Կվանտունգյան բանակը դատապարտված էր, սակայն հենց այդ անհուսությունը ճապոնացիներին համառություն հաղորդեց: Ջարդերը, որոնք այնքան էլ երկար չտևեցին, չափազանք արյունոտ էին, ինչը այնքան էլ հաճախ չէր լինում: Ցամաքի վրա և օդում այս օպերացիան մեկ ամսից էլ պակաս տևեց, թեև բավական մեծ տարածք էր բռնկված ռազմական գործողություններով: Լիկվիդացիայում սկզբից միչև վերջ  մասնակցած զորքերից մեկը 12-րդ օդային ուժն էր, որի հրամանատարը Սերգեյ Խուդյակովն էր:

1915` Բաքու

Ասել, որ այդ տարի Բաքուն իրենից տարօրինակ,անհանգիստ հանգույց էր ներկայացնում, նշանակում է` ոչինչ չասել: Շատ բաներ էին կուտակվում և դա երբեմն չէր տեղավորվում տրամաբանության մեջ: Բաքվի համայնքը և հայկական ջարդերը, ազգամիջյան և միջկուսակցական հիմնականում զինված կոնֆլիկտները, որը Բրիտանիայի հերթական դավաճանությունն էր, և թուրքական զորքերի մոտեցումը քաղաքին…

Ահա այսպիսի Բաքու ժամանեց ղարաբաղյան խուլ գյուղերից մեկից 13-ամյա Արմենակ Խանփերյանցը: Իհարկե, նա ժամանել էր Բաքու աշխատանք գտնելու համար և հնարավորություն ստանալու դրսևորելու իր ընդունակությունները, որոնց մեջ բոլորը մեծ պոտենցիալ էին տեսնում` չնայած Արմենակի երիտասարդ տարիքին: Մեծ քաղաքում, եթե շատ մանրախնդիր չլինես, միշտ էլ կարելի է աշխատանք գտնել` ձուկ մաքրել, երկաթուղում փականագործ աշխատել, հեռախոսավար լինել կամ էլ Մանթաշովի մոտ բանվոր-նավթարդյունաբերող:

Ի դեպ, նա միայն օրվա սննդի համար աշխատանք փնտրելով չէր զբաղված, դա նրա համար ավելի շատ հիմք էր իր մեջ կրթության հանդեպ նոր բացահայտված ձգտման համար: Արմենակն սկսեց ինքուրույն լեզուներ ուսումնասիրել և արդեն երկու տարի անց կարդում և համեմատաբար լավ խոսում էր գերմաներեն և անգլերեն:

Երեք տարվա ընթացքում մի քանի մասնագիտություններ փոխելով`1918թ-ին Խանփերյանցը լքեց Բաքուն` այդ ժամանակ քաղաքից ընդմիշտ հեռացողների շարքում: Քաղաքացիական պատերազմը Եվրոպայի և Ասիայի տարածքում փոխեց ամեն ինչ և մերձկասպյան նավթային մայրաքաղաքը չխուսափեց այդ ճակատագրից: Արմենակի հարազատները նրան այլևս չտեսան, նրանք համոզված էին որ տղան մահացել է ինչ-որ տեղ քաղաքացիական բախումների ժամանակ: Նրան ակտիվորեն փնտրում էր մեծ եղբայրը` Արտաշեսը, սակայն որոնումները արդյունք չտվեցին միչև Մեծ Հայրենական պատերազմը, իսկ 1941թ-ի վերջին Արտաշեսը անհետ կորավ:

Ամենայն հավանականությամբ` հարազատները չէին կարողանում գտնել Արմենակին, քանի որ նա դարձել էր Սերգեյ Խուդյակով: Թե ինչու է նա փոխել իր անունը, հստակ ոչ ոք չգիտի, սակայն հնարավոր են դրա մի քանի պատճառներ:

