Սեպտեմբերի վերջին տասնօրյակը հայության համար լի էր դրամատիկ իրադարձություններով: Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ այն անվանելով «հակաահաբեկչական գործողություն»։ Արդյունքում հարյուրավոր զոհեր, տասնյակ անհայտ կորած զինծառայողներ ու խաղաղ բնակիչներ, շրջափակված քաղաքներ ու գյուղեր, հազարավոր վիրավորներ։

Հայկական իշխանությունները մեկ օր անց ստիպված եղան ընդունել Բաքվի պայմանները և նստել բանակցությունների սեղանի շուրջ, ինչը մեկ բան էր նշանակում՝ Լեռնային Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանին։ Ստեփանակերտը զինադադարի, ամբողջական զինաթափման և տարածքից ծանր տեխնիկայի դուրսբերման վերաբերյալ որոշում ընդունեց։ Բաքուն ցնծում է. «Ռազմավարի պուրակը» համալրվեց Ղարաբաղից բերված նոր ավարով, իսկ բուն պուրակը, հիշեցնենք, բացվել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ «Արդարագույն միջազգային հանրությունը», որը վրդովված էր այս փաստից, ինչպես մյուս բոլոր հարցերում, սահմանափակվեց այն փակելու անիմաստ կոչերով։ Սակայն պուրակը շարունակում է գոյություն ունենալ…

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին ուղղված ուղերձում շտապեց հայտարարել, որ Երևանը չի մասնակցել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի իշխանությունների միջև հրադադարի համաձայնագրի կնքմանը։ Նա հավելեց, որ Հայաստանը կկարողանա ընդունել արցախցիներին, դեռ շաբաթվա սկզբին հանձնարարել է պատրաստել այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեր երկրում 40 հազար արցախցիների համար։ Շաբաթվա սկզբին, երբ Ադրբեջանը դեռ չէր սանձազերծել ագրեսիա հայկական երկրորդ պետության դեմ։

Ավելի ուշ բացվեց Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, այն նույն «կյանքի ճանապարհը», որը շրջափակված էր ավելի քան 9 ամիս, և որի ապաշրջափակմանը չօգնեցին ո՛չ միջազգային հանրության կոչերը, ո՛չ բազմաթիվ երկրների միջնորդությամբ անցկացված բարձր մակարդակով բանակցությունները։ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները, որոնք 30 տարի բանակցում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, այդպես էլ չկարողացան խաղաղություն հաստատել տարածաշրջանում և անզոր հայտնվեցին վերը նշված երկրների համար անընդունելի` ուժի կիրառման բացառման և հակամարտության ուժային լուծման առջև։

Լաչինի միջանցքն այսօր բաց է, բայց գործնականում միակողմանի՝ այսուհետ արցախցիները կկոչվեն բռնի տեղահանվածներ։ Հենց առաջին օրը յոթ հազարից ավելի քաղաքացիներ դուրս բերվեցին կամ սեփական մեքենաներով լքեցին Արցախը։ Բռնի տեղահանվեցին ոչ միայն այն արցախցիները, որոնց բնակավայրերը գրավեցին ադրբեջանցիներն ու որոնց ռուս խաղաղապահները տեղափոխեցին Ստեփանակերտ, այլ նաև Ստեփանակերտի բնակիչները։ Բաքվի այլասերվածության աստիճանը՝ արցախցիների գաղթի հենց առաջին օրը վառվեցին Ստեփանակերտի լույսերը. ինը ամսվա մթությունից և առանց էլեկտրականության կյանքից հետո Արցախի մայրաքաղաքը վառ լուսավորվեց, բայց ետևում մնացին հազարավոր արցախցիներ, ովքեր այնտեղ թողեցին ոչ միայն իրենց տները, այլև իրենց սրտի մի մասը:

Գլխավոր հարցը՝ ով է մեղավոր, այսօր՝ տասը օր անց, օդում կախված է։ Հայաստանի ընդդիմությունը և բնակչության մեծ մասը մեղավոր են համարում Նիկոլ Փաշինյանին, մյուսները նշում են Հայաստանի և Արցախի նախկին նախագահների անունները, Ռուսաստանը նույնպես գրեթե բացահայտ հայտարարեց՝ Փաշինյանն է մեղավոր։ Հիշենք ՌԴ նախկին նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի գրառումը. սեպտեմբերի 19-ին, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին, նա հիշատակեց «եղբայրական երկրի գործընկերոջը», վերջինիս սիրախաղերը ՆԱՏՕ-ի հետ և նրա կնոջ ցուցադրական ուղևորությունը Ռուսաստանի «թշնամիների» մոտ՝ Ուկրաինա։ Մեդվեդևի խոսքով, մի օր այս «գործընկերն» իրեն ասել է. «Դե, ես ձեզ համար օտար եմ, դուք ինձ չեք ընդունի»:

«Ես պատասխանեցի այն, ինչ պետք էր. «Կդատենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործողություններով», – գրել է Մեդվեդևը։ Նա նաև նշել է, որ իր «գործընկերոջ» պահվածքը մեծապես փոխվել է այն բանից հետո, երբ նա պարտվեց պատերազմում, զիջեց իր երկրի տարածքի մի մասը, բայց «տարօրինակ կերպով» պահպանեց իր նախկին պաշտոնը։ Այնուհետև նա որոշեց իր պարտության մեջ մեղադրել Ռուսաստանին. «Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում», – հռետորական հարց հնչեցրեց Դմիտրի Մեդվեդևը:

Մինչ այդ արևմտյան մամուլը յուրովի արձագանքեց իրադարձությունների այս ելքին՝ նախ նշելով, որ ուկրաինական պատերազմից թուլացած Ռուսաստանը չի ցանկանում նոր հակամարտության մեջ մտնել։

Մինչ աշխարհաքաղաքականությունն իր շահերով, մոտեցումներով, կուլիսային պայմանավորվածություններով ու դասավորություններով զբաղված է քաղաքական ինտրիգներով, Հայաստանն ընդունում է ներքին տեղահանվածներին։ Սեպտեմբերի 28-ի դրությամբ Հայաստան է ժամանել շուրջ 70 հազար արցախցի։ Ինքը՝ Փաշինյանը նույն օրը կառավարության նիստում ասաց, որ առաջիկա օրերին ԼՂ-ում հայ չի մնա…

Միևնույն ժամանակ, ներքին տեղահանվածները պետք է ապաստան և սնունդ գտնեն Հայաստանում, որպեսզի հասկանան, թե ինչպես շարունակել ապրել: Սեպտեմբերի 28-ի դրությամբ կառավարության միջոցներով տասը հազար մարդ ստացել է ժամանակավոր կացարան, արցախցիներից շատերը տեղավորվել են իրենց հարազատների տներում կամ ապաստարաններում։ Կառավարությունը հայտարարեց, որ անօթևան մնացած մեր հայրենակիցների կարիքների համար սկզբնականում 360 մլն դրամի չափով լրացուցիչ ֆինանսավորում է հատկացնելու մարզերին։ Երկրի բոլոր քաղաքներում կամավորներն իրենց հերթին հավաքում են ներքին տեղահանվածների համար անհրաժեշտը՝ կահույք, հագուստ, տեխնիկա, անկողնային պարագաներ… Մարդիկ առաջարկում են իրենց տներն ու բնակարանները՝ չմտածելով անգամ, թե արցախցիները որքան ժամանակ են զբաղեցնելու դրանք:

Ցավոք սրտի, սա առաջին դեպքը չէ, երբ հայ ժողովուրդը կորցնում է իր տունն ու հայրենիքը։ Մեզ մնում է հուսալ, որ մի օր Արցախը կրկին հայկական կլինի, և որ սա հայերի վերջին գաղթն է իրենց հողից…

Լինա Մակարյան