Երևանում Ռուսական տունը, բացի գործունեության հիմնական ուղղություններից՝ մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում երկկողմ հումանիտար համագործակցության զարգացումից, ռուսերեն լեզվով կրթության խթանումից, ռուսաստանցի հայրենակիցների կազմակերպություններին աջակցությունից զատ, զգալիորեն ընդլայնել է Հայաստանի մարզերում աջակցության ծրագրերը: Այսպես, այս տարվա մարտին Երևանի Ռուսական տան «Մարդասիրական արշավախումբն» այցելեց ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաք՝ իրավաբանական, բժշկական և կրթական օգնություն ցուցաբերելու նպատակով: Վերջերս Երևանում Ռուսական տան պատվիրակությունը՝ ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի գլխավորությամբ, Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանի, ինչպես նաև Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանի հետ միասին այցելեց սահմանամերձ երեք գյուղեր` Ագարակ, Եղվարդ և Դավիթբեկ՝ ռուս կամավորների այցի համար անհրաժեշտ ամեն բան պատրաստելու, տեղի դպրոցների պահանջներն ու կարիքները որոշելու համար:
Վերջերս Երևանում Ռուսաստանի տան, Հայաստանում Ռուսաստանի դեսպանության, դիվանագիտական առաքելության պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակի, ինչպես նաև ՀՀ վետերանների ասոցիացիայի ներկայացուցիչները այցելեցին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի՝ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին:
Այս և շատ այլ հարցերի վերաբերյալ Dalma News-ի թղթակցի հարցերին պատասխանել է Երևանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը:
– Պարոն Ֆեֆիլով, նախ ցանկանում եմ շնորհավորել Ձեզ նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հարցազրույցը սկսել պարզ հարցով՝ արդյո՞ք ինչ-որ բան է փոխվել Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի գործունեության մեջ՝ «Ռուսական տուն» նոր անվան հետ կապված:
– «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն գնում է ԱՊՀ երկրների գործերի դաշնային գործակալության և ամբողջ աշխարհում ներկայացուցչությունների` Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնների՝ օտարերկրացիների կողմից ընկալման պարզեցման ճանապարհով: Այս անունները դժվարընկալելի են, ինչպես նաև դժվար են հիշելու տեսանկյունից: Ռեբրենդինգը, սակայն, Գործակալության գործունեության փոփոխությունների բաղադրիչներից մեկն է միայն: Մենք հեռանում ենք ձևական միջոցառումների անցկացման սկզբունքից: Նախքան միջոցառում կամ նախագիծ նախաձեռնելը, ինքներս մեզ հարց ենք տալիս՝ ի՞նչ կփոխի դա հյուրընկալող երկրում, ինչպե՞ս կազդի մարդկանց կյանքի որակի վրա: Ահա մի պարզ օրինակ՝ Երևանում Ռուսական տունը հավաքեց Երևանում բնակվող արցախցի երեխաներին առաջին օգնության և այլ դասընթացների համար, որոնք կտևեն մի քանի ամիս և կանցկացվեն ոչ միայն լսարաններում, այլ նաև դաշտային պայմաններում: Հայտնի ողբերգական իրադարձությունների պատճառով ղարաբաղցի որոշ դպրոցականների համար, ովքեր հետ են մնացել դպրոցական ծրագրից, կազմակերպել ենք ռուսաց լեզվի դասընթացներ: Բնականաբար, անվճար: Հուսով եմ, որ դա իսկապես փոխում է նրանց կյանքը: Ծնողներից մեկը մեկ անգամ ասաց մեզ, որ Ռուսական տան դասընթացներն օգնում են իր երեխաներին հաղթահարել սթրեսը և ցավը. նրանց ընտանիքը կորցրել է տունը, իսկ հայրը ծանր վիրավորում է ստացել պատերազմում:
– Որո՞նք են այսօր ձեր կազմակերպության առաջնահերթ խնդիրները:
– Մեր առջև դրված խնդիրները նույնն են, ինչ Մոսկվայում Գիտության և մշակույթի հայկական կենտրոնի մեր գործընկերներինը, այսինքն՝ ամրապնդել երկու երկրների, ժողովուրդների միջև բարեկամությունը, ընդ որում այնպես, որ այդ բարեկամությունը չլինի վերացական, այլ իրենից փոխադարձ հետաքրքրություն ներկայացնի: Օրինակ՝ մոտ ապագայում «Դոբրո.ՌՖ» ծրագրի շրջանակներում ռուս կամավորները կայցելեն Սյունիքի մարզի մի շարք սահմանամերձ գյուղեր (Ագարակ, Եղվարդ, այնուհետև Դավիթբեկ) և կտեղավորվեն տեղի դպրոցներում: Ենթադրենք, գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը տարեց մարդ է՝ թոշակառու, և նրան փոխարինելու հնարավորություն չկա, և ահա Ռուսաստանից գալիս է սպորտի վարպետ, օրինակ՝ բռնցքամարտի կամ թեթև աթլետիկայի, և աշխատում երեխաների հետ: Հիանալի է, չէ՞: Ի դեպ, մեզ իսկապես խնդրել են ֆիզկուլտուրայի որակյալ ուսուցիչ հրավիրել հայկական գյուղերից մեկը: Նույն կերպ հայ կամավորները այս ծրագրի շրջանակներում կուղևորվեն ռուսական մարզեր, օրինակ՝ Ալթայ, և կօգնեն այնտեղ, որտեղ տեղական իշխանությունները ոչինչ չեն կարողանում անել: Ի վերջո, այս ամենը ոչ միայն օգուտ կտա բնակիչներին, այլև հնարավորություն կստեղծի ուժեղացնել մարդկային կապերը, կօգնի ավելի լավ ճանաչել միմյանց:
– Վերջերս այցելել եք Սյունիքի մարզ՝ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Ձեր ծրագրերի շրջանակներում: Հատուկ ուշադրություն է դարձվել ռուսաց լեզվի ուսուցմանը: Ինչպե՞ս եք գնահատում ռուսաց լեզվի իմացության մակարդակը Հայաստանում: Արդյո՞ք Հայաստանում բոլորի համար ռուսերեն սովորելու հնարավորություն կա:
– Հայաստանում շատ հազվադեպ կարելի է հանդիպել ռուսաց լեզվին չտիրապետող մարդու: Նրանք կարող են ավելի շատ ամաչել խոսել, անձնական պատճառներով, սակայն հասկանում են գրեթե ամեն ինչ: Երկու դպրոցներում, որոնք ես այցելեցի, տնօրենների հետ ստիպված էի շփվել թարգմանչի միջոցով, սակայն, ըստ երևույթին, ոչ այն պատճառով, որ նրանք ռուսերեն չգիտեին, այլ այն պատճառով, որ ամաչում էին սխալներով խոսել: Սակայն այս կրթական հաստատություններում ռուսերենի մակարդակը հեշտ էր գնահատել կազմակերպված հանդիսավոր միջոցառումներին աշակերտների ելույթներից դատելով: Դպրոցականները հիանալի, առանց որևէ ակցենտի էին խոսում, երգում և ասմունքում ռուսերենով: Մեկ անգամ այցելեցինք Վայոց ձորի մարզի գյուղերից մեկը՝ մի տղայի «Աստղային թելադրանք»-ում հաղթելու համար դիպլոմ շնորհելու, և այնտեղ հինգերորդ դասարանցին պարզապես ցնցեց մեզ ռուսական «Մի ծնվիր գեղեցիկ, այլ ծնվիր երջանիկ» երգի կատարմամբ՝ թե՛ երաժշտական, թե՛ լեզվական առումով:
2010 թվականից Երևանում Ռուսական տան հիման վրա ռուսաց լեզվի դասընթացներ են անցկացվում բոլորի համար՝ առանց տարիքային սահմանափակման, իսկ դպրոցական արձակուրդների ժամանակ 6-14 տարեկան երեխաների համար կազմակերպվում է ամառային դպրոց, որտեղ նրանք նաև կատարելագործում են ռուսաց լեզուն:
