«Ռուսական բիզնեսը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Եվրասիական տնտեսական միության երկրների հետ համագործակցության մեջ, որի անդամ է նաև Հայաստանը», – Երևանում կայացած «Ռուսաստանի և Հայաստանի տարածաշրջանների միջև համագործակցությունը աշխարհաքաղաքական և տնտեսական փոփոխությունների նոր պայմաններում» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Եվրոպա-ասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն (Եկատերինբուրգ) Անդրեյ Ռուսակովը:
ԵԱՏՄ երկրների և, մասնավորապես, Հայաստանի արդյունաբերության տարբեր ճյուղերի նկատմամբ ուշադրությունը մեծացել է Ռուսաստանի դեմ ԵՄ երկրների և ԱՄՆ-ի օրեցօր աճող պատժամիջոցների հետ կապված։ Առավել խոցելի են նավթագազային և բանկային հատվածները, սակայն տնտեսության մյուս հատվածները նույնպես աջակցության և համապատասխան ապրանքային այլընտրանքի կարիք ունեն։
«Հսկայական հեռանկարներ են բացվում», – նշել է Անդրեյ Ռուսակովը՝ խոսելով այն մասին, որ տարբեր պրոֆիլների բավականին մեծ թվով ընկերություններ լքել են ռուսական շուկան։ Դրանք և՛ «B2B» (բիզնես բիզնեսի համար) ոլորտում, և՛ սպառողական պահանջարկի ոլորտում գործող ընկերություններ են։ Արդյունքում՝ նախորդ տարվանից ԵԱՏՄ երկրներ են ուղարկվել ամենատարբեր բիզնեսների ներկայացուցիչների բազմաթիվ պատվիրակություններ։ Գործուղումները իզուր չեն անցնում. այսպես, Սվերդլովսկի մարզի (որտեղից եկել է ինքը՝ Ռուսակովը) խանութներում մեծ քանակությամբ հայկական գյուղմթերք է հայտնվել, և դրա ծավալները, ըստ զրուցակցի, միայն ավելանում են։ Սակայն Հայաստանի ներուժը սրանով չի սահմանափակվում, և ցանկալի կլիներ ավելի շատ «մեյդ ին Արմենիա» ապրանքներ ունենալ ՌԴ խանութներում։ Բարեբախտաբար, ըստ փորձագետի, վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստան ժամանած պատվիրակությունները հետաքրքրություն են ցուցաբերել նաև հայկական հագուստի նկատմամբ. Ռուսաստանից ձեռնարկատերերն այցելել են նաև կարի արտադրամասեր։ Ռուսները փնտրել և փնտրում են գործընկերներ ինչպես պատրաստի արտադրանքի, այնպես էլ բաղադրիչների մատակարարման հարցում։
Զրուցակցի խոսքով, հայկական բիզնեսը պետք է ավելի լավ դիտարկի ստացվող առաջարկները, քանի որ հայկական արտադրանքի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում բիզնեսի ներկայացուցիչներ Ռուսաստանի տարբեր շրջաններից, ընդ որում՝ ավելի մեծ հետաքրքրություն, քան հենց Հայաստանում։ Օրինակ, միայն Սվերդլովսկի մարզի բնակչությունը կազմում է 4,2 մլն մարդ, իսկ այս մարզի համախառն տարածաշրջանային արդյունքը գերազանցում է ողջ Հայաստանի ՀՆԱ-ն։
«Ռուսաստանի ցանկացած տարածաշրջան առանձին երկիր է։ Բացի այդ, յուրաքանչյուր տարածաշրջանի մասնագիտացումը, ելնելով տիրող տնտեսական իրողություններից, յուրահատուկ է: Սվերդլովսկի մարզն, օրինակ, մետալուրգիական շրջան է, մինչդեռ Հայաստանն ունի պղնձի համաշխարհային պաշարների 1 տոկոսը և ուրանի համաշխարհային պաշարների 4-6 տոկոսը», – նշել է փորձագետը։
Սակայն լրագրողները միանգամայն հիմնավորված հետաքրքրվեցին՝ այս կամ այն արտադրության ծավալների ավելացումը կապված է զգալի ներդրումների հետ, իսկ ի՞նչ պետք է անեն հայ ձեռներեցները, եթե հանկարծ մի օր չեղարկվեն հակառուսական պատժամիջոցները։ Կենտրոնի տնօրենը սրան հակադարձեց՝ պատժամիջոցները դեռ երկար ժամանակ կպահպանվեն.
«Այժմ կհայտնեմ իմ անձնական կարծիքը, որը, սակայն, կիսում են բազմաթիվ փորձագետներ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս. պատժամիջոցները չեն չեղարկվի։ Սա իրատեսական չէ, քանի որ մոտ ապագայում աշխարհաքաղաքական պայմանները չեն փոխվի։ Ակնկալել, որ վաղը Եվրամիությունը անսպասելիորեն կհանդիպի ու պատժամիջոցները չեղարկելու որոշում կկայացնի, ուղղակի միամտություն կլինի։ Ուստի ստիպված ենք լինելու բավականին երկար ապրել այդ պատժամիջոցներով։ Ռուսաստանի Դաշնության քաղաքական, սոցիալական համակարգը պետք է հարմարվի դրանց, դրանք որպես իրականություն ընդունի», – նշեց մասնագետը։
ԶԼՄ-ների ներկայացուցիչները հետաքրքրվեցին՝ որքանով է հավանական հայ-ռուսական համագործակցության ստեղծումը, որը երաշխավորում է երկարաժամկետ բիզնեսը՝ առանց հակառուսական պատժամիջոցների հետ որևէ կապի։ Ի պատասխան Ռուսակովը նշեց, որ Հայաստանը ներդրումներ ներգրավելու վրա կարող է հույս դնել միայն երկարաժամկետ տնտեսական մեխանիզմների առկայության դեպքում. «Եթե որոշումներ են կայացվում, ապա դրանք պետք է երկարաժամկետ լինի, քանի որ ներդրումները վերականգման կարիք ունեն»։
«Այստեղ հետևում ենք Հայաստանի տնտեսությանը, դուք հարկային արտոնություններ ունեք ՏՏ ոլորտի ստարտափների համար, բայց ինչ-ինչ պատճառներով դրանք վերջին 3 տարում երկու անգամ վերանայվել են։ Ոչ մի կերպ չեմ քննադատում հայ խորհրդարանականների քաղաքական որոշումները, սակայն նշեմ, որ եթե ես գումար եմ ներդրել որոշակի հարկային ռեժիմի պայմաններում, իսկ 3 տարի հետո այն կարող է վերանայվել, ապա անկայունության և ապագայում բիզնեսով զբաղվելու նպատակահարմարության մասին հարցեր են առաջանում», – նշեց փորձագետը։
Վերադառնալով ռուսական «վաճառասեղանների» համար ապրանքների առաքումներին հայկական բիզնեսի մասնակցության նպատակահարմարության թեմային՝ Անդրեյ Ռուսակովը արձանագրեց.
«Մեծ հաշվով, հայկական բիզնեսը դատապարտված է ինտեգրացիոն ասոցիացիաների մաս կազմելու, քանի որ հայկական շուկան շատ փոքր է, և նրան մասշտաբի էֆեկտ է անհրաժեշտ ։ Ի դեպ, սա էր Եվրասիական տնտեսական միության ստեղծման գաղափարը՝ ստանալ մոտավորապես 182 միլիոնանոց շուկա առանց սահմանափակումների: Այնպես որ, այսօր Ռուսաստանում բիզնեսի զարգացման եզակի հնարավորություններ կան, այդ թվում՝ հայկական բիզնեսի, քանի որ համաշխարհային բրենդներից մի քանիսը հեռացել են ռուսական շուկայից»։
Նա նաև ասաց, որ հայկական բիզնեսի համար կարևոր շարժառիթ է հանդիսանում ՌԴ ցանկությունը՝ Հայաստանը կցել «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին։ Ինչպես հայտնի է, Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան տրանսպորտային միջանցքին աջակցելու անհրաժեշտության մասին օրերս Դաշնային ժողովում իր ելույթի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վ. Պուտինը:
«Երեկ նշվել է, որ անհրաժեշտ է աջակցել «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին։ Գիտեք, որ ի սկզբանե միջանցքը պետք է անցներ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան երթուղով, սակայն բազմիցս փորձագիտական քննարկումներ են եղել Հայաստանի՝ այս շղթային միանալու հնարավորության շուրջ։ Իսկ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան տրանսպորտային միջանցքի նախագիծը գոյության իրավունք ունի։ Հավատում եմ, որ այն կստանա իր աջակցությունն ու փորձագիտական քննարկումը։ Ամեն դեպքում, մեր կենտրոնի փորձագետները ակտիվորեն կներգրավվեն այս նախագծի մշակման, աջակցության և ընդլայնման հնարավորությունների քննարկման մեջ», – հայտարարեց Ռուսակովը՝ հավելելով, որ այս հարցում շատ բան կախված է հայկական իշխանություններից։
«Ոչ ոք չի կարող որևէ մեկին որևէ բան հրամայել։ Կարելի է ուղղակի ասել, որ այստեղ տնտեսական ներուժ կա։ Իսկ եթե կա տնտեսական ներուժ, առաջանում է նոր հարկային բազա, ի հայտ է գալիս նոր լոգիստիկ լծակ, ապրանքների արտադրության ծախսերի կրճատում», – ասաց զրուցակիցը։
Խոսելով ռուսաստանյան գործարար պատվիրակությունների՝ Հայաստան հաճախակի այցելությունների մասին՝ նա ևս մեկ անգամ նշեց, որ հայ գործարարները պետք է լրջորեն վերաբերվեն դրանց. «Այսօր ռուսական բիզնեսի աշխատանքի դոմինանտ ուղղություններից է Եվրասիական տնտեսական միության տարածքում գործընկերների և մշտական գործընկերների որոնումը, քանի որ այստեղ վճարումները և բանկային իրողությունները ներկայումս ավելի հարմար են։ Գործարարները հավաքվում են պատվիրակություններում, քանի որ շատ լավ տեսնում են, որ իրենց գործընկերներ են անհրաժեշտ։ Իրական գործընկերներ: Իմ միակ մաղթանքն է հայ գործարարներին, որ լուրջ վերաբերվեն դրան։ Սա խաղ չէ։ Այցերը բյուրոկրատական կամ արարողակարգային բնույթ չեն կրում, չեն իրականացվում ինչ-որ մեկի հրահանգով»։
Թե ինչպես կվարվեն հայրենական ձեռներեցները, ցույց կտա ժամանակը։ Իսկ Անդրեյ Ռուսակովը առայժմ խոստումնալից կերպով ամփոփում է. «Անցյալ տարի Հայաստանից Ռուսաստան արտահանումը կրկնապատկվել է։ Սակայն սա սահմանը չէ։ Ռուսական շուկան կարող է շատ ավելի մեծ քանակությամբ ապրանքներ ընդունել, այդ թվում՝ հայ արտադրողներից»։ Ինչպես ասում են, խաղաքարտերը ձեր ձեռքերում են…
Իրինա Գրիգորյան