Գաղտնիության երեք վարկածները

7896541231

Եվ այսպես` Արմենակ Խանփերյանցը դարձավ Սերգեյ Խուդյակով և բազմաթիվ մարտերում անմահացրեց այդ անունը: Դրա ամենահասարակ բացատրություններից մեկն այն է, որ Արմենակը ցանկացել է թաքցնել իր հայկական ծագումը` մտածելով, որ ռուսական անվամբ ավելի շատ բաների կարող է հասնել: Սակայն նրա հետ տարբեր տարիների ընթացքում շփում ունեցած հայերի բազմաթիվ վկայություններ կան, ըստ որոնց, նա ազատ խոսում էր հայերեն և չէր թաքցնում հարազատ լեզվի իմացությունը, այնպես որ դժվար թե վերը նշված ենթադրությունը ճիշտ լինի:

Գոյություն ունի ավելի ազնվական տարբերակ, ըստ որի Սերգեյ Խուդյակովը եղել է Արմենակ Խանփերյանցի զինակից ընկերը` հետախուզական հեծելազորի հրամատարը, դեռ այն ժամանակ, երբ այդպիսիք կային: Զբոսանավը, որով նրանք նավարկում էին խորտակվել է, Խուդյակովը, վիրավոր լինելով, փրկել է լողալ չիմացող Արմենակի կյանքը և զոհվել, իսկ փրկվածը վերցրել է ընկերոջ անունը: Սակայն նրա կեսնագիրներից ոչ մեկին չի հաջողվել գտնել այդպիսի Սերգեյ Խուդյակովի` ոչ ծառայողական ցուցակներում, ոչ ենթադրվող հայրենիքում` Սարատովի շրջակայքում, նման անունով մարդ ոչ ոք չգտավ:

Մյուս վարկածը պատմում է այն մասին, որ Բաքվի համայնքի զորամասի պարտությունից հետո, Խանփերյանցը, ով ծառայում էր այդ զորամասում մյուսների հետ միասին թուրքերի ձեռքն է ընկել: Վերջիններս բոլոր հայերին գնդակահարում էին հենց կառամատույցին, իսկ մյուսներին ձեռք չէին տալիս: Այդպես Արմենակը ցույց է տալիս ինչ-որ տեղ ձեռք բերած վարժարանի ուսանողական տոմսը` Ս.Ա. Խուդյակովի անունով: Նա կարողանում է խուսափել մահից, սակայն գերի է ընկնում: Նույն գիշերը ձերբակալվածների խումբը փախուստի է դիմում և Արմենակը հայտնվում է ազատության մեջ: Այս վարկածը կասկածի տեղիք է տալիս, քանի որ հայտնի է` Խանփերյանցը իր բոլոր փաստաթղթերում նշում էր իր իսկական ծննդյան թիվը Ղարաբաղում` և հայկական փաստաթղթերում, և ցակացած այլ: Ստացվում է, որ եթե այդ վարժարանի ուսանողական տոմսը իսկապես գոյություն է ունեցել, ապա դրա իսկական տիրոջ` Խուդյակովի և Խանփերյանցի ծննդյան թվերը պետք է համընկնեին, իսկ դա քիչ հավանական է:

Ասում էին նաև, որ Բաքվի կոմունայի ժամանակ հեռախոսավար աշխատելիս Արմենակը նկատում է, որ ոմն Լավրենտի Բերիա մշտական կապի մեջ է բրիտանական հյուպատոս Մակդոնելլի հետ: Նրանց զրույցի թեմաները չափազանց կասկածելի էին, իսկ Բաքվի թերթերից մեկում հայտնվեց լուսանկար, որտեղ հենց այդ Բերիան էր: Եվ Արմենակը թերթի լուսանկարը, հեռախոսային զրույցների վերաբերյալ իր բացատրական նամակի հետ միասին փոխանցում է Չեկային և վախենալով Բերիայի վրեժից` փոխում է անունը: Սակայն այս տարբերակը նույնպես չի հաստատվում պատմության կողմից: Նման թերթ չի գտնվել և հավանաբար այն գոյություն չի ունեցել: Բայց ամենակարևորն այն է, որ 19-ամյա Բերիան չէր կարող Խուդյակովին այնպես վախեցնել, որ վերջինս փոխեր անունը, քանի որ այդ ժամանակ Բերիան դեռ իրենից ոչինչ չէր ներկայացնում և ոչ ոք չէր կարող կանխորոշել նրա գործունեության նման շրջադարձը: Այսպես թե այնպես` անվանափոխության իրական պատճառը գիտեր միայն Արմենակ Խանփերյանցը: Իսկ ինքն այդ մասին այդպես էլ ոչ ոքի չի պատմել:

Ռազմական ուղիներ

Այն պահից, երբ Խանփերանց-Խուդյակովը Առաջին Հեծելազորի շարքերում պաշտպանում էր Ցարիցինը, նրա ռազմական կարիերան արդեն որոշված էր: Անցնելով դասակի հրամանատարությունից միչև էսկադրիլիա քաղաքացիական պատերազմի ավարտին նա արդեն Անդրկովկասի առաջնագծում էր և մնաց այնտեղ ընդհուպ միչև Խորհրդային իշխանության հաստատումը:

Նրա առաջին ռազական կրթությունը Թիֆլիսում հեծելազորային կուրսերն էին: Որոշ ժամանակ նա ծառայել է զորագնդի դպրոցում, որպես ղեկավար, այնուհետև կազակների գնդի շտաբի ղեկավար Կամենց-Պոդոլսկում:

1930-ականների սկիզբը նշանավորվեց նրանով, որ հեծելազորը հետզհետե անցյալ էր մղվում և անհրաժեշտ էին նոր տեսակի զորքերում հատուկ տեխնիկական մասնագետներ: Այդ մղումը Խանփերյանցի կողքով չանցավ, ով գերազանցությամբ ավարտեց Կարմիր բանակի Ն.Ե. Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիայի հրամանատարության ֆակուլտետը և մայորի կոչում ստանալով գործուղղվեց Բելառուսի ռազմական օկրուգ: Այստեղ երկու տարվա ընթացքում անցնում է մեծ ճանապարհ` ավիացոն բրիգադայի շտաբի օպերատիվ բաժնի ղեկավարից միչև ռազմաօդային ուժերի շտաբի բաժնի ղեկավար և ռազմաօդային ուժերի լոգիստիկ կառավարման ղեկավար:

1941թ-ի հունիսին Խանփերյանցը արդեն գնդապետի կոչում ուներ և հանդիսանում էր ողջ Բելառուսական հատուկ ռազմական օկրուգի ղեկավար: Սակայն հունիսի 22-ը նրա ճակատագրի ցավալի օրն էր, երբ Խանփերյանցը ողնաշարի տրավմայով պառկած էր հիվանդանոցում: Ի դեպ, բացառված չէ, որ հենց այդ իրավիճակը փրկեց նրան Գերագույն Հրամանատարի պատժից. այդ օրերին Ստալինը փնտրում էր ամռան գործողությունների տապալման մեղավորներին: Արևմտյան ճակատի գրեթե ողջ հրամանատարական կազմը, այդ թվում և գեներալ Պավլովը, ավանդական ճանապարհն անցան` «տրիբունալ-գնդակահարություն», բայց Խանփերյանցը տաք ձեռքի տակ չընկավ:

Իսկ Մոսկվայի համար մարտում, որի ժամանակ Արևմտյան ճակատի ռազմաօդային ուժերի հրամատարն էր, արժանացավ գեներալ-մայորի կոչման: 1942թ-ին, Խանփրյանցի առաջարկով, Գերագույն Հրամանատարության կազմը որոշում է կայացնում ճակատների կազմում օդային բանակ ստեղծելու մասին, ինչը մեծացրեց զորամասերի մոբիլացումը և դրանց լավագույնս օգտագործումը: Խանփերյանցը դառնում է ռազմաօդային շտաբի ղեկավար, այնուհետև արևմտյան ճակատի առաջին օդային բանակի հրամատարությունն իրականացնելու իրավունք է ստանում:

Խանփերյանցը, չնայած իր կոչումներին, սիրում էր ինքը թռիչքնր կատարել: Նրան պահանջվեց միայն չորս օր որպեսզի յուրացնի ամերիկյան «Կինգ Կոբրա» կործանիչը` լենդ-լիզի դիրքավորմամբ: Սովորելուց հետո հաճույքով սովորեցնում էր ուրիշներին:

1943թ-ին Կուրսկի մոտ և Դնեպրի համար մղված դժվարին մարտերն ամենակարևորներից էին: Խանփերյանցը ղեկավարում է  Վորոնեժի և Ստեպնոյի ճակատների գործողությունները: Այդ տարի Խանփերյանցի ընտանիքում դժբախտություն էր պատահել` անհայտ պատճառներով Խանփերյանցը ռազմաճակատ է վերցնում իր 14-ամյա որդուն` Վիտյային, ով մահանում է Խարկովի շրջանում գերմանացիների ավիացիայի հարձակման ժամանակ: Հրամանատարը որդուն հողին է  հանձնում Նովոդևիչիեում` Մոսկվայում:

Լեգենդների մասին

Նույն տարվա փետրվարի 23-ին գեներալ-լեյտենան Խանփերյանցը որոշում է հարված հասցնել գերմանական գլխավոր խմբավորման վրա, որը ղեկավարում էր գեներալ-գնդապետ Ռոբերտ ֆոն Գրեյմը: Դեպի աէրոդրոմ տանող ուղու վրա ինքնաթիռների մուտքը պետք է փակեին մանյովրային ավիացիոն խմբերը, բայց այնպես ստացվեց, որ խորհրդային ավիացիայի հարվածային գործողությունները ստացան գերմանական կործանիչների հակահարվածը անմիջապես ռազմաճակատի տարածքում: Օպերացիան տապալվեց: Ռազմաօդային շտաբի հանձնաժողովը հետաքննություն անցկացրեց առաջին օդային բանակի խոշոր անհաջողության վերաբերյալ և ռազմաօդային Գերագույն Հրամանատարի կողմից հրաման արձակվեց օպերացիային մասնակցած զորամասերի և միավորումների հրամանատարներին  պատժելու` ընդհուպ մինչև պաշտոնանկություն:

Զորավար Խանփերյանցը անմիջապես հեռագիր է ուղարկում գլխավոր Հրամանատարին` «Ամեն ինչում ես եմ մեղավոր` ֆոն Գրեյմը շփոթության մեջ գցեց ինձ: Խնդրում եմ հանել բոլոր պատժամիջոցները հրամանատարների վրայից»: Այդպես էլ արվեց` պատժամիջոցները հանվեցին: Կարիք կա՞ ասելու, որ այդ ժամանակներում նման քայլն անսահման խիզախ և գրեթե խելահեղ էր:

Խորհրդային հանձնաժողովի ժամանումը Թեհրանի կոնֆերանսին կազմակերպել և վարել էր Խանփերանցը, իսկ 1944թ-ին նա դառնում է ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ, ավարտին  հասցնում Դնեպրի համար մարտերը և հրաշալի ղեկավարում է Յասկո-Կիշիննովյան օպերացիաները, ինչի արդյունքում դառնում է ավիացիայի մարշալ:

1945թ-ին Խանփերյանցը մասնակցում է Յալտայի կոնֆերանսին` Ստալինը նրան իր հետ է վերցնում, որպես խորհրդական`ճկուն խելքի և ցանկացած իրավիճակից դուրս գալու յուրահատուկ ընդունակության համար:

1024px-Jalta_1945
Յալտայի կոնֆերանսը (Խանփերյանցը աջից երրորդը)

