Հունիսի 28-ին «Բանակ-2019» միջազգային ռազմատեխնիկական ֆորումի շրջանակներում Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղի ունեցավ բաց դռների օր:

Միջոցառումը բաց էր բոլոր ցանկացողների համար: Օրը սկսվեց ավիաբազայի անձնակազմի շարային պատրաստությամբ՝ Ռուսաստանի և Հայաստանի օրհներգների ներքո, զինծառայողների պարգևատրման և հանդիսավոր երթով, որից հետո հյուրերին ներկայացվեցին զենքի և օդային տեխնիկայի նմուշներ: Այնուհետև МиГ-29 կործանիչների և МИ-8 ուղղաթիռների անձնակազմները ցույցադրեցին փայլուն օդային շոու՝ բարձր պիլոտաժի ֆիգուրների կատարմամբ և մարտավարական դրվագների խաղարկմամբ, իսկ հյուրերի համար կազմակերպվեց ավանդական դաշտային խոհանոց:

Լրագրողների հետ զրույցում «Էրեբունի» ռուսական ավիաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը նշեց, որ նման միջոցառումներն անցկացվում են բոլոր խոշոր քաղաքներում, որտեղ տեղակայված են ՌԴ Պաշտպանության նախարարության ռազմական ստորաբաժանումները և զորամասեր:

«Ուրախ եմ, որ մեր հրավերին արձագանքեցին նման մեծ թվով այցելուներ: Մարդիկ հաճույքով են գալիս. կան մարդիկ, ովքեր սպասում են նման իրադարձություններին: Ուրախ եմ, որ ամեն ինչ բարձր մակարդակով անցավ: Մենք ներկայացրեցինք ցուցադրական հարձակումներ արագաթիռ օդային թիրախի վրա, և կործանիչ ինքնաթիռը հարձակում գործեց ուղղաթիռի վրա: Դրանից հետո զույգը օդանավակայանում ցուցադրեց բարդ պիլոտաժի ֆիգուրներ, ինչպես նաև ցուցադրվեց միայնակ բարձր պիլոտաժի ֆիգուր, ինչպես օրինակ, վերթիռ՝ թեք հանգույց, Նեստերովի հանգույց, մարտական շրջադարձ, գլխիվայր թռիչք, հարկադրված հերթափոխը, ֆիքսված տակառ, կրկնակի տակառ և այլն: Դա բարձրագույն պիլոտաժի ողջ համալիրն է»,- ասաց Պետրովը:

Նա նաև շնորհավորեց ՀՀ Պաշտպանության նախարարությանը հունիսի 26-ին նշվող ռազմաօդային ուժերի օրվա առթիվ և իր ուրախությունն արտահայտեց՝ հայ գործընկերների կողմից նոր ավիատեխնիկայի ձեռքբերման կապակցությամբ.

«Ես շատ ուրախ եմ մեր հայ գործընկերների համար: Հունիսի 26-ին Պաշտպանության նախարարությունը նշել է ՀՀ ռազմաօդային ուժերի օրը, և ես իմ անունից, ինչպես նաև «Էրեբունի» ավիաբազայի ողջ անձնակազմի անունից, շնորհավորում եմ մեր օդաչու գործընկերներին: Մենք կիսում ենք միևնույն երկինքը, չունենք որևէ խնդիր և շատ հստակ ու ներդաշնակ կատարում ենք մեր աշխատանքն օդում և համագործակցում ենք միմյանց հետ: Ես շատ ուրախ եմ մեր գործընկերների համար, քանի որ նրանք ձեռք են բերում նոր ավիատեխնիկա: Су-30СМ կործանիչներն այս պահին աշխարհի ամենալավ մարտական մեքենաներն են, և շատ լավ է, որ հայկական զինված ուժերը ձեռք են բերում նման տեխնիկա»:

Ավիաբազայի հրամանատարը կարծիք հայտնեց, որ նման միջոցառումները մեծ դեր են խաղում երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում, քանի որ նրանք կարող են ոգեշնչել երիտասարդներին ընտրելու օդաչուի մասնագիտությունը.

«Մեծահասակները եկան, դիտեցին և ուրախանացան, իսկ երեխաները, դպրոցականները կամ ռազմական ուսումնարանների ուսանողները կամ շրջանավարտները տեսան, թե ինչ հեշտությամբ են երկնքում թռչում ինքնաթիռները, և, բնականաբար, եթե նույնիսկ նրանցից մեկը որոշի դառնալ օդաչու, այս տոնն, իմ կարծիքով, իզուր չի անցնի, և մենք կշարունակենք նման տոներ կազմակերպել»,- ամփոփեց Պետրովը:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Երևանում տեղի ունեցած «Հայաստանի Հանրապետության միջազգային ռազմական համագործակցությունը՝ իր ռազմական անվտանգության տեսանկյունից» խորագրով կլոր սեղան-քննարկման ժամանակ ռուսական «Էրեբունի» ավիաբազայի ներկայացուցիչ, մայոր Վլադիսլավ Կոստյուչենկոն հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի օտարերկրյա ռազմական օբյեկտը շարունակում է գործել բնականոն ռեժիմով. «Մենք պատրաստ ենք հետ մղել թե՛ արտաքին սպառնալիքները, և թե՛ իրականացնել մարդասիրական առաքելություններ: Եվ մենք ուրախ ենք, որ Հայաստանը մեր բարեկամն է», – նշեց Կոստյուչենկոն:

 

Լուսանկարները` Տիգրան Առաքելյանի