Այս տարվա օգոստոսին, Երևանում Ռուսական տան նախաձեռնությամբ, հայ ոստիկանների համար մեկնարկեցին լեզվի անվճար դասընթացներ, որոնք ներառում էին իրավաբանական, բժշկական և կրթական օգնության տրամադրում: Կապանում դասընթացների ունկնդիրներ էին ոստիկանության սպաները, որոնց համար ռուս սահմանապահների և խաղաղապահների հետ շփվելիս ռուսերեն լեզվի լավ իմացությունը անհրաժեշտություն է: Իրականացման փուլում է Երևանի ու Գյումրու ոստիկանության համար լեզվի դասընթացների անցկացման պայմանավորվածությունը: Ընդ որում, դրանք լուրջ դաընթացներ են՝ նախատեսված ուսումնական տարվա համար:
Կարևոր է նշել, որ այս ուղղությամբ աշխատանքներ կիրականացվեն նաև հայ զինծառայողների հետ: Երևանում Ռուսական տունը դեռևս 2021 թվականի մայիսի 7-ին Վազգեն Սարգսյան անվան ռազմական համալսարանում Ա.Վ. Սուվորովի անվան ռուսաց լեզվի կաբինետ բացեց, որը թույլ կտա կուրսանտներին և սպաներին բարելավել ռուսաց լեզվի իմացությունը: Մեր գործընկերների աջակցության շնորհիվ սենյակը հագեցած է ինտերակտիվ պարապմունքներ անցկացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: Եվ սա Երևանում Ռուսական տան նախաձեռնությամբ Հայաստանի բուհերում և դպրոցներում բացված ռուսաց լեզվի արդեն ութերորդ կենտրոնն է:
Այս գարնանը ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանին և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանին նվիրաբերեցինք ռուսերեն դասագրքերի ավելի քան 500 օրինակ, ինչպես նաև ռուսաց լեզվի «Ծառայում եմ հայրենիքիս» դասագրքեր զինծառայողներին, որոնք նախատեսված են Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններ ընդունվող ինտենսիվ վերապատրաստման դասընթացներ անցնող դիմորդների և ունկնդիրների համար: Ինքնին ձեռնարկը պատրաստվել և հրատարակել է մեր կողմից: Շուտով դասագրքերը կփոխանցվեն Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանին, որտեղ պատրաստվում ենք բացել ռուսերենի հերթական մասնագիտացված դասարանը: Այսպիսով, Երևանում Ռուսական տունը հնարավոր լավագույն պայմաններն է ստեղծում Հայաստանի ռազմական բուհերում ռուսաց լեզվի խորացված ուսումնասիրության համար:
– Չնայած այն հանգամանքին, որ Ձեր կենտրոնը զբաղվում է մշակութային և հումանիտար նախագծերով, կցանկանայի իմանալ՝ արդյո՞ք Հայաստանում ապրող ռուս հայրենակիցները դիմում են Ձեզ այլ հարցերով, օրինակ` իրենց իրավունքների ոտնահարման վերաբերյալ, եթե այդպիսիք պատահում են:
– Հայրենակիցները, իհարկե, նման հարցերով դիմում են մեր կենտրոնին, սակայն մենք նրանց խորհրդատվության համար ուղարկում ենք Ռուս հայրենակիցներին աջակցության հիմնադրամ: Այս կազմակերպությունը գլխավորում է փորձառու իրավաբան, Հայաստանում ռուս հայրենակիցների հարցերը համակարգող խորհրդի անդամ Նարինե Ռշտունին: Որոշ հարցերով քաղաքացիներին աջակցություն է ցուցաբերում նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը:
– Կցանկանայի մի փոքր Ձեր խնդիրների մասին լսել: Եվ այստեղ կցանկանայի մեկ հավելում անել: Մի ժամանակ ծանոթներիցս բողոքներ էի ստանում, որ Ձեր կազմակերպությունն անուշադիր է Հայաստանի քաղաքացիների խնդրանքների կամ առաջարկների նկատմամբ: Մարդիկ ոգևորությամբ էին մոտենում Ձեր կենտրոնին: Այնուամենայնիվ, հետագայում նրանց մոտ հիասթափության զգացում մնաց: Մի պարզ օրինակ բերեմ. ծանոթներիցս մեկը մեկ անգամ դիմել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ին՝ խորհրդատվություն ստանալու խնդրանքով, թե ինչպես կարող է հովանավոր գտնել՝ գիրքը ռուսերեն և հայերեն լեզուներով հրատարակելու համար: Նրան պատասխանել են, որ նման հարցերով չեն զբաղվում: Հայ-ռուսական համագործակցության շրջանակներում կոնկրետ ի՞նչ խնդիրներ են դրված Ձեր կազմակերպությունում:
