնել այնպես, ինչպես պետք է, անշարժանալ, փակել կամ բացել աչքերը, նայել այս կամ այն ուղղությամբ, մի փոքր դիմանալ, եթե դա անհրաժեշտ է արդյունքի համար: Երեխաները երբեք դա չեն անի: Իմ երեխաներից միայն Լիզան կարող է մի բան անել, եթե ես շատ խնդրեմ. հավանաբար, նա լուսանկարներում իրեն ներկայացնելու բնատուր զգացում ունի: Բայց երեխաների հետ ավելի բնական հույզերով կադրեր են ստացվում… Այդ լուսանկարներն ավելի կենդանի են, այսպես ասած՝ ավելի իրական են, որտեղ երևում է մարդու իսկական հոգեվիճակը: Իսկ մեծահասակ կարող է հորինել և ձևացնել այդ հոգեվիճակը կամ հատուկ վերապրել այն…

– Ինչպե՞ս հայտնվեցիք Հայաստանում և ինչո՞ւ մնացիք:

– Ես այստեղ եկա աշխատանքի բերումով: Շնորհիվ կինոյում իմ աշխատանքի, ես ծանոթացա, թերևս, առավել մեծ թվով հետաքրքիր ստեղծագործողների հետ: Եվ ինչ-ինչ պատճառներով ես չուզեցա նրանցից բաժանվել, և մնացի այստեղ: Հայաստանում ավելի շատ ջերմություն եմ զգացել, քան իմ սիրելի, բայց զգացմունքային առումով՝ ցուրտ Մոսկվայում: Եվ ես չեմ ափսոսում, որ իմ երեխաներն այստեղ են ծնվել: Հավանաբար, նրանք հենց այստեղ էին ինձ սպասում:

– Ի՞նչ տեսք ունի իդեալական Հայաստանը ձեզ համար:

– Այն ինձ համար հիմա էլ կատարյալ է: Ես չեմ դիտարկում քաղաքական տեսանկյունից, որն ազդում է ցանկացած մարդու վրա, քանի որ տան մոտ թափված աղբը ևս քաղաքականություն է: Եթե խոսենք կյանքի հիմնական կողմերից, որոնք կարևոր են ցանկացած մարդու համար, ապա դա ջուրն է, հացը, մարդիկ, անվտանգությունը, որը շատերի համար ամենակարևորն է: Հայաստան ժամանող զբոսաշրջիկները նշում են, թե ինչքան անվտանգ է այստեղ, կարելի է քայլել փողոցում օրվա ցանկացած ժամի: Բացի այդ, Հայաստանը հոգատար վերաբերմունք ունի երեխաների հանդեպ, ինչը նույնպես շատ կարևոր է ինձ համար:

– Ի՞նչ է մեզ սպասվում «Հայաստան-Ռուսաստան.ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ» ցուցահանդեսին:

– «Հայաստան-Ռուսաստան.ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ» ցուցահանդեսը Ռուսական արվեստի թանգարանի նախաձեռնությունն է, որը, կարելի է ասել, առաջին անգամ է ինձ հետ տեղի ունեցել Հայաստանում: Նախորդ ցուցահանդեսները իմ անձնական նախաձեռնության արդյունքն էին: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, թանգարանը՝ ի դեմս տնօրեն Մարինե Մկրտչյանի, որոշեց ցուցադրել երկվորյակ երեխաների դիմանկարներ, որոնք նկարահանվել են Ռուսաստանում և Հայաստանում: Գաղափարը աջակցություն է ստացել Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից: Ցուցահանդեսը հետաքրքիր է երկրների միջև լուսանկարչական նախագծի մակարդակով երկխոսության շրջանակում, որտեղ մենք կտեսնենք ռուս և հայ ժամանակակից անհատների դեմքերը: Ցուցահանդեսում կներկայացվի 20 դիմանկար: Կլինի համերգային ծրագիր, որում ելույթ կունենա «HAY LAO» դուետը` ի դեմս երկվորյակներ Տիգրանի և Վարդանի, որոնք նույնպես իմ ծրագրի հերոսներն են և հաճախ են աջակցում ինձ տարբեր միջոցառումների ժամանակ: Եվ, իհարկե, ներկա կլինեն իմ լուսանկարների մյուս հայաստանաբնակ հերոսները: Իսկ երեխաների համար կներկայացվի մանկական ծրագիր, որը կազմակերպվել է թանգարանի կողմից:

 

Զրուցեց Ելենա Շուվայեվա-Պետրոսյանը