Ռուսական շոու-բիզնեսում, կինեմատոգրաֆում և արվեստի գործիչների շրջանում ծագումով հայեր շատ կան, և ինձ, ինչպես շատ այլոց, մշտապես մտահոգել է այն հարցը, թե ինչու՞ Եվգենի Պետրոսյանը չի այցելում Հայաստանը: Եվ ահա տասնամյակներ տևած դադարից հետո ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, գրող-երգիծաբան և հաղորդավար Պետրոսյանը վերջապես Հայաստան եկավ հյուրախաղերի: Դրանք երգիծաբանի առաջին հյուրախաղերն էին անկախ Հայաստանում:

Այն ժամանակահատվածում, երբ Պետրոսյանը չի եղել պատմական հայրենիքում, այստեղ շատ բան է փոխվել, ինչի մասին նա ևս խոսեց: Այդ փոփոխությունները նրան հաճելիորեն զարմացրին և թույլ տվեցին կանխատեսել, որ առաջիկա տարիներին մշակութային կյանքն այստեղ ավելի ու ավելի կակտիվանա:

Բաքվում ծնված և փառքի հետևից Մոսկվա տեղափոխված Եվգենի Պետրոսյանը այժմ հայերեն չի խոսում, սակայն, ինչպես ինքն է խոստովանում, հասկանում է մայրենի լեզուն գրեթե 90 տոկոսով: Այնուամենայնիվ, ոչ միայն նրա ուսուցիչները, այլև հանդիսատեսը մշտապես զարմացել են այն փաստի վրա, որ դերասանը խոսակցական լեզվում բացարձակապես չունի կովկասյան արտասանություն, ինչը նա խոստովանեց Երևանում Մոսկվայի տանը իր ստեղծագործական երեկոյի ընթացքում:

Բացի հյուրախաղերի շրջանակում մեծ բեմում տված երկու համերգներից՝ «Սիրով դեպի Հայաստան» խորագրով, Եվգենի Պետրոսյանը անցկացրեց ստեղծագործական երեկո, որի ժամանակ հանդիսատեսի հետ կիսվեց իր հուշերով և ապագա ծրագրերով:

Պրոֆեսիոնալ բեմում Եվգենի Պետրոսյանը հանդես է գալիս 1962 թվականից: Հաջողությունը նրա համար, ինչպես ինքն է խոստովանում, ցուցանիշն է այն բանի, ճի՞շտ է ինքը ամեն ինչ անում, թե՞ սխալ: Նա նշում է, որ միշտ ամաչելով է ընդունում իր հասցեին հնչած գովասանքի խոսքերը, քանի որ կարծում է, որ չի արժանացել դրանց.

«Ամենագլխավորը, որ դերասանը պարտավոր է զգալ, ձգտումն է համապատասխանելու այդ հաճոյախոսություններին, անընդհատ կատարելագործելու իր ստեղծագործությունները: Ես ամբողջ կյանքում եղել եմ այդ շարժման մեջ՝ ցանկանալով ճանաչել մասնագիտությունս և հանդիսատեսիս»: 

Դերասանը, որը իր տաղանդով միշտ անզուսպ ծիծաղ է պարգևել հանդիսատեսին, խոստովանում է, որ միշտ էլ կտրականապես դեմ է եղել, երբ որևիցե հաղորդման մեջ արհեստական ծիծաղի ձայներ են ավելացվում. «Ես դա չեմ ընդունում: Հանդիսատեսը չի հասկանում, թե ինչու կա ծիծաղ այնտեղ, որտեղ ծիծաղելի չէ և, ի վերջո, «հեռանում է» այդ հեռուստաալիքից, – ասում է նա: – Ես կարծում եմ, որ ամենագլխավորը հանդիսատեսի հետ փոխադարձ կապն է. հաղորդել միտք և ստանալ դրան պատասխան արձագանք: Սա ինձ համար ամենից նշանակալից հանգամանքն է: Կարող եմ ասել, որ իմ ստեղծագործական ողջ կարիերայի ընթացքում սովորել եմ լսել դահլիճի ազդանշանները, որոնք ինձ հայտնել են՝ համաձա՞յն է հանդիսատեսը այս կամ այն մտքի հետ, ծիծաղելի՞ էր այս կամ այն կատակը, թե՞ ոչ, այն հետաքրքի՞ր է հանդիսատեսի համար, թե՞ ոչ: Այդպիսով հանդիսատեսը սկսում է կառավարել ինձ», – խոստովանում է Պետրոսյանը:

Եվգենի Պետրոսյանը խորը ապրումներ ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելությունից: Նրա խոսքով ինքը հաճախ էր փորձում Ցեղասպանության թեմայով գրքեր կարդալ, սակայն «սիրտը ցավում էր և սկսում էր լալ»: Թանգարանում այդ ամենը նրա աչքի առաջ հառնեց որպես եղեռնագործության մի ամբողջական պատկեր, որը դժվար է անգամ պատկերացնել.

«Ցեղասպանության ինստիտուտը ինձ վրա անջնջելի հետք թողեց: Սակայն դա պետք է տեսնել, հասկանալ և հիշել: Ամբողջ աշխարհը պետք է հիշի դա որպես նախազգուշացում այն մասին, թե ինչ աստիճանի կարող է հասնել չարագործությունը երկրի վրա»:

Թանգարանի պատվավոր հյուրերի համար նախատեսված հուշամատյանում Պետրոսյանը գրեց. «Հայ ժողովրդին առնչվող բոլոր ժամանակների այս մեծագույն ողբերգությունը չի կարող անտարբեր թողնել ցանկացած գիտակից մարդու: Հայոց ցեղասպանության այս թանգարանը անհրաժեշտ է աշխարհին, յուրաքանչյուր մարդու՝ գիտակցելու համար, թե ուր կարող է տանել աշխարհը, և որ որոշ իրադարձությունների հետևանքները կարող են լինել աններելիորեն աղետալի: Անհնար է արցունքներով սգալ այս ողբերգությունը: Անչափ ցավում եմ…»:

Չնայած իր տարիքին՝ Եվգենի Պետրոսյանը չի պատրաստվում հանգիստ կյանքով ապրել: Օրինակ՝ նա երազում և ծրագրում է ստեղծել իր սեփական թատրոնը, քանի որ ցանկանում է իրենից հետո մի հարթակ թողնել, որը հումորի իսկական վարպետների դարբնոց կլինի. «Ես ցանկանում եմ, որպեսզի գոյություն ունենա կոմեդիայի մի թատրոն, որը կստիպի երիտասարդ դերասաններին աճել և ճանաչել իրենց մասնագիտությունը այդ գործի իրական վարպետների կողքին՝ ի ուրախություն հանդիսատեսի»:

Ինչ վերաբերում է հումորին, Եվգենի Պետրոսյանը հատուկ ընդգծում է, որ հումորը ստեղծագործական բարդ ձև է, իսկ հայկական հումորը առհասարակ խոսակցության առանձին թեմա է, քանի որ հայերը առանց հումորի պարզապես չեն կարող ապրել. «Մեր հումորը սուր է, երկիմաստ, շրջադարձերով, անակնկալներով, անչափ հետաքրքիր: Կարծում եմ՝ բարդ ճակատագիրը ժողովրդին հարկադրում է գնահատել հումորը»:

Սակայն պատմական հայրենիք այցը ուղեկցվում էր ոչ միայն ծանոթ վայրերի այցելությունից և սրտամոտ մարդկանց հետ հանդիպումներից բխող ուրախությամբ և հաճելի հույզերով: Այստեղ Պետրոսյանը ավելի սուր կերպով զգաց Ղարաբաղյան հակամարտության խնդիրը, քանի որ ստեղծված իրադրության պայմաններում նա չի կարող այցելել իր հոր գերեզմանը:

«Ինձ չեն հրավիրել Ադրբեջան, ինձ մոտ էլ նման միտք չի ծագել: Այն կողմից մի մարդ, իմանալով իմ ցավի մասին, որ չեմ կարող այցելել հորս գերեզմանը, առաջարկեց ինձ տանել այնտեղ, սակայն առանց որևիցե երաշխիքների», – թախիծով պատմեց Պետրոսյանը:

«Երևանում ես ինձ հրաշալի եմ զգում, և ես դեռ կվերադառնամ», – խոստացավ Պետրոսյանը հրաժեշտի խոսքում:

 

Լինա Մակարյան