– Մենք գործադիր իշխանության դաշնային մարմին ենք, ունենք լիազորություններ, որոնց շրջանակներից դուրս գալ չենք կարող: Եվ չնայած անձամբ ինձ նման խնդրանքով չեն դիմել, չեմ պատկերացնում, որ նման պատասխան կարող էինք տալ որևէ մեկին: Սակայն գրքի հրատարակման համար հովանավորների որոնման խնդիր մեր առջև իսկապես դրված չէ: Այնուամենայնիվ, վստահեցնում եմ Ձեզ, որ Ռուսական տանը ցանկացած հարցով դիմած անձին մասնագետները ամենապակասը կաջակցեն խորհրդով և թեյ կամ սուրճ կառաջարկեն:
– Եվ վերջին հարցը: Համագործակցո՞ւմ եք Հայաստանի տարածքում գործող որևէ կազմակերպության հետ:
– Մենք համագործակցում ենք բազմաթիվ պետական կառույցների՝ Ոստիկանություն, Պաշտպանության նախարարություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, քաղաքային իշխանություններ, Հայաստանի ազգային գրադարանի, թատրոնների, թանգարանների հետ: Սերտ հարաբերություններ ունենք նաև Հայաստանի վետերանների միության, տարբեր երիտասարդական կազմակերպությունների և ուսանողական խորհուրդների հետ: Բնականաբար, համագործակցում ենք նաև հայրենակիցների կազմակերպությունների հետ, որոնց թիվը Հայաստանի տարածքում հասնում է տասի: Դրանցից ամենախոշորը «Ռուսաստան» հասարակական կազմակերպությունն է, որն ունի 17 մասնաճյուղ ամբողջ Հայաստանում, ինչպես նաև «Ռուսաստանցիներ» ՀԿ-ն է, որը գտնվում է Կապանում, ռուսական մշակույթի միջազգային կենտրոն «Հարմոնիա»-ն է՝ ամենահին կազմակերպություններից մեկը, ինչպես նաև «Սլավոնական տունը»… Սերտ փոխազդեցություն, կարելի է ասել՝ բարեկամության է հաստատվել հայրենակիցների հետ, և մենք բազմաթիվ համատեղ նախաձեռնություններ ենք կյանքի կոչում: Օրինակ, «Ռուսաստան» ՀԿ-ի միջոցով ռուս կամավորներ պետք է գան և հենց այդ կամավորներից է իմ հիշատակած ֆիզկուլտուրայի ուսուցիչը:
Մենք համագործակցում ենք նաև Հայ-Ռուսական համալսարանի (ՀՌՀ), ռուսական համալսարանների մասնաճյուղերի, հայկական բազմաթիվ բուհերի, Գիտությունների ազգային ակադեմիայի հետ: ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի հետ համատեղ այս ամառ մեկնարկեցինք ակադեմիկոս Նիկողայոս Մառի անվան հայագիտության միջազգային մրցույթ: Ի դեպ, սա աշխարհում առաջին և ընդհանրապես պատմության մեջ առաջին գիտական հայագիտության մրցույթն էր: Նախագիծը ամենաբարձր մակարդակով աջակցություն գտավ Ռուսաստանում. Խորհրդի կազմում էին ոչ միայն հայտնի ռուս գիտնականները, այլ նաև «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարի տեղակալ Դմիտրի Պոլիկանովը: Մրցույթի նպատակը տարբեր երկրների գիտնականների շրջանում հայագիտության և միջառարկայական բնույթի աշխատանքների հրատարակման խթանումն էր` armeno-slavica, armeno-iranica, armeno-arabica, armeno-turkica և այլն: Ի դեպ, գիտե՞ք, որ ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրենը, որի հետ մենք սկսեցինք այս ուշագրավ գիտական մրցույթը, հասցնում է Իրանում ռուսերեն լեզվով գիտական ամսագիր հրատարակել: Այո, և դուք այստեղ Գառնիկ Սերոբի Ասատրյանի պես եզակի մարդիկ շատ ունեք: Այդ պատճառով ինձ դուր է գալիս այստեղ: Հայաստանում ձանձրալի մարդիկ չկան, ինձ այդպիսիք չեն հանդիպել:
Զրուցեց Հասմիկ Բակունցը