Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կրքերը նորից են բորբոքվել։ Մարտի 15-ի առավոտյան ուսանողներն ու դասախոսներն անսպասելիորեն տեղեկացան ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման մասին՝ երկրի ամենահին բուհի ղեկավարի ԺՊ է դարձել լեզվաբան, ԿԳՄՍ նախարարության Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ Այս լուրը վրդովմունքի ալիք է առաջացրել ապագա լեզվաբանների մոտ՝ ուսանողները դուրս են եկել ուսումնական հաստատության բակ և դասադուլ հայտարարել։
Նրանք իրենց ելույթներում հայտարարել են, որ իրենց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի անձը չէ, որ վրդովեցրել է, այլ հենց նշանակման փաստը, որը ապօրինի են համարում։ Համալսարանի ուսանողների կարծիքով՝ նշանակման գործընթացն իրականացվել է առանց նրանց անմիջական մասնակցության, չնայած այն հանգամանքին, որ օրենքը ենթադրում է ուսանողների 25 տոկոս ներկայություն այս գործընթացում, և, հետևաբար, այն ոչ մի կերպ հնարավոր չէ օրինական համարվել։
Պատկերն ամբողջացնելու համար նշենք, որ այս բուհի ուսանողական դեմարշների ալիքը սկսվել է դեռ անցյալ տարվա հոկտեմբերին։ Բողոքի ակցիաների պատճառը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ)՝ պետական լեզվաբանական համալսարանը Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հետ միավորելու մտադրության մասին լուրերն էին։ Շատերի կարծիքով՝ նման «կրթական վինեգրետը» չէր կարող ոչ մի լավ բանով ավարտվել և հղի էր թե՛ դասախոսական կազմի կրճատմամբ, թե՛ ուսման վարձերի հավանական բարձրացմամբ, թե՛ աշխատավարձերի կրճատմամբ և այլ բացասական հետևանքներով։
Արդյունքում ուսանողները սկսեցին դասադուլ անել՝ պարբերաբար փոխելով վայրը. հոկտեմբեր ամսվա վերջին ակցիաներից մեկը տեղի ունեցավ կառավարության մոտ, որին ուսանող ակտիվիստները բողոքի նոտա էին հղել՝ պահանջելով դադարեցնել հասունացող բարեփոխումները։ Թե ինչպիսին է եղել կառավարության արձագանքը, եթե անգամ արձագանք հետևել է, հանրության լայն զանգվածներին այդպես էլ հայտնի չդարձավ։ Բայց շուտով, 2022 թվականի դեկտեմբերի սկզբին, «ապստամբ» համալսարանի ռեկտորի ընտրություններ անցկացվեցին։
Առաջադրված էին երկու թեկնածուներ՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը և լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը, որոնցից հոգաբարձուների խորհուրդը (4 ձայնի տարբերությամբ) ընտրեց Հարությունյանին։ Ընտրությունները կայացել են դեկտեմբերի 9-ին, սակայն մինչև վերջերս Կարինե Հարությունյանը չէր կարողանում ստանձնել բուհի ղեկավարի լիազորությունները, քանի որ հոգաբարձուների խորհրդի նախագահը չէր ստորագրել նիստի արձանագրությունը։
Բանն այն է, որ խորհրդի ղեկավարն այն ժամանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էր, ով պաշտոնից ազատվեց ընտրություններից երեք օր անց։ Միաժամանակ, ինչպես հայտնի է, պաշտոնից զրկվել է նաև կրթության նախարար Վահրամ Դումանյանը:
Ուսանողների և ուսուցիչների խոսքով, Հարությունյանի նկատմամբ հաջորդիվ իրականացված ծայրահող միջոցառումները վկայությունն են այն բանի, որ ցանկացած կերպ ձգտում են ազատվել նրանից։ Այսպես, ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ անց ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հայտարարեց բուհում 5,4 մլն դրամի չարաշահումների հայտնաբերման մասին, իսկ Քննչական կոմիտեն գործ հարուցեց ռեկտորի ընտրության ժամանակ խուլիգանության և համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում թույլ տված կեղծիքների հատկանիշներով։ Բրյուսովցիները հայտարարում են, որ համալսարանի վրա այս հարձակումները բացառապես պատվեր են։
Արդյունքում Կարինե Հարությունյանին ռեկտորի պաշտոնում նշանակելու գործընթացը վերջնականապես կասեցվեց։ Իսկ անորոշ իրավիճակը հնարավոր չեղավ լուծել մինչև հունվարի 12-ը, երբ ավարտվեց նրա՝ բուհի ղեկավարի լիազորությունների ժամկետը։ Հունվարի 12-ից սկսած ռեկտորի պարտականությունները ստանձնել են երկու պրոռեկտորները՝ Ցոլակ Հակոբյանը և Սահակ Մանուկյանը։ Հասկանալի է, որ համալսարանը չէր կարող անվերջ պահել «ղեկավարման» նման ձևը։
