Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում մշակութային սեզոնի բացումը նշանավորվեց 60-ականների նկարիչների վառ ներկայացուցիչներից երկուսի` Գայանե Խաչատրյանի և Մարտին Պետրոսյանի նկարների ցուցահանդեսով: Հայաստանի մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հրաշալի հնարավորություն ունեին ծանոթանալու նկարիչ-կոլեկցիոներ Ներսես Մելիքյանի անձնական հավաքածուի մեջ տեղ գտած գրաֆիկական աշխատանքների հետ:

15
Ներսես Մելիքյան

Պարոն Մելիքյանն իր համառոտ ողջույնի խոսքի ժամանակ նշեց, որ այս ցուցահանդեսը յուրատեսակ կոչ է բոլոր կոլեկցիոներներին` հաճախ հանրությանը ներկայացնել իրենց հավաքածուները, չէ որ իսկական արվեստին ծանոթանալու հնարավորություն պետք է ունենան ոչ միայն ծանոթների նեղ շրջանակն, այլև շարքային քաղաքացիները:

«Նկարներ հավաքել ես սկսեցի Հենրիխ Իգիթյանի (հայ արվեստաբան, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ` խմբ.) խորհրդով` 2000թ-ին: Մինչ այդ անգամ չէի կարող պատկերացնել, որ երբևէ այնքան մեծ հավաքածու կունենամ, որ հետագայում կկարողանամ նկարներ տրամադրել անձնական ցուցահանդեսներ անցկացնելու համար: Հիմա իմ հավաքածուն ներառում է ավելի քան 1000 նկար, որոնց մեջ են Գայանե Խաչատրյանի, Մարտին Պետրոսյանի, Մինաս Ավետիսյանի գործերը: Նաև կան ժամանակակից նկարիչների` իմ ընկերների, շատ աշխատանքներ: Իսկ Գայանեի հետ ես ծանոթ էի շատ ավելի վաղ, քան սկսեցի ձեռք բերել նրա նկարները` ինչպես անձամբ իրենից, այնպես էլ, հետագայում, տարբեր կոլեկցիոներներից»:

Գայանե Խաչատրյանի արվեստով ժամանակին հիանում էին համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորներ Սերգեյ Փարաջանովը, ով նրան համարում էր 20-րդ դարի հայտնի նկարիչ և Անդրեյ Տարկովսկին: Գրող, արվեստաբան Թելման Զուրաբյանը նրա մասին գրել է`

Փայլուն: Այլ կերպ չես անվանի այն նկարչուհուն, ով ստեղծել է այս հրաշքը` լուսավորության, փայլի աշխարհը: Որտեղ ամեն ինչ անսովոր է և միևնույն ժամանակ` սովորական: Եվ հանճարեղությունը նկարի բովանդակության մեջ չէ, շքեղությունը և փայլազարդությունը ատելի են նրան, այլ հենց իր տաղանդի, ամենասովորական, ամենօրյա տեսարանը թատրոն դարձնելու նրա հմտության մեջ

Մարտին Պետրոսյանի մասին հնչեցին ոչ պակաս հաճելի կարծիքներ: Հայ գրող, փիլիսոփա, մշակութաբան, ազգագրագետ, կինոսցենարիստ Ռուբեն Անգալադյանը բնութագրում է Մարտին Պետրոսյանի արվեստը`

Նրա արվեստը հստակորեն արտացոլում է նրա բարդ ճակատագրի բոլոր հանգույցները, նրա արվեստն իր սերնդի հոգեբանության կվինտեսենցիաներից մեկն է: Նա սուր և մանրակրկիտ հետազոտության է ենթարկում մարդու էությունը, նրա հոգեբանական և աշխարհընկալողական փնտրտուքները և գտնում է իր` շատ բարդ և լուրջ վերլուծություն պահանջող փաստարկները

Ցուցահանդեսի հյուրերի թվում էր նաև նկարիչ Մայիս Մխիթարյանը, ով անձամբ ճանաչել և բարեկամություն է արել Գայանե Խաչատրյանի հետ, դեռևս Թբիլիսիում ապրած տարիներին: Dalma News-ի հետ զրույցում նա պատմեց, որ նկարչուհու ներշնչանքի աղբյուրը միշտ եղել Թբիլիսին`հոգեպես հարազատ և մտերիմ քաղաք Գայանեի համար: «Ես ընկերություն էի անում Գայանեի հետ, երբ դեռ ապրում էի Թբիլիսիում: Հիշում եմ, երբ Հենրիխ Իգիթյանը առաջարկեց նրան տեղափոխվել Երևան, նա հենց այդ ժամանակ պետք է բնակարան ստանար Թբիլիսիում: Գայանեն երկար ժամանակ տարակուսում էր: Նրան անհանգստացնում էր հարցը` արդյոք բնակության վայրը փոխելով, նա կարող է ստեղծագործել, ինչպես առաջ: Նրան թվում էր, որ Երևան տեղափոխվելով, նրա գեղանկարչությունը լրիվ այլ կդառնա: Եվ նա մնաց:

10
Մայիս Մխիթարյան

Հիմա ես, որպես նկարիչ, անձնական փորձից գիտեմ, որ փոխվում է ամեն ինչ: Պարզապես պետք է հասկանալ, որ կան տեղին չկապված նկարիչներ, նրանց համար միևնույնն է որտեղ կապրեն, նրանք միևնույնն է իրենց աշխարհում կլինեն: Իսկ կան այլ տեսակի, ում համար շատ կարևոր և ճակատագրական է այն վայրը, որտեղ ծնվել են և սկսել իրենց մշակութային ուղին: Գայանեն հենց այդպիսին էր: Այնպես որ` նա ճիշտ վարվեց, որ չտեղափոխվեց: Չէ որ նա «Քայլող Թբիլիսի» էր: Դա նրա աշխարհն էր և նա ապրում էր դրանով, սնվելով թբիլիսյան կյանքով, օդով, էներգետիկայով, Քուռով, շփմամբ»:

 

Գայանե Խաչատրյանը ծնվել է 1942թ-ին և ողջ կյանքը ապրել է Թբիլիսիում: Նա ստեղծել է շուրջ 700 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ: Նրա նկարները մշտական ցուցադրվում են Հայաստանի Ազգային Պատկերասրահում, ինչպես նաև բազմաթիվ անձնական հավաքածուներում` ողջ աշխարհով մեկ: Մահից մեկ տարի առաջ Գայանեն իր համաձայնությունն է տալիս կոլեկցիոներ Վալերիյ Խանուկաևին` բացելու իր անվան ֆոնդ: Ֆոնդի հիմնական գործառույթն է ցուցահանդեսների անցկացումը, գեղարնկարչական նյութերի հավաքագրում, արխիվի ստեղծում, նկարչուհու արվեստի և նկարչական ժառանգության ուսումնասիրությունը:

Գայանե Խաչատրյանի ցուցահանդեսները բազմիցս կազմակերպվել են աշխարհի տաբեր երկրներում, սակայն, Երևանում եղել են միայն չորսը: Առաջինը ոչ պաշտոնական էր, որը կազմակերպվել է 1967թ-ին` Սերգեյ Փարաջանովի և Հենրիխ Իգիթյանի աջակցությամբ, իսկ 2010-ին` արդեն Գայանեի մահից հետո, Հայաստանի Ազգային Պատկերասրահում կայացավ նրա վերջին ցուցահանդեսը` կազմակերպված Գայանե Խաչատրյանի Միջազգային Ֆոնդի կողմից:


Մարտին Պետրոսյանը այդ սերնդի միակ ներկայացուցիչն է մեր օրերում: Նա ծնվել է 1933թ.-ին Ծաղկադենում (Հայաստան), իսկ 1936թ.-ին տեղափոխվել է Բաքու իր ընտանիքի հետ, որտեղ էլ անցել է նրա մանկությունը: 1953թ.-ին վերադարրձել է Հայաստան և ընդունվել Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Նրա անձնական ցուցահանդեսներ են անցել Երևանում, Մոսկվայում, Փարիզում, Լոս Անջելեսում: 1976թ-ին Մարտին Պետրոսյանը արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման:

Այսօր նրա աշխատանքները ներկայացված են Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում, Ազգային պատկերասրահում, Մոսկվայի արևելքի ժողովուրդների թանգարանում, Տրետյակովյան պատկերասրահում, Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում, Նկարիչների միության և Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդերում, ինչպես նաև բազմաթիվ մասնավոր հավաքածուներում` ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Վերջին տարիներին Մարտին Պետրոսյանը ապրում է Կանադայում:

Ավելացնենք, որ ցուցահանդեսը բաց կլինի միչև փետրվարի 26-ը:

Պատրաստեց Արմինե Ահարոնյանը

Լուսանկարները` Lina Levine