Շուտով Ալավերդիում անհնար կլինի գտնել պլաստիկ խցաններ` զովացուցիչ ըմպելիքների, հանքային ջրի և նույնիսկ «ժավելի»: Այս ամենի պատճառը քաղաքում գործող մի խումբ երիտասարդ ակտիվիստներն են՝ իրենց նախաձեռնությամբ, որը երկրորդ կյանք կտա այս պլաստիկե պարագաներին: Խոսքը խցաններիս հյուսված որմնանկարների մասին է, որոնք կզարդարեն իրենց սիրելի քաղաքը:

Նախաձեռնության հեղինակը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Աննա Դավթյանն է, մի խումբ հավատարիմ ընկերների հետ: Ծրագիրն ուրվագծվեց ընդամենը մեկ ամիս առաջ, երբ երիտասարդները հերթական անգամ քննարկում էին հարազատ Ալավերդու շենքերի և շինությունների տեսքը: «Մեր շրջանը հայտնի է իր գեղեցիկ, անկրկնելի բնությամբ: Այնուամենայնիվ, մեր կարծիքով, Ալավերդու արտաքին տեսքը և որոշ թաղամասներ հեռու են իդեալականից: Ուստի, առանց երկմտելու որոշեցինք ոչ թե պարզապես զրուցել, այլ իրական գործ անել: Հիշեցինք գյումրեցիների երիտասարդների կողմից իրականացվող նախագիծը. նմանատիպ մի փորձ էր արվել նաև յոթ տարի առաջ Կրասնոդարում, երբ մամուլը ակտիվորեն լուսաբանում էր, թե ինչպես մի տատիկ իր տան պատին մի շքեղ որմնանկար էր հավաքել պլաստիկ խցաններով: Եվ մենք ոգևորվեցինք նմանատիպ գաղափարով՝ հավաքել կլոր խցանները, դրանցից հավաքել որմնանկարներ հայկական գորգերի տեսքով՝ իրենց զարմանահրաշ նախշերով»,- պարզաբանում է Աննան:

Սկզբում նրանք որոշեցին հավաքել որոշակի քանակությամբ նյութեր, այնուհետև օգնություն խնդրել տեղական իշխանություններից: Սակայն ճակատագիրը այլ կերպ դասավորվեց: Հասկանալով, որ խցանների իրական «գիտակները» երեխաներն են, ակտիվիստները բնակելի շենքերի բակերում արկցեր տեղադրեցին` երեխաներին հորդորելով այնտեղ գցել բաղձալի «կափարիչները»: Ի զարմանս պլաստիկե նախաձեռնության հեղինակների՝ ընդամենը մեկ ժամ անց արկղերում հավաքվեցին հարյուրավոր խցաններ: Հասկանալով, որ առանց երեխաների օգնության անհնար է ապահովել խցանների անհրաժեշտ քանակը, երիտասարդ ալավերդցիները գնացին մանկապարտեզներ և դպրոցներ՝ այնտեղ ևս տուփեր տեղադրելով: Այնուամենայնիվ, ղեկավարությունը մերժեց՝ ասելով, որ նման նախաձեռնությանը պետք է աջակցի քաղաքապետարանը. թող այդ թույլտվությունը ստանան ու հետո միայն գան:

«Այսպիսով, մենք հայտնվեցինք քաղաքապետարանում: Այնտեղ մեզ ջերմորեն դիմավորեցին և աջակցեցին. մեզ ոչ միայն թույլ տվեցին անհրաժեշտ նյութերը հավաքել նախադպրոցական և դպրոցական հաստատություններում, այլև ուղերձ տեղադրել իրենց պաշտոնական ֆեյսբուքյան էջում՝ հորդորելով օգնել մեզ: Եվ այդպես ամեն ինչ սկսվեց»,- պատմում է զրուցակիցը:

Ճիշտ է, եղան նաև խնդիրներ. նախաձեռնող ալավերդցիներին շուտով մեղադրեցին գաղափարը գողանալու մեջ: «Գյումրու երիտասարդ ակտիվիստները վրդովվեցին, որ մենք, իբր, գողանում ենք իրենց նախագիծը, որը նրանք իրականացնում են ավելի քան մեկ տարի: Բայց ոչ ես, ոչ էլ ընկերներս չէինք էլ ուզում սեփականաշնորհել այս գաղափարը: Միջադեպն առաջացավ այն պատճառով, որ ֆեյսբուքյան հրապարակման մեջ Ալավերդու քաղաքապետարանի աշխատակիցները օգտագործել էին գյումրեցիների պատրաստած պլաստիկ գորգերի լուսանկարներ: Բայց դա արվել էր բացառապես այն նպատակով, որպեսզի ցույց տայինք, թե ինչու են մեզ այդքան պլաստիկ խցաններ պետք: Բարեբախտաբար, գյումրեցիները մեզ հասկացան, և այժմ «խցանային նախագիծը» հաջողությամբ կյանքի է կոչվում երկու հարևան մարզերում», – պարզաբանում է զրուցակիցը:

Ալավերդու շենքերի և շինությունների պատերին գորգեր «հյուսելը», իհարկե, հեշտ գործ չէ: Բայց Աննան շատ օգնականներ ունի. եթե նախկինում նրանց խումբը բաղկացած էր ընդամենը չորս ակտիվ երիտասարդից, ապա այժմ այն ​​հասել է 40 մասնակցի: Բացի այդ, քաղաքապետարանի սոցցանցային ուղերձին արձագանքածների մեջ կային նաև մասնագետներ: «Օգտատերերից» մեկը դիզայներ է, որն առաջարկել է իր օգնությունը հայկական ազգային զարդանախշերի հետ կապված նրբությունների հարցում:

«Հնարավոր է, որ մենք մի փոքր հետո դիմենք նրա օգնությանը: ՄԵնք իսկապես հուսով ենք, որ ապագայում հանարվոր կլինի իրականացնել նույնիսկ էլ ավելի մեծ նախագիծ` հայկական տարազով աղջկա որմնանկար: Մեր պատկերացմամբ, դա պետք է լինի մի լայնածավալ և տպավորիչ կոմպոզիցիա, որը, հուսանք, կզարդարի Մշակույթի տան շենքի դիմաճակատը», – ասում է Դավթյանը:

Ապագա սոցաշխատողը նաև արվեստագիտական կրթություն ունի, ուստի Աննան վստահ է՝ նա առանց խնդիրների կղեկավարի նախագծի ստեղծագործական մասը: Նա կստանձնի խցանների խմբավորումը՝ հաշվի առնելով գունային գամման, երկրաչափական և այլ նրբություններ: Ինչ վերաբերում է նախշերի հավաքմանը, ապա այդ գործի համար պտուտակահաններով կզինվեն ակտիվիստական ​​խմբի տղաները և հուսալի կամրացնեն խցանները պատերին: 1,5×2 մետր չափով մեկ որմնանկարի համար կպահանջվի նվազագույնը 3250 խցան: Հաշվի առնելով այն փաստը, որ ստեղծագործ ալավերդցիները մտադիր են ստեղծել միանգամից տասը նմանատիպ արվեստի գործ, նախագիծը կյանքի կոչելու համար նրանցից կպահանջվի մոտ 50 հազար խցան:

«Սկզբում մենք մտածում էինք, որ խցանները հավաքելու համար մեզ անհրաժեշտ կլինի մի ամբողջ տարի: Այնուամենայնիվ, ակցիայի հայտարարման պահից ընդամենը 20 օր անց հնարավոր եղավ հավաքել մոտ 2000 խցան: Դրանք բերում են ընկերները, ծանոթները, և որը հատկապես հաճելի է, լիովին անծանոթ մարդիկ: Այսպիսով, Ալավերդու բնակիչներից մեկը խնամքով մեզ հանձնեց 543 (!) միավոր, որոնք նա ժամանակին հավաքում էր իր չիրականացված գաղափարի համար: Դա մեզ անասելի հուզեց: Բայց ավելի շատ հուզեց առաջնագծի զինվորների աջակցությունը, որոնք նույնպես փոխանցեցին մեծ քանակությամբ խցաններ: Աբովյանի մեր ընկերները նույնպես անմասն չմնացին. Այս պահին նրանք ռեկորդ են սահմանել՝ մոտ 2000 միավոր ուղարկելով: Ընդհանուր առմամբ, արդեն հավաքվել է տարբեր «տրամաչափի» 5000 խցան: Սա նշանակում է, որ մինչև 2020թ.-ի գարունը մենք կկարողանանք սկսել որմնանկարների պատրաստումը: Եվ հաջորդ տարվա ամռանը մեր հայրենի Ալավերդին, ամենայն հավանականությամբ, կդիմավորի հյուրերին և զբոսաշրջիկներին իր յուրահատուկ  «գորգերով», – ոգևորությամբ պատմում է Աննան:

Նա հավելում է, որ կիրեն և իր գաղափարակիցներին աջակցում են նաև գաղափարապես: Օրինակ, էջմիածինցի մի աղջիկ առաջարկեց «մարտահրավեր» կազմակերպել՝ Լոռիում նախագծի ավարտից հետո մարտահրավեր նետելով հանրապետության այլ մարզերին: Եվ այնտեղից էստաֆետը փոխանցել մեկ ուրիշ մարզի: Եվ այսպես շարունակ, քանի դեռ ողջ երկրով մեջ վտանգավոր պլաստիկին չտրվի նմանատիպ յուրօրինակ և գեղեցիկ կիրառություն: Ինձ դուր եկավ գաղափարը և, ամենայն հավանականությամբ, այն կիրականացվի:

Իսկ Ալավերդու ո՞ր շինություններին է բախտ վիճակվելու կրել նման գեղեցիկ զարդարանքներ: Ըստ զրուցակցի, ի սկզբանե նրանք ցանկացել են նոր շունչ հաղորդել քաղաքի երկայնքով անցնող երկաթգծին սահմանակցող պատը, որը տարանջատում է երկաթգիծն անցորդներից: Այս պատը, որը մի ժամանակ կառուցվել էր անվտանգության նկատառումներով, արտաքնապես այդքան էլ հրապուրիչ չէ: Քաղաքապետարանում, այնուամենայնիվ, ասացին, որ այս բետոնե կառույցի արտաքին տեսքի վերաբերյալ արդեն առկա են այլ մտադրություններ. արդեն կազմվել է համապատասխան նախագիծ: Փոխարենը, նրանք առաջարկեցին քաղաքի այլ վայրեր, որոնք գեղագիտական ​​առումով այնքան էլ գրավիչ չեն: Այնտեղ «խցանային նախագիծը» կարող է ծավալվել ողջ թափով՝ միևնույն ժամանակ բարելավելով քաղաքային էկոլոգիան:

Ալավերդին արդեն տեղադրել է աղբարկղեր աղբի տեսակավորման համար: Եվ, քաղաքապետարանի խնդրանքով, տեսակավորող ընկերության աշխատակիցները կառանձնացնեն շշերի խցանները՝ դրանք տրամադրելով ծրագրի մասնակիցներին: Այսպիսով, աղբարկղերում զգալիորեն կպակասի վնասակար պոլիմերը:

«Ի՞սկ եթե ինչ-որ մեկը ցանկանա խցաններ փոխանցել այն նախագծի «ֆոնդ», որը դուք կատակով անվանում եք «Խցանամանիա»,- ժպտալով հարցնում եմ վերջում: «Այո, եկավ մի պահ, որ այս գաղափարը մեզ այնքան գրավեց, որ խցաններ հավաքելը դարձավ, այսպես կոչված, մոլուցք: Ինչ վերաբերում է նրանց, ովքեր ցանկանում են մասնակցել, մենք շատ շնորհակալ կլինենք, եթե նրանք կապվեն ինձ հետ՝ գրելով իմ ֆեյսբուքյան էջին: Ես ուրախ կլինեմ պատասխանել բոլորին՝ հնարավորինս արագ կազմակերպելով երկար սպասված «կլորակների» ընդունումը: Ընդունվում են ցանկացած տիպի խցաններ՝ անկախ գույնից և չափից, այդ թվում՝ քիմիական մաքրող միջոցների շշերից մնացած կափարիչները», – ամփոփեց ծրագրի նախաձեռնողը:

 

Իրինա Գրիգորյան