Գրքի միջազգային օրվա կապակցությամբ Վրաստանի Ազգային արխիվն իր այցելուներին հիացրեց մի բացառիկ ցուցահանդեսով, որի ժամանակ այցելուները ծանոթացան XVIII-XIX դարերի վրացական հոգևոր և աշխարհիկ գրքերի բացառիկ նմուշներին: Արխիվի այցելուները ապրիլի 21-ից մինչև մայիսի 6-ը հնարավորություն ունեցան առաջին անգամ տեսնելու Թբիլիսիի, Քութայիսիի, Կոստանդնուպոլսի, Կրեմենչուգի, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Վենետիկի, Հռոմի և Մոնտոբանայի վրացական գրագրության բացառիկ հավաքածուի օրինակներ:
Համաձայն կազմակերպիչների մտահաղացմանը՝ գրքերը պետք է պատմեն ոչ միայն իրենց հեղինակների մասին, այլ նաև այն տպագրատների, որտեղ դրանք տպվել են: Կազմակերպիչները հավաստիացնում են, որ ըստ թանաքի գույնի ու որակի կարելի է ոչ միայն որոշել, թե որ ժամանակաշրջանում է գիրքը գրվել, այլ նաև տեղեկություններ հավաքել այդ ժամանակաշրջանի քաղաքական ու տնտեսական կյանքի, ինչպես և գործունեության այլ ոլորտների մասին:
Օրինակ՝ դրանցից մեկում գրված է, որ 1812թ. ապրիլի 15-ին Թբիլիսիում ձյուն է եկել ու մեկ ամբողջ շաբաթ չի դադարել:
Վրացական գրատպության առաջին քայլերը
Վրաց առաջին տպագիր գիրքը տպվել է հեռավոր 1629թ.՝ Հռոմում: Ավելի ուշ՝ 1708-1709թթ. Քուռի ձախ ափին Վախթանգ VI թագավորը բաց արեց երկրում առաջին տպագրատունը, իսկ 1709թ. տպագրվել է առաջին «Ավետարանը» («Սախարեբա»), որը մինչև այսօր էլ խնամքով պահվում է Վրաստանի Ազգային արխիվի գրապահոցում: Այսպիսով, կարելի է արձանագրել այն փաստը, որ XVIII դարի սկզբին Վրաստանում տրվել է սեփական, վրացական տպագրության մեկնարկը: Այս ոլորտի զարգացման համար Ռումինիայից Վրաստան է հրավիրվել Անտիմոզա Իբերիացու աշակերտ Միխայ Իշտվանովիչը: Հարկ է նաև նշել, որ հենց անձամբ Անտիմոզ Իբերիացին էր աջակցում վրաց թագավորին՝ իր միջոցների հաշվին մի քանի տպագրատուն հիմնելով:
Ասում են՝ հեռավոր այն տարիներին տպագիր գիրքը սկսեց մրցակցել ձեռագրի հետ: Տպագրության բոլոր փաստարկներն այն մասին էին, որ տպագիր գիրքը տեքստի անփոփոխության գրավական է, այն դեպքում, երբ ձեռագրերում ժամանակի հետ փոխվում է տեքստն ու իր սկզբնական վիճակով այն ընթերցողին չի հասնում: Նորարարությանն աջակցում էին նաև վրաց հոգևոր անձիք, որոնք շուտով մեծ ոգևորությամբ սկսեցին ծիսական ծառայություններն անցկացնել տպագիր գրքերով:
Ազգային արխիվի գիտական բաժնի աշխատակից Թեոնա Գելաշվիլին Dalma News –ին հայտնեց, որ Վախթանգ VI թագավորի տպագրությունում հիմնականում տպագրվել են հոգևոր գրքեր, իսկ միակ աշխարհիկ տպագիր գիրքը Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» անմահ գործն է եղել: Նման գրքերի մի մեծ հավաքածու էլ Խորհրդարանական գրադարանն ունի:
«Վախթանգովյան գրքերն իրենց առանձնահատկություններն ունեն: Դրանք տպվել են երկու գույնով՝ կարմիր և սև: Այն ժամանակների համար դա մեծ շքեղություն էր: Գրքերում օգտագործվել է ինչպես հին, այնպես էլ ժամանակակից տառատեսակ: Գրեթե յուրաքանչյուր գրքում պատկերվել է Վախթանգ VI-ի դիմանկարն ու Բագրատիոն տոհմի գերբը: Յուրաքանչյուր տեքստի վերջում առանձնահատուկ էսքիզներ են: Շատ հաճախ հանդիպում են տպիչների ու տարածողների ուղերձները»,- ասում է Թեոնա Գելաշվիլին:
Նրա խոսքերով՝ հենց Վախթանգ VI-ի անունով է կոչվել վրացական տպագրական գործը: Ասում են, որ երկրի համար ծանր ժամանակներում նա մտածողների ու ինտելեկտուալ մարդկանց բանակի հետ միասին ուղևորվել է Մոսկվա: Շուտով վրացական գրքերը տպագրվում են ինչպես Մոսկվայում, այնպես էլ Սանկտ- Պետերբուրգում: 1738-1744թթ. տպագրված գրքերը համարվում են այդ ժամանակաշրջանի տպագրության իրավահաջորդները: Տառատեսակը, ձևավորումը, տեքստերի հավաքման սկզբունքը գրեթե նույնն է: Այստեղ նույնպես հանդիպում են Վախթանգի դիմանկարն ու Բագրատիոնների գերբը:
Վրաց գրատպության նոր կյանքը
Թբիլիսյան տպագրատները նոր շունչ ստացան Իրակլի II-ի իշխանության օրոք: 1748թ., այն բանից հետո, երբ թագավորը մայրաքաղաքն ազատեց իրանցիներից, երկրում սկսվեցին զարգանալ կրթա-մշակութային գործընթացները: Իրակլիի գրատպության վաղ շրջանի գրքերը համեմատաբար ցածր որակի են, դրանք կազմված չեն միանման թղթերից, վատ տառատեսակ ու թանաք ունեն: Տպագրատները հաճախ էին ընթերցողներից ներողություն խնդրում այն բանի համար, որ քաղաքա- տնտեսական պատճառներով չեն կարող նրանց ավելի լավ որակի գիրք առաջարկել:
1780-ական թթ.-ից Իրակլի թագավորը Կոստանդնուպոլիսից վարպետների է հրավիրում, որոնց շնորհիվ բարձրանում է գրքերի որակն ու բազմազան դառնում թեմատիկան: Ամեն գրքի վերջում կարևոր ամսաթվերի ու պատմական փաստերի մասին ինֆորմացիա է գրվում: Այս նախագծի նախաձեռնող է դառնում տպագրիչներից մեկը՝ Քրիստափոր Գուրամիշվիլին, որի խոսքերով՝ այդ քայլը հետաքրքրվող լսարանի թիվն ավելացրեց:
Ավելի ուշ՝ 1795թ.՝ Աղա Մուհամեդ-խանի անկումից հետո տպագրությունը տեղափոխվեց Վրաստանի արևմուտք: Եվ արդեն 1800-ականներին վրացական Իմերեթի տարածքում գործում էին 3 տպագրատներ: «Ավետարանը» տպագրվել է սաչխերյան տպագրատանը, որը բացվել է 1815-1817թթ՝ Գրիգոլիի ու Զուրաբ Ծերեթելու պալատում:
Գելաշվիլին նշում է, որ իմերեթական գրքերը տարբերվում են մնացածից իրենց չափսերով, դիզայնով ու ոսկեզօծ էջերով:
«XVIII դարի 60-ական թթ.-ից սկսած՝ վրացական գրքերը սկսեցին տպագրվել Վենետիկում, Կոստանդնուպոլսում և Մոնտոբանում: Բոլոր երեք քաղաքներում դրանց տպագրությունը կապված է Պյոտր Խարիսչարաշվիլու հետ, ով առաջինը տարածեց վրացական տառատեսակն ու վրացական գիրքը տպեց Վենետիկում՝ հայկական Սուրբ Լազար կաթոլիկ մենաստանում: Արտասահմանում վրացական տպագրություն չկար, բայց վրացական գրքերը տպվում էին գոյություն ունեցող հրատարակչությունների հիմքի վրա»,- հաստատում են Ազգային արխիվում:
XVIII դարի 50-ական թթ. Պետերբուրգում ու Մոսկվայում բացվեցին վրացական սինոդալ տպագրատներ: Այդ նույն ժամանակ Թբիլիսիում հաշվվում էր շուրջ 42 տպագրատուն, որտեղ տպվում էին ինչպես վրացական, այնպես էլ հայկական, ռուսական և այլ գրքեր:
Ազգային արխիվում այսօր պահպանվում է տարբեր ժամանակաշրջանների 250 տպագիր գրքեր, որոնց խնամքով հետևում են բազմաթիվ ռեստավրատորներ: Արխիվում խոսում են այն մասին, որ գրքի ամենամեծ թշնամիները փոշին, բորբոսը, որդերն ու … ժամանակն են:
«Գրքերի վրա գրություններ արվել են տարբեր ժամանակներում: Դրանց մի մասի վրա սեփականատերերը գրել են իրենց կարծիքը, իսկ որոշներն էլ վկայում են պատմական փաստեր: Իրակլու ժամանակների գրքերի վրա կարելի է գտնել նրա հերոսությանը վերաբերող գրություններ կամ ժողովրդական բանաստեղծություններ: Գիրքը կենդանանում է, ու տվյալ ժամանակաշրջանի ու ժամանակակից աշխարհի միջև եղող տարբերությունը սկսում է վերանալ: Դու ընկղմվում ես գրքի ստեղծման ժամանակի մեջ»,- ասում է Գելաշվիլին:
Ժամանակի ու տարածության մեջ այդ բացառիկ գրքերի ճանապարհորդության, նրանց սեփականատերերի ու պատմական փաստերի մասին տեղեկությունները շուտով կհավաքվեն մեկ միասնական ամսագրում, որը տպագրության է պատրաստվում մինչև ընթացիկ տարվա ավարտ: Նախագծի նպատակը երկրի հասարակությանը այս հարյուրամյա գրքերի էջերին տեղ գտած հետաքրքիր պատմական փաստերի մասին տեղեկացնելն է:
Հեղինակ՝ Շորենա Պապաշվիլի
Լուսանկարները՝ Վրաստանի Ազգային արխիվից