Иллюстрация: Официальная страница в Фейсбук Посольства России в Армении

Արդեն երրորդ տարին անընդմեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում միջազգային կոնֆերանսներ են անցկացվում, որոնց ընթացքում Հայաստանից և Ռուսաստանից, ինչպես նաև ԵԱՏՄ այլ երկրներից մասնակիցները արդիական հարցեր են քննարկում, որոնք վերաբերում են մեր հասարակություններին: Վերջին տարիներին էլ ավելի հաճախ ուշադրությունը սևեռվում է այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ է պայքարել հայ և ռուս հասարակություններին բնորոշ ազգային արժեքների աղավաղմանն ու վնասմանն ուղղված գործունեության դեմ:

2017 թվականին «Ընդհանուր քաղաքակիրթ ընտրություն ապագա սերունդների համար» խորագրով կոնֆերանսը նվիրված էր Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ մարդասիրական և մշակութային գործընկերության ամրապնդմանը և երկու երկրների երիտասարդ սերնդի ապագայի քննարկմանը: Իսկ օրերս Էջմիածնում` «Ավանդական արժեքներ, արդի մարտահրավերներ» խորագրով միջազգային երրորդ կոնֆերանսի ժամանակ, քննարկվում էր ազգային ինքնության և պետականության պահպանման հարցերը:

Illustration: “Iravunk”

Կոնֆերանսի աշխատանքը մեկնարկեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Ի.Կ.Վոլինկինի ողջույնի խոսքով, որը կարդաց դեսպանորդ-խորհրդական Ա.Պ.Իվանովը:

«Ցանկացած ժամանակակից հասարակության առաջնահերթ խնդիրն է ավանդական մշակութային, բարոյական և հոգևոր արժեքների պաշտպանությունը, իսկ պետության հաջողությունը և ծաղկումը մեծապես կախված է իշխանությունների և հասարակության ընդունակությունից համատեղ ուժերով պայքարել օտարածին գաղափարներ պարտադրող եւ երկրի դարավոր հիմքերը խարխլող փորձերի դեմ», – ասված էր ուղերձում:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական կայքէջում նաև ընգծվել է վերջին տարիներին կատարած նշանակալի համատեղ աշխատանքի մասին, որը նպաստել է նոր սերնդի հոգևոր-բարոյական և հայրենասիրական դաստիարակմանը, Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև հոգևոր կապերի խորացմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:

Dalma News-ի հետ զրույցում կոնֆերանսի կազմակերպիչներից մեկը` «Ռազմավարական ծրագրերի կենտրոնի» գլխավոր տնօրեն, Եվրասիայի ժողովուրդների միջև գործնական հաղորդակցությունների կոմիտեի նախագահ Ելենա Գոդովիխը պատմեց, որ ինքն ու իր թիմը շատ են աշխատում Հայաստանի հետ, քանի որ մեր երկիրը մեծ կարևորություն ունի իրենց համար:

Ելենա Գոդովիխ

Իր խոսքերով, Ռուսաստանը և Հայաստանը շատ մոտ են իրար՝ իրենց արժեքներով, կյանքի, ընտանիքի, երեխաների դաստիարակության հանդեպ վերաբերմունքով, ինչպես նաև սեփական ազգային արժեքները պահպանելու ձգտմամբ:

Եվ հենց այս հիմքի վրա չորս տարի առաջ գաղափար ծագեց անցկացնել կոնֆերանսներ, որոնք երիտասարդների ուշադրությունը կենտրոնացնում են մեր ավանդույթները պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու անհրաժեշտության վրա.

«Այսօր, իսկապես, շատ են հենց տեղեկատվական հոսքերը, վտանգները, այդ թվում նաև արևմտյան ՆՔԿ-ներից և առանձին անհատներից, որոնք փորձում են քանդել մեր արժեքները և ավանդույթներն ու մեզ պարտադրել նորերը: Նրանք ոչ միայն փորձում են մեզ դրանք պարտադրել, այլև համահարթել մեր այնպիսի արժեքները, ինչպիսիք են լիարժեք ընտանիքը, երեխաների դաստիարակությունը և այլն: Նրանք փորձում են ձևավորել կյանքի նոր ոճ և նոր մտածելակերպ, ինչն, իրոք, վտանգավոր է մեզ համար, քանի որ այդ ամբողջ նորարարությունը վտանգ է երկրի համար` ոչ լիարժեք ընտանիքը բերում է ազգագրական խնդիրների, մեր ավանդույթների քայքայումը կարող է պատճառ դառնալ ոչ առողջ և հոգեբանորեն ոչ կայուն հասարակության ձևավորմանը: Իսկ մենք տեսնում ենք, որ անձը բարոյապես առողջ է դաստիարակվում միայն ավանդական, լիարժեք ընտանիքում: Եվ հենց ավանդական ընտանիքում է սեր սերմանվում հայրենիքի հանդեպ», – նշեց նա:

Պատահական չէր նաև կոնֆերանսների անցկանցման վայրի ընտրությունը՝ Հայ Առաքելական եկեղեցու գրկում: Ելենա Գոդովիխը նշեց, որ ավանդական եկեղեցին շատ կարևոր, խորքային և արմատական արժեքների կրող է, և Հայաստանի ու Ռուսաստանի ժողովուրդները դժվար պահերին միշտ պաշտպանություն և հանգստություն են գտել այնտեղ: Այդ պատճառով շատ կարևոր է, որպեսզի ժամանակակից երիտասարդությունը չմոռանա այս կարևոր ինստիտուտի մասին:

«Այս տարի մենք շատ արդիական թեմա ընտրեցինք մեր կոնֆերանսի համար` «Ավանդական արժեքներ, արդի մարտահրավերներ»: Այսօր մենք բոլորս գտնվում ենք սոցիալական ցանցերում և շատ կարևոր էր հասկանալ, թե որքանով են այս պայմաններում թե՛ փորձագիտական հասարակությունը, թե՛ եկեղեցին աշխատում տեղեկատվական ֆոնին, որքանով են պատրաստ նոր տեղեկատվական ձեւաչափերի միջոցով երիտասարդներին հասցնել մեր արժեքները, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ: Այս տարի մենք ունեցանք շատ երիտասարդ խոսնակներ, այդ թվում նաև Ռուսաստանից, և ես կարող եմ ասել, որ ճիշտ և շատ կարևոր աշխատանք ենք կատարում», – նշեց նա՝ հավելելով նաև, որ հաջորդ տարի ձեւաչափը փոքր-ինչ փոփոխվելու է` կլինեն ավելի շատ կլոր սեղաններ և քննարկումներ:

Բոլոր երեք միջոցառումների անփոփոխ մոդերատորի՝ «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանի խոսքերով՝ միջազգային կոնֆերանսների կազմակերպման գաղափարը ծագեց ռուս գործընկերների հետ սերտ համագործակցության և պարբերական քննարկումների արդյունքում, որոնք ուղղված էին հայ և ռուս հասարակական կազմակերպությունների, ինտելեկտուալների, ակտիվիստների ջանքերի միավորման հնարավորությանը՝ հանուն ավանդական արժեքների պահպանման և ամրապնդման, ինչպես նաև ջանքերի միավորման` հակազդելու համար լիբերալիստական կեղծ արժեքներին, որոնք քայքայում են մեր ավանդական հասարակությունները:

Արամ Սաֆարյան

«Էջմիածնում օրերս անցկացված կոնֆերանսին մասնակցեցին ավելի քան 240 հասարակական և քաղաքական գործիչներ, լրագրողներ, գիտնականներ, հայկական համալսարանների ուսանողներ և ասպիրանտներ, ակտիվիստներ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում տվյալ թեմայի հանդեպ: Այս տարի մենք քննարկում էինք ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հնարավորություններն ավանդական արժեքների պաշտպանության գործում: Պետք է հասկանալ, որ այս սահմանման տակ մենք հասկանում ենք այնպիսի անփոխարինելի արժեքներ հայ և ռուս հասարակությունների համար, ինչպիսիք են ավանդական ընտանիքը, երեխաների դաստիարակությունը, կրոնը, հոգևորականությունը, բարոյական կողմնորոշիչները, որոնք ներկայումս, ցավոք, ենթարկվում են ուժեղ ճնշման և դուրս մղման արևմտյան արժեքային համակարգերի կողմից», – ասաց նա:

Միևնույն ժամանակ, Սաֆարյանը հատուկ ընդգծեց, որ իրենք, բնականաբար, հանդես չեն գալիս մարդու իրավունքների կամ ժողովրդավարական հիմքերի դեմ, որոնցով հպարտանում է արևմտյան հասարակությունը: Սակայն, իրենք դեմ են այն քայքայիչ ազդեցություններին, որոնք համահարթում և քայքայում են ավանդական ու հոգևոր- բարոյական դիրքորոշումները, որոնք օգնել են հայ և ռուս ժողովուրդներին ամենադժվար պահերին, իսկ այսօր օգնում են աշխատել հանուն ընտանիքի, երեխաների և ընդհանուր առմամբ՝ ողջ հասարակության:

«Այդ կոնֆերանսը մեծ հաջողություն ունեցավ, ինչի մասին վկայում է ոչ միայն բոլոր մասնակիցների հետաքրքրությունը և ակտիվությունը, ովքեր մասնակցեցին միջոցառմանը, այլև հոդվածների քանակը ԶԼՄ-ներում: Դա ցույց է տալիս, որ տվյալ թեման հետաքրքիր է, և որ շատ մարդիկ այսօր մեր ծանր ժամանակներում, իսկապես, ուզում են կողմնորոշվել հոգևոր-բարոյական ուղղությամբ: Եվ այս համատեքստում ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, որն արդեն երեք տարի շարունակ աջակցում է այս նախաձեռնությանը, ինչը վկայում է այն մասին, որ Հայ Առաքելական եկեղեցին հնարավորություններ է փնտրում համագործակցելու ցանկացած գործընկերների հետ` մեր ավանդական հոգևոր-բարոյական հարստությունների պահպանման և բազմապատկման համար», – նշեց կոնֆերանսի մոդերատորը:

Այս կոնֆերանսների ժամանակ մշտական զեկուցողներից մեկն է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, քաղաքագետ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Գրիգոր Բալասանյանը: Dalma News-ի հետ զրույցում Բալասանյանը նշեց, որ գլոբալիզացման պայմաններում մեր ավանդական արժեքները` ընտանեկան ավանդույթները, հարգանքը մեկը մյուսի հանդեպ, լիարժեք ընտանիքը, մղվում են հետին պլան, և նման միջոցառումների անցկացումը շատ կարևոր է, որպեսզի հիշեցվի դրանց պահպանման կենսական անհրաժեշտության մասին:

Գրիգոր Բալասանյան

Նա նշեց, որ մեզ բոլորիս և հաջորդ սերնդին կարևոր է ավելի հաճախ հիշեցնել, որ այն արժեքները, որոնք այսօրվա դրությամբ թելադրվում են Արևմուտքի կողմից, պատմականորեն ոչ մի կերպ կապված չեն և չեն կարող կապված լինել մեր ժողովրդի հետ: Այդ պատճառով կոնֆերանսի անցկացման վայրն էլ պատահական չէ ընտրված` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Հետ նայելով` նա ընդգծում է, ոչ թե այն, որ արևմտյան արժեքները ամրապնդվում են մեր հասարակության մեջ, այլ պարզապես դրանք ակտիվորեն պրոպագանդվում են մի քանի կազմակերպությունների և առանձին անհատների կողմից: Եվ թեպետ դրանք այնքան էլ շատ չեն, սակայն պրոպագանդումն իրականացվում է այնքան ստիպողաբար և ագրեսիվ, որ կողքից տպավորություն է ստեղծվում, որ բնակչության գրեթե կեսն ապրում է այդ արժեքներով:

«Կարծում եմ` այս քայքայիչ պրոպագանդայի դեմ բավականին ակտիվ պայքար պետք է տարվի: Առաջին հերթին, պետք է ճիշտ աշխատանք իրականացնել երիտասարդների հետ, և այս առումով հսկայական դեր պետք է խաղա և հուսով եմ` խաղալու է եկեղեցին: Պետք է կազմակերպվեն երիտասարդական ֆորումներ և միջոցառումներ, որտեղ հանդես կգան Հայ Առաքելական եկեղեցու և Ռուս Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները և այլք: Ես վստահ եմ, որ որքան շատ լինեն նման միջոցառումները, որքան ավելի հաճախ երիտասարդությունը սնվի ավանդական արժեքներով, այնքան ավելի քիչ օտարածին և այլ երևույթները կկարողանան հավակնել որևէ տեղ զբաղացնել մեր հասարակության մեջ: Եվ այս առումով իր կարևոր առաքելությունը պետք է ունենա եվրասիական ինտեգրումը, որը պետք է ոչ միայն նպաստի մասնակից երկրների տնտեսական և քաղաքական առաջընթացին, այլև օգնի պահպանել ավանդական արժեքները», – ընդհանրացրեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ կոնֆերանսը կազմակերպվել է Սուրբ Աֆոն լեռան ռուսական սրբավայրերի աջակցության բարեգործական հիմնադրամի կողմից` Ռուս Ուղղափառ եւ Հայ Առաքելական եկեղեցու, «Ռազմավարական ծրագրերի կենտրոն» կազմակերպության, Հայաստանում ռուսական ԲՈՒՀ-երի ուսանողների ասոցիացիայի ու Երևանում Մշակույթի և գիտության ռուսաստանյան կենտրոնի աջակցությամբ:

 

Պատրաստեց Լինա Մակարյանը