Հյուսիսային Օսիայի մայրաքաղաքում՝ Վլադիկավկազում, տեղի ունեցավ միջազգային գիտագործնական գիտաժողով՝ «Ալանա-հայկական հարաբերությունները» խորագրով: Սա վերջին ժամանակներում հայ-ալանական հարաբերությունների ուսումնասիրմանը նվիրված ամենախոշոր գիտական միջոցառումն է:
Օսիայի և Հայաստանի միջև հարաբերությունները ձևավորվել են շատ վաղուց: Դիցաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք ձևավորվել են դեռևս ք.ա. երկրորդ և առաջին հազարամյակների խաչմերուկում՝ Մերձավոր Արևելքում սկյութական արշավանքների ժամանակ, երբ սկյութները հասան Ուրմիա լիճ և Ասորեստան: Այդ ժամանակ էլ կապեր հաստատվեցին լեռնացիների՝ սասունների հետ, որոնք կոչվում էին Շուբրիա: Սեպագրային աղբյուրներում հիշատակվում է Շուբրիա երկիրը. այն նույնացվում է սասունների, իսկ Սասնա ծռերը հայկական էպոսի գլխավոր հերոսներն են:
«Ես՝ որպես էպոսների և դիցաբանության ուսումնասիրությամբ զբաղվող գիտնական, առավել ցայտուն զուգահեռ եմ նկաում մեր երկու ազգերի էպոսների հիմքում, – ասում է ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Տորք Դալալյանը:- Թե՛ Նարտի էպոսը, թե՛ հայկական «Սասնա ծռերը» սկսվում են երկվորյակների պատմությամբ: Երկվորյակներն են հիմնադրում տոհմը: Օսերի դեպքում դրանք նարտեր են, իսկ հայերի դեպքում՝ սասունցիներ: Երկու էպոսներում էլ համընկնում և կրկնվում են մի շարք երևույթներ՝ ծովային ձին, թուր կեծակին, ծովի հատակից գտնված զենքերը, այն հանգամանքը, որ երկվորյակներ ծնվում են ծովի խորքից՝ ջրից»:
Գիտաժողովը տեղի ունեցավ Ալանայի կողմից քրիստոնեության ընդունման 1100-ամյակի տոնակատարության շրջանակներում, որը նշվելու է Ռուսաստանում դաշնային մակարդակում: Ալանիան Ռուսաստանի ներկայիս տարածքում գտնվող երկրներից առաջինն էր, որն ընդունեց քրիստոնեությունը: Այն շարունակում է մնալ Հյուսիսային Կովկասի միակ հանրապետությունը, որի բնակիչների մեծամասնությունը ուղղափառ է: Քրիստոնեությունը ևս մեկ կարևոր կապող օղակ է Ալանիայի և Հայաստանի միջև:
«Մեր ազգերին դարեր շարունակ միավորել և միավորում են ոչ միայն քաղաքական, դինաստիկ, տնտեսական և մշակութային, այլև հոգևոր կապերը,- նշում է Վլադիկավկազյան և Ալանական թեմի առաջնորդ Տեր Լեոնիդը:- Քաջ հայտնի է ալանացի Սուկիասյանց սուրբ նահատակների (արքայազն Բարակադրայի և նրա ջոկատի) սխրանքը, որոնք տառապանքներ կրեցին Հայաստանում քրիստոնեության տարածման ամենասկզբում: Վերջերս ի հայտ եկան նոր գիտական աշխատություններ, որոնք վկայում են վաղ միջնադարում ալանացիների շրջանում քրիստոնեության տարածման հարցում Հայաստանի ազդեցության մասին, ինչը առանձնահատուկ կարևորություն ունի Ալանիայի կողմից քրիստոնեության ընդունման գալիք 1100-րդ տարեդարձի նախօրեին»:
Ներկայումս Օսիայի և Հայաստանի միջև հարաբերություններն ավելի ու ավելի են ամրապնդվում: Դրան նպաստում է նույնիսկ Կովկասում տիրող ընդհանուր քաղաքական իրավիճակը, որը ձևավորվում է՝ առանց հաշվի առնելու Օսիան և Հայաստանը
«Այստեղ բոլորը հաղորդակից անոթներ են: Այն, ինչ կատարվում է Վրաստանի և Ռուսաստանի միջև, արտացոլվում է Հայաստանի վրա և հակառակը, – պարզաբանում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա կարծում է, որ ամառը Վրաստանի դեմ Ռուսաստանի կիրառած պատժամիջոցները հանգեցրին դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքի մեծացման:- Նախ` զուտ տեխնիկապես, Վրաստան գնացողները ինքնաթիռով թռչում են Հայաստան: Երկրորդը՝ ռուսները հեռուստացույց են դիտում, և նրանց մի մասը, որը մտադիր էր մեկնել Վրաստան, ընտրում է նույն կովկասյան ուղղությունը և մեկնում Հայաստան: Ես կասեի, որ զբոսաշրջիկների թիվն աճել է: Ես Վրաստանի վիճակագրությանը չեմ տիրապետում, սակայն