Հատկանշական փաստ` և Ռուզվելտը, և Չերչիլը բարձր են գնահատում Խանփերյանցի բանիմացությունը ավիացիայի հարցերում: Այնքան բարձր, որ Ռուզվելտն անձամբ նրան նոր սպորտային ինքնաթիռ է նվիրում, ինչը, բնականաբար, անմիջապես փոխանցվում է պետությանը:

Արևմտյան ուղղությամբ Մեծ Հայրենականում մարշալի մասնակցությունը ավարտվեց Վիսլո-Օդերսկի հենակետում տարած հաջող մարտերով: Այստեղ Խանփերյանցը իրականցրեց իր լեգենդար օպերացիաներից առաջինը: Նա որոշեց կառուցել հիսուն կեղծ օդանավերի կայաններ, տեղակայել այնտեղ ինքնաթիռների և այլ հատուկ տեխնիկա մակետներ` ընդհանուր թվով շուրջ 800 հատ: Գերմանացիները ռմբակոծեցին մակետները, ինչը հնարավորություն տվեց հայտնաբերել թշնամու ավիաբազաների տեղակայման գոտիները և զանգվածային ռմբակոծությամբ իսպառ վերացնել դրանք:

Հաղթական 1945-ի մարտին, մարշալին գործուղեցին Բայկալ` որպես 12-րդ օդային բանակի հրամանատար: Այստեղ նա իրագործեց գրեթե անհավատալին` նա մշակեց և իրագործեց յուրահատուկ օպերացիա, երբ խորհրդային տրանսպորտային ինքնաթիռը ռազմական հետևակային ուղևորներով վայրէջք կատարեց Կվատունյան բանակի օդանավակայանում` Մուկդեն քաղաքում: Օպերացիային մասնակցեցին 250 հատուկ ընտրված դեսանտնիկներ: Ողջ էսկադրիլիան ցատկ կատարեց թշնամու դիրքերի վրայով և իջավ նրանց թիկունքում: Օդանավակայանի պահակազորը այդպես էլ չհասկացավ, թե ինչ կատարվեց:

Այս խելահեղ օպերացիայի ավարն էր Պու Ի ինքնաթիռը, «կայսեր» Մանչժոու-Գոն, ինչպես նաև «կայսրության» ոսկու պաշարները: Թեև ոսկու բեռով ինքնաթիռներից մեկը վթարվեց բայկալի տայգայում և գտնվեց որսորդների կողմից միայն տարիներ անց: Մարշալ Խանփերյանցի ձերբակալությանը մնացել էին հաշված ամիսներ…

Հերթական օտարը

1945թ-ի դեկտեմբերի 14-ին Խանփերյանցին կանչեցին Մոսկվա, նա այդ ժամանակ գտնվում էր Չունչունում: Մարշալը ստիպված էր տեղ հասնել փոխելով փոխադրամիջոցը, իսկ Չիտայի օդանավակայանում նրան ձերբակալեցին և նա Մոսկվա հասավ բանտային վագոնում:

Ձերբակալությունը պաշտոնապես ձևակերպվեց 1946թ-ի մարտին: Մեղադրանքը առանձնապես օրիգինալ չէր` «Մեղադրվում է լրտեսական գործունեության համար: Անգլիական հետախուզության գործակալ է»: Այդ տողն ինքնին արդեն դատավճիռ էր: Պնդում էին, որ ապագա մարշալը որպես լրտես հավաքագրվել է դեռևս 1919 թ-ին Բաքվում` անգլիացի սպա ոմն Վիլսոնի կողմից, և եղել է մենշևիկյան կառավարության դաշնակցական ջոկատի անդամ: Այն ակնհայտ փաստին, որ Խանփերյանցը նշված ժամանակաշրջանում ծառայում էր Կարմիր Բանակում, ոչ ոք ուշադրություն չդարձրեց: Հետո հիշեցրին նաև մանջուրական ոսկով բեռնված այն նույն վթարված ինքնաթիռի մասին: Արդյունքում Խանփերյանցը «խոստովանեց», որ յուրացրել է մի ամբողջ ինքնաթիռ ոսկե ձուլակտորներ:

Ի դեպ, մեղադրական եզրափակման մեջ առաջին անգամ նշվեց, որ Արմենակ Խանփերյանցը փոխել է անունը` դառնալով Սերգեյ Խուդյակով: Տեղեկատվության աղբյուրը, բնականաբար, չնշվեց: Սովորաբար նմանատիպ գործերը ռեկորդային կարճ ժամանկահատվածում փակվում էին և հայտնի դատավճիռը իրականացվում էր առանց հետաձգումների: Առանձնապես հաշվի չէին նստում ոչ մարշալների, ոչ էլ շարքայինների հետ: Բայց այս դեպքում հետաքննությունը ձգձգվեց 4 տարի: 1949թ-ին այն ավարտվեց, իսկ ևս 4 տարի անց ձերբակալված քննիչ Մ. Ռյումինը, Բերիայի համար աշխատող, կպատմի , թե ինչպես էին «մանրամասներ» անցկացվում գործի մեջ և ինչպես էին խոշտանգում մարշալին:

Մարշալ Արմենակ Խանփերյանցի դատավճիռը հայտարարեցին 1950թ-ի ապրիլի 18-ին: Նույն օրը նրան գնդակահարեցին: Ինչպես ընդունված էր այն ժամանակ, ձերբակալվեցին նաև հարազատները` Խանփերյանցի կինը և մանկահասակ որդին, որպես «հայրենիքի դավաճանի ընտանիք»: Լեյտենանտ Խուդյակովը` Արմենակի ավագ որդին, ազատվեց աշխատանքից Խորհրդային բանակի շարքերում, իբր տարիքից ելնելով` և դա քսան տարեկանում, ապա աքսորվեց:

Միայն 1954թ-ին Գլխավոր Ռազմական դատախազությունը լիովին վերականգնեց մարշալի հեղինակությունը` հետմահու: Որպեսզի հետո նրա անունով կոչեն փողոցներ և հրապարակներ Խորհրդային Միության քաղաքներում:

Տասնամյակներ անց` 2010թ-ի մայիսի 9-ին, անկախ Հայաստանի բանակի փոխգնդապետ Վարդան Խանփերյանցը` մարշալի մեծ զարմիկը, գլխավորեց Հայաստանի հանրապետության զինված ուժերի շարասյունը` Հաղթանակի 65-րդ տարելիցի կապացությամբ Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացած շքերթի ժամանակ:

1930-ականների սկզբին` Մոսկվայում սովորելու ընթացքում, Արմենակը որոշում է վերջապես այցելել ծնողներին: Նա գրեթե տեղ էր հասել: Բայց Եվլախի երկաթուղու կառամատույցին նա հանդիպում է համագյուղացիների: Վերջիններս սկսում են պատմել, որ նրա հորը կուլակաթափ են արել և աքսորել, թե ուր` անհայտ է: Այնպես որ, ստացվում է` չի կարելի հայրենիք մեկնել: Նա նաև հիշեց, որ Բաքվում Խանփերյանցներ էին ապրում և բավական հարուստ էին, սակայն իրեն ժամանակին չընդունեցին: Այդպես էլ նա վերադարձավ Մոսկվա, դա հայրենիք գնալու նրա առաջին և վերջին փորձն էր:

Ռազմական պարգևները`

Լենինի Շքանշան

Կարմիր Դրոշի երկու շքանշան

Առաջին և երկրորդ աստիճանի Սուվորովի Շքանշան

Առաջին աստիճանի Կուտուզովի Շքանշան

Կարմիր Աստղ շքանշան

Բազմաթիվ այլ մեդալներ

Պատրաստեց Ռուբեն Գյուլմիսարյանը