Թեպետ ապրիլին կայացած Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների համեմատությամբ մայիսին կայանալիք Ավագանու խորհրդի ու Երևանի քաղաքապետի ընտրությունները առավել կանխատեսելի են թվում, որոշ խանդավառություններ այնուամենայնիվ լինում են:
300 թեկնածու՝ 65 աթոռի համար
Երևանի Ավագանու ընտրություններին մասնակցում են իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), ընդդիմադիր «Ելք» բլոկն ու ընդդիմադիր «Երկիր ծիրանի» կուսակցությունը:
Մայրաքաղաքը «նվաճելու» համար կուսակցություններին ընդամենը հարկավոր է հավաքել ձայների 6 %-ը, իսկ բլոկներին՝ 8 %-ը: Ընդհանուր առմամբ՝ 65 տեղի համար պայքար են մղելու 300 թեկնածուներ:
Հանուն բոլորի, ինչու չէ, նաև մեր մտքի հանգստության, բոլոր երևանցիների վաղվա օրվա բարօրության համար քրտինք թափել ցանկացողներին մենք չենք թվարկի: Միայն նշենք, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը ղեկավարում է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք» բլոկինը՝ թեկնածու Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր ծիրանիինը»՝ նրա հիմնադիր Զարուհի Փոստանջյանը:
Ընդ որում, եթե կուսակցությունը կամ բլոկը հավաքի ձայների 50 %-ից ավելին, ապա ցուցակի առաջին համարը մեքենայաբար կդառնա քաղաքապետ՝ 5 տարի ժամկետով:
Խոստանալիս՝ ոսկե սարեր…
Ամերիկացի հռչակավոր գրող Էռնեստ Հեմինգուեյն ասել է, որ սթափ վիճակում հարկավոր է կյանքի կոչել խմած ժամանակ տված բոլոր խոստումները, դա կօգնի լեզուն ատամների ետևը պահելուն: Բայց քաղաքապետի թեկնածուները, որոնք սթափից էլ սթափ են, ասես ցնորված լինեն: Նախընտրական քարոզարշավից արբած՝ քիչ են մնում նույնիսկ ոսկե սարեր խոստանան:
Այսպես, «Երկիր ծիրանին» հայտնել է «քաղաքին արև», այսինքն մարդկային ջերմություն տալու իր պատրաստակամության մասին: Ու թեպետ պարզ է, թե խոսքն ինչ ջերմության մասին է, բայց չգիտես ինչու գաղափարը մի փոքր տագնապեցնում է, միանգամից հիշում ես վամպիրների պատմությունները: Իսկ եթե ավելի լուրջ, ապա հայերի ամենասիրած մրգի՝ ծիրանի անունը կրող կուսակցությունը հաղթանակի դեպքում խոստանում է տուրք տալ քաղաքաշինությանը, բարելավել փողոցային լուսավորվածությունը, հավաքել քաղաքի աղբը, ստեղծել «կանաչ գոտիներ», քաղաքին վերադարձնել տրամվայներն ու հիմնել հեծանվաուղիներ: Բայց նրանց գլխավոր առաջադրանքը հանրապետականներից իշխանությունը խլելն ու մայրաքաղաքը ղեկավարելն է:
Իսկ ահա ՀՀԿ-ն խոստանում է ստեղծել մեր երազների քաղաքը՝ զարգացած, կանաչապատ: Այստեղ էլ, ահա, անմիջապես մարդու մոտ հարց է ծագում՝ ինչո՞ւ այսքան տարի Տարոն Մարգարյանը այդ «երազն» իրականացնել չկարողացավ: Պարզվում է՝ շինարարություն արդեն կա: Այլ հարց է, եթե դա շատերը չեն նկատում կամ չեն ուզում նկատել: Ամեն դեպքում Տարոն Մարգարյանի թիմը խնդրում է գործն իր տրամաբանական ավարտին հասցնելու հնարավորություն տան:
«Ելք» բլոկը խոստանում է հեշտացնել քաղաքացիների կյանքը՝ վերանորոգել շենքերի տանիքները, փոխել վերելակները, լուծել տրանսպորտի, մանկական խաղահրապարակների խնդիրները և այլն: Ամեն բան շատ երկրային է, բայց պետք է նկատել, որ առաջին հայացքից լավ տնտեսվարի մոտեցում է:
27 տարվա ընթացքում 11 քաղաքապետ
Քանի դեռ ընտրազանգվածը կողմնորոշվում է իր ընտրության հարցում, մենք մտովի ետ գնանք ու հիշենք վերջին 27 տարվա ընթացքում ունեցած մեր 11 քաղաքապետներին: Ի դեպ, ժամանակի միջով կատարած այդ «ճանապարհորդությունը» բավական գրավիչ եղավ:
Ինչպես պատժեցին Լենինին
Ետխորհրդային առաջին քաղաքապետը պատմաբան-ազգագետ, պատմական գիտությունների թեկնածու, Ղարաբաղյան շարժման մասնակից, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանն էր: Քաղաքապետի պաշտոնը նա զբաղեցրել է 1990-92 թթ.:
Համբարձում Գալստյանի իշխանության օրոք Հանրապետության հրապարակից հանվեց ու հեռացվեց Լենինի հուշարձանը, քանի որ նրա կարծիքով՝ հենց ռուսական հեղափոխության հայրն էր մեղավոր Նախիջևանն ու Ղարաբաղը Ադրբեջանին տալու հարցում:
1992թ. Գալստյանը հրաժարականի դիմում ներկայացրեց՝ հանրապետության ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Այդ ժամանակ ժողովրդի մեջ բանբասանքներ տարածվեցին, թե իբր նա ընդհանրապես վառելիք չունեցող Երևանի համար Ուկրաինայից ածուխ էր բերում, ինչը դուր չէր գալիս նրանց, ովքեր ներկրում ու վաճառում էին բոլորովին այլ վառելիք:
1994թ. դեկտեմբերի 17-ին Հ. Գալստյանին սպանեցին: Այդ սպանությունը մինչև օրս մնում է չբացահայտված:
Հատկանշական է, որ հենց Համբարձում Գալստյանի գերեզմանին են գրված Թոմաս Կարլեյլյաի խոսքերը. «Հեղափոխությունը մտմտում են ռոմանտիկները, իրականացնում ֆանատիկները, իսկ նրա պտուղները հավաքում են սրիկաները»:
Ավելի լավ ասել հնարավոր չէր:
Պատերազմ, ցուրտ ու մութ տարիներ
Երևանի երկրորդ քաղաքապետը տնտեսագետ Վահան Խաչատրյանն էր, քաղաքապետի պաշտոնը նա զբաղեցրեց 1992-96թթ.: 1996թ. Երևանի կարգավիճակի հետ կապված ՀՀ Սահմանադրական փոփոխություններից ելնելով՝ Խաչատրյանը լքեց քաղաքապետի պաշտոնը: Նրան հաջորդեց Աշոտ Միրզոյանը, ով մայրաքաղաքը ղեկավարեց մեկ տարուց էլ պակաս:
Ծանր տարիներ էին: Մայրաքաղաքը կաթվածահար էր: Ժողովուրդը գոյատևում էր պատերազմի, սովի ու ցրտի մեջ:
Փախուստի մեջ գտնվողը
Բանասեր, լրագրող, «Ժողովուրդների բարեկամության» պատվո ասպետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրեց 1996-98թթ.: Կերպարը հակասական է: Չնայած իր ունեցած գրական տաղանդը նա բարձր էր գնահատում ու համոզված էր, որ ոչ բոլորն են ի վիճակի հասկանալ իր ստեղծագործությունը: Ցավոք, համաշխարհային ճանաչում նրան բերեց ոչ թե գրականությունը, այլ Ինտերպոլի միջազգային հետախուզումը:
Ու թեպետ Սիրադեղյանը գտնվում է փախուստի մեջ, նա ժամանակ առ ժամանակ իր «սիրելի ժողովրդին» ավետիս է ուղարկում այն մասին, որ ինքը ողջ ու առողջ է, ինչն էլ կամենում է նրանց:
Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 10 հոդվածներով: Նա հատկապես մեղադրվում է այն բանում, որ լինելով Ներքին գործերի նախարար, 1992թ. ամռանը կազմակերպել է զինված հանցավոր խումբ՝ առանձին քաղաքացիների ու պաշտոնատար անձանց սպանություններ իրականացնելու նպատակով: Նրան վերագրվող բոլոր հանցագործությունները կատարվել են Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք:
Հինգ տարվա երեք քաղաքապետները
1998-2003թթ. Սուրեն Աբրահամյանը, Ալբերտ Բազեյանն ու Ռոբերտ Նազարյանը զբաղեցրել են մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը: Աստիճանաբար կյանքն ընկնում է հունի մեջ: Բիզնեսներն էլ: 2000թ. քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի առաջարկով ու Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի որոշմամբ Երևանի պատմական ու մշակութային հուշարձանների ցուցակը համարվում է անվավեր: Իսկ արդեն 2001թ. սկսվում է Երևանի Հյուսիսային պողոտայի շինարարությունը: Առջևում մեզ շինարարական բում էր սպասվում…
Ճարտարապետական ժառանգության ոչնչացումը
Տնտեսական գիտությունների թեկնածու Երվանդ Զախարյանը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2003թ.-ից մինչև 2009թ. մարտը: Մայրաքաղաքն ինտենսիվ կառուցապատվում էր, ինչը հանգիստ կարելի է բնութագրել այսպես՝ անկարգություններ առանց հսկողության: Հատկապես տուժեց քաղաքի կենտրոնը:
Հողին հավասարեցրին Իտալական փողոցի վրա գտնվող Դումայի շենքը, «Սևան» հյուրանոցն ու Երևանի ճարտարապետական ժառանգությունից մնացած էլի շատ ու շատ շենքեր: 2006թ. ընկավ Երևանի խորհրդանիշներից մեկը՝ Երիտասարդական պալատը («Կուկուրուզնիկ»): Ցավոք երևանցիները «Կուկուրուզնիկը» հանձնեցին առանց պայքարի, ոչ-ոքի մտքով անգամ չանցավ, որ կարելի է դուրս գալ ի պաշտպանություն նրա: Իսկ գիտակցումը, որ քաղաքը կորցրեց իր ամենակարևոր հուշարձաններից մեկը, եկավ բավական ուշ:
Պետք է նշենք, որ Հյուսիսային պողոտայի շինարարությունը ուղեկցվեց քաղաքի կենտրոնի բնակիչների բողոքի բազմաթիվ ակցիաներով: Դրանք հիմնականում այն բնակիչներն էին, որոնց բռնի ուժով հանեցին իրենց բնակարաններից: Վերջիններս դժգոհ էին փոխհատուցման գումարից, ու պնդում էին, որ իրենց ուղղակի խաբել են: Այսպես, թե այնպես, քաղաքի Հյուսիսային պողոտայի բացումն արվեց Երվանդ Զախարյանի օրոք:
Տաքարյուն քաղաքապետը
Տնտեսագետ, սոցիալական գիտությունների թեկնածու Գագիկ Բեգլարյանը (Черный Гаго) քաղաքապետի պաշտոնը զբաղեցրեց 2009-2010 թթ.: Երևանցիների մոտ նա հատկապես տպավորվել է իր աղմկոտ հրաժարականով: Համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ Պլասիդո Դոմինգոյի՝ Երևանում ունեցած համերգի օրը Գագիկ Բեգլարյանը կարող է սևով ընդգծել իր կենսագրությունում: Այդ օրը նա ծեծկռտուք ունեցավ երկրի նախագահի աշխատակազմի արարողակարգային վարչության պետի տեղակալ Արամ Կանդայանի հետ: Ծեծկռտուքի պատճառը վերոնշված համերգի… աթոռներին էին, հանդիսատեսի տեղը: Բեգլարյանը որոշեց հաշվեհարդար տեսնել Կանդայանի հետ այն բանից հետո, երբ վարչության պետի տեղակալը անզգույշ դիտողություն արեց քաղաքապետի տիկնոջը:
Անվճար մանկապարտեզներ
Տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, Հայաստանի գործող վարչապետ Կարեն Կարապետյանը երկրի գլխավոր քաղաքի ղեկավար է եղել է 2010-11թթ.: Պետք է նրան արժանվույնը մատուցել՝ մեկ տարվա կառավարման ընթացքում նա երկու առանցքային որոշում կայացրեց: 2011թ. հունվարին արգելեց փողոցային առևտուրը՝ առաջարկելով առևտրականներին աշխատել շուկաներում, իսկ 2011թ. մարտին հայոց մայրաքաղաքի քաղաքապետն ու Ավագանիների խորհուրդը որոշում ընդունեցին անվճար դարձնել քաղաքապետարանի իրավասության տակ գտնվող ավելի քան 160 մանկապարտեզներ: Ընդ որում Կարապետյանը բացատրեց, որ մայրաքաղաքի քաղաքապետարանն այդ բարդ քայլին գնալիս՝ հաշվի է առել խնդրի սոցիալական կողմը, ինչպես նաև մանկապարտեզներ այցելող երեխաների թվի աճի կանխատեսումը:
2011թ. հոկտեմբերի 28-ին անձնական բնույթի պատճառներով նա հրաժարական տվեց: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Կարապետյանը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ նրան առաջարկվել է բարձր պաշտոն ռուսական «Ռոսգազպրոմ» ընկերությունում:
Հանրապետական քաղաքապետը
Ագրարային Տարոն Մարգարյանը Երևանի 11-րդ ու գործող քաղաքապետն է: Քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է սկսած 2011թ.-ից: Ու թեպետ Մարգարյանն այդ պաշտոնը զբաղեցնում է արդեն 6 տարի, նա երևանցիների կողմից ընդունվում է ավելի շուտ ոչ թե լիդեր, կամ այսպես ասած՝ քաղաքի տանուտեր՝ դրական իմաստով, այլ որպես ՀՀԿ անդամ, ով պարզապես կատարում է քաղաքապետի պարտականությունները:
Օբյեկտիվ լինելու համար պետք է ասենք, որ մի շարք լավ գործեր էլ են կատարվել: Կառուցվել կամ վերականգնվել են սպորտային ու գեղարվեստական դպրոցներ, վերանորոգվել են գրադարաններ, դպրոցներում ու մանկապարտեզներում վերականգնվել են ջեռուցման համակարգերը և այլն:
Ցավոք, այդ ամենի հետ մեկտեղ Տարոն Մարգարյանին չհաջողվեց լուծել քաղաքի ճարտարապետական բնույթի խնդիրները, հատկապես մի շարք հին շինությունների փլուզումը կանխել նրան չհաջողվեց:
Ո՞վ է լինելու 12-րդը…
Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ մայիսի 14-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ երևանցիների 61.2%-ը պատրաստ է իր ձայնը տալու Տարոն Մարգարյանին, Նիկոլ Փաշինյանին՝ 11.5%-ը, իսկ Զարուհի Փոստանջյանին՝ 3.9%-ը: Գուցեև 60 չէ, բայց ձայների 50 %-ը գործող քաղաքապետը կհավաքի, քանի որ, որքան էլ խոսեն ազնվության, թափանցիկության ու մրցակցության մասին, միևնույն է նկատվում է ինչպես քաղաքա-կուսակցական մոբիլիզացում, այնպես էլ գործընթացի մեջ ադմինիստրատիվ ռեսուրսի ներգրավում:
Թե որքան ձայն կհավաքի իշխող կուսակցությունը գործող քաղաքապետի գլխավորությամբ, կդիմանան «ելքցիները» երկրորդ տեղում, թե ոչ, կհաղթահարի արդյոք «Երկիր ծիրանին» անցումային շեմը, ոչ-ոք չգիտի: Ինչպես ցույց է տալիս փորձը, իշխանական կուսակցության արդյունքը անմիջականորեն կախված է նախընտրական քարոզարշավի սցենարից: Իսկ քարոզարշավն իներտ սցենարով չի ընթանում: Սա նախընտրական մի վառ քարոզարշավ է, որն ավելի նման է ռեալթի-շոուի՝ հեծանվավազքեր, համերգներ և այլն…
Միխոսքով՝ անակնկալներ, որքան ասես…
Պատրաստեց Ժաննա Գրիգորյանը