Որոշվել է պետական համալսարանում ղեկավարման ճգնաժամը հաղթահարել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմամբ։ Ինչպես դասադուլի օրը լրագրողներին պարզաբանեցին բուհի ներկայացուցիչները, որոնք դեմ են ապստամբ բրյուսովցիներին, պատճառը ֆորսմաժորային իրավիճակն էր, ձևավորվել է ժամանակավոր խորհուրդ, որը և որոշել է ամենահին համալսարանի ղեկավարման ճակատագիրը։ «Ճամբարի» ներկայացուցիչները, ովքեր կողմ են հանդես գալիս համալսարանում տիրող խառնաշփոթին, վստահեցնում են՝ ամեն բան արվել է ազնորեն, առանց խաբեության։
Ավելի ուշ պարզաբանումներով հանդես է եկել նաև ԿԳՄՍՆ-ը, որի հաղորդագրության մեջ նշվել է, որ ամեն բան արվել է օրենքին համապատասխան, այն է՝ «Ֆոնդերի մասին» օրենքի համաձայն՝ Արդարադատության նախարարությունը ձևավորել է ժամանակավոր խորհուրդ, որի կազմում ընդգրկվել է գերատեսչության ղեկավար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը։ Ժամանակավոր խորհրդի որոշմամբ՝ համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Գյուրջինյան։ Ընդ որում, ինչպես ընդգծվում է փաստաթղթում, նա ռեկտորի պարտականությունները կատարելու է միայն մինչև բուհի նոր ղեկավարի ընտրությունը, ինչին հենց չեն հավատում ուսանողներն ու դասախոսները: Նրանց կարծիքով՝ Գյուրջինյանը նշանակվել է ռեկտորի պաշտոնը հետագայում զբաղեցնելու և երեք բուհերի միավորման գաղափարը առաջ տանելու նպատակով, ինչի դեմ իրենք պայքարում էին անցյալ աշնանը։ Դեռ այն ժամանակ Գյուրջինյանը չէր թաքցնում իր դրական վերաբերմունքը համալսարանի կազմալուծման վերաբերյալ, վստահեցնում են նրանք։
Ի լրացում այս համոզման՝ ՀՀ կրթության նախարարությունը վստահեցնում է՝ «Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը կապ չունի բուհերի խոշորացման գործընթացի հետ»։ Եվ ընդհանրապես, ինչպես նշվում է ԿԳՄՍՆ հաղորդագրության մեջ, «Բրյուսովի անվան պետական համալսարանի միավորման հարցը ներկայումս չի քննարկվում»։
Լրագրողների հետ զրույցում, ի պատասխան հարցին, թե ինչպիսին է իրավիճակը՝ կապված երեք բազմապրոֆիլ բուհերի միավորման հետ, պրոռեկտոր Ցոլակ Հակոբյանը պատասխանել է, որ կոնկրետ Բրյուսովի մասով տեղեկություն չկա, սակայն ԿԳՄՍՆ՝ մինչև 2030 թվականի ռազմավարության մեջ նշվում է, որ մինչև 2027 թվականը բուհերի թվի կրճատում չի նախատեսվում։ Ու թեև այս ձևակերպումը հուսադրող է հնչում, Հակոբյանը դրան մեծ անվստահությամբ է վերաբերվում. «Եթե այսօր այս մարդիկ կարողանում են որոշում կայացնել (ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման մասին – հեղ.) ընդամենը մեկ օրում, ապա ո՞վ գիտի, գուցե կես տարի հետո նոր ժամանակավոր խորհուրդ ստեղծեն և բուհը լուծարելու մասին որոշում կայացնեն… Նրանցից ամեն բան սպասելի է»։
Այնուհետև, պետական համալսարանում տագնապալի օրվա իրադարձությունները ծավալվեցին հետևյալ կերպ՝ ԿԳՄՍՆ-ը, ըստ Հակոբյանի, պահանջեց գիտական խորհրդի հրատապ նիստ գումարել՝ Գյուրջինյանի թեկնածությունը հաստատելու համար։ Սակայն դրան խոչընդոտեցին բրյուսովցիները, քանի որ, ինչպես հայտարարեց պրոռեկտորը, նման պահանջը հակասում է օրենքին, որը թույլ չի տալիս մեկ օրվա ընթացքում նման հանդիպումներ կազմակերպել։ Եվ ընդհանրապես, ըստ Հակոբյանի, «ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով՝ նախարարությունը խախտում է մի շարք օրենքներ ու Սահմանադրությունը»:
Պրոռեկտորըը հայտարարել է ժամանակավոր խորհրդի որոշումը վիճարկելու մտադրության մասին. «Բնականաբար, մենք կբողոքարկենք դա, և կձգտենք արդարության»։ Նա նաև հավելել է, որ ԿԳՄՍՆ-ն այսպիսով փորձում է «պատժել» ընտրված ռեկտոր Կարինե Հարությունյանին և այն ուսանողներին, ովքեր ժամանակին դեմ են եղել բուհերի միավորման նախաձեռնությանը և մասնակցել բողոքի ակցիաներին. «Սա հարկադրանք է, անձնակազմի և ուսանողների կարծիքը հաշվի չի առնվում։ Մեր կարծիքը պետք է հաշվի առնեն»։
