Անցնող 2019 թվականը իշխանությունների որակմամբ բարդ էր, բայց նաև շատ առումներով առաջընթաց ապահովող: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանն այժմ ապրում է տնտեսական հեղափոխություն, ավելին՝ հայտարարում, որ կառավարությունը ոչ միայն լուծել է տնտեսության կայունացման հարցը հեղափոխությունից հետո, այլև դրել է կայուն և բարձր տնտեսական աճ ապահովելու բոլոր հիմքերը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կան բոլոր հիմքերը պնդելու, որ 2019-ի տնտեսական աճը մոտ կլինի 7 տոկոսին: Նման կանխատեսում դեռ նոյեմբերին արել էր նաև Արժույթի միջազգային հիմնադրամը, որի հայաստանյան ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան հայտարարել է, որ թեև տարեսկզբին միջազգային ֆինանսական կառույցները Հայաստանի մասով կանխատեսումը 4,6 տոկոսից ավելի չէին տալիս, բայց ակնհայտ է, որ երկիրը տարին կփակի մինչև 7 տոկոս տնտեսական աճով: Ի դեպ, սա ավելի բարձր է, քան նախատեսված էր նաև տարվա համար պետական բյուջեով:

Այդուհանդերձ, ինչպիսի՞ն էր անցնող տարին ֆինանսական տեսանկյունից և արդյոք տնտեսական հեղափոխության մասին հայտարարած կառավարությունից դուրս փորձագետները կիսում են նման լավատեսական մոտեցումները: Այս մասին Dalma News-ը զրուցել է Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի (Center for Economic Development Initiatives) տնօրեն, տնտեսագետ Մարինե Առաքելյանի հետ:

-Ինչպիսի՞ն էր 2019 թվականը ֆինանսական տեսանկյունից Հայաստանի համար:

-Շատ բազմաշերտ հարցադրում է: Եթե փորձեմ հակիրճ անդրադառնալ, ապա տարին լի էր և′ ձեռբերումներով, և′ բացթողումներով: Մինչ օրս կատարված քայլերն ուղղված են եղել հիմնականում հատվածական խնդիրների լուծմանը և կոռուպցիոն երևույթների բացահայտմանը։ Բացակայում է համակարգված և ռազմավարական մոտեցումը երկրի առջև ծառացած մարտահրավերները միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում հասցեագրելու համար:

-Այսինքն՝ ՀՀ կառավարությունը պետք է վերանայի իր ֆինանսական քաղաքականությունը:

-Այո′, կարծում եմ պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունը պետք է ձեռնամուխ լինի ոլորտային առաջնահերթությունների վերանայմանը՝ փորձելով նվազագույնի հասցնել պլանավորված և փաստացի ցուցանիշների միջև շեղման ռիսկերը: Օրակարգային է հստակ մեխանիզմների ուրվագծումը, որոնք հնարավորություն կընձեռեն վեր հանել ծրագրված և փաստացի ցուցանիշների միջև առաջացող շեղումները ծնող գործոնները և միջոցառումներ իրականացնել հետագայում դրանց նվազեցման ուղղությամբ:

-Հետհեղափոխական ցնցումներից հետո կարո՞ղ ենք ասել, որ ֆինանսական ոլորտը կայուն է:

-Չեմ ցանկանում նսեմացնել տնտեսության որոշ ոլորտներում արձանագրված աճի տեմպերը, բայց դրանք բավարար չեն ներառականության ապահովման տեսանկյունից: 2019 թվականի առաջին 9 ամիսների վերլուծությունը փաստում է, որ տնտեսական ակտիվության շարժիչ ուժ են հանդիսացել հիմնականում ծառայության և առևտրի ոլորտները, իսկ ամբողջական պահանջարկի տեսանկյունից տնտեսական աճն ուղեկցվել է ներքին պահանջարկի աճով: Նշեմ նաև, որ գյուղատնտեսության ոլորտն արդեն տևական ժամանակ է անկում է գրանցում, ինչը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել պարենային անվտանգության տեսանկյունից:

Ուշագրավ է, որ տնտեսական զարգացումներից ելնելով՝ սեպտեմբերին Կենտրոնական բանկը 0.25%-ային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 5.5%` փորձելով լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներարկել տնտեսության մեջ։ Միևնույն ժամանակ, մտահոգիչ է, որ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին սպառողական վարկերի ծավալները զգալիորեն աճել են՝ պարունակելով ահազանգող միտումներ, քանի որ վարկավորման ծավալների աճին զուգահեռ էականորեն չեն աճում բնակչության եկամուտները:

Մարինե Առաքելյան

-Դուք նշեցիք, որ անցնող տարին ունի և՛ ձեռքբերումներ, և՛ բացթողումներ: Սկսենք ֆինանսական ոլորտում 2019-ի ձեռքբերումից:

-Անցնող տարում ՀՀ կառավարության կողմից ստվերի կրճատման և հարկային վարչարարության որոշակի բարելավման արդյունքում գրանցվել են հարկերի հավաքագրման բարձր տեմպեր, մասնավորապես 2019 թվականի առաջին 9 ամիսներին հարկային եկամուտները (ներառյալ տուրքերը) նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել են 21.6%-ով կամ ավել են հավաքագրվել շուրջ 191.5 մլրդ դրամի հարկեր: Վերջինս էլ պայմանավորել է հարկային եկամուտների իննամսյա կանխատեսված ցուցանիշի գերակատարումը: Դրական ձեռբերում եմ համարում նաև «Մուդիզ» և «Ֆիչ Ռեյթինգս» միջազգային վարկանիշային կազմակերպությունների կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացումը:

-Իսկ ո՞րն է ֆինանսական ոլորտի ձախողումը:

-Շատ է խոսվել ներդրումների հոսքերի նվազման պատճառների և հետևանքների մասին, ուստի այս փուլում չեմ ցանկանա դրան անդրադառնալ, փոխարենը շեշտադրեմ 2 կարևոր փաստ: Նախ նշեմ, որ երբ հավաքագրվող եկամուտների և ծախսերի միջև առաջանում է խզում, դա արհեստականորեն զսպում և դանդաղեցնում է տնտեսության հետագա աճը:

Չեմ կարող չնշել, որ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների եկամուտների աճին զուգընթաց, պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են շուրջ 18%-ով կամ 223 մլրդ ՀՀ դրամով: Մտահոգիչ է, որ կապիտալ ծախսերի գծով թերակատարումը կազմել է 60% կամ շուրջ 112 մլրդ դրամ՝ լուրջ խնդիրներ առաջացնելով տնտեսության հետագա զարգացման տեսանկյունից:

Բավական վատթարացել է նաև ընթացիկ հաշվի պակասուրդը և ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը: Վերջինս կարևոր ցուցանիշ է` ՀՀ վճարունակության և տնտեսության արտաքին կայունության վերլուծության տեսանկյունից: Ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը վերջին տվյալներով կազմում է 9.7%՝ շեղվելով իր երկարաժամկետ հավասարակշիռ 6.9% մակարդակից: Մինչդեռ 2015-2017թթ-ին վերջինս չէր գերազանցել 2.6%-ը: Թեև 2020 թվականի բյուջեի նախագծում կանխատեսվում է, որ ընթացիկ հաշիվը որոշ չափով կբարելավվի՝ մոտենալով իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին, այնուհանդերձ, տեսանելի չեն տնտեսության արտահանելի հատվածի առաջանցիկ աճի ապահովման մեխանիզմները և օտարերկրյա ուղղակի ներդրումների մեծ չափերի ներգրավման հեռանկարները:

-Ի վերջո, կարո՞ղ ենք խոսել այն մասին, որ տնտեսական հեղափոխությունը Հայաստանում կայացել է:

-Միայն ներառական տնտեսական աճի ապահոման պարագայում կարող ենք խոսել տնտեսական հեղափոխության մասին: Այդ ուղղությամբ իրականացվող քայլերի դեռևս սաղմնային փուլում են:

-Տիկին Առաքելյան, այս ամենը հաշվի առնելով՝ ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ գալիք 2020 թվականից, արդյոք ֆինանսական ոլորտում տհաճ անակնկալներ չեն սպասվում:

-Հիմնական ռիսկային գործոնները պայմանավորված են լինելու 2020 թվականի հունվարից ուժի մեջ մտնող Հարկային օրենսգրքի փոփոխություններով: Մասնավորապես, համահարթ եկամտահարկի անցման, շահութահարկի 2%-ային կետով նվազման, ինչպես նաև ավտոմեքենաների ներկրման կրճատման արդյունքում բյուջեն կորցնելու է շուրջ 90-95 մլրդ ՀՀ դրամ, և այդ բացը փորձ է արվելու կոմպենսացնել անուղղակի հարկերի բարձրացման և գույքահարկի պրոգրեսիվ համակարգի ներդրման միջոցով:

 

Լինա Մակարյան