Հայաստանը չունի ո՛չ ծով, ո՛չ օվկիանոս, ունենք միայն Սևանա լիճը, որում դելֆիններ չկան: Սակայն սա ամենևին խոչընդոտ չի հանդիսանում որոշ անձանց համար, ի հեճուկս էկոլոգների և բնապաշտպանների հակազդեցությանը, ծովային կենդանիների ոչնչացման հաշվին հանրապետությունում դելֆինարիում բացելու համար` հանուն հանրության զվարճության:
Չնայած էկոլոգների բողոքի ակցիաներին և հանրության դժգոհությանը՝ 2010թ. դեկտեմբերին Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում բացվեց առաջին դելֆինարիումը: Դելֆինների և ծովափոկերի մասնակցությամբ ներկայացումներից զատ հանրությանն առաջարկում էին լրացուցիչ ծառայություններ. կարելի էր նկարվել, լողալ ծովային կենդանիների հետ, «դելֆինոթերապիա» կոչված բուժման կուրսեր անցնել: Սակայն արդեն 2013թ. «Նեմո» դելֆինարիումը ապամոնտաժվեց, քանի որ Հայաստանը «չունի դելֆիններին պահելու համար բարենպաստ պայմաններ»: Հետաքրքրական է, որ այդ գործոնը դեր խաղաց ծովային կենդանիներին երեք տարի անազատության մեջ տանջելուց հետո միայն, և դա այն դեպքում, որ դրանից մեկ տարի առաջ դելֆինարիումի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել էր այն պատճառով, որ դելֆիններն այլևս ի վիճակի չէին շարունակելու ներկայացումները:
Ի դեպ, հայ գիտնականները և փորձագետները դելֆինարիումի կառուցման ժամանակ զգուշացնում էին, որ այդպիսի պայմաններում՝ առանց ծովի ջրի և համապատասխան միջավայրի, դելֆինները երկու տարուց ավելի չեն դիմանա: Դելֆինարիումի փակումից հետո հայտարարվեց, որ դելֆինները ռեաբիլիտացիա են անցնում Քաթարում, իսկ նրանց հետագա ճակատագրի մասին մեզ ոչինչ հայտնի չէ:
Անցյալ տարի հայտնի դարձավ, որ Դիլիջան առողջարանային քաղաքում՝ միջազգային բրենդի հյուրանոցներից մեկում, դելֆինարիում է բացվել: Կազմակերպիչները ինտենսիվորեն գովազդում էին իրենց հաստատությունը՝ գրավելով հանրությանը ոչ միայն դելֆինների մասնակցությամբ ներկայացումներով, այլև դելֆինոթերապիայով և ծովային կենդանիների հետ ստանդարտ ֆոտոսեսիաներով: Ճիշտ է, այդ ցնծությունը (հյուրանոցի համար) երկար չտևեց, և շուտով դելֆինարիումը փակվեց հանրային վրդովմունքի և էկոլոգների պահանջների ճնշման ներքո:
Եվ ահա 2019թ. ամառ, Գյումրի, «մայրաքաղաքից և էկոլոգներից հեռու», հավանաբար կարծեցին կազմակերպիչները, սակայն կրկին սխալվեցին. կենդանիների պաշտպանները կրկին փորձում են վերականգնել արդարությունը և տանջանքներից ազատել դելֆիններին և ծովափոկերին: Դեռևս ապարդյուն, սակայն հույսը չկորցնելով:
Դելֆինարիումը չարիք է
Կենդանիների պաշտպանները տարիներ շարունակ և անընդհատ հայտարարում են այն մասին, որ դելֆինարիումների բնակիչների համար համապատասխան պայմաններ ստեղծելը պարզապես անհնարին է: Եվ հարցը այստեղ այն չէ, արդյոք այն երկրում, որտեղ պատրաստվում են դելֆինարիում բացել կամ այդպիսի հաստատություն արդեն գոյություն ունի, ծով կա՞, թե՞ ոչ: Առաջին հերթին, մեղմ ասած, չի համապատասխանում ջրի որակը. հաճախ խոսքը գնում է ոչ թե ծովի ջրի մասին, այլ քլորացվածի, որը հազվադեպ են փոխում՝ խնայողության նկատառումներից ելնելով: Սրա հետևանքով դելֆինները այդ դելֆինարիումներում կուրանում են մոտ երկու տարում, եթե առհասարակ կենդանի են մնում այդ տարիների ընթացքում:
Երկրորդ խնդիրը այն է, որ դելֆինների համար նեղ լողավազանում ապրելը հավասարազոր է մահվան, քանի որ բնության և ազատության մեջ նրանք օրական մի քանի հարյուր կիլոմետր են լողալով անցնում, իսկ ոչ մի դելֆինարիում չի կարող ստեղծել բնության պայմաններին այնքան մոտեցված մեծավանդակ, որ կենդանիները իրենց լավ զգան անազատության մեջ: Վերջիվերջո դա բիզնես է, որում ծովային կաթնասուններին ապօրինի որսալով` եկամուտ են ստանում որսագողերը, կենդանիներին տեղափոխողները, ինչպես նաև հանրային զվարճանքի այդ հաստատությունների կազմակերպիչները: Հասկանալի է, որ այս շղթայում կենդանիների ճակատագիրը վերջին տեղում է դիտարկվում:
Ո՞վ է պատասխանատուն և ո՞վ է թույլ տվել
Dalma News-ի հետ զրույցում հայտնի էկոլոգ Սիլվա Ադամյանը հայտնեց, որ Գյումրիի դելֆինարիումը ապօրինի է բացվել, գործում է օրենքից դուրս, քանի որ համապատասխան գերատեսչությունները, ինչպես պարզվեց, չէին տվել իրենց թույլտվությունը:
«Գյումրիում դելֆինարիումի բացման մասին մենք իմացանք պոստֆակտում, երբ դելֆիններն արդեն տեղափախված էին Հայաստան, իսկ հաստատությունը արդեն գործում էր: Կազմակերպիչները ջանքեր չէին խնայել, որպեսզի էկոլոգները իրենց կանխավ չխանգարեն: Այդ ժամանակ մենք դիմեցինք Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն և Տեսչական մարմին՝ պահանջելով տրամադրել տեղեկություն այն մասին, թե ի՞նչ թույլտվություն է տրվել այդ կազմակերպությանը Հայաստանի տարածք ծովային կենդանիներ ներկրելու համար, և ի՞նչ փաստաթղթեր են տրամադրվել պետական մարմինների կողմից: Նախարարության պատասխանն այն էր, որ հանրապետության երկրորդ քաղաքում դելֆինարիում բացած կազմակերպությունից իրենք որևիցե փաստաթուղթ չեն ստացել», – նշեց տիկին Ադամյանը:
Այդ ժամանակ մի շարք լրագրողներ այս հարցով դիմեցին Գյումրիի քաղաքապետարան, և վերջինս նրանց տրամադրեց փաստաթղթեր, որոնցով գերատեսչությունը դելֆինարիում բացելու թույլտվություն էր տալիս: Սիլվա Ադամյանը այս ամենը համարում է նոնսենս, երբ Շրջակա միջավայրի նախարարությունը տեղյակ չէ այլ գերատեսչությունների գործունեությանը և անգամ մեր համապատասխան օրենքում չգրանցված կենդանիներին երկիր տեղափոխելու թույլտվություն չի տվել, իսկ Գյումրիի քաղաքապետարանը կազմակերպիչներին ասել է «այո»:
«Սա բացարձակ ապօրինի գործարք է, և հենց այստեղ նշանակալից դեր պետք է խաղար Տեսչական մարմինը: Համենայնդեպս մենք այդպես էինք կարծում: Երկու նամակ հղեցինք պետական մարմիններին, որոնցից մեկը անգամ պատասխան չստացավ, մարմինը չսկսեց ստուգումներ անցկացնելու գործընթացը, չնայած օրենքով պարտավոր էր: Տեսչական մարմինը այդքան ահազանգեր ստանալուց հետո, մասնավորապես այն մասին, որ պատասխանատու նախարարությունում առհասարակ տեղյակ չեն, որ Հայաստանում դելֆինարիում է գործում, պարտավոր էր սկսել ստուգումները, ինչը չի արվել ցայսօր: Դա մեզ իրավունք է տալիս կարծել, որ գոյություն ունի հանցագործ դավադրություն և իշանությունների անգործություն», – ընդգծեց էկոլոգը:
Սիլվա Ադամյանը մատնանշեց նաև այն փաստը, որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի՝ անազատության մեջ պահվող կենդանիների մասին կետում, ինչպես նաև այն կենդանիների, որոնց կարելի է ներկրել ՀՀ տարածք, դելֆինները անգամ հիշատակված չեն: Այսպիսով, օրենսդրության շրջանակներում դելֆինների հետ կապված ստանդարտներ գրանցված չեն:
«Մեզ համար բացարձակ անհասկանալի է, թե ինչու է լռում նախարարությունը: Ես կարծում եմ՝ դա կանխամտածված է արվում, քանի որ պատասխանատու չինովնիկները հիանալի հասկանում են, որ եթե մենք սկսենք փաստաթղթերի հետ հետ աշխատել, ապա անկասկած կարող ենք ապացուցել, որ Գյումրիի դելֆինարիումը գործում է ապօրինի: Ինքը` կազմակերպությունը, նախարարության և անգամ կառավարության հետ հանցագործ դավադրության մեջ գտնվելով, նման կերպով կփորձի հնարավորինս ձգձգել այս գործընթացը, մինչև որ մեզ չտրամադրվեն բոլոր փաստաթղթերը և մինչև որ մենք չապացուցենք, որ նրանք ապօրինի են գործում: Չգիտեմ՝ որքան կտևի այս գործընթացը, սակայն նրանում, որ մենք կվերականգնենք արդարությունը, և այդ դելֆինարիումը կփակվի նախորդ երկուսի պես, համոզված եմ: Սա միայն ժամանակի հարց է», – եզրափակեց մեր զրուցակիցը:
Լիա Խոջոյան