Մինչ այդ, Հակոբյանի հակառակորդները շտապեցին իրենց տրամագծորեն հակառակ կարծիքն առաջ քաշել։ Ռոմանական լեզուների ամբիոնի դոցենտ Դոնարա Ղազարյանը հայտարարեց, որ Հակոբյանը միայն «բորբոքում է իրավիճակը»: «Ոչ մի անօրինական բան չկա: Անօրինական է այն, ինչ տեղի է ունենում հոկտեմբերից՝ հնչում են հայհոյանքներ, անընդհատ դասերի բոյկոտներ են լինում, դրանից տուժում է ուսումնական գործընթացը»։ Ղազարյանը նշել է, որ բուհում ստեղծված ճգնաժամային իրավիճակում նախարարությունը գերատեսչության ղեկավարի գլխավորությամբ աշխատանքային խումբ ստեղծելու և ռեկտոր նշանակելու իրավունք իսկապես ունի։ Իսկ տվյալ դեպքում միայն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել։
Կարճ ասած, բուհի աշխատակազմը բաժանվել է երկու ճամբարի: Սակայն, դատելով բուհի բակում հավաքված ուսանողներից ու պրոֆեսորադասախոսական կազմից, բուհի նոր ղեկավարի պաշտոնակատարի նշանակման հակառակորդները ավելի շատ են։ Պատահական չէ, որ նրանց պահանջով համալսարան եկավ նորանշանակ ռեկտորի ԺՊ Դավիթ Գյուրջինյանը և անգամ ինքը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Մինչև նիստը Գյուրջինյանը լրագրողների հետ կարճ զրույցում իր ապօրինի նշանակման մասին խոսակցություններն անհեթեթություն որակեց: Իսկ նախարարը, ներկայացնելով նրան պրոֆեսորադասախոսական կազմին, նշեց, որ նախարարությունը լիովին աջակցում է նրա թեկնածությանը՝ ենթադրելով, որ Գյուրջինյանը «կնպաստի բուհում ակադեմիական միջավայրի ձևավորմանը, ինչպես նաև կրթական ծրագրերի և նախագծերի իրականացմանը»։
Գյուրջինյանը հայտարարեց աշխատելու իր բուռն ցանկության մասին, այդ թվում՝ հակառակորդների հետ: «Ակադեմիական միջավայրի ձևավորման համար սկզբունքորեն ճիշտ աշխատանք պետք է տարվի։ Ակնկալում եմ ձեր աջակցությունը»: Սակայն, դատելով հաջորդած արձագանքից, նրան չի հաջողվի ստանալ այդ աջակցությունը. ելույթից հետո նշանակման հակառակորդները ռեկտորի ԺՊ-ին տվեցին իրենց հետաքրքրող հարցերը, սակայն կողմերն այդպես էլ կոնսենսուսի չեկան։ Իսկ նախարար Անդրեասյանը, շտապելով Ֆրանկոֆոնիայի օրերին, հեռացավ ուսանողների՝ «ամոթ» բացականչությունների ներքո։
Որպես ամենահին բուհի կյանքի դժվարին օրվա ամփոփում հնչեց ԵՊԼՀ Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Նատալյա Խաչատրյանի կարծիքը, որը համընկնում էր համալսարանի ողջ ուսանողության և դասախոսների կարծիքի հետ։
«Հինգ տարի շարունակ համալսարանում մեծ առաջընթաց կա։ Ցավալի է, որ մեր ապարատից մի քանի հոգի, ելնելով անձնական դրդապատճառներից, դատապարտում են մեր կատարած ամբողջ աշխատանքը։ Թեկնածուները երկուսն էին, և անցավ Կարինե Հարությունյանը, ինչպես հայտարարեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը։ Այնուամենայնիվ, ռեկտորի ԺՊ է նշանակվում պարտվողը: Սա անօրինություն է։ Սա ապտակ է մեր ողջ թիմի, մեր ուսանողներին», – ասաց նա:
«Մեզ համար կարևոր չէ, թե ով կլինի ռեկտորը, մեզ համար կարևոր է, որ համալսարանը մնա և շարունակի այն ճանապարհը, որը մենք սկսել ենք Հարությունյանի հետ։ Գյուրջինյանի հետ ոչ մի խնդիր չունեմ, սակայն չեմ պատկերացնում մի մարդու, ում ժամանակին մերժել են ու հպարտությունը մի կողմ թողած շարունակում է համալսարան հաճախել։ Սա նշանակում է, որ նա գալիս է բուհը լուծարելու, բուհերը միավորելու մտադրությամբ», – ամփոփեց ամբիոնի վարիչը։
Հ․Գ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի առաջ բողոքի ակցիաներից մի քանի օր անց հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Գյուրջինյանն ազատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Լեզվի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին մարտի 17-ին հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից։ Մնում է ենթադրել, որ հեռու չէ այն օրը, երբ Գյուրջինյանը կստանձնի նոր պարտականությունները, ինչպես և հեռու չէ ուսանողների հերթական դասադուլը։
Իրինա Գրիգորյան