Գեղասահքի միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի հնգակի չեմպիոն, Թուրինի ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի դրոշակակիր Վազգեն Ազրոյանն այս ամառ տեղափոխվել է Հայաստան՝ նպատակ ունենալով զարգացնել այս գեղեցիկ մարզաձևը հայրենիքում։ Օրերս մարզիկը հայտարարեց գեղասահքի սեփական «Azraian teem» դպրոցի բացման մասին։ Ավելին, դրա փորձնական բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 6-ին։ Պաշտոնական տոնակատարությունը՝ ցուցադրական ելույթներով և այլն, տեղի կունենա ավելի ուշ, «Sputnik Արմենիա»-ում վերջերս կայացած մամուլի ասուլիսում նշել է գեղասահորդը։

Ազրոյանը հանրապետությունում գեղասահքը զարգացնելու մտադրության մասին հայտարարել էր դեռևս 2023 թվականի հունվարին: Այդ ժամանակ տեղի ունեցան նրա առաջին հանդիպումները ոլորտի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում գեղասահորդը ներկայացրեց մարզաձևի զարգացման ծրագիր։ Ազրոյանը վստահ է՝ ոլորտին գրագետ մոտեցման դեպքում գեղասահքը հիանալի հեռանկարներ ունի Հայաստանում։

«Ասում են՝ գեղասահքն ու Հայաստանը այնքան էլ համատեղելի չեն։ Սակայն սա մեծ մոլորություն է։ Հայ ժողովուրդը երաժշտական, արտիստիկ, պարել սիրող, կյանքով լի ժողովուրդ է: Իսկ սրանք այն բոլոր չափանիշներն են, որոնք բավարար են ամենաբարձր մակարդակի մարզիկներ աճեցնելու համար», – հայտարարել է նա հունվարին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նաև հավելել է, որ մարզաձևը Հայաստանում չի զարգանում միայն այն պատճառով, որ «չկա համակարգ»: «Չկա որոշակի կարգապահություն, կադրերի զարգացում, մինչդեռ մարզչական կազմը պետք է վերապատրաստվի և վերատեստավորվի։ Եթե ​​մենք կառուցենք համակարգը, ավելի քան վստահ եմ, որ հայ երեխաները հեշտությամբ կարող են մեծ չեմպիոններ դառնալ»:

Գեղասահորդը համակարգի կառուցումը սկսել է հիմքից՝ դպրոցից։ Նրա խոսքով, այսօր արդեն բավականին մեծ է սովորել ցանկացողների թիվը։ «Կզարմանաք, բայց ահռելի թվով դիմումներ են ստացվել, բազմաթիվ զանգեր։ Եվ սա, չնայած այն հանգամանքին, որ դպրոցը կոմերցիոն է, մասնավոր, ամեն ինչ ինքս եմ անում»,- նշել է զրուցակիցը։

«Azraian teem»-ը գտնվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ուսումնամարզական համալիրի բազայի վրա։ «Այնտեղ շատ լավ ենթակառուցվածքներ, հիանալի պայմաններ կան», – պարզաբանել է դպրոցի հիմնադիրը և հավելել, որ սկզբում բոլորին հնարավորություն է տալիս գալ, գրանցվել ու սկսել մարզումները։ Որոշ ժամանակ անց պարզ կդառնա՝ որ երեխաներն են տեղափոխվում խմբեր, որտեղ սկսում են ավելի լրջորեն զբաղվել գեղասահքով, և որոնք են մնում գեղասահքի սիրողական պարապմունքների: Ազրոյանը նախատեսում է ստեղծել նաև մանկական բալետ սառույցի վրա։ «Մի քանի ներկայացումներ կանենք, նրանք ելույթ կունենան։ Այսինքն՝ դա արդեն ոչ թե սպորտային ուղղություն է լինելու, այլ ավելի ստեղծագործական։ Ծրագրեր շատ ունենք. այժմ գլխավորն այն է, որ դրանց իրականացումը մեզ հուսախաբ չանի։ Սակայն ձգտելու ենք հաջողության հասնել», – ասել է նա:

Լրագրողները հետաքրքրվել են՝ Հայաստանում կա՞ն համապատասխան մարզիչներ։ «Այո, իհարկե։ Կան մարզիչներ: Կան նաև երիտասարդ մասնագետներ։ Աշխատում եմ ֆեդերացիայի, սպորտի նախարարության և օլիմպիական կոմիտեի հետ համատեղ։ Այս փուլում արդեն համալրում ենք մեր մարզչական շտաբը։ Այսօր (նոյեմբերի 6-հեղ.)՝ փորձնական բացմանը, դպրոց են հրավիրվել մի շարք մասնագետներ, որպեսզի միասին տեսնենք երեխաներին, անցկացնենք առաջին ընդունելությունը և երեխաներին բաժանենք խմբերի։ Սակայն, հասկանո՞ւմ եք, այստեղ հարցը նույնիսկ մարզիչների առկայությունը կամ բացակայությունը չէ։ Հայաստանում կան մարզիչներ, որոնք ունեն գիտելիքներ, սակայն այնքան էլ լավ չեն հասկանում համակարգը և թե ինչպես պետք է այն ճիշտ աշխատի։ Հուսով եմ, որ կկարողանամ բացատրել դա», – պատասխանել է Ազրոյանը:

Գեղասահորդը հերթական անգամ ընդգծեց՝ Հայաստան է եկել գեղասահքը մասսայական և սիրված սպորտաձևի վերածելու նպատակով։ Այն բանից հետո, երբ քանակը կվերածվի որակի, երկիրը կստանա իր չեմպիոններին, վստահ է նա։ «Բայց դրա համար մենք բոլորս՝ պետական ​​կառույցները, հովանավորները, մարզիչները, պետք է համախմբվենք, որպեսզի ներդրում կատարենք և հասնենք իսկապես մեծ արդյունքի»,- ասել է զրուցակիցը։

Ի դեպ, նման համախմբումից է կախված նաև Արթուր Գրուզդև/Վիկտորիա Ազրոյան (Վազգեն Ազրոյանի դուստր-հեղ.) պարային զույգի հաջողությունը աշխարհի առաջնություններում։ Գեղասահորդները շատ լավ են գնահատվում մասնագետների կողմից, սակայն մրցումների համար նրանց նախապատրաստական աշխատանքները հղի են որոշակի դժվարություններով։

«Մրցաշրջանի սկզբում մենք բախվեցինք մի շարք խնդիրների և չկարողացանք ելույթ ունենալ: Բայց հետո ֆեդերացիայի, նախարարության ու օլիմպիական կոմիտեի ջանքերով մարզվեցինք, սակայն ոչ բավարար, արդեն վնասվածք ունեինք։ Մարզվում էինք շաբաթական 5-6 ժամ, իսկ մեր մրցակիցները օրական էին նույնքան ժամ անցկացնում սառույցի վրա», – ասաց Ազրոյանը։

Վազգեն Ազրոյան

Զույգը, այնուհանդերձ, մեկնեց Հայաստանը ներկայացնելու Ղազախստանում, սակայն Վիկտորիայի վնասվածքի պատճառով դուրս մնաց մրցույթից։ Արդյո՞ք սա նշանակում է, որ գեղասահորդները ստիպված են լինելու հրաժարվել գալիք Օլիմպիական խաղերից։

Զույգը բոլոր հնարավորություններն ունի գալիք Օլիմպիական խաղերում արժանապատիվ արդյունքի հավակնելու համար, սակայն միայն ոգևորությամբ հնարավոր չէ հասնել դրան։ Անհրժեշտ է շատ մարզվել, այն էլ լիարժեք մարզչական թիմի աջակցությամբ, ինչը մեր գեղասահորդները դեռ չունեն, նշել է Ազրոյանը։

«Խնդիրն այն է, որ «դաշտում գտնվողը ռազմիկ չէ»: Բացի այն, որ մենք քիչ սառույց ունենք, այժմ այստեղ միայնակ ենք մարզվում՝ ես որպես և՛ ավագ մարզիչ, և՛ մեկ զույգ։ Բայց մարզիկները աճում են միայն մրցակցության միջոցով: Էլ չենք խոսում այն ​​մասին, որ բոլոր լուրջ թիմերն ունեն մեծ մարզչական շտաբ։ Իսկ դրա համար վիթխարի միջոցներ չեն պահանջվում։ Կարծում եմ, որ մարզումների համար «սառույց» վարձելը հավանաբար ավելի թանկ արժեր, քան մեկ այլ երկրում լուրջ մարզչական թիմի հետ մարզվելը: Նման պարապմունքները լիովին արդարացված են, և հավանաբար ստիպված կլինենք դիմել հենց այդ համակարգին՝ զույգին տեղափոխել և մարզել երկրից դուրս, քանի որ Հայաստանում չկան նեղ մասնագետներ։ Ի դեպ, Էթերի Թութբերիձեի դուստրը մարզվում է ԱՄՆ-ում, այնտեղ է ստանում իր ողջ գիտելիքները ու մրցում Վրաստանի կողմից…»,- ասաց Ազրոյանը։

Նա նաև հավելեց, որ մտադիր է խնդիրը քննարկել ղեկավարության հետ, որպեսզի գեղասահորդներին հնարավորություն ընձեռվի շարունակել աշխատանքը՝ օգտագործելով առկա ողջ ներուժը՝ ի շահ Հայաստանի մարզական նվաճումների։

«Վերադառնալով գեղասահքի մարզադպրոցի թեմային, ևս մեկ անգամ նշեմ, որ դպրոցը օգուտ և ուրախություն կբերի գեղասահքի սիրահարներին և մեծ զարգացում կունենա։ Ամեն դեպքում, ես բավականին դրական եմ տրամադրված և բոլոր մեկենասներին ու հովանավորներին հրավիրում եմ համագործակցության, քանի որ մեր թիմը իրականում բավականին մեծ և լուրջ նախագիծ է իրականացնելու։ Եվ ի վերջո, հուսով եմ, գեղասահքը Հայաստանում ժողովրդականություն ձեռք կբերի և կդառնա բավականին հեղինակավոր մարզաձև», – զրույցն ամփոփել է Վազգեն Ազրոյանը։

Իրինա Գրիգորյան