Կիրակի օրը մայրաքաղաքի բնակիչներն ընտրեցին Երևանի ավագանի։ Ըստ էության՝ նոր քաղաքապետ: Սակայն քաղաքապետ այդպես էլ չընտրվեց, և, ըստ երևույթին, դեռ շատ ջրեր են հոսելու, քանի դեռ Երևանը չի կարողանում քաղաքապետ ընտրել։

Սակայն ամեն բան հերթով:

Այս ընտրությունները դեռ երկար կհիշվեն։ Նախ՝ անկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել ընտրողների այսքան ցածր մասնակցությամբ ընտրական գործընթաց՝ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 824,250 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցեց ընդամենը 234,553 մարդ, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 28,46%-ը։ Այսպիսով, մայրաքաղաքի 600 հազար բնակիչ պարզապես չգնաց քվեարկելու ապագա քաղաքապետի օգտին։

Ո՞րն է պատճառը: Միևնո՞ւյնն է: Հետաքրքիր չէ՞: Կարծում էին, որ արդյունքը կանխորոշվա՞ծ ​​է: Չէ՞ին հավատում թեկնածուներին: Համարձակվենք ենթադրել, որ այս ամենը միասին:

Այսպիսով, ըստ հրապարակված տվյալների, շեմը հաղթահարել են 4 կուսակցություն և մեկ դաշինք։ Նոր ձևավորված ավագանու կազմում կընդգրկվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Տիգրան Ավինյան)՝ 32,57 տոկոս, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (Հայկ Մարության)՝ 18,89 տոկոս, «Մայր Հայաստան» դաշինքը (Անդրանիկ Թևանյան)՝ 15,43 տոկոս, «Հանրապետություն» կուսակցությունը (Արտակ Զեյնալյան)՝ 11,32 տոկոս և «Հանրային ձայն» կուսակցությունը (Արտակ Գալստյան, ով անազատության մեջ է գտնվում)՝ 9,68 տոկոս։ Կուսակցություններից ոչ մեկին չի հաջողվել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն։ Հետևաբար, նորընտիր ավագանու նիստում քաղաքապետ կարող է ընտրվել միայն կոալիցիոն համաձայնագրի արդյունքում։

Ընտրությունների գլխավոր անակնկալը

Բոլորի համար անսպասելի էր, որ արտերկրում բնակվող Վարդան Ղուկասյանի կուսակցությունը, ով սիրում է ուղիղ եթերում հայհոյել ու լուրջ մեղադրանքներ հնչեցնել իշխանությունների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին, ընդգրկվեց ավագանիում։ Կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն մի քանի ամիս անազատության մեջ է շորթման և փողերի լվացման մեղադրանքով, որը նախընտրական քարոզարշավ չի իրականացրել մայրաքաղաքում, իսկ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանն ընդհանրապես ներկայացված չէ ցուցակում, ավելի շատ ձայներ է ստացել, քան այն քաղաքական ուժերը, որոնք դեռ վաղուց՝ մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը զբաղված էին քարոզչությամբ բոլոր հնարավոր հարթակներում։ Եվ այժմ Վարդան Ղուկասյանն իր պայմաններն է թելադրում ընդդիմադիր ուժերին, որոնք կանգնած են լուրջ ընտրության առաջ՝ կա՛մ երկարաժամկետ քաղաքական կարիերայի սկիզբ, կա՛մ իրենց ավարտի սկիզբ։

Հայկ Մարության. ո՞վ է նա

Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ակնհայտ դարձավ, որ այժմ շատ բան կախված է նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Հայկ Մարությանից, քանի որ հավաքած ձայներով նա է հաջորդում Տիգրան Ավինյանին։ Եվ քանի որ իշխանության թեկնածուն չունի 50+1 ձայն, օդում կախված է մնում այն հարցը, թե արդյո՞ք ընդդիմությունը կմիավորվի և «կգրավի» Երևանը։ Եվ ի՞նչ կորոշի Մարությանը` վերցնե՞լ Երևանը Նիկոլ Փաշինյանից, թե՞ ընդհակառակը, խոչընդոտել ընդդիմությանը, որն իսկապես մայրաքաղաքում իշխանափոխության հնարավորություն ունի։

Պարզվեց, որ Հայկ Մարությանի դեպքում ամեն բան այնքան էլ պարզ չէ, որքան թվում էր սկզբում, երբ վերջինս հայտարարեց, որ բացառում է համագործակցությունը «Քաղաքացիական պայմանագրի» հետ։ Նույնը նա կրկնեց իր հետընտրական ուղերձում, սակայն կան մի քանի «բայցեր»:

Այսպիսով, Մարությանը ուղերձով հանդես եկավ ընտրողների առաջ՝ ասելով, որ «Ազգային առաջընթացը» հաստատում է նախկինում հնչեցրած դիրքորոշումը՝ բացառելով «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունը։ Նա երկու առաջարկ արեց. քանի որ ընդդիմադիր կուսակցություններից «Ազգային առաջընթացը» ստացել է ամենաշատ ձայները, մնացած ընդդիմադիր կուսակցությունները, առանց կոալիցիոն համաձայնագրերի կամ պահանջների, պետք է պաշտպանեն նրա թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում, իսկ իրենք իրենց վերահսկողական գործառույթները իրականացնեն ավագանու շրջանակներում (պատասխան Վարդան Ղուկասյանին) կամ անցկացվում են նոր ընտրություններ, քանի որ կուսակցությունների միջև գաղափարական տարաձայնություններ կան։

Այսպիսով, Մարությանը հայտարարեց, որ չի սատարելու Տիգրան Ավինյանին, բայց նաև չի ցանկանում կոալիցիա այլ ուժերի հետ, ինչը տվյալ դեպքում նույն բանն է նշանակում։

Գլխավոր նպատակը ոչ թե քաղաքապետի աթոռն է, այլ իշխանափոխությունը

Ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդներ Անդրանիկ Թևանյանը և Վարդան Ղուկասյանը արդյունքների հրապարակումից անմիջապես հետո հայտարարեցին, որ չեն համագործակցելու «Քաղաքացիական պայմանագրի» հետ և պատրաստ են բանակցել։ Թևանյանը նույնիսկ հայտարարեց, որ քաղաքապետի աթոռն իրեն չի հետաքրքրում, իրենց հիմնական նպատակն է համախմբվել իշխանափոխության գաղափարի շուրջ և պատրաստ են համագործակցել, եթե սա լինի գլխավոր պահանջը։ Վարդան Ղուկասյանը նույնպես չի հավակնում քաղաքապետի աթոռին, այն պայմանով, որ քաղաքապետարանի կառավարման ապարատը անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։ Սակայն Հայկ Մարությանի հայտարարությունից հետո Վարդան Ղուկասյանը փոխեց իր ելույթի տոնը։

«Հանրային ձայնը» չի համաձայնի Հայկ Մարությանի առաջարկին: Ինձ փաստաթուղթ է պետք, որով վերահսկողության ապարատը կտրվի ինձ, բայց դա կկրի ժամանակավոր բնույթ, չի տևելու տարիներ կամ ամիսներ, քանի որ Նիկոլ Փաշինյանին բանտարկելու գործը կտևի շաբաթներ։ Իսկ եթե իշխանափոխությունից հետո Մարությանը ցանկանա շարունակել կառավարել, կարող է մնալ»,- հայտարարեց Ղուկասյանը։ Դիմելով Մարությանին՝ նա նաև ընդգծեց, որ միմիայն փաստաթուղթ է անհրաժեշտ, նստեն և ստորագրեն:

«Դրանից հետո դու կդառնաս քաղաքապետ, կզբաղվես քաղաքով, իսկ Վարդան Ղուկասյանին ճանապարհ ես տալիս, որ գա, «մաքրի և տանի»՝ կարող ես նաև չմասնակցել իշխանափախոթյանը։ Նույնը վերաբերում է մյուս ընդդիմադիրներին ևս․ այսպիսին է իմ պատասխանը Հայկ Մարությանին»,- ասաց Ղուկասյանը, որի առաջարկը մնում է ուժի մեջ՝ առցանց քննարկում անցկացնել ընդդիմադիր ուժերի հետ և փաստաթուղթ ստորագրել։

Մարությանը դեռ չի արձագանքել ու, ամենայն հավանականությամբ, չի էլ արձագանքի։ Ամեն բան ասվել է: Մնացածը ցույց կտան գործողությունները: Արդյունքում, Տիգրան Ավինյանը, կարծես, դառնալու է քաղաքապետ…

Այնուամենայնիվ, չնայած ինտրիգներին, տհաճ անակնկալներին, հիասթափություններին, որոնք մեզ սպասվում են առաջիկա շաբաթների ընթացքում, հիմնական եզրակացությունը, որ կարող ենք անել այս ընտրությունների արդյունքներով այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ճաքեր է տվել, և այս գործընթացը դժվար թե հնարավոր լինի կանգնեցնել: Այլ հարց է, թե կգտնվե՞ն ուժեր, որոնք «կթամբեն» այս գործընթացը և կհասցնեն այն իր տրամաբանական ավարտին։

Լինա Մակարյան