ժամանակ առ ժամանակ գնում եմ այնտեղ: Վրաստանում զբոսաշրջության կտրուկ անկում է նկատվում, բիզնեսը դրանից տուժում է. մարդիկ բանկից բիզնես վարկ են վերցնում, փոքր հյուրանոցներ կահավորում այն հույսով, որ տուրիստական սեզոնին կստանան այդ գումարը, կկարողանան ետ բերել ներդրվածը, և հիմնականում Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների շնորհիվ: Սակայն այդ պահանջը կտրում ընկնում է: Եթե նայեք էմպիրիկ տեսանկյունից, ապա հավանաբար զբոսաշրջիկների կեսից ավելին Ռուսաստանից են: Այս տարվա տուրիստական սեզոնին դժվար թե իրավիճակը փոխվի»:
Բայց այդ մասին դեռ վաղ է խոսել: Այս ամառ շատերն իսկապես Վրաստանի փոխարեն եկան Հայաստան և չզղջացին դրա համար: Այստեղ միշտ հյուրընկալ են:
«Մենք ունենք շատ բարեհամբույր երկիր, ջերմ ենք ընդունում զբոսաշրջիկներին, – ասում է Վլադիկավկազի հայ համայնքի ղեկավար Ասյա Սաֆրոնիդին:- Մենք հաճույքով ենք ընդունում զբոսաշրջիկներին: Մենք հյուրընկալ ժողովուրդ ենք: Բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս մեզ մոտ, և հետո թողնում են դրական մեկնաբանություններ: Մենք ունենք շատ տեսարժան վայրեր՝ մի իսկական բացօթյա թանգարան՝ այդքան շատ պատմական հուշարձաններով, տաճարներով… Եվ իհարկե, ունենք լավ ազգային խոհանոց: Հայաստանը միշտ պատրաստ է ընդունել ռուս զբոսաշրջիկներին»:
Վրաստանի և Ռուսաստանի միջև ստեղծված հարաբերություններին ուշադրությամբ և ուրախությամբ հետևում են նախկին նախագահ Սաակաշվիլիի ընկերներն օվկիանոսից այն կողմ, ինչպես նաև Վրաստանում արմատավորած բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնց մեծ մասը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների կողմից և սերմանում ջիգիթներին նոր «բարձր բարոյական չափանիշներ»: Նրանց համար ոչ միայն հաճելի է, այլև տնտեսապես շահավետ է օվկիանոսից այն կողմ դիտելը, թե ինչպես է աճում լարվածությունը երկու ամենամոտ հարևանների միջև: Իսկ տարաձայնությունների արդյունքում առաջին հերթին տառապում են շարքային վրացի գինեգործները, ֆերմերները և պոտենցիալ ռուսաստանցի զբոսաշրջիկները:
Ընդհանուր առմամբ, լիագումար նստաշրջանի և թեմատիկ քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց ուղղությունների լայն շրջանակի՝ սկսած հայ-օսական հարաբերությունների պատմությունից մինչև բանահյուսության ուսումնասիրություն: Գիտնականները քննարկեցին ռուս-հայկական հարաբերությունները ինչպես պատմական, այնպես էլ ժամանակակից քաղաքագիտական տեսանկյունից, Հայաստանի դերը միջազգային տարածաշրջանային հարաբերություններում, ռուս-հայկական հարաբերությունները Հարավային Կովկասում առկա խնդիրների տեսանկյունից, Հայաստանի և Ռուսաստանի դերը միջազգային հարաբերությունների հարացույցում:
«Միմյանց պատմության և մշակույթի նկատմամբ փոխադարձ հետաքրքրությունն առկա է, աճում է և, անկասկած, կծառայի մեր պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը»,- ընդգծում է Հյուսիսային Օսիա-Ալանիա Հանրապետության ազգային հարաբերությունների հարցերով նախարար Ասլան Ցուցիևը:
Գիտաժողովի ընթացքում տեղի ունեցավ Ռուսաստանի հայտնի ռազմական առաջնորդ և հայազգի պետական գործիչ, երկար ժամանակ Թերեքյան շրջանի ղեկավարի պաշտոնը ստանձնած գեներալ Մ. Տ. Լոռիս-Մելիքովին նվիրված գրքի և վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Նրա շնորհիվ է, որ Վլադիկավկազն այն տարիներին ձեռք բերեց այդպիսի կարևոր նշանակություն, որը պահպանվում է մինչ օրս:
Ի թիվս այլ միջոցառումների՝ Հայաստանից ժամանած հյուրերը շրջայցեր կատարեցին Քուրթաթ կիրճում, այցելեցին Ֆիագդոնում տղամարդկանց ալանական մենաստան և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձան համարվող Ձիվգիսի ժայռափոր